Ֆենոլներ, արոմատիկ միացություններ, որոնց մոլեկուլում հիդրօքսիլ (-ОН) խմբերը անմիջականորեն կապված են արոմատիկ օղակի հետ։

Ֆենոլների դասի պարզագույն ներկայացուցիչ ֆենոլի մոլեկուլային կառուցվածք

Ըստ -ОН խմբերի քանակի տարբերում են միա-, երկ- և եռատոմ ֆենոլներ։ Ֆենոլների պարզագույն ներկայացուցիչը ֆենոլն է (կարբոլոնաթթու կամ օքսիբենզոլ)՝ C6H5OH որը օդում վարդագույն դարձող, անգույն բյուրեղներ է։

Հալման ջերմաստիճանը՝ 40, 9 °C է, եռմանը՝ 182 °C։ Թունավոր է։ Օգտագործվում է ախտահանման համար, ներկանյութերի, պեստիցիդների արտադրության մեջ։ Ֆենոլներն ունեն թույլ թթվային հատկություններ, առաջացնում են աղանման նյութեր՝ ֆենոլատներ։

Ֆենոլներն անգույն, բնորոշ հոտով բյուրեղներ են, հազվադեպ հեղուկներ, լավ լուծվում են օրգանական լուծիչներում (սպիրտ, եթեր, բենզոլ)։ Ֆենոլների և CO2-ի համատեղ տաքացումից առաջանում են ֆենոլաթթուներ (օրինակ, սալիցիլաթթու)։ Ֆենոլներն ստացվում են քարածխի խեժից, սինթեզում են համապատասխան հալոգենային ածանցյալների հիդրոլիզից և այլ եղանակներով։

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։