Ֆիլիպ Կինդրեդ Դիք (անգլ.՝ Philip Kindred Dick, դեկտեմբերի 16, 1928(1928-12-16)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - մարտի 2, 1982(1982-03-02)[1][2][3][…], Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆանտաստ գրող։

Ֆիլիպ Կինդրեդ Դիք
անգլ.՝ Philip K. Dick
Ծննդյան անունանգլ.՝ Philip Kindred Dick
Ծնվել էդեկտեմբերի 16, 1928(1928-12-16)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Վախճանվել էմարտի 2, 1982(1982-03-02)[1][2][3][…] (53 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանRiverside Cemetery[5]
Գրական անունRichard Phillipps և Jack Dowland
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր, գիտաֆանտաստիկ գրող, փիլիսոփա և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲերքլիի ավագ դպրոց և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Ժանրերգիտական ֆանտաստիկա և ֆանտաստիկա
Գրական ուղղություններպոստմոդեռնիստական գրականություն
Ուշագրավ աշխատանքներUbik?, Արդյո՞ք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին են երազում, The Man in the High Castle?, A Scanner Darkly?, Flow My Tears, the Policeman Said?, VALIS trilogy?, Eye in the Sky? և Dr. Bloodmoney, or How We Got Along After the Bomb?
Պարգևներ
ԱմուսինJeanette Marlin?[7], Kleo Mini?[8], Anne R. Dick?[9][10], Nancy Hackett? և Tessa B. Dick?
ԶավակներIsa Dick Hackett?, Laura Leslie? և Christopher Dick?
Изображение автографа
 Philip K. Dick Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Ֆիլիպ Կինդրեդ Դիքը ծնվել է Չիկագոյում ժամանակից վեց շաբաթ առաջ երկվորյակ քրոջ հետ (քույրը մահացել է 1929 թվականի հունվարի 26-ին հավանաբար թերսնումից)[11]։ Շուտով նրա ծնողները (Դորոտի և Էդգար Դիքեր) տեղափոխվել են Սան Ֆրանցիսկո։ Մանուկ հասակում Դորոտին հաճախ է հորից պատմություններ լսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին[12]։ Երբ Ֆիլիպը դարձել է հինգ տարեկան, հայրն աշխատանքի է տեղափոխվել Նևադա, սակայն մայրը հրաժարվել է տեղափոխվել նրանց հետ, և ծնողները բաժանվել են։ Ֆիլիպը մնացել է մոր հետ, ով շուտով աշխատանք գտնելու հույսով տեղփոխվել է Վաշինգտոն։ Ամուսնալուծությունից հետո Դիքն աղքատիկ պայմաններում է մեծացել, որը պայմանավորված է եղել Մեծ ճգնաժամով[12]։ Հայրը պարբերաբար այցելել է Դիքին, սակայն Վաշինգտոն տեղափոխվելուց հետո այդ այցելություններն ընդհատվել են[11]։ Մանուկ հասակում Դիքը շատ է հիվանդացել[13]։

1938 թվականին նրա մայրը վերադարձել է Կալիֆորնիա։ Դրանից հետո Ֆիլիպը կրկին հնարավորություն է ունեցել հանդիպելու հորը, սակայն 1940 թվականին գյուղատնտեսության նախարարությունը նրան նորից տեղափոխել է[13]։ 1940 թվականին Դիքի խոստովանությամբ նա առաջին անգամ ծանոթացել է գիտական ֆանտաստիկային՝ կարդալով «Stirring Science Stories» ամսագիրը։ Ընդ որում, գրելու նկատմամբ հետաքրքրություն նա դրսևորել է ավելի վաղ․ 1938 թվականին հիմնել է սեփական թերթ՝ «The Daily Dick»[13]։ 1944 թվականին (այլ տվյալներով՝ 1943) Դիկն ընդունվել է Բերկլիի բարձրագույն դպրոց, որտեղ նույն ժամանակ ուսանել է Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինը (նրանք ծանոթներ չեն եղել)[13]։ Դպրոցում Ֆիլիպը սովորել է երեք տարի, շատ է կարդացել ֆանտաստիկ ժանրի գրքեր, նաև գրելու փորձեր է արել։ Նա պահպանել է «Berk Gazette» դպրոցական թերթի համարները, որտեղ տպագրվել են իր «Հրաշագործի արկղ» (անգլ.՝ The Magician’s Box), «Ստրուկների ռասա» (անգլ.՝ The Slave Race) պատմվածքները և թերթի խմբագրի դրական արձագանքները դրանց մասին[13]։

1949 թվականի աշնանը նա որոշ ժամանակամիջոց հաճախել է Կալիֆորնիայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, հոգեբանություն և այլ գիտություններ, սակայն շուտով թողել է ուսումը։ Հավանաբար հենց այդ ժամանակ էլ նա ծանոթացել Պլատոնի աշխատություններին։ Դիքի ստեղծագործությունն ուսումնասիրողները ենթադրում են, որ նա թողել է համալսարանը հակապատերազմյան տրամադրությունների պատճառով (այս տեսակետն առաջ է քաշել հենց ինքը գրողը), ինչպես նաև բարձրագույն ուսումնական համակարգից իր ունեցած հիասթափության և մարդկանց միջավայրից մեկուսանալու ցանկության համար[14]։ 1948-1952 թվականներին Դիքն աշխատել է երաժշտական խանութում։ Նրա կենսագիրները մատնանշում են, որ Դիքը շատ է սիրել երաժշտություն, միշտ գնել է երաժշտական լավագույն սարքավորումներ և ունեցել դասական ու ժամանակակից երաժշտության (մասնավորապես՝ The Beatles և Grateful Dead) հարուստ հավաքածու։ Նրա սիրած կոմպոզիտորներն են եղել Վագները, Շուբերտը, Բախը։ Հայտնի է նաև, որ այդ ժամանակ նա կարդացել է ոչ միայն գիտական ֆանտաստիկա, այլև, օրինակ, Ջեյմս Ջոյս, Հերոդոտոս, Քսենոֆոն։

Որոշ տեղեկություններով մոտ 1952 թվականին Դիքի և նրա երկրորդ կնոջ՝ Կլեո Ապոստոլիդեսի ծանոթության պատճառով, ով եղել է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության ակտիվիստ, նրանց կցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի երկու գործակալ՝ հետևելու ենթադրյալ թշնամական քաղաքացիներին[15]։ Դիքի և ամերիկյան իշխանությունների հարաբերություններն ազդել են նրա կյանքի և աշխարհայացքի վրա[15]։

Գրական ակտիվ գործունեություն խմբագրել

 
Ֆիլիպ Դիքը 1953 թվականին

Ֆիլիպ Դիքը գիտական ֆանտաստիկայի բնագավառում անուն է վաստակել 1950-ական թվականներին։ Դիքի վրա մեծ ազդեցություն է թողել գիտական ֆանտաստիկայի խմբագիր Էնթոնի Բուչերի հետ ծանոթությունը, որին նրա մահից հետո Ֆիլիպը նվիրել է «Ուբիկ» վեպը։ Դիքը պատմվածքներ է գրել էժանագին ամսագրերի համար և մշակել իր սեփական ոճը, որը մի փոքր տարբերվում է ժամանակի ֆանտաստ գրողների ոճից։ Նրա առաջին վեպը՝ «Արևային վիճակախաղ» (անգլ.՝ Solar Lottery), հրատարակվել է 1954 թվականին։ Գրողն ինքը քննադատաբար է վերաբերվել իր գործունեությանը։ 1957 թվականին, չնայած «Երկնային աչք» (անգլ.՝ Eye in the Sky) վեպի դրական արձագանքներին, նա հայտարարել է, որ դադարում է գրել և որոշ ժամանակ պահել է իր խոստումը։

1958 թվականին Դիքը տեղափոխվել է Բերքլի։ Շուտով նա Փոյնթ Ռեյես առողջարանում ծանոթացել է Աննա Ռուբինշտեյնին և շուտով բաժանվել երկրորդ կնոջից։ Ընդհանրապես, Դիքը անձնական բարդ կյանք է ապրել, որի որոշ մանրամասներ արտացոլված են նրա ստեղծագործություններում։ Դիքն ամուսնացած է եղել հինգ անգամ՝ Ժանետ Մառլին (1948), Կլեո Ապոստոլիդես (1950-59), Աննա Ուիլյամս-Ռուբինշտեյն (1959-65), Նենսի Հաքեթ (1966-72) և Լեսլի Բասբի (1973-77)։ Նա ունեցել է երեք երեխա՝ Լորա Արչեր (ծնվ․՝ 1960), Իզոլդա Ֆրեա Իզա Դիք Հաքեթ, (ծնվ․՝ 1967), Քրիստոֆեր Քենեթ (ծնվ․ 1973)։

Աննայի հետ ամուսնությունից հետո Ֆիլիպը ստիպված է եղել շատ գրել (16 վեպ), քանի որ Աննան շատ է սիրել գումար ծախսել թե՛ իր և թե՛ առաջին ամուսնությունից ծնված երեք երեխաների վրա։ Տարբեր պատճառներով Դիքի հետ չեն համագործակցել էլիտար հրատարակչությունները, և Դիքը ստացել է համեմատաբար ոչ մեծ հոնորարներ։ Արդեն 1960-ական թվականների սկզբին նա գիրք գրելու իր սեփական եղանակն էր ստեղծել․ մի քանի ամիս մտածում էր նոր գրքի շուրջ, որին հաջորդում էր մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրվա ինտենսիվ աշխատանքը սևագրի շուրջ։ Որպես կանոն, վերջնական տարբերակը քիչ է տարբերվել սևագրից։ Այդ շրջանում Դիքի մոտ սկսել է պարանոյա զարգանալ։ Բացի այդ՝ Դիքը սկսել է հակադեպրեսանտներ կիրառել։ Ավելի ուշ Աննան հիշել է, որ դեղատներից բազմաթիվ դեղերի հաշիվներ է ստացել։ Ամեն դեպքում, այդ տարիները եղել են նրա ստեղծագործական կյանքի ամենաարդյունավետ շրջանը։

1962 թվականին նա ստացել է գիտական ֆանտաստիկայի բնագավառի բարձրագույն մրցանակը՝ «Հյուգոն» «Մարդը բարձր ամրոցում» վեպի համար։

1964-67 թվականներին անձնական կյանքում ունեցած խնդիրների պատճառով (ամուսնալուծություն, ընկճախտ) նա գրեթե չի գրել։ 1960-ական թվականների կեսերին Աննայի հետ ամուսնալուծությունից հետո ընկերների միջավայրում Դիքն առաջին անգամ ընդունել է հոգեմետ դեղ՝ LSD (Lysergic acid diethylamide), սակայն հետագայում հրաժարվել է դրա ընդունումից՝ վախենալով սարսափելի հալյուցինացիաներից։ Շուտով նա ծանոթացել է Նենսի Հաքեթի հետ։ 1967 թվականի մարտի 15-ին ծնվել է նրանց աղջիկը, որից հետո Ֆիլիպը սկսել է ակտիվորեն գրել։ 1960-70-ական թվականներին նա գրել է այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում», «Հոսե՛ք, արցունքնե՛ր»։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

Արդեն 1970-ական թվականների սկզբին Դիքը գրեթե դադարել է գրել։ 1971 թվականին Դիքը երեք անգամ հայտնվել է Սթենֆորդի հոգեբուժարանում, որտեղ իր պնդմամբ ընդունել է մեթամֆետամինի հազարավոր հաբեր[16]։ Բուժող բժիշկը, սակայն, լավ է արտահայտվել նրա մասին և նրան բնորոշել «լավատես, բարյացակամ, կարեկցող»[16]։ 1972 թվականի սկզբին նրա տանը, որտեղ ապրել են իր թմրամոլ ընկերները, պայթյուն է տեղի ունեցել։ Դրանից հետո Դիքը տեղափոխվել է Կանադա (Դիքի բառերով դա եղել է ոստիկնության ճնշման հետևանք), որտեղ որպես պատվավոր հյուր մասնակցել է Վանկուվերի՝ գիտաֆանտաստիկայի համաժողովին[16][16]։

Գտնվելով ընկճախտի մեջ՝ 1972 թվականի մարտի 23-ին Դիքը ինքնասպանության փորձ է արել, սակայն հրաշքով կենդանի է մնացել և տեղափոխվել վերականգնողական կենտրոն[17]։ Այնտեղ նա դադարել է թմրանյութեր ընդունել և արդեն 1972 թվականի ապրիլին վերադարձել է ԱՄՆ[17]

1973 թվականին Դիքն ամուսնացել է հերթական անգամ, և շուտով ծնվել է նրա որդին՝ Քրիստոֆերը[18]։ Նրա նոր կնոջ՝ 18-ամյա ուսանողուհու՝ ընտանեկան մթնոլորտ ստեղծելու փորձերը արժանացել են Ֆիլիպի դժկամությանն ու դիմադրությանը։ Գրողը դեմ է արտահայտվել իր ընտանիքը միջին դասի ընտանիք դարձնելու փորձերին[18]։ 1974 թվականի փետրվար-մարտ ամիսներին Դիքը երազներ է տեսել, որոնք մեկնաբանել է կրոնական տեսանկյունից[18]։ Այդ ժամանակ նա սկսել է գրել «Էքզեգեսիս» ամսագիրը (անգլ.՝ Exegesis), որը նրա կյանքի վերջում հասել է 8,000 էջի[18]։ Այն հիմք է ծառայել «Վալիս» և «Ալբեմուտի ազատ ռադիո» վեպերի համար[18]։ Այդ շրջանում Դիքը իր իսկ պնդումով սկսել է տեսնել իր նախկին կյանքերը և անծանոթ լեզուներով տեքստեր։ Կլաուդիա Բուշին ուղարկած նամակում նա գրել է․

  Իմ բոլոր մտքերը և ապրումները երազներումս վերաբերում են հելլենիստական շրջանին՝ դրան նախորդած մշակույթներից որոշակի ներառումներով։ Դա բացատրելու լավագույն ձևն այն է, որ գիշերը իմ գիտակցությունը լի է մտքերով, գաղափարներով և տեսություններով, որ կարելի է գտնել լավ կրթված հունախոս գիտնականի մոտ, ով ապրել է 3-րդ դարից ոչ ուշ Հռոմեական կայսրության տարածքում[19][20][21]։  

Ավելի ուշ նա ասել է, որ իր էզոթերիկ փորձը շարունակվել է 11 ամիս և ենթադրել, որ այն կարող է կապված լինել «տարածություն-ժամանակ գործառույթի ընկալման հետ»[21]։ Դիքի ընկեր Նորման Սպինրադը, որի հետ նա կիսվել է իր ապրումներով, ավելի ուշ գրել է, որ Ֆիլիպը ոչ այնքան հավատում էր իր հետ կատարվածին, որքան փորձում էր այդ ամենի համար խելամիտ բացատրություն գտնել[22]։ Այս շրջանում Դիքը բազմաթիվ նամակներ է գրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)՝ այդ թվում մեղադրանքներ ուղղելով Ստանիսլավ Լեմի և ամերիկյան ու ֆրանսիական քննադատ-մարքսիստների հասցեին։ Այսպես, 1974 թվականի սեպտեմբերի 2-ին Դիքը մեղադրել է Լեմին ԱՄՆ-ում կոմունիզմի քարոզի մեջ՝ պնդելով, որ նրա անվան տակ հանդես է գալիս մի ամբողջ կոմիտե՝ բաղկացած երեք մարքսիստներից՝ փիլիսոփա, գրաքննադատ Ֆրեդերիկ Ջեյմսոն, գրականագետ Փիթեր Ֆիտինգ և ավստրիացի թարգմանիչ Ֆրանց Ռոտենշտայներ[22][23][24]։ Իմիջիայլոց, ՀԴԲ-ն այս նամակներին ընթացք չի տվել։ Դիքի կենսագիրները ենթադրում են, որ գրողը դրանով փորձել է հաստատել իր հավատարամությունը ամերիկյան իշխանություններին լարված շրջանից հետո։ Ավելի ուշ Դիքը նաև նամակ է գրել Ռիչարդ Նիքսոնին[22]։

1979 թվականի սկզբին Դիքի առողջությունը վատացել է․ կտրուկ բարձրացել է արյան ճնշումը, և նա միկրոկաթված է տարել[25]։ 1982 թվականի փետրվարի 25-ին գրողը ծանր վիճակով հոսպիտալացվել է, որից հինգ օր անց՝ 1982 թվականի մարտի 2-ին մահացել է։

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Ըստ մի կարծիքի՝ գրողն իր կյանքի ողջ ընթացքում չի կարողացել ձերբազատվել հոգեբանական տրավմայից, որի պատճառը եղել է երկվորյակ քրոջ մահը թերսնումից հինգ ամսական հասակում։ 1970 թվականին իր նամակներից մեկում Դիքը, հղում անելով հոգեբանական թեստի արդյունքներին, նշել է, որ իր կյանքի մեծագույն ցնցումը եղել է քրոջ մահը[11]։ Քրոջ մահը ազդել է նաև գրողի ու իր ծնողների հարաբերությունների վրա․ նա մեղադրել է ծնողների անփութության համար, որի հետևանքով քույրը մահացել է[11]։ Դիքի երրորդ կնոջ՝ Աննա Ռուբինշտեյնի խոսքով Ֆիլիպը հավատացել է, որ իր քույրը ինչ-որ ձևով ապրում է իր մեջ[11]։ Դիքի ստեղծագործության հետազոտողները ենթադրում են, որ իր ապրումներն առաջացել են մեղավորության զգացումից, որ նչի կարողացել փրկել քրոջ կյանքը[11]։

Գոյություն ունեն տրամագծորեն հակառակ տեսակետներ թմրանյութերի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքի մասին։ Քանի որ քառորդ դարի ընթացքում կտրուկ փոփոխություն չի եղել նրա ոճում, քիչ հավանական է, որ թմրանյութերը լուրջ ազդեցություն են ունեցած լինեն նրա ստեղծագործության վրա։ Նա ավելի շուտ բնական ձևով է զարգացել։ Սակայն որոշ ուսումնասիրողներ էլ կարծում են, որ գրողը չարաշահել է թմրանյութերը։ Հարկ է նշել, որ գրողն ինքը իր դժբախտությունների պատճառ չի համարել թմրանյութերը։ Հարցազրույցներից մեկում Դիքը մատնանշել է․ «Իմ ստեղծագործությունների մեծ մասը ոչ թե թմրանյութերի օգտագործման արդյունք է, այլ Ալֆրեդ վան Վոգտ ընթերցելու արդյունք»[26]։ Դիքը, սակայն, չի ժխտել ամֆետամիննների պարբերաբար կիրառումը, ինչը թույլ է տվել «հինգ տարում 16 վեպ գրել»։ Ընդ որում նա պնդել է, որ իրեն ցուցված է եղել ամֆետամին։

«Շիզոֆրենիան և փոփոխությունների գիրքը» հոդվածում («Schizophrenia and The Book of Changes»), որ տպագրվել է 1965 թվականի մարտին Niekas ամսագրի 11-րդ համարում, Ֆիլիպ Դիքը մարդկանց բաժանում է հետևյալ խմբերիի՝ «լիարժեք շիզոֆրենիկներ» (totally schizophrenic), «մասնակի շիզոֆրենիկներ» (partially schizophrenic) (ընդ որում գրողն ինքն իրեն համարել է հենց այս խմբի ներկայացուցիչ) և «ոչ շիզոֆրենիկներ» (nonschizophrenic)։ Ֆիլիպ Դիքը «Փոփոխությունների գիրքն» օգտագործել է «Մարդը բարձր ամրոցում» գիրքը գրելու համար։ Նրա հոդվածի համաձայն՝ նա Գիրքը կարող էր օգտագործել ավելի կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար։ Ընդ որում, գրել այն մասը, որում Ֆիլիպը բացատրում է, թե ինչու չի կարելի օգտագործել Գրքի խորհուրդները, նրան թելադրել է հենց Գիրքը։ «Օրակուլը՝ Փոփոխությունների գիրքը, ինձ թելադրել է գրել այս հատվածը» («The Oracle — the I Ching — told me to write this piece»)[27]։

Դիքի ստեղծագործությունները մեծ մասամբ ինքնակենսագրական են։ «Ալբեմուտի ազատ ռադիոն» գիրքը գրված է Ֆիլիպ անունով երիտասարդ ֆանտաստի անունից։ «Վալիս» եռապատումը ջնջում է Դիքի ստեղծագործության ու կենսագրության սահմանները և համարվում է նրա ամենաբարդ ստեղծագործությունը։

1993 թվականին լույս է տեսել Էմանուել Կարերի «Ֆիլիպ Դիք․ ես կենդանի են, այդ դուք եք մեռած» գիրքը։ Գիրքն անվանել են «հերոսի կյանքի ուղու նկարագրությունը՝ որպես մեկ մոլուցքից մեկ այլ մոլուցքի անցում»[28]։ Նշվում է նաև, որ Կարերին հաջողվել է խուսափել մնացած կենսագիրների թույլ տված այն սխալից, որոնք, օրինակ, Դոստոևսկու հանճարեղությունը բացատրում են նրա էպիլեպսիկ հիվանդությամբ, Վան Գոգի ստեղծագործությունը՝ աբսենտի հանդեպ ունեցած մոլուցքով, և որ հեղինակը «չի բարդացնում գրողի կերպարը․ նա հետևում է փաստերին»[29]։

Էմանուել Կարերը գրում է նաև, որ եթե Ֆիլիպն իր ժամանակին իմանար Ֆրանսիայում լայն տարածում ունեցող «Աստերիքս» կոմիքսը, նա ավելի հեշտ կպատասխաներ LAD-ի թողած հետևանքների մասին ակնարկներին․ «Որպեսզի Օբելիքսը դառնա գերուժեղ, բոլորովին էլ հարկ չկա կախարդական հեղուկը խմելու, քանի որ մանուկ հասակում նա ընկել է դրանով լիքը տակառի մեջ»[30]։

2007 թվականի հունվարին Tor Books հրատարակչությունը թողարկել է Ֆիլիպ Դիքի՝ վաղ շրջանի ռեալիստական վեպերից մեկը՝ «Ձայներ փողոցից» (անգլ.՝ «Voices from the Street»)), որ գրվել է 1952-1953 թվականներին և նախկինում երբեք չի հրատարակվել։

Ազդեցություն խմբագրել

Ֆիլիպ Դիքին համարում են արդի իրականության առանցքային երազատեսներից։ Կյանքի օրոք նրա ստեղծագործությունը ճանաչվել է միայն գիտաֆանտաստիկ միջավայրում այն դեպքում, երբ մահից անմիջապես հետո ճանաչում է ստացել Ռիդլի Սքոթի «Սայրի վազորդ» ֆիլմի շնորհիվ, որ նկարահանվել է Դիքի «Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում» գրքի հիման վրա։ Հետագայում նրա գրքերի հիման վրա նկարահանվել են հայտնի այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Պաուլ Վերհուվենի «Հիշել ամեն ինչ», Ջոն Վուի «Հատուցման ժամ», Քրիստիան Դյուգեյի «Ճչացողները», Հերի Ֆլեդերի «Այլմոլորակայինը», Սթիվեն Սփիլբերգի «Հատուկ կարծիք», Լի Տամահորիի «Մարգարե» ֆիլմերը։ 2006 թվականին Ռիչարդ Լինկլեյթերը նկարահանել է «Մթագնում» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Կիանու Ռիվզը և Վայնոնա Ռայդերը։ 2011 թվականին էկրան է բարձրացել «Փոփոխվող իրականություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Մեթ Դեյմոնը։

Ֆիլիպ Դիքի ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ նա «խորտակում է» բոլոր առասպելները։ Նրա գրեթե բոլոր տեքստերը «նորմալ» մարդկանց ցույց են տալիս «աննորմա»լ իրավիճակում, ընդ որում նրա հերոսները թյուրըմբռնման օբյեկտ են հանդիսանում թմրանյութերի կամ տեխնիկական միջոցների նկատմամբ ունեցած իրենց ընկալման պատճառով, ընդ որում թյուրիմացության տեղիք տալիս են երբեմն հենց իրենք, իսկ գործողությունները ծավալվում են գիտաֆանտաստիկ քողի ներքո[31][32]։

Դիքի արվեստը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել այնպիսի երաժիշտների ու երաժշտական խմբերի համար, ինչպիսիք են Sonic Youth, Խիմերա', The World, 2H Company, Joy Division, Ստյուրատ Հեմ։

2008 թվականին լույս տեսած «Քո անունն այստեղ է» ֆիլմը (ռեժիսոր՝ Մեթյու Ուալդեր) հիմնված է Ֆիլիպ Կինդրեդ Դիքի կենսագրության վրա (ֆիլմում կերպարի անունը Ուիլյամ Ֆրիկ է) և պատմում է ֆանտաստ գրողի մասին, որն իր արվեստով փշրում է իրականության ու երևակայականի աշխարհը[33]։

Մատենագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակի անվանում Հրատարակություն Լրացուցիչ
1950 Հավաքվելու ժամանակն է Gather Yourselves Together 1994
1952 Ձայներ փողոցից Voices from the Street 2007
1953 Վուլկանի մուրճը Vulcan’s Hammer 1960
1953 Բժիշկ Ապագան Dr. Futurity 1960 Թարգմանության մեկ այլ տարբերակ՝ «Անհայտությունից եկածը»
1953 Աշխարհաստեղծման խամաճիկները The Cosmic Puppets 1957 Անվան այլ տարբերակ՝  «A Glass Of Darkness»
1954 Արևային վիճակահանություն Solar Lottery 1955 Այլ անուն՝ «World of Chance» / «Հնարավորության աշխարհ»
1954 Մերին ու հսկան Mary and the Giant 1987
1954 Աշխարհ, որ կառուցել է Ջոնսը The World Jones Made 1956
1955 Երկնային աչք Eye in the Sky 1957
1955 Մարդը, որ կարողանում էր կատակել The Man Who Japed 1956
1956 - A Time for George Stavros - Բնագիրը չի պահպանվել
1956 - Pilgrim on the Hill - Բնագիրը չի պահպանվել
1956 Պայթած փուչիկ The Broken Bubble 1988
1957 Հողից ծլարձակում Puttering About in a Small Land 1985
1958 - Nicholas and the Higs - Բնագիրը չի պահպանվել
1958 Օրերը հանգույցը կտրվել է Time Out of Joint 1959
1958 Միլթոն Լամկիի տարածքում In Milton Lumky Territory 1985
1959 Անմիտի գովերգում Confessions of a Crap Artist 1975
1960 - The Man Whose Teeth Were All Exactly Alike 1984
1960 Չաչանակը Օքլենդում Humpty Dumpty in Oakland 1986
1961 Մարդը բարձր ամրոցում The Man in the High Castle 1962 1963 թվականին արժանացել է Հյուգո մրցանակի։ Թարգմանության այլ տարբերակ՝ «Մարդը բարձր ամրորցից»։
1962 Մենք կարող ենք ձեզ կառուցել We Can Build You 1972 Թարգմանության այլ տարբերակ՝ «Մենք ձեզ կկառուցենք»։
1962 Ժամանակի մարսյան ընթացք Martian Time-Slip 1964 Թարգմանության այլ տարբերակ՝ «Մարսի խախտված ժամանակը»
1963 Բժիշկ մահ կամ Ինչպես ենք մենք ապրել պայթյունից հետո Dr. Bloodmoney, or How We Got Along After the Bomb 1965 1965 թվականին ներկայացվել է Նեբյուլա մրցանակի։ Թարգմանության այլ տարբերակներ՝ «Բժիշկ Բլադմանի», «Մահը գրպանում»։
1963 Տիտանի խաղացողները The Game-Players of Titan 1963
1963 Նմանություն The Simulacra 1964 Թարգմանության այլ տարբերակ՝ «Սիմուլակրոն»
1963 Աշխարհների նախաշեմին The Crack in Space 1966 Այլ անվանում՝ «Cantata-140»
1963 Անցյալի սպասումով Now Wait for Last Year 1966 Թարգմանության այլ տարբերակ՝ «Ժամանակի թմրանյութ»
1964 Ալֆանի լուսնի հանցախմբեր Clans of the Alphane Moon 1964
1964 Պալմեր Էլդրիչի երեք ստիգմատները The Three Stigmata of Palmer Eldritch 1965 1965 թվականին ներկայացվել է Նեբյուլա մրցանակի։
1964 Հոգևոր զենք The Zap Gun 1967 Թարգմանության այլ տարբերակ՝ «Բացարձակ զենք»
1964 Նախավերջին ճշմարտութություն The Penultimate Truth 1964
1964 Վրեժի տիրակալ Deus Irae 1976 Համահեղինակ՝ Ռոջեր Ժելյազնի
1964 - The Unteleported Man 1966
1965 Հանիմեդի ներխուժումը The Ganymede Takeover 1967 Համահեղինակ՝ Ռեյ Նելսոն։ Անվան այլ տարբերակ՝ «Հանիմեդի գրավում».
1965 Ժամանա՛կ, հե՛տ Counter-Clock World 1967
1966 Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում Do Androids Dream of Electric Sheep? 1968 1968 թվականին ներկայացվել է Նեբյուլա մրցանակի։ Թարգմանության այլ տարբերակ՝ «Սայրի վազորդ»։
1966 - Nick and the Glimmung 1988 Վեպ մանուկների համար
1966 Ուբիկ Ubik 1969
1968 Գալակտիկան վերականգնողը Galactic Pot-Healer 1969 Թարգմանության այլ տարբերակներ՝ «Ողջ գալակտիկայի վարպետը», «Երկնքի կավե շրջանակ»
1968 Մահվան լաբիրինթոս A Maze of Death 1970 Թարգմանության այլ տարբերակ՝ «Մահացու փակուղի»
1969 Իմ թշնամու բարեկամը Our Friends from Frolix 8 1970 Թարգմանության այլ տարբերակ՝ «Աստծո լավագույն ընկերը»
1970 Թափվե՛ք, արցունքնե՛ր Flow My Tears, The Policeman Said 1974 1975 թվականին արժանացել է Ջոն Քեփբելի անվան մրցանաի լավագույն գիտաֆանտաստիկ վեպի համար։ 1975 թվականին ներկայացվել է Հյուգո մրցանակի, 1974-ին՝ Նեբյուլա մրցանակի։
1973 Խավարում A Scanner Darkly 1977 1979 թվականին արժանացել է Գիտական ֆանտաստիկայի բրիտանական միավորման մրցանակի (British Science Fiction Award), 1978 թվականին ներկայացվել է Ջոն Քեմփբելի հիշատակի մրցանակին։ Թարգմանության այլ տարբերակ՝ «Մթի մեջ սողալով»։
1976 Ալբեմուտի ազատ ռադիո Radio Free Albemuth 1985
1978 ՎԱԼԻՍ VALIS 1981
1980 Վերինի ներխուժում The Divine Invasion 1981 1982 թվականին ներկայացվել է Գիտական ֆանտաստիկայի բրիտանական միավորման մրցանակին։
1981 Թիմոթի Արչերի տրանսմիգրացիան The Transmigration of Timothy Archer 1982 1982 թվականին ներկայացվել է Նեբյուլա մրցանակին։
1982 - The Owl in Daylight - Անավարտ է։
1982 Ինկորպորեյթեդի խաբեություն Lies, Inc. 1983

Մրցանակներ խմբագրել

  • 1963 - Հյուգո մրցանակ «Մարդը բարձր ամրոցից վեպի համար» (անգլ.՝ The Man in the High Castle)
  • 1967 - Գիտական ֆանտաստիկայի բրիտանական միավորման մրցանակ «Պալմեր Էլդրիչի երեք ստիգմատներ» վեպի համար (անգլ.՝ The Three Stigmata of Palmer Eldritch)
  • 1975 - Ջոն Քեմփբելի հիշատակին նվիրված մրցանակ «Թափվե՛ք, արցունքնե՛ր․․․» վեպի համար (անգլ.՝ Flow My Tears, the Policeman Said)
  • 2005 - ընդգրկվել է Փառքի սրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118678175 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. https://bsfa.co.uk/bsfa-awards/
  7. http://strangehorizons.com/non-fiction/columns/phil-and-jack/
  8. http://www.dickien.fr/dossiers/annemini/interview_anne_mini_dick.html
  9. (not translated to en-us) The Search for Philip K. Dick(անգլերեն) — 1995.
  10. https://tachyonpublications.com/goodbye-to-the-influential-anne-r-dick/
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Kucukalic, L., 2009, էջ 27
  12. 12,0 12,1 Umland S. J. Philip K. Dick: Contemporary Critical Interpretations. — Westport—London: Greenwood, 1995. — P. 1
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Kucukalic, L., 2009, էջ 28
  14. Kucukalic, L., 2009, էջ 29
  15. 15,0 15,1 Umland S. J. 1995. — P. 2
  16. 16,0 16,1 16,2 16,3 Kucukalic, L., 2009, էջ 39
  17. 17,0 17,1 Kucukalic, L., 2009, էջ 40
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Kucukalic, L., 2009, էջ 41
  19. July 8, 1974: The Firsl Day of the Constitutional Crisis (Enclosure, letter to Claudia Bush, July 16, 1974) // The exegesis of Philip K. Dick, ed. by Jonathan Lethem, Pamela Jackson. London: Gollancz, 2012.
  20. Chapter One // Philip K. Dick, In Pursuit of VALIS: Selections from the Exegesis, ed. by Lawrence Sutin, San Francisco: Underwood-Miller, 1991.
  21. 21,0 21,1 Kucukalic, L., 2009, էջ 42
  22. 22,0 22,1 22,2 Kucukalic, L., 2009, էջ 43
  23. Оригинал письма в Тупичке Гоблина
  24. Перевод письма — М. Отставнов. Другой Лем Արխիվացված 2014-05-05 Wayback Machine // Компьютерра. — 2001. — № 15 (17 апреля).
  25. Kucukalic, L., 2009, էջ 46
  26. Филип К. Дик. Интервью Чарльзу Плэтту, 1980. // fantlab.ru
  27. Philip K. Dick. «Schizophrenia and The Book of Changes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  28. «Роман Арбитман. Филип Дик: мёртвый и недовольный, «Частный Корреспондент», 16.12.2010». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  29. Юрий Буйда. Новинки недели, OpenSpace.Ru, 24.12.2008.
  30. Эмманюэль Каррер (2008). «Филип Дик. Я жив, это вы умерли». Амфора.
  31. Станислав Лем. Фантастика и футурология. Книга 1 (8. Филип К. Дик, или Фантоматика поневоле // Эпистемология фантастики // II. Мир литературного произведения). 2-е изд. (1972) / пер. С. Макарцева, В. Борисова, 2004.
  32. Станислав Лем. Science fiction: безнадёжный случай с исключениями. (1972)
  33. «Your Name Here» на сайте IMDB.com
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Կինդրեդ Դիք» հոդվածին։