Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը (նկար)

Ջոզեֆ Ռայթի նկար

«Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» (անգլ.՝ The Alchemist Discovering Phosphorus), անգլիացի նկարիչ, դիմանկարի և բնանկարի վարպետ Ջոզեֆ Ռայթի կտավներից։ Հեղինակն այս ստեղծագործությունը վրձնել է 1771 թվականին և վերափոխման ենթարկել 1795 թվականին[2]։ Նկարի լրիվ անվանումն է՝ «Ալքիմիկոսը, ով փիլիսոփայական քարի փնտրտուքների մեջ է, հայտնաբերում է ֆոսֆորը և աղոթում, որպեսզի իր գործողությունները բարեհաջող ընթացք ունենան՝ համաձայն հնադարյան քիմիական աստղագետների սովորության»։ Առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ «Ալքիմիկոսը» նկարագրում է ֆոսֆորի բացահայտումը Հեննինգ Բրանդի կողմից, որը տեղի է ունեցել 1669 թվականին Համբուրգում[3]։ Այս պատմությունը լայն տարածում գտավ և հաճախակի էր հիշատակվում քիմիային վերաբերող գիտական գրականությունում Ջոզեֆ Ռայթի կենդանության օրոք։

Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը
տեսակգեղանկար
նկարիչՋոզեֆ Ռայթ[1]
տարի1771
բարձրություն127 սանտիմետր[1]
լայնություն101,6 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴերբիի թանգարան և պատկերասրահ[1]
հավաքածուԴերբիի թանգարան և պատկերասրահ[1]
Ծանոթագրություններ
 The Alchymist, In Search of the Philosopher’s Stone Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

«Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» նկարում պատկերված է ալքիմիկոս, ով փորձում է ստանալ փիլիսոփայական քարը, որը, ըստ այդ ժամանակաշրջանի տարածված կարծիքի, կկարողանար սովորական մետաղները փոխակերպել ոսկու։ Սակայն, դրա փոխարեն, ի զարմանս ալքիմիկոսի, հայտաբերվում է ֆոսֆորը։ Ջոզեֆ Ռայթը չի պատկերել 17-րդ դարին բնորոշ ալքիմիկոսի։ Հեղինակը առավել ռոմանտիկ կերպով է ստեղծել նկարը՝ ինտերիերում ավելացնելով միջնադարյան գոթական բարձր կամարներ ու սրածայր պատուհաններ, կարծես ալքիմիկոսը գտնվում է եկեղեցում։ Ջոզեֆ Ռայթը ազնվացրել է ֆոսֆորի ստացման գործընթացը, որն իրենից ներկայացնում է մեզի շոգիացման երևույթը։ 1730 թվականին հիշատակվում է ֆոսֆորի ստացման եղանակը, որտեղ նկարագրվում է, որ ֆոսֆոր ստանալու համար անհրաժեշտ է հիսուն կամ վաթսուն դույլ հոտած մեզ, որտեղ արդեն ձևավորվել են որդերը[4]։

 
Թոմաս Վեյկի վրձնին պատկանող «Ալքիմիկոսը»

Նկարիչը կտավը ստեղծելիս կիրառել է նաև կրոնական ակնարկ։ Ալքիմիկոսը պատկերված է ծնկաչոք վիճակում՝ շողշողացող անոթի դիմաց. ձեռքը մեկնած է այն ժեստով, որն օգտագործել է Էլ Գրեկոն իր «Սուրբ Ֆրանցիսկը, ով ստանում է խարանադրոշմ» կամ «Աղոթող սուրբ Հիերոնիմը» ստեղծագործություններում[5]։ Նիկոլսոնը այս դիրքը համեմատում է առաքյալների դիրքի հետ, որոնք հաղորդություն են ստանում։ Նա համարում է, որ նկարի կոմպոզիցիան, հնարավոր է, որ հոլանդացի նկարիչ Թոմաս Վեյկի «Ալքիմիկոսը» կտավից է վերցրած, որտեղ նույնպես բազմաթիվ զուգահեռներ ու նմանություններ կան՝ անկանոն թափթփված առարկաներ, ալքիմիկոսների օգնականներ։ 16-րդ դարի վերոնշյալ ստեղծագործությունը Ջոզեֆ Ռայթն իր կենդանության օրոք տեսել է, երբ այն ցուցադրվել է Լոնդոնում[6]։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» ստեղծագործությունը ցուցադրվել է 1771 թվականին։ Այն բազմաթիվ հակադիր կարծիքների առարկա դարձավ։ Կտավի գաղտնիքը, ակնհայտորեն անհանգստացրել է շատ ու շատ դիտողների XVIII դարում։ Չնայած այն հանգամանքին, որ Ջոզեֆ Ռայթը միջազգային համբավ ունեցող նկարիչ էր, «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» ստեղծագործությունը չգնվեց ոչ մեկի կողմից։ Հեղինակն այն վերցրեց իր հետ իտալական ճանապարհորդության ընթացքում՝ 1773-ից 1775 թվականներին ու կրկին հետ բերեց հայրենիք՝ Միացյալ Թագավորություն։ Այստեղ, 1795 թվականին վերափխման աշխատանքներ է կատարում հեղինակը և դրանից հետո միայն, երեք տարի անց Ջոզեֆ Ռայթի մահվանից հետո վաճառվում է կտավը։ «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» և նկարիչի մի շարք այլ առարկաներ վաճառվում է «Քրիսթիս» աճուրդի տանը։

Այսօր «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մեծ Բրիտանիայի Դերբիի թանգարան և գեղարվեստի պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://artuk.org/discover/artworks/the-alchymist-61181
  2. Vertesi, Janet. «Light and Enlightenment in Joseph Wright of Derby's The Alchymist». ReoCities. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  3. «The Alchymist in Search of the Philosopher's Stone (Exhibited 1771)». Revolutionary Players. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  4. Whitten, Kenneth W. (2007). Chemistry p.126. Cengage Learning. էջ 1066.
  5. «Art treasure - The Alchymist». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  6. Nicholson, Benedict (1968). Joseph Wright of Derby: painter of light, Volume 1. Taylor & Francis. էջ 52.