Ֆուգատո (իտալ․ fugato, բառացի՝ ֆուգայի նման), հոմոֆոն ստեղծագործություններում ձայների մուտքի նմանակման (ֆուգայաձև) սկզբունքի կիրառումը, պոլիֆոնիկ երաժշտական ձև։ Առաջացել է այսպես կոչված խիստ ոճի ստեղծագործություններում իմիտացիայի տեխնիկայի իմիտացիայի ընթացքում, որն ընդգրկում է բոլոր ձայները[1]։

Որպես կանոն, իրենից ներկայացնում է ոչ թե ինքնուրույն ստեղծագործություն, այլ ավելի մեծ ամբողջի մի մասը (սոնատներ, սիմֆոնիա, կոնցերտ և այլն) և դրանում խաղում է ենթակա դեր[2][3]։ Երբեմն «ֆուգատո» անվանումը կարող են կրել ինքնուրույն պիեսներ, որոնք մշակվել են ֆուգի նման[3][4]։ Որպես գոյական անվանում (ոչ թե մակբայ) տերմինը առաջին անգամ օգտագործել է իտալացի կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան Ջորջո Անտոնիոտտոն[5]։

Ֆուգատոն, ունենալով որոշակի նմանություն ֆուգայի հետ, ունի նաև մի շարք տարբերություններ։ Ընդհանուր առմամբ, ֆուգատո ձևը պակաս խիստ է, քան ֆուգան։ Մասնավորապես, ֆուգատոյում բացակայում է վառ արտահայտված պոլիֆոնիկ ռեպրիզը, ձայների քանակը կարող է անկայուն լինել, թեման կարող է անցկացվել ոչ բոլոր ձայներում և այլն։ Ֆուգատոյի բնորոշ առանձնահատկությունները՝ թեմայի հստակ ներկայացում, ձայների իմիտացիոն մուտք և պոլիֆոնիկ ֆակտուրայի աստիճանական խտացում[2]։ Որպես կանոն, առկա է էքսպոզիցիա. դրան կարող է հետևել զարգացող բաժինը, սակայն եզրափակիչ բաժինը, ի տարբերություն ֆուգայի, չկա։ Երբեմն հանդիպում են կրկնակի և եռակի ֆուգատոներ[2][6]։

Ֆուգատոն առավել հաճախ հանդիպում է XVII—XVIII դարերի կոմպոզիտորների ստեղծագործություններում, այդ թվում՝ Յոհան Սեբաստիան Բախի, իսկ ավելի ուշ՝ Մոցարտի և Հայդնի մոտ։ Հաճախ դրան դիմել է Բեթհովենը, ինչը պայմանավորված էր ձևի պոլիֆոնացման ընդհանուր ձգտումով[1]։ XIX-XX դարերում ֆուգատոյի ձևն ստացել է նոր մեկնաբանություն և այլ իմաստային բովանդակություն։ Այսպես, Բեռլիոզի մոտ ֆուգատոն ծրագրային բնույթ է կրում («Պայքար» «Ռոմեո և Ջուլիա» ինտրոդուկցիայի մեջ), Գլինկայի մոտ՝ պատկերավոր (բուքը «Իվան Սուսանինի» չորրորդ գործողության եզրափակիչում), Լիստի մոտ ծառայում է դիվային սկզբի մարմնավորման համար («Ֆաուստ-սիմֆոնիայի» «Մեֆիստոֆել» մասը), Վագների մոտ՝ խորհրդածության արտահայտման համար («Նյուրբեռնգյան մեյստերզինգերների» երրորդ գործողության ներածությունը)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Фраёнов, 1981, стб. 995
  2. 2,0 2,1 2,2 Фраёнов, 1981, стб. 993
  3. 3,0 3,1 Риман, 1904, էջ 1364
  4. Фраёнов, 1981, стб. 994
  5. Paul M. Walker. «Fugato». Grove Music Online (անգլերեն).
  6. Щербаков Е. В. «Фугато». Большая российская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. Фраёнов, 1981, стб. 996

Գրականություն խմբագրել

  • Музыкальный словарь : в 3 т. / сост. Х. Риман; доп. русским отделом при сотруд. П. Веймарна и др.; пер. и все доп. под ред. Ю. Д. Энгеля. — пер. с 5-го нем. изд. — Москва—Лейпциг : изд. Б. П. Юргенсона, 1904. — Т. 3. — С. 1364.
  • Фугато / Фраёнов В. П. // Симон — Хейлер. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1981. — Стб. 993—996. — (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 5).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։