Օձակեր արծիվ
Օձակեր արծիվ
Օձակեր արծիվ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Իսկական օձակերներ (Circaetus)
Տեսակ Օձակեր արծիվ (C. gallicus)
Միջազգային անվանում
Circaetus gallicus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Օձակեր արծիվ (լատին․՝ Circaetus gallicus), ճուռակների ընտանիքին պատկանող, եվրոպական օձակեր, գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Հայաստանում բնադրող-չվող է և քիչ տարածված։

Circaetus gallicus

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 62-67 սմ է, թևերի բացվածքը՝ 185-195 սմ, իսկ կենդանի զանգվածը՝ 1,5-2 կգ։ Էգը խոշոր է արուից։ Լայն գլխով, երկար ու լայն թևերով, 3-4 նկատելի շերտեր ունեցող պոչով խոշոր թռչուն է։ Գունավորումը փոփոխական է. բաց գույնի անհատները վերևից բաց դարչնագույն են, ներքևից՝ սպիտակավուն թույլ նախշերով, իսկ թևերի ծայրերը՝ մուգ։ Մուգ անհատները վերևից մոխրագույն-դարչնագույն են, ներքևից՝ ավելի հստակ զոլերով։ Մուգ գլուխը և կրծքի վերին մասը կնգուղի տպավորություն են ստեղծում։ Առավելապես հանդիպում է առանձին անհատներով։ Անզգույշ է վտանգի պահին։ Հաճախ կանգ է առնում օդում, կերակրվում է միայնակ կամ զույգերով։ Հայաստանում տարածված է Տավուշի մարզի, Գեղամա, Զանգեզուրի կիսաանապատային նախալեռներում, ժայռերի և անտառների հարևանությամբ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է առավելապես թունավոր օձերով (գյուրզա, հայկական իժ և այլն)։ Օձին ճանկում է գլխից կամ գլխին մոտ հատվածից՝ խուսափելով օձի կծելուց, որը մահաբեր է նրա համար։

Չու խմբագրել

Գարնանային վերադարձը սկսվում է ապրիլի սկզբին։ Բույնը փոքր հարթակ է՝ ճյուղերից և կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերին։Էգը և արուն թխսակալում են մոտ 40 օր։ Ձագերը 70-80-րդ օրը տիրապետում են թռիչքին։ Աշնանային չուն սկսվում է սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին։

Հատուկ պահպանություն խմբագրել

Սակավաթիվ, կրճատվող թվաքանակով, մասնատված արեալով տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄԿարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախնական տվյալներով Հայաստանում հաշվառվում են 10-30 բնադրող զույգ։ 2008 թվականի տվյալներով Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 4 առանձնյակ։

Վտանգման հիմնական գործոններն են սողունների անվերահսկելի որսը, թռչունների ապօրինի որսը, բնադրման համար հարմար տարածքների յուրացումը, անտառի և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի ընթացքում։ Ձվադրման ժամանակ օձակեր արծվին մեծ վնաս են հասցնում վայրի բույսեր հավաքողները և զբոսաշրջիկները։ Վերջին տարիներին մեծացել է ձվերի և ձագերի ապօրինի հավաքը որսագողերի կողմից։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում և «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձակեր արծիվ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձակեր արծիվ» հոդվածին։