Օնիխիա ( հունարեն, հունգ.՝ ovug –եղունգ), եղունգների հիվանդություն։ Պատճառները բազմաթիվ են։ Լինում է ոչ սնկային (եղունգների ապաճումներ) և սնկային (օնիխոմիկոզ) օնիխիա։ Ոչ սնկային օնիխիան առաջանում է որոշ մաշկային (էկզեմա, պսորիազ, կարմիր, տափակ որքին և այլն), ինչպես նաև նյարդային համակարգի, ներզատիչ գեղձերի, արյան հիվանդությունների, պարբերական հիվանդության և ավիտամինոզների ժամանակ։ Ախտանշանները բազմազան են․ եղունգների մակերևույթի վրա նկատվում են ակոսներ, փոսիկներ, եղնգաթերթիկները հաստանում են, պղտորվում, եղունգահունից անջատվում։ Բուժումը․ հիմնական հիվանդության վերացում, վիտամիններ (հատկապես «А»), փափկացնող և եղունգների սնուցումը բարելավող քսուքներ, ձեռքերի ու ոտքերի տաք լոգանքներ և մերսում, ներքին ընդունման համար՝ սննդային ժելատին։ Բուժական միջոցները պետք է լինեն տևական։ Սնկային օնիխիան զարգանում է որպես մի շարք սնկային հիվանդությունների մասնավոր արտահայտություն։ Ախտանշանները կախված են հարուցիչ–սնկիկների տեսակից։ Բուժումը․ հիմնական հի վանդության վերացում, եղունգաթերթիկների մասնակի կամ լրիվ հեռացում, սնկասպան դեղանյութերի օգտագործում։ Կանխարգելումը․ ոտքերի ու ձեռքերի մաշկի սնկային հիվանդությունների ժամանակին բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։