Օրբելյաններ, իշխանական տոհմ Հայաստանում և Վրաստանում։ Ավանդությունն Օրբելյանների ծագումը վերագրում է Ճենաց աշխարհի թագավոր Ճենբակուրի փախստական ժառանգներին, որը Մամիկոնյաններից նրանց սերած լինելու վկայությունն է (որոշ ուսումնասիրողների կարծիքով, Օրբելյանները Գուգարքում հաստատված և քաղկեդոնականություն ընդունած Մամիկոնյանների մի ճյուղն են)։ Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին։

Օրբելյաններ
Տեսակազնվական տոհմ
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրԶաքարյան իշխանապետություն
ՏիրույթներՍյունիք
ԾագումՄամիկոնյաններ
ՏիտղոսներՍյունիքի իշխան, իշխանապետ, իշխանաց իշխան
ՀիմնադիրԼիպարիտ
Մեծագույն ներկայացուցիչԲուրթել Օրբելյան
Հիմնում13-րդ դար
Ավարտ15-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն

Ծագում խմբագրել

Ըստ տոհմական պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, «Օրբել» (Օրբուլք) անունն առաջացել է (նախկին «ճենուլի» կամ «ճենուլքի» փոխարեն) Օրբեթ ամրոցում (այժմ՝ Վրաստանի Օրբեթի գյուղի մոտ) նրանց հաստատումից հետո։ Օրբելյանները բարձր դիրք են զբաղեցրել վրացական արքունիքում, վարել թագադիր ասպետի, սպարապետի և այլ պաշտոններ։

Ձգտելով պետական բարձրագույն իշխանության՝ ամիրսպասալար Իվանե Օրբելին 1177- 1178 թվականներին, թագաժառանգ Դեմնային (Դեմետրե) գահին բազմեցնելու պատրվակով, գլխավորել է վրացական ավատատիրական տների ապստամբությունը՝ Գեորգի III թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հաջողվել է ղփչաղների աջակցությամբ ջլատել ապստամբների զինված ուժերը, մեկուսացնել Իվանեին, ձերբակալել և կուրացնել նրան։ Իվանեի եղբայր Լիպարիտը, ով ռազմական օգնության խնդրանքով ներկայացել էր սելջուկյան Ելտկուզ Աթաբեկին, այնուհետև հաստատվել է Գանձակում։ Գեորգի III թագավորի մահից (1184) հետո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվանեն, վերադարձել է Գուգարք, Թամար թագուհուց ետ ստացել Օրբելիների տիրույթների մի փոքր մասը և Օրբեթ ամրոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի, Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր։ Նա ամուսնացել է տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր էր ունենալու նրա քաղաքական կողմնորոշման գործում։ Նա զոհվել է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում։ Միակ որդին՝ Լիպարիտը, մոր հետ արգելափակվել է Նախճավանում։ Դրանով Օրբելյանների տոհմը բաժանվել է երկու ճյուղի (վրաց Օրբելիների և հայ Օրբելյանների)։

Սյունիքի իշխանություն խմբագրել

1211 թվականին հայ-վրացական միացյալ ուժերը՝ Իվանե Զաքարյանի և վրաց թագաժառանգ Գեորգի Լաշայի գլխավորությամբ, ազատագրելով Սյունիքը, Էլիկումի որդի Լիպարիտին կալվածներ են շնորհել Վայոց ձոր և Գեղարքունիք գավառներում, ինչպես նաև Աղստևի հովտում։ Տիրելով այդ կալվածներին՝ Լիպարիտը հիմնադրել է Զաքարյան իշխանապետությունից վասալական կախվածության մեջ գտնվող Սյունիքի Օրբելյանների իշխանությունը։

Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում, երբ սրվել են միջավատական հակասությունները, հզորացած Օրբելյանները հրաժարվել են ճանաչել Զաքարյանների գերագահությունը։ Ի պատասխան դրա, իշխանուհի Գոնցա և նրա դուստր Խոշաք Զաքարյաններին հաջողվել է մոնղոլական իշխանավորների միջոցով Օրբելյաններին զրկել որոշ տիրույթներից։

Սմբատ Օրբելյանը 1251 և 1256 թվականներին մեկնել է Կարակորում և Մանգու խանից ստացել «ինջու»-ական իրավունք (Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը դարձել է անմիջապես մեծ խանին ենթակա քաղաքական միավոր, ուր վերացել է մոնղոլական հարկահավաքների մուտքը), որը նրան հնարավորություն է ընձեռել ընդարձակել քաղաքական ազդեցությունը, առաջնություն նվաճել Վայոց ձորում և հարակից գավառներում մրցակից տոհմի՝ Խաղբակյանների նկատմամբ, Սյունիքի սահմաններում հորջորջվել «իշխանաց իշխան» և անգամ «արքա»։

Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունն իր հզորությունը պահպանել է նաև Սմբատին հաջորդած Տարսայիճ Օրբելյանի օրոք (1273-1290)։ Նա կնության է առել զոհված Հասան-Ջալալ Դոլայի դուստր Մինախաթունին և դաշինք հաստատել Խաչենի իշխանության հետ, իշխանությունը տարածել գրեթե ողջ Սյունիքի վրա։ Օրբելյանները 1286 թվականին իրենց ձեռքն են վերցրել նաև Սյունիքի հոգևոր իշխանությունը, մետրոպոլիտ է օծվել Տարսայիճ իշխանապետի որդին՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։

Տարսայիճի ավագ որդու՝ Էլիկումի օրոք (1290-1300) Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը տրոհվել է երեք մասի (նրա, եղբոր՝ Ջալալի և նրանց հորեղբորորդու՝ Լիպարիտի միջև)։ Էլիկում Օրբելյանի որդի Բուրթելին (Բուրթել Մեծ, Բուրթել Երկարակյաց, 1300-1349) հաջողվել է իր գահերեցության ներքո վերամիավորել մյուս իշխանությունները և ավատատերերի տրոհված զին․ ուժերը։ Նրա օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին (1321), Եղեգիսի Զորաց տաճարը (1321), Սպիտակավոր Աստվածածինը (1322), Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339)։ 1340-ական թվականներին Բուրթելը նշանակվել է իլխանության մայրաքաղաքներ Սուլթանիայի և Թավրիզի քաղաքագլուխ-ամիրա։ Բուրթելի մահից հետո նրա ժառանգների միջև ծագած երկպառակությունները կրկին թուլացրել են Օրբելյանների իշխանապետությունը, որից օգտվելով, Խաղբակյանները փորձել են կրկին իրենց գերիշխանությունը հաստատել Վայոց ձորում։

Բուրթելի ավագ որդի Իվանեն (Ինանիկ) ստիպված է եղել գահանիստը Եղեգիսից տեղափոխել Որոտնաբերդ։ 1386 թվականին, երբ Լենկթեմուրի զորքերը երկար պաշարումից հեւոո գրավել են Որոտնաբերդը, Օրբելյանների Սյունիքի իշխանապետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Օրբելյանների իշխանազուններից քչերին է հաջողվել աննշան տիրույթներ պահպանել Սյունիքում։

15-րդ դարում, երբ Սյունիքը ռազմաբեմ է դարձել միմյանց դեմ պատերազմող թուրքմեն ցեղամիությունների՝ կարակոյունլուների, ակկոյունլուների և թեմուրյանների համար, Օրբելյաններից շատերը լքել են երկրամասը (1437 թվականին Վրաստան է գաղթել Բեշքեն Օրբելյանը՝ հետը տանելով շուրջ 6 հազար ընտանիք)։ Նրա դուստրը դառնում է վրաց թագուհի, իսկ որդի Ռուստամը, 1430-ական թվականներին դառնալով կարակոյունլուների ցեղապետ Կարա Իսկանդարի վեզիրն ու խորհրդականը, փորձել է վերականգնել Օրբելյանների իշխանապետությունը, սակայն այդ ծրագրի իրականացմանը խանգարել են թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքները։ Այնուհետև Օրբելյանների տոհմն էական դեր չի խաղացել քաղաքական ասպարեզում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Օրբելյանների տոհմածառը ըստ Ղևոնդ Ալիշանի(չաշխատող հղում)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 586