"Աթենքի դպրոցը" Ռաֆայել
Վերածնունդ
Մշակույթը

Ճարտարապետություն
Վերածննդի դարածրջանի ռազմական գործ
Վերածննդի կերպարվեստ
Վերածննդի դարաշրջանի գրականություն
Վերածննդի երաժշտություն
Պար
Փիլիսոփայություն

Երկրները

Գերմանիա
Իտալիա
Լեհաստան
Հյուսիսային Վերածնունդ
Անգլիա
Ֆրանսիա

Ֆրանսիական վերածնունդ (ֆր.՝ Renaissance française), պատմաբանների, մշակութաբանների և արվեստագետների կողմից օգտագործվող տերմին, որով նկարագրվում են Ֆրանսիայի մշակույթի և արվեստի նվաճումները, 15-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի սկիզբը։ Ֆրանսիական վերածնունդը կապված է համաեվրոպական վերածննդի հետ, որը ի հայտ է եկել Իտալիայում 14-րդ դարում։ Ֆրանսիական վերածնունդը սկսվում է 15-րդ դարի կեսերից, Իտալիա ֆրանսիական ներխուժման սկզբից, 1494 թվականին, Շառլ VIII-ի կառավարման տարիներից մինչև Հենրիխ IV-ի մահը, 1610 թվականը։

Ֆրանցիսկ I-ի (1515-1547 թթ.) և նրա որդի Հենրիխ II-ի (1547-1559 թթ.) կառավարման տարիները, որպես կանոն համարվում էին ֆրանսիական վերածննդի գագաթնակետը։ Հենրիխ II-ի մահից հետո երկիրը կառավարում էին նրա այրին Եկատերինա Մեդիչին և նրա որդիները Ֆրանցիսկ II-ը, Շառլ IX-ը և Հենրի III-ը, և չնայած վերածնունդը շարունակում էր զարգանալ, Ֆրանսիան տառապում էր հուգենոտների և կաթոլիկների միջև կրոնական պատերազմներից։

Վերածննդի ժամանակաշրջանում Ֆրանսիայի համար բնութագրական էր անսահմանափակ միապետության սկիզբը, մարդասիրության տարածումը, «նոր աշխարհի» բացահայտումները, տպագրության, ճարտարապետության, գեղանկարչության, քանդակագործության, երաժշտության, գիտության, ժողովրդական գրականության, վարվեցողության և հռետորական արվեստի նոր սեփական մեթոդների մշակումը և Իտալիայից փոխառումը։

Վերածննդի սկզբնավորումը Ֆրանսիայում խմբագրել

Ֆրանսիական վերածննդի մշակույթը սկզբնավորվել և զարգացել է թագավորության միավորման ավարտական շրջանում, առևտրի զարգացման, Փարիզի քաղաքական և մշակութային կենտրոնի վերափոխման ընթացքում։

16-րդ դարից սկսած ֆրանսիական թագավորական արքունիքը դարձավ ամենահաջողված արքունիքներից մեկը։ Թագավոր Ֆրանցիսկ I-ին, իր բանաստեղծական տաղանդի և այլ մարդկանց գրչի օգտագործման կարողությունը գնահատելու ընդունակությունը, նրան կոչում էին «վայելչագեղ բանահյուսության հայր»։ Իտալական արշավանքների ազդեցության ներքո Ֆրանսիայի թագավորը, նրա քույր Մարգարիտա Նավարացին և նրանց շրջապատող մարդիկ ավելի շատ սկսեցին ուշադրություն դարձնել անտիկ ժառանգությանը, քանդակագործության և դասական լատիներենով հնագույն հեղինակների ստեղծագործություններին։

15-րդ հարյուրամյակի վերջերից սկսած Ֆրանսիա են գալիս բավականին հայտնի իտալացի բանաստեղծներ, գրողներ, նկարիչներ և բանասերներ։ Նրանց թվում էին բանաստեղծ Ֆաուստո Անդրելլինին, հույն գիտնական Յոհանի Լասկարիսը, բանասեր Յուլիա Ցեզարը, պատմաբաններ դե Սեյսելը և Պավել Էմիլին։ Իտալական ազդեցության ներքո Ֆրանցիսկ I-ը որոշեց կառուցել և զարդարել իր ամրոցներից շատերը։ Նա իրեն շրջապատեց Ապենինյան թերակղզուց հրավիրված նկարիչներով։ 15-16-րդ դարերի տաղանդավոր իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչիին, ով Ֆրանսիա էր եկել Մարինյանոյի ճակատամարտից հետո և մահացել Ամբուազ դղյակում, փոխարինելու եկան իտալացի նկարիչ Անդրեա դել Սարտոն, քանդակագործ Ֆրանչեսկո Պրիմատիչչոն, Ռոսսո Ֆիորենտինոն և շատ այլ ուրիշներ։

 
Աննա Բրետոնսկայա

Ազնվական և հարուստ ընտանիքի երեխաները ձգտում էին մեկնել Իտալիա, որպեսզի ծանոթանան իտալական մշակույթի հարստություններին։

Հինավուրց մշակույթի վերածնունդը մեծ ուշադրության էր արժանանում և աջակցություն ստանում թագավորական տան և հարուստ ազնվականության կողմից։ Նոր սերնդի կրթված մարդկանց հովանավորում էին թագուհի Աննա Բրետոնսկայան և թագավոր Ֆրանցիսկ I-ը, որը արվեսի շռայլ մեկենաս և լավ ընկեր էր և բազմիցս նրանց փրկել էր եկեղեցու վրեժխնդրության սրերից։ Աննա Բրետոնսկայան ստեղծել էր մի յուրահատուկ գրական խմբակ, որի ավանդույթները իրենց զարգացումն են ստացել Ֆրանցիսկի հովանավորությունը վայելող, նրա քրոջ Մարգարիտա Նավարացու ավելի նշանավոր խմբակի գործունեության ընթացքում։ Ֆրանցիսկա I-ի արքունիքում գտնվող իտալական դեսպաններից մեկը ասել է, որ «թագավորը մեկ տարվա ընթացքում հսկայական միջոցներ էր ծախսում ամրոցների շինարարության, կահույքի և արդուզարդի առարկաների ձեռքբերման և այգիների հիմնման աշխատանքների կազմակերպման նպատակով»։

Ֆրանսիական վերածննդի գրականություն խմբագրել

Պոեզիա խմբագրել

 
Կլեման Մարո

Ֆրանսիական պոեզիայի հիմնադիրը դարձավ այդ տասնամյակների տաղանդավոր բանաստեղծ Կլեման Մարոն։ Մարոն վերադարձավ Իտալիայից Պավիի ճակատամարտում ծանր վիրավորվելուց հետո։ Հաշմանդամ և մուրացիկ վիճակում նա մատնությամբ բանտ է նետվում և եթե չլիներ Մարգարիտայի միջամտությունը նրան կարող էին մահապատժի ենթարկել։ Նա ուսումնասիրում էր անտիկ փիլիսոփայությունը, շատ մոտ էր թագավորական արքունիքի և Մարգարիտա Նավարացու գրական խմբակի հետ։ Նա դարձավ բազմաթիվ էպիգրամների և երգերի հեղինակ։ Ազատամիտ ստեղծագործությունները բանաստեղծի համար զուր չանցան, երկու անգամ նա փախավ Ֆրանսիայից։ Բանաստեղծը իր վերջին օրերն անցկացրեց Թուրինում, նրա շատ բանաստեղծություններ Սորբոննան անցկացրեց արգելվածների ցանկի մեջ։ Իր ստեղծագործություններում Մարոն ձգտում էր հաղթահարել իտալական ազդեցությունը, բանաստեղծություններին տալով ազգային երանգ, «գալլիական փայլ»։

Գոյություն ուներ նաև պոեզիայի լիոնյան դպրոց, որի ներկայացուցիչները հալածանքների չեն ենթարկվել։ Այդ դպրոցի ներկայացուցիչներից էր նաև բանաստեղծուհի Լուիզա Լաբեն։

 
Լուիզա Լաբե

Մարգարիտա Նավարացին շատ վաղ դարձավ առաջադեմ մտածողների և բանաստեղծների խմբակի հովանավորն ու ծանրության կենտրոնը։ Նրա հետ մտերիմ էր Կլեման Մարոն, նրա շրջապատից էր սրամիտ գրող Ֆրանսուա Ռաբլեն, ով նրան նվիրեց «Գարգանտյուա և Պանտագրյուել» -ի երրորդ գիրքը։ Դարի առաջին կեսի առավել խիզախ մտածողներից մեկը, Բոնավանտյուր Դեպերյեն 1536-1541 թվականներին եղել է Մարգարիտայի քարտուղարը։ Հենց այդ ժամանակ էլ նա ստեղծեց իր «Աշխարհի ծնծղան» և անհանգիստ նովելների ժողովածուն «Նոր զվարճալի և ուրախ զրույցները»։ Մարգարիտի քարտուղարն է եղել նաև Անտուան Լե Մասոն, ով 1545 թվականին կատարեց «Դեկամերոնի» նոր թարգմանությունը։

Ֆրանսիական գրականության համար նշանավոր երևույթ էին Մարգարիտա Նավարացու ստեղծագործությունները, որոնց թվին են պատկանում դարաշրջանի հոգևոր որոնումների մեծ թվով բանաստեղծական ստեղծագործություններ։ Մարգարիտայի հիմնական ժառանգությունը եղել է 72 նովելներից բաղկացած «Հեպտամերոն», կամ «Յոթերորդ օրը» անվանումով ժողովածուն։ Հավանաբար այս ստեղծագործության հիմնական մասը գրվել է 1542 և 1547 թվականների ընթացքում, երբ Մարգարիտան հեռու էր փարիզյան արքունական հոգսերից, իր եղբոր «մեծ» քաղաքականությունից, խորասուզված լինելով իր փոքրիկ թագավորության «փոքրիկ» քաղաքականության և ընտանեկան գործերի մեջ։ Ժամանակակիցների վկայությամբ նա իր նովելները գրել է իր հողատարածքներում ճամփորդելիս։ Մարգարիտա Նավարացու «Հեպտամերոն»-ում պատկերվում է մարդկային իդեալների և իրական կյանքի միջև եղած ողբերգական հակասությունները։

Արձակ խմբագրել

 
«Գարգանտյուա և Պանտագրյուել»-ի երկրորդ գրքի տիտղոսաթերթը, Լիոն, 1571

Ֆրանսիական վերածննդի ամենահայտնի գործերից մեկն է համարվում Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» գիրքը։ Ռաբլեն շնորհալի անձնավորություն էր, և նրա տաղանդը հատկապես ակնհայտորեն է դրսևորվում իր ստեղծագործություններում։ Ռաբլեն շատ էր ճամփորդում, ծանոթ էր գյուղացիների, արհեստավորների, վանականների և ազնվականների սովորույթներին և հասարակ ժողովրդի խոսքի գիտակ էր։ Իր միակ և հրաշալի վեպում նա իր ժամանակի մարդկանց փայլուն երգիծանք նվիրեց։

Այդ ամենի հետ մեկտեղ ֆրանսիական վերածննդի գրականությունը տոգորված է ժողովրդական բանահյուսության լավագույն օրինակներով։ Այն արտացոլում է տաղանդավոր և ազատամիտ ֆրանսիացի ժողովրդին բնորոշ հատկանիշները, նրանց ուրախ բարքերը, քաջությունը, աշխատասիրությունը և նուրբ հումորը։

Բանասիրություն խմբագրել

 
 
Ժոաշեն դյու Բելլե, Պիեռ Ռոնսար

16-րդ դարում դրվեցին ֆրանսիական գրական լեզվի բարձր ոճի հիմքերը։ Ֆրանսիացի բանաստեղծ Ժոաշեն դյու Բելլեն 1549 թվականին հրապարակեց «Ֆրանսերեն լեզվի պաշտպանությունը և փառաբանումը» ծրագրային մանիֆեստը։ Այս ստեղծագործությամբ հերքվեց այն պնդումը, որ ենթադրաբար միայն հնագույն լեզուները կարող են արժանապատվորեն իրականացնել բարձր բանաստեղծական իդեալներ և հաստատվում էր, որ ժամանակին հնագույն լեզուները կոպիտ էին և թերզարգացած, բայց հենց պոեզիայի և գրականության կատարելագործումն էր որ նրանց դարձրեց այնպիսին ինչպիսին կան։ Այդպես կարող էլինել ֆրանսերեն լեզվի հետ, պարզապես անհրաժեշտ է այն զարգացնել և կատարելագործել։ Դյու Բելլեն դարձավ նրա համախոհների և ընկերների միավորման յուրահատուկ կենտրոն։ Նրանց կազմի մեջ մտնող Պիեռ Ռոնսարի առաջարկով կենտրոնը կոչվեց «Պլեադա»։ Անվանումը պատահական չէր ընտրվել, այդպես էր կոչվում յոթ հին հունական բանաստեղծ ողբերգակների խումբը։ Այս անվանումով Ռոնսերը Ֆրանսիայի գրական երկնակամարում նշանավորեց բանաստեղծական աստղերի յոթնյակի, որոնք էլ ստեղծեցին յուրահատուկ ֆրանսիական բանաստեղծական դպրոց։ Դրա կազմում ընդգրկված էին Պիեռ դե Ռոնսարը, Ժոաշեն Դյու Բելլեն, Ժան Անտուան դե Բայֆը, Ռեմի Բելլոն։ Նրանք հրաժարվեցին միջնադարի ժառանգությունից, վերաիմաստավորելով իրենց վերաբերմունքը անտիկ գրականության նկատմամբ։ Արդեն թագավոր Հենրիխ II-ի օրոք Պլեադան ճանաչվեց արքունիքի կողմից, իսկ Ռոնսարը դարձավ արքունական բանաստեղծ։ Նա հանդես էր գալիս տարբեր ժանրերում, ներբողներով, սոնետներով, հովվերգություններով, էքսպրոմտներով։

Փիլիսոփայություն խմբագրել

 
Պիեռ դե լա Ռամե

Այդ ժամանակների փիլիսոփայական միտքը առավել արտահայտիչ ձևով է ներկայացվում սխոլաստիկ արիստոտելիզմի քննադատ Պիեռ դե լա Ռամեի կողմից։ Ռամեի «Արիստոտելի կողմից ասված ամեն ինչ կեղծիք է» դրույթը դարձավ եվրոպական փիլիսոփայության մեկնակետի հիմքը։ Սխոլաստիկների իրականությունից կտրված դատողություններին Ռամեն հակադրեց տրամաբանորեն հիմնավորված պրակտիկայի մեթոդի գաղափարը, որը նրա կողմից կոչվեց գյուտի արվեստ։ Որպես մեթոդի ստեղծման միջոց պետք է ծառայեր նոր տրամաբանությունը, որը Ռամեն զարգացրեց իր «Դիալեկտիկա» ստեղծագործության մեջ։ Նա իր ժամանակի մեծագույն մաթեմատիկոսներից մեկն էր, «Մաթեմատիկայի դասընթաց» աշխատության հեղինակը։

Բոնավանտյուր Դեպերիեն Վերածննդի շրջանի յուրօրինակ գործիչներից մեկն էր։ Նա բանասեր էր, թարգմանիչ, եղել է Մարգարիտա Նավարացու քարտուղարը։ 1537 թվականին անանուն կերպով հրատարակում է «Խաղաղության կիմվալը» երգիծական զրույցների գիրքը։ Գիրքը ճանաչվեց հերետիկոսական և արգելվեց։ Դեպերիեին հայտարարեցին «բարեպաշտ հավատն ուրացող » և նրան հոռացրին Մարգարիտա Նավարավու արքունիքից։ Արդյունքում հալածանքները նրան հասցրին ինքնասպանության։

Դեպերյեի ժամանակակից Էթիեն Դոլեն պաշտպանում էր այն դժբախտներին ում ցանկանում էին այրել խարույկի վրա, չար ուժերի հետ լինելու մեղադրանքով։ Որոշ ժամանակ ազնվականների և հարուստների հովանավորության շնորհիվ Դոլյեն փրկվում է ինկվիզիցիայից։ Սակայն 1546 թվականին նրան մեղադրեցին այն բանում, որ նրա Պլատոնի թարգմանությունը հակասում է հոգու անմահության քրիստոնեական ուսմունքին։ Դոլեն դատապարտվեց և այրվեց խարույկի վրա, նույն ճակատագրին արժանացան նրա բոլոր գրքերը։

Հումանիզմ խմբագրել

 
Գիյոմ Բյուդե

Նշանավոր ֆրանսիացի հումանիստներից է Ժակ Լեֆեվր դ'Էտապլը, որը շատ կրթված մարդ էր, էնցիկլոպեդիստ, բանասեր, փիլիսոփա, աստվածաբան, մաթեմատիկոս և աստղագետ։ Կրթությունը ստացել է Ֆլորենցիայում և իր հայրենիքում դարձել մաթեմատիկոսների և տիեզերագիրների դպրոցի հիմնադիրը։ 15-րդ դարի վերջերին, 16-րդ դարի սկզբներին դ’Էտապլը հրատարակեց Արիստոտելի ստեղծագործությունների մեկնաբանությունները, որով ձգտեց նորովի ներկայացնել փիլիսոփաների արքայի հեղինակային ավանդույթները։ 1512 թվականին նա հրապարակեց Պավելի ուղերձների վերաբերյալ մեկնաբանություններ, որով հիմնավորեց քրիստոնեության հայրերի դավանաբանության քննադատական վերլուծության անհրաժեշտությունը։ Նա Աստվածաշունչը թարգմանեց ֆրանսերեն (մինչ այդ այն միայն լատիներեն լեզվով էր), բայց այդ թարգմանությունը դատապարտվեց Սորբոննի կողմից, որպես հերետիկոսություն։ Իրականում լինելով երազող և անվրդով մարդասեր, Լեֆեվր դ Էտապլը սարսափում էր սեփական գաղափարների հետևանքներից, երբ հասկացավ, թե ինչի կարող են գործնականում դրանք հանգեցնել։

Դ’Էտապլի շուրջը համախմբվեցին ավետարանական տեքստերը ուսումնասիրող քրիստոնեության կողմնակից աշակերտները, որոնց մեջ հատկապես աչքի ընկավ բանասեր Գիյոմ Բյուդեն, որն էլ հետագայում դարձավ Ֆրանսիայում հումանիստական շարժման առաջնորդներից մեկը։ Լինելով լայն մտահորիզոնի տեր մարդ, նա էական ներդրում ունեցավ մաթեմատիկայի, բնական գիտությունների, արվեստի, փիլիսոփայության, հռոմեական և հունական բանասիրության ուսումնասիրության բնագավառում։

Նրա «Դիտողություններ Պանդեկտի 24 գրքերի մասին» աշխատությունը սկիզբ դրեց հռոմեական իրավունքի աղբյուրների բանասիրական վերլուծությանը։ Նրա մեկ այլ աշխատության մեջ զարգացվեց անտիկ և քրիստոնեական մշակույթի գաղափարը։ Մտածելով Ֆրանսիայի փառքի մասին, նա դրա անկման պատասխանատվությունը դնում էր երկիրը կառավարողների և ազդեցիկ անձանց վրա։ Նա նույնիսկ գրեց «Խրատներ թագավորին» գիրքը։ Բյուդեի շնորհիվ Ֆոնտենբլոում ստեղծվեց գրադարան, որը հետագայում տեղափոխվեց Փարիզ և հիմք հանդիսացավ Ֆրանսիայի ազգային գրադարանի ստեղծման համար։ Բյուդեն հաճախակի էր հանդիպում և լուրջ զրույցներ ունենում Ֆրանցիսկ արքայի հետ, որոնց արդյունքում էլ Փարիզում բացվեց Կոլեժ դե Ֆրանս թագավորական քոլեջը։ Այնտեղ սկսեցին դասավանդել հունարեն, լատիներեն և հին եվրոպական լեզուներ։

Հումանիզմի զարգացման ժամանակահատվածը Ֆրանսիայում կարճ տևեց և շուտով նրա ճանապարհը տատասկոտ դարձավ։ Եվրոպայում կաթոլիկական հակազդեցությունը ուժեղացավ։ 16-րդ դարի 30-ական թվականների սկզբից ահաբեկված հումանիզմի հաջողություններով Սորբոննան սկսեց հանդես գալ նրա ներկայացուցիչների դեմ։ Փոփոխվեց նաև ֆրանսիական արքունական իշխանությունների վերաբերմունքը հումանիստների նկատմամբ։ Հովանավորչությունից թագավորական իշխանությունը դարձավ ազատամտությունը հալածող։ Հալածանքի զոհեր դարձան ֆրանսիական խոշոր հումանիստներ Բոնավանտյուր Դեպերիեն, Էթիեն Դոլեն, Կլեման Մարոն։

Թատրոն խմբագրել

Վերածնության դարաշրջանի ֆրանսիական թատրոնը հասավ Իտալիայի մակարդակին։ Էթիեն Ժոդելը դարձավ «դասական», այսինքն անտիկ ոճով առաջին ողբերգության բեմադրողը։ Այդ ողբերգությունը կոչվում է «Հմայիչ Կլեոպատրան»։

Ճարտարապետություն խմբագրել

Շամբոր դղյակ և Փարիզի քաղաքապետարան

Ֆրանսիական վաղ վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետությունը ամբողջովին կրում էր իտալականի ազդեցությունը։ Զարգացնելով գոթական ավանդույթները, ֆրանսիացի ճարտարապետները ստեղծեցին ճարտարապետական նոր տիպի կառույցներ` Ֆրանցիսկա I- ի ամրոցը Բուլայում, Ազե լյո Ռիդո դղյակը, Շենոնսո, Շամբոր ամրոցները։ Այդ ժամանակաշրջանում լայնորեն օգտագործվում էին շենքերի զարդարման տարբեր միջոցներ։ Վերածննդի ճարտարապետության գագաթնակետը դարձավ Լուվրի նոր թագավորական պալատի շենքը։ Այն կառուցել են ճարտարապետ Պիեռ Լեսկոն և քանդակագործ Ժան Գուժոնը։ Գուժոնը նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է Ֆրանսիայում։ Հետագայում նա շատ է ճանապարհորդել Իտալիայում, որտեղ ուսումնասիրում էր անտիկ քանդակագործությունը։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա քանդակեց իր հանրահայտ քանդակը, որը կոչվում էր «Դիանա»։ Դա Դիանա դե Պուատեի դքսուհի Վալենտուայի յուրօրինակ դիմանկարն էր։ Արձանը զարդարում էր Անե ամրոցը։ Դիանան պատկերված է մերկ, պառկած վիճակում աղեղը ձեռքին, հենված եղնիկի պարանոցին։ Նրա մազերը հյուսված էին և զարդարված թանկարժեք քարերով, նրա կողքին նստած էր շունը։

Այս արձանն այնքան շատ էր դուր եկել թագավորին, որ նա հանձնարարեց Գուժոնին կատարել Անե ամրոցի մյուս քանդակագործական աշխատանքները։ Գուժոնն արձաններով զարդարել է նաև Էկուտանյան ամրոցը, Փարիզի Կառնավալ հյուրանոցը, փարիզյան ռատուշան, որտեղ ուշադրություն էին գրավում վարպետի կողմից փայտից փորագրված «Տասներկու ամիսներ» պաննոն, Սենտ-Անտուանի դարպասների չորս հոյակերտ հարթաքանդակները «Սենան», «Մարնան», «Ուազան» և «Ալիքներից հառնող Վեներան»։ Այս բոլոր աշխատանքները ներկայումս գտնվում են Լուվրում։ Ֆրանցիսկանցիների եկեղեցու համար Գուժոնը քանդակում է «Խաչից հանումը» հարթաքանդակը, նրա աշխատանքների շարքին է պատկանում «Նիմֆերի շատրվանը» Փարիզում։ Այս շատրվանը մինչ օրս համարվում է ֆրանսիական ճարտարապետության լավագույն ստեղծագործությունը։

Կերպարվեստ խմբագրել

Մարդու նկատմամբ հումանիստական վերաբերմունքը դրսևորվում է նաև կերպարվեստում, հատկապես դիմանկարներում։ Ժան Կլուեի դիմանկարներում դեմքերի արտահայտությունը և կեցվածքի հանդիսավորությունը զուգորդվում են անհատական բնութագրի սրության հետ։ Հետաքրքիր են նաև Ֆրանսուա Կլուեի դիմանկարները։

Գիտություն խմբագրել

Բնագիտության հիմնախնդիրները մշակվել են Բեռնար Պալիսիի կողմից։ Նա խոշոր գիտնական քիմիկոս էր և հայտնաբերել է գունավոր ջնարակված խեցեղենի պատրաստման եղանակը։ Բարձր էին նաև մաթեմատիկայի բնագավառում ձեռքբերումները։ Մինչ օրս դպրոցներում ուսուցանում են այդ ժամանակաշրջանի տաղանդավոր մաթեմատիկոս Ֆրանսուա Վիետի թեորեման։ Բժշկության բնագավառում մեծ դեր է խաղացել Ամբրուազ Պարեն, ով վիրաբուժությունը դարձրեց գիտություն։

Գրականություն խմբագրել

  • Бобкова, М. С. Французский Ренессанс: Раннее Новое Время, книга для чтения по истории. Москва, 2006.
  • Кравченко, А. И. Культурология. Москва, 2002. Արխիվացված 2014-07-06 Wayback Machine
  • Blunt, Anthony (1993). Art and Architecture in France 1500–1700. ISBN 0-300-05314-2.
  • Chastel, André. French Art Vol II: The Renaissance. ISBN 2-08-013583-X.
  • Chastel, André. French Art Vol III: The Ancient Régime. ISBN 2-08-013617-8.
  • Hampton. Timothy. Literature and Nation in the Sixteenth Century: Inventing Renaissance France (2003) 289p.
  • Holt, Mack P. Renaissance and Reformation France: 1500-1648 (The Short Oxford History of France) (2002) excerpt and text search
  • Knecht, R. J. The Rise and Fall of Renaissance France: 1483–1610 (2002) excerpt and text search
  • Pitts, Vincent J. Henri IV of France: His Reign and Age (2008)
  • Potter, David. Renaissance France at War: Armies, Culture and Society, c. 1480–1560, (2008)
  • Robin, Diana; Larsen, Anne R.; and Levin, Carole, eds. Encyclopedia of Women in the Renaissance: Italy, France, and England (2007) 459p.