Օսլոյի օպերային թատրոն (նորվ.՝ Operahuset), ազգային օպերային թատրոն Օսլոյի կենտրոնում՝ Բյորվիկայում։ Ղեկավարվում է Նորվեգիայի հանրային շինարարության և գույքի տնօրինության կողմից։ Զբաղեցնում է 38500 մ2 տարածք, ունի 1100 սենյակ, հիմնական լսարանը տեղավորում է 1364 մարդ, մյուս երկու կատարողական տարածքները՝ 200 և 400 մարդ։ Գլխավոր բեմն ունի 16 մետր լայնություն, 40 մետր խորություն[3]։ Շենքի արտաքին անկյունային հատվածը պատված է իտալական մարմարով և սպիտակ գրանիտով։ 1300 թվականին Նիդարոսի տաճարի կառուցումից հետո Նորվեգիայի ամենամեծ մշակութային կառույցն է[4]։

Օսլոյի օպերային թատրոն
Տեսակօպերային թատրոն, համերգասրահ և տեսարժան վայր
Երկիր Նորվեգիա[1]
Գտնվելու վայրըՕսլո[1]
Հիմնադրման ամսաթիվ2008
ՃարտարապետSnøhetta?[2]
Կայքoperaen.no(նորվ.)
 Oslo Opera house Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Օսլոյի օպերային թատրոնի արտաքին տեսքը

1999 թվականին, երկար բանակցություններից հետո, Նորվեգիայի օրենսդիրը որոշեց Օսլոյում կառուցել նոր օպերային թատրոն։ Նախագծի մրցույթի համար ստացված 350 դիմումներից ընդունվել է Սնոհետա (Snøhetta) կազմակերպության նախագիծը։ Շինարարությունն սկսվել է 2003 թվականին, ավարտվել է 2007 թվականին, բացումը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլի 12-ին, որին մասնակցել են Նորվեգիայի արքա Հարալդ V-ը, Մարգարիտ թագուհի II-ը, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը և այլ առաջնորդներ[3]։

2008 թվականի Բարսելոնայի ճարտարապետական համաշխարհային փառատոնում օպերային թատրոնը արժանացել է մշակութային մրցանակի[5], 2009 թվականին՝ Ժամանակակից ճարտարապետության Եվրամիության մրցանակի։

Շենք խմբագրել

 
Օսլոյի օպերային թատրոնի ներքին տեսքը

Օպերային թատրոնի շենքը գտնվում է գրեթե Օսլոֆյորդ ծովածոցի մեջ։ Աչքի է ընկնում ջրի մեջ իջնող ընդարձակ տարածք զբաղեցնող տանիքով։ Տանիքը կառուցված է 36 հազար սպիտակ քարե սալիկներից (իտալական սպիտակ մարմար, որը սովորաբար օգտագործվում է քանդակագործության մեջ), կառուցված այնպես, որ ցանկացած ոք կարող է ափից հասնել մինչև շենքի ամենաբարձր կետը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք։

Անկյունային հատվածով դեպի ներքև իջնող տանիքը ճարտարապետական նորամուծություն է։ Շենքի հիմնական հատվածը պատված է սպիտակ գրանիտով և La Facciata-ով (սպիտակ իտալական Կարարա մարմար), բեմական աշտարակը ծածկված է սպիտակ ալյումինով։

Նախասրահը շրջապատված է 15 մ բարձրությամբ պատուհաններով, որոնց հատուկ ապակին հնարավորություն է տալիս վայելել ջրային տեսարանը։ Տանիքը շրջապատված է բարակ ուղղանկյուն սյուներով։

Ջերմություն ապահովելու համար ներքին հարդարանքները կաղնու փայտից են՝ ի տարբերություն զով սպիտակ արտաքինի։ Գլխավոր սրահն ունի ձիու պայտի տեսք, որը լուսավորում է 5800 ձեռագործ բյուրեղներ պարունակող օվալաձև ջահը։

Էլեկտրոնային լիբրետտո համակարգի համար նստատեղերին կից կան մոնիտորներ, որոնց միջոցով հանդիսատեսը նորվեգերեն, անգլերեն և բնօրինակ լեզվով կարող է հետևել օպերային լիբրետտոներին[6]։

Արվեստ խմբագրել

Օպերային թատրոնի արտաքին և ներքին հարդարանքների համար ձեռնարկվել են տարբեր նախագծեր։ Առավել ուշագրավ է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, իտալացի քանդակագործ Մոնիկա Բոնվիչինիի «She Lies» չժանգոտվող պողպատից և ապակե վահանակներով քանդակը։ Այն մշտական տեղակայվել է Օպերային թատրոնին կից ծովածոցում՝ բետոնե հարթակի վրա։ Քանդակը բացվել է 2010 թվականի մայիսի 11-ին Նորվեգիայի թագուհի Սոնյայի մասնակցությամբ։

Նախասրահի տանիքը ծածկող պատի վահանակը նախագծել է Օլաֆուր Էլիասոնը։ Աշխատանքներ են կատարել նաև արվեստագետներ Կրիստիան Բլիստադը, Յորուն Սանեսը, Քալե Գրյուդը, Բոդիլ Ֆուրուն, Տրին Լիզ Նեդրոսը, Մարտե Աասը և այլք[7]։

Գլխավոր բեմի ճմլված ալյումինե փայլաթիթեղի տեսք ունեցող վարագույրն ստեղծել է Պաե Ուայթը, որն արտադրել է թատերական սարքավորումների գերմանական Gerriets GmbH ընկերությունը[8]։ Այն ունի 23 մետր լայնություն, կշռում է 500 կգ[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://snohetta.com/project/42-norwegian-national-opera-and-ballet#
  3. 3,0 3,1 «Welcome to the New Oslo Opera House». Operaen.no. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «Norway's Opera House - Norway official travel guide». visitnorway.com. 2010 թ․ ապրիլի 21. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  5. «Oslo Opera House wins international award». Vårt Land. The Norway Post. 2008 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Jackie Craven (2010). «Oslo Opera House in Oslo, Norway». About.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. «H.M. Queen Sonja Takes Part in the Unveiling of She Lies at The Opera». koro. 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. David Peskovitz (2011 թ․ ապրիլի 7). «Opera house's fabric curtain looks like crumpled aluminum foil». BoingBoing.net. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  9. «Gerriets Equips New Oslo Opera House». gerriets.com. 2008 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլոյի օպերային թատրոն» հոդվածին։