Ֆրանսիական Մարոկկո (արաբ․՝ الحماية الفرنسية في المغرب‎‎, ֆր.՝ Protectorat français du Maroc), 1912 թվականի Ֆեսի պայմանագրով հաստատված ֆրանսիական պրոտեկտորատ հյուսիսաֆրիկյան Մարոկկո պետության տարածքում։

Ֆրանսիական Մարոկկո
արաբ․՝ الحماية الفرنسية في المغرب‎‎
ֆր.՝ Protectorat français du Maroc
 Մարոկկո 1912 - 1956  
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ռաբաթ
Լեզու արաբերեն, ֆրանսերեն, բերբերերեն
Կրոն իսլամ, կաթոլիկություն, հուդայականություն
Արժույթ Մարոկկոյի ֆրանկ
Իշխանություն
Պետական կարգ պրոտեկտորատ
Պատմություն
- Ֆեսի պայմանագրի ստորագրում մարտի 30, 1912
- Մարոկկոյի անկախության հռչակագրի ընդունում ապրիլի 7, 1956[1][2]

Ֆրանսիական Մարոկկոն ներառել է միայն երկրի հյուսիսային տարածքները։ Մարոկկոյի հարավային հատվածը՝ Արևմտյան Սահարան, այդ ժամանակաշրջանում գտնվում էր Իսպանիայի տիրապետության տակ։ Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատը գոյություն է ունեցել շուրջ կես դար՝ հիմնադրվել է 1912 թվականին և անկում ապրել 1956-ին։ Պրոտեկտորատի կործանման պատճառը եղել է 1956 թվականի մարտի 2-ին Մարոկկոյի անկախության հռչակագրի ընդունումը։

Նախապատմություն խմբագրել

Մարոկկոյի բռնազավթում խմբագրել

Ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների՝ 18-19-րդ դարերում Մարոկկոյում իշխող Ալավիտների թագավորական ընտանիքի ներկայացուցիչները կարողացել են պահպանել երկրի անկախությունը։ Որպես կանոն՝ Հյուսիսային Աֆրիկայի երկրները գտնվում էին բրիտանական, թուրքական կամ ֆրանսիական տիրապետության տակ։

19-րդ դարի սկզբին երկրի թուլացումն ու քաղաքական անկայունությունը Մարոկկոյում եվրոպական երկրների գաղութարարների միջամտության նախադրյալներ ստեղծեցին[3]։ Ֆրանսիան, ով Հյուսիսային Աֆրիկայի գլխավոր գաղութատերն էր, ձգտում էր իր դիրքերն ամրապնդել նաև Մարոկկոյում։ 19-րդ դարի վերջին արդեն ֆրանսիացիները սկսեցին Մարոկկոն գրավելու ծրագրեր մշակել։ 1904 թվականին Ֆրանսիայի կառավարությունը Մարոկկոյում փորձեց ստեղծել իր պրոտեկտորատը՝ երկրի տնտեսությանն օժանդակելու նպատակով։ Նույն թվականին երկու երկրների կառավարությունների միջև կնքվեց երկկողմ գաղտնի համաձայնագիր, որով Ֆրանսիան ստանձնում էր Մարոկկոյի խնամակալությունը[4]։

Ֆրանսիայի հաստատում Տանժեր նավահանգստում հակոտնյա էր Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի շահերին։ Այնուամենայնիվ, երկար բանակցություններից հետո Իսպանիան և Ֆրանսիան միմյանց միջև բաժանեցին նախկին սուլթանության տարածքը։ Իսպանիան ստացավ Մարոկկոյի հարավային հատվածը՝ Արևմտյան Սահարան, իսկ Ֆրանսիան՝ հյուսիսային Մարոկկոն։ Ֆրանսիական հատվածում գտնվում էին Մարոկկոյի գլխավոր քաղաքները՝ Մարաքեշը, Կասաբլանկան, ինչպես նաև առևտրային կարևոր նշանակություն ունեցող Տանժեր նավահանգիստը։

Տանժերի և Ագադիրի ճգնաժամներ խմբագրել

 
Մուհամեդ V

Տանժերյան ճգնաժամի բռնկման պատճառը եվրոպական կայսրությունների գաղութային մրցավազքն էր։ Այս դեպքում միմյանց դեմ պայքարում էին մի կողմից Գերմանիան, մյուս կողմից Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի անմիջական աջակցությամբ[5]։ Շուտով Գերմանական կայսրությունն իր հարկի տակ ընդունեց Ռաբաթից ժամանած արաբ պաշտոնյաներին՝ Ֆրանսիայի և Մարոկկոյի միջև նոր համաձայնագրի կնքումը ձախողելու համար։ Գերմանական կառավարությունն ամեն կերպ փորձում էր պատերազմ հրահրել Մարոկկոյի և Ֆրանսիայի միջև։ Վիլհելմ II-ը գիտեր, որ Մարոկկոյի անկախության շարժումը ճնշելու ժամանակ բրիտանացիները միանշանակ զորավիգ կլինեին ֆրանսիական կայազորայիններին։ Այդ կերպ Գերմանիան Եվրոպայում կարող էր առավել դյուրին կերպով առավելության հասնել պատերազմից հյուծված Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նկատմամբ։

Մարոկկոյի խնամակալության խնդրի լուծման նպատակով 1906 թվականին Իսպանիայի Ալխեսիրաս քաղաքում գումարվեց վեհաժողով։ Գերմանիան ամեն կերպ փորձում էր կանխել Մարոկկոյում ֆրանսիական պրոտեկտորատի վերջնական հաստատումը։ Բացի երկու կողմերից՝ կոնֆերանսին մասնակցում էին նաև Ավստրո-Հունգարիան, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Շվեդիան, ինչպես նաև Մարոկկոն ու ԱՄՆ-ը։ Կոնֆերանսում միայնակ մնալով՝ Գերմանիան տեղի տվեց։ Մեծ տերությունների նախաձեռնությամբ ձևականորեն հոչակվեց Մարոկկոյի սուլթանի անկախությունը։ Ոստիկանության կազմակերպումն ու ղեկավարումը հյուսիսային մասում հանձնարարվեց Ֆրանսիային, իսկ հարավում՝ Իսպանիային։ Ալխեսիրասի կոնֆերանսի որոշումները Ֆրանսիայի համար Մարոկկոն վերջնականապես նվաճելու ուղի հարթեցին և նպաստեցին անգլո-ֆրանսիական դաշինքի ամրապնդմանը։

1911 թվականին Ռաբաթում ապստամբություն բռնկվեց, որն ուղղված էր սուլթան Մաուլա Աբդ ալ-Հաֆիզ իբն ալ-Հասանի դեմ։ 1911 թվականի ապրիլին սուլթանի զորքերը ապստամբներից հետ գրավեցին Ֆեսի ամրոցը (սուլթանի նստավայրը)։ Դրան հաջորդեց այն, որ մի քանի օր հետո ֆրանսիական զորքերը վայրէջք կատարեցին Մարոկկոյում։ Գերմանիան ևս միջնորդեց հակամարտությանը՝ անթաքույց կերպով աջակցելով սուլթանի ղեկավարած կառավարությանը։ Կարճ ժամանակահատվածում գերմանացիներն օկուպացրեցին ֆրանսահպատակ Մարոկկոյի մի հատվածը, որին հաջորդեց այն, որ ֆրանսիացիները ճեղքելով գերմանական բանակը վերստին հաստատվեցին Ռաբաթում։ 1911 թվականի հունիսի 5-ին Գերմանիայի դեմ մարտեր սկսեցին նաև իսպանացիները։ Գերմանացիները ստիպված եղան նահանջել՝ թողնելով քաղաքը։

Ֆրանսիական պրոտեկտորատ խմբագրել

Ֆեսի պայմանագիր և պրոտեկտորատի հաստատում խմբագրել

 
Ֆրանսիական հրետանին Ռաբաթում, 1911 թվական

Մարոկկոյի հիմնահարցի շուրջ ստեղծված ճգնաժամային դրությունը վերացնելու նպատակով 1912 թվականին կնքվեց Ֆեսի պայմանագիրը[6][7]։ Այն կարելի է համարել Ալխեսիրասի վեհաժողովի տրամաբանական շարունակությունը։ Պայմանագիրը կնքվել է Մարոկկոյի սուլթան Աբդ ալ-Հաֆիզի և ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Ռենյոյի միջև։ Պայմանագրի համաձայն, ֆրանսիական բանակը պետք է հաստատվեր Մարոկկոյում։ Ձևականորեն պետության ղեկավար համարվող սուլթանին կից նշանակվելու Էր ֆրանսիական գլխավոր լիազոր ներկայացուցչություն, որն իր ձեռքում Էր կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը։ Մարոկկոյի արտաքին քաղաքականությունը դրվում էր Ֆրանսիայի վերահսկողության տակ։ Ֆրանսիան պարտավորվում Էր բանակցություններ վարել Իսպանիայի հետ՝ Մարոկկոյում այդ երկրի շահերի վերաբերյալ (1912 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել էր ֆրանս-իսպանական պայմանագիր, որով Մարոկկոյի մի մասն անցել է Իսպանիայի տիրապետության տակ)։ Պայմանագիրը նախատեսում Էր Տանժերի հատուկ վարչաձևի պահպանումը։

Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի ստեղծումից հետո Ֆրանսիան նպատակ ուներ նվաճել նաև Ալժիրը, ինչպես նաև նմանատիպ պրոտեկտորատ հաստատել Թունիսում։

Ֆրանսիական և իսպանական տիրապետությունը Մարոկկոյում շարունակվել է շուրջ կես դար։ Այդ ընթացքում նկատելի էր Մարոկկոյի երկու հատվածների միջև եղած էական տարբերությունները։ Ֆրանսիական Մարոկկոն՝ ի տարբերություն Իսպանական Արևմտյան Սահարայի, ուներ տնտեսական բավականաչափ ներուժ, հանքային ռեսուրսներ, արդիական տրանսպորտային համակարգ և զարգացած գյուղատնտեսություն։ Տարածաշրջանային առևտրի համար կարևոր նշանակություն ունեցող Տանժեր նավահանգիստը ևս գտնվում էր ֆրանսահպատակ հատվածում։

Պրոտեկտորատի անկում և Մարոկկոյի անկախության հռչակում խմբագրել

Յուսուֆ սուլթանի իշխանության տարիներին Մարոկկոյի երկու երկրամասերում հաճախակի բռնկվել են հակաիսպանական և հակաֆրանսիական ապստամբություններ։ 1925 թվականին Ֆրանսիան և Իսպանիան միացյալ ուժերով կարողանում են ճնշել ապստամբությունը։ Անվտանգության նկատառումներից ելնելով 1925 թվականին Ռաբաթը դարձավ Ֆրանսիական Մարոկկոյի մայրաքաղաք[8][9]։

Պատերազմական գործողությունների վերջում ակնհայտ դարձավ Մարոկկոյի սուլթանի անկախ պետության ստեղծման ձգտումները[10]։ Իմանալով այս մասին՝ Փարիզի կենտրոնական կառավարությունը սկսեց պատժամիջոցներ կիրառել Մարոկկոյի նկատմամբ։ Ֆրանսիայի այս դիրքորոշումը նպաստեց ազգայնականների և գաղութարարների միջև թշնամանքի աճին։ 1954 թվականի հունվարին Մուհամեդ V-ն արտաքսվում է հարավային Մադագասկար կղզի։ Դրանից հետո ֆրանսիացիները զավթում են սուլթանի աթոռը ևս։ Ավելի ուշ Մարոկկոյում վերստին աճեցին բռնությունները․ Ալժիրում ևս իրավիճակը վատթարացավ։ Քաղաքական նման պայմաններում 1955 թվականի նոյեմբերի 16-ին աքսորից վերադարձավ Մուհամեդը, ով ճանաչվեց, որպես սուլթան։ 1956 թվականի փետրվարին նա առաջնորդեց Մարոկկոյի անկախության պատերազմը և 1957 թվականին ստացավ թագավորի տիտղոս։

1955 թվականին Մուհամեդ V-ը Մարոկկոյի անկախության վերաբերյալ բանակցություններ սկսեց Ֆրանսիայի կառավարության հետ։ Ֆրանսիան ստիպված եղավ զիջումների գնալ և 1956 թվականի փետրվարին Մարոկկոյին տվեց սահմանափակ ինքնավարություն։ Մարոկկոյի լիակատար անկախության վերաբերյալ հետագա բանակցություններն ավարտվեցին 1956 թվականի մարտի 2-ին Փարիզում՝ իսպանա-մարոկկոյական համաձայնագրի կնքմամբ։ Նույն տարվա ապրիլի 7-ին Ֆրանսիան պաշտոնապես հրաժարվեց Մարոկկոյի իր պրոտեկտորատից։ 1956 թվականի հոկտեմբերի 29-ին ընդունվեց հռչակագիր, որը Մարոկկոն դարձրեց անկախ և ժողովրդավար երկիր[11]։

1958 թվականին վերջնականապես ավարտվեց Մարոկկոյի անկախության և վերամիավորման գործընթացը՝ մարոկկոյական բոլոր հողերի համախմբմամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարոկկոն հռչակում է իր անկախությունը Ֆրանիսայից
  2. Bulletin officiel de l'Empire chérifien : Protectorat de la République française au Maroc, Rabat, vol. 4, no 162, november 29th 1915, p. 838 [1] Արխիվացված 2014-03-01 Wayback Machine
  3. Ֆուրլոնգ, Շառլ Վելինգթոն (սեպտեմբեր, 1911). «Ֆրանսիական արշավանքները Մարոկկո։ Միջազգային դժբախտության իրական իմաստը». Համաշխարհային պատմություն. XXII: 14988–14999. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  4. Օլսոն, Ջեյմս Սյուարդ (1991). Եվրոպական պատմական բառարան՝ իմպերիալիզմ (անգլերեն). Greenwood Publishing Group. էջ 8. ISBN 9780313262579.
  5. Կիրշներ, Ջոնաթան (1997). Գաղութատիրական կոալիցիաների ձևավորոմը՝ միջազգային տնտեսական քաղաքականություն (անգլերեն). Փրինսթոնի համալսարանի հրատարակչություն. էջ 83. ISBN 0691016267.
  6. «TRAITÉ conclu entre la France et le Maroc le 30 mars 1912, pour l'Organisation du Protectorat Français dans l'Empire Chérifien» (PDF). Bulletin officiel de l'Empire chérifien : Protectorat de la République française au Maroc (French). Rabat. 1 (1): 1Կաղապար:Endash2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. H. Z(J. W.) Hirschberg (1981). Հյուսիսային Աֆրիկայի ռազմական պատմությունը՝ գաղութատիրությանն վերելքը տարածաշրջանում. BRILL. էջ 318. ISBN 90-04-06295-5.
  8. Լեպագ, Յոհան Դենիս (2007 թ․ նոյեմբերի 27). Ֆրանսիայի գաղութային դիվիզիաները Ռաբաթում (անգլերեն). McFarland. էջ 125. ISBN 9780786462537.
  9. Աֆրիկա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային գիտական կոմիտե (1990). Աֆրիկայի գաղութային բաժանումը 1880-1935 թթ․ (անգլերեն). Currey. էջ 268. ISBN 9780852550977.
  10. Լենց, Հարիս Մ․ (2014 թ․ փետրվարի 4). Մարոկկոն 1945 թվականին (անգլերեն). Routledge. էջ 558. ISBN 9781134264902.
  11. Հոլմես, Ջեյմս Ռ. (2017 թ․ մայիսի 29). Մարոկկոն՝ Ֆրանսիայից անկախ (անգլերեն). Potomac Books, Inc. էջ 199. ISBN 9781574888836.

Գրականություն խմբագրել

  • Рыбаков Р. Б. История Востока: Восток в новейшее время / Ланда Р. Г.. — М.: Восточная литература, 2006. — Т. V. — ISBN 5-02-018500-0
  • Рыбаков Р. Б. История Востока: Восток в новейший период / Белокреницкий В. Я. Наумкин В. В.. — М.: Восточная литература, 2008. — Т. VI. — ISBN 978-5-02-036371-7