Օլիմպիա (կտավ)

Էդուարդ Մանեի նկար

«Օլիմպիա» (ֆր.՝ Olympia), Էդուարդ Մանեի կտավը։ 1863 թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեի կողմից ստեղծված կտավը համարվում է ժամանակակից գեղանկարչության գլուխգործոցներից մեկը։ 1865 թվականին Փարիզյան սալոնում կտավն արվեստի պատմության մեջ ամենահայտնի սկանդալներից մեկի պատճառն է դարձել։ Այսօր «Օլիմպիա»-ն ֆրանսիական կառավարության սեփականությունն է և ցուցադրվում է Օրսե թանգարանում, Փարիզում։

Օլիմպիա
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1][2]
տարի1863[2]
բարձրություն130,5 ± 0,1 սանտիմետր
լայնություն191 ± 1 սանտիմետր
ստեղծման վայրMarvejols?
ուղղությունիմպրեսիոնիզմ[3] և ռեալիզմ[3]
ժանրնյու[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերՖրանսիական պետություն
մակագրությունED.MANET 1863
Ծանոթագրություններ
 Olympia (Édouard Manet) Վիքիպահեստում

Կտավի նկարագրություն խմբագրել

Կտավի վրա պատկերված է կիսապառկած մերկ կին։ Աջ ձեռքով նա հենված է ճոխ սպիտակ բարձերին, մարմնի վերևի մասը փոքր-ինչ բարձր է։ Նրա ձախ ձեռքը կոնքի վրա է։ Բնորդուհու դեմքն ու մարմինն ուղղված են դեպի հանդիսատեսը։ Նրա ճերմակ անկողնու վրա նետված է բաց դեղնավուն ծածկոց, որը զարդանախշված է ծաղիկներով։ Ծածկոցի ծայրն աղջիկը պահում է ձեռքով։ Հանդիսատեսը տեսնում է նաև մահճակալի մուգ կարմիր պաստառը։ Աղջիկն ամբողջությամբ մերկ է, նրա վրա միայն մի քանի զարդարանքներ կան. նրա հետ հավաքված խարտյաշ մազերը զարդարված են մեծ վարդագույն խոլորձով, պարանոցին սև թավիշով ամրացված է մարգարիտ։ Մարգարիտը համապատասխանեցված է ականջօղերին, իսկ աջ ձեռքին բնորդուհին ունի ոսկե լայն ժամացույց։ Ոտքերը զարդարված են նրբագեղ կոշիկներով։ Մանեի կտավի երկրորդ կերպարը սևամորթ սպասուհին է։ Նրա ձեռքին սպիտակ թղթի մեջ փաթաթված շքեղ ծաղկեփունջ է։ Սևամորթ կնոջ հագին վարդագույն զգեստ է, որը խիստ հակադրված է նրա մաշկին, իսկ նրա գլուխը գրեթե կորչում է կտավի սև երանգի ֆոնի մեջ։ Մահճակալի ներքևի մասում պատկերված է սև կատու, ինչը կարևոր կոմպոզիցիոն տարր է կտավի աջ հատվածում։ Ներքին հարդարանքի տարածքային խորքն իսպառ բացակայում է կտավում։ Նկարիչը գործում է միայն երկու պլանով. առաջին պլանում լուսավոր մարդկային կերպարներն են, իսկ հետնամասում` մուգ ինտերիերը։ Պատի ոսկեգույն գիծը նկարի մուգ ֆոնն ասես երկու հավասար մասերի է բաժանում։ Դա թույլ է տալիս Օլիմպիայի գլխավերևում քառակուսի շրջանակով ընդգծել փոքր ձախ մասը, իսկ մեծ ուղղանկյուն հատվածով ընդգծել սպասուհու մարմինը։ Օլիմպիայի մարմնի հետևում պատկերված պատի մուգ դարչնագույն և կանաչ հատվածներն ընդգծում են մոդելի խարտյաշ մազերը։ Սևամորթ սպասուհու հետևում պատկերված ամբողջ տարածությունը ծածկված է կանաչ վարագույրներով, միայն մի փոքրիկ հատվածում երևում դռան ճեղքը։

Գունային գամմա խմբագրել

Կտավի գունային գամման առանձնանում է զսպվածությամբ. նկարչի կտավում միայն մի քանի երանգներ կան։ Դրանք են սպիտակը, սևը, կապույտը (որը դառնում է մուգ կանաչ)։ Տաք երանգներից առկա են դարչնագույն-ոսկեգույնն ու կարմիրը։ Բնորդուհուն ու իր անկողինը պատկերող լուսավոր, բաց գույները հակադրվում են սենյակի մուգ, հիմնականում` սև երանգներին, սպասուհու ու կատվի կերպարներին, ում ուրվագծերը գրեթե կորչում են վարագույրի ֆոնին։ Այսպիսի խիստ հակադրությունը բաժանում է կտավը հորիզոնական ուղղությամբ։ Նկարիչը մի քանի աչքի ընկնող շեշադրումներ է անում. խոլորձի հարուստ գույնը մազերի մեջ, ծաղկեփնջի գույներն ու ծածկոցի նախշազարդերը։ Աչքի են ընկնում սպասուհու կարմիր գլխաշորն ու մահճակալի պաստառը։ Վարագույրի մուգ կանաչ գույնը համապատասխան է ծաղկեփնջի տերևների, ծածկոցի ծայրերի ու սավանի կանաչ ստվերների գույներին։

Կոմպոզիցիոն համակարգ խմբագրել

Կտավի կոմպոզիցիայի հիմքում շատ կրկնած եռանկյուն ձևն է։ Մահճակալի մուգ կարմիր պաստառի եռանկյունին ներքևի ձախ անկյունում կպչում է վերևից կախված մահճակալի հստակ ուրվագծվող անկյունին։ Նույն երկրաչափական պատկերն է ձևավորում նաև դրանց վերևում գտնվող կանաչ վարագույրը։ Աջ կողմում սպասուհու մարմինը ևս եռանկյան մեջ է։ Կտավի կոմպոզիցիոն կենտրոնը Օլիմպիայի գիրկն է, ինչն ընդգծում է նրա գծային պատկերմամբ. դեպի աղջկա գիրկն են գնում երկու կանանց ուսերի ու ձեռքերի ուղղությունները, այդ կողմ են ուղղված նաև պաստառների ուղղահայաց ոսկեգույն գծերն ու Օլիմպիայի ոտքերի խաչվող գծերը։ Մանեի պատկերման ձևը շատ հարթ է։ Վարպետը հրաժարվում է ավանդական բազմաշերտությունից։ Ներկը երբեմն դուրս է գալիս պատկերվող առարկայի սահմաններից, օրինակ, ծաղկեփունջն ուղղակի կազմված է առանձին գունային հետքերից։ Կտավում զգացվում է նոր ոճի` իմպրեսիոնիզմի ծնունդը, որի հիմնադիրներից մեկն էլ կտավի հեղինակն է։

Ստեղծման պատմություն խմբագրել

Կտավի վրա նշված է ստորագրություն և տարեթիվ` éd Manet 1863: Նկարն ստեղծվել է նույն տարում, ինչ «Նախաճաշ խոտի վրա» կտավը` 1863 թվականին «Մերժվածների սալոն»-ում սկանդալի պատճառ դառնալով։ Սակայն Փարիզյան սալոնի հաղթահերոսն այդ տարի դարձել է Ալեքսանդր Կանաբելն իր «Վեներայի ծնունդը» կտավով։ Հնարավոր է` հենց այս կտավն է իր ճանաչվածության համար պայքարող Էդուարդ Մանեին ներշնչել ստեղծելու իր «Օլիմպիա»-ն։ Դեռևս 1850-ականներին Իտալիայում նա աշխատել է «Ուրբինյան Վեներա»-յի կրկնօրինակի վրա և լավ ծանոթ էր սյուժեին։ Նկարի ստեղծման մասին ըստ էության շատ բան հայտնի չէ։ Պահպանվել են սանգինայով արված երկու էսքիզ։ Ջրաներկով նկարը ամենայն հավանականությամբ նկարվել է կտավից հետո և դրվում է 1867 թվականին «Օլիմպիա»-յի մոտիվներով օֆորտով ստեղծված երկու նկարների հետ նույն շարքում։ Այս էսքիզներից մեկը հետո Մանեն պետք է նկարեր իր «Էմիլ Զոլայի դիմանկարի» հետին ֆոնին։ Օլիմպիայի համար բնորդուհի է ծառայել Մանեի սիրելի բնորդուհին` Վիկտորիա Մյորանը։ Սակայն ենթադրություն կա, որ Մանեն կտավում օգտագործել է հայտնի կուրիտզանուհի, Նապոլեոն Բոնապարտի սիրուհի Մարգարիտա Բելանժեի կերպարը[4]։

Պատկերագրություն խմբագրել

Նախորդողներ խմբագրել

Օլիմպիան համարվում է 19-րդ դարի նյու ժանրի ամենահայտնի կտավներից մեկը։ Սակայն Օլիմպիան ունի հայտնի կերպարի մի շարք նախորդողներ. պառկած մերկ կնոջ կերպարը արվեստի պատմության մեջ հնագույն ավանդույթներ ունի։ Մանեի «Օլիմպիա»-յի ուղղակի նախորդողներն են Ջորջոնեի «Քնած Վեներան» (1510 թվական) և Տիցիանի «Ուրբինյան Վեներան» (1538 թվական)։ Մեկ կանայք այս բոլոր կտավներում միևնույն դիրքում են պատկերված։ Մանեի «Օլիմպիա»-ն մեծ նմանություն ունի Տիցիանի կտավի հետ, հենց նրանից է Մանեն կրկնօրինակել ուսումնառության տարիներին։ Ե՛վ Ուրբինյան Վեներան, և՛ Մանեի «Օլիմպիա»-ն պատկերված են տնային պայմաններում. ինչպես Տիցիանի կտավի հետին պլանում, այնպես էլ Մանեի «Օլիմպիա»-յի պառկած կնոջ հետևի ֆոնում պատը հստակ բաժանված է հորիզոնական գծերի։ Երկու կանայք հենված են աջ ձեռքի վրա, երկու կանանց աջ ձեռքը զարդարված է թևնոցով, իսկ ձախ ձեռքը փակում է գիրկը։ Երկու կանաց ոտքերի մոտ պատկերված է կատու կամ շնիկ և ներկա է սպասուհի։ Վերածննդի ժամանակաշրջանի մոտիվները փարիզյան իրականություն տեղափոխելու փորձ Մանեն արդեն արել է «Նախաճաշ խոտի վրա» կտավում։ Մերկ Օլիմպիայի բաց և ուղիղ հայացքը արդեն հայտնի է Գոյայի «Մերկ մախա»-յից, իսկ գունատ ու մուգ մաշկի հակադրությունն արդեն պատկերվել էր Լեոն Բենուվիլի «Էսթեր» կտավում, չնայած այդ կտավում սպիտակամորթ կինը հագուստով է։ 1850 թվականին Փարիզում մեծ տարածում գտան նյու ժանրով պառկած կանանց լուսանկարները։

Մանեի վրա ազդեցություն են ունեցել ոչ միայն գեղանկարչությունն ու լուսանկարչությունը, այլև Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» բանաստեղծական ժողովածուն։ Կտավի առաջնային միտքը Ժաննա Դյուվալին նվիրված նրա մի շարք ստեղծագործություններով անցնող «կին կատու» փոխաբերությանը նմանություն ուներ։ Այս կապը հստակորեն երևում է առաջնային էսքիզներում։ Պատրաստի կտավում կնոջ ոտքերի մոտ հայտնվում է ստվերի մեջ գտնվող կատու, որն ունի տիրուհու աչքերի նույն արտահայտությունը։

Կտավի անվանում և ենթատեքստ խմբագրել

Կտավի սկանդալային լինելու պատճառներից մեկը դրա անվանումն է. նկարիչը չի հետևել նկարում կնոջ մերկությունը դիցաբանական թեմայով արդարացնելու ավանդույթին և իր նյու ժանրի գործը չի անվանել «Վեներա» կամ «Դանայա»։ 19-րդ դարի գեղանկարչության մեջ հայտնվել են մի շարք «տարփուհիներ», որոնցից ամենահայտնին, իհարկե, Դոմինիկ Էնգրի «Գլխավոր տարփուհին» է, սակայն Մանեն շրջանցել է այս տարբերակը ևս։ Ընդհակառակը, աղջկա ոչ մեծաթիվ զարդանքներն ու կոշիկների ձևը ցույց են տալիս, որ Օլիմպիան ապրում է ժամանակակից աշխարհում, ոչ թե ինչ-որ անորոշ Ատտիկայում կամ Օսմանյան կայսրությունում։ Անսովոր է նաև աղջկան տված անունը։ Դրանից մեկուկես տասնամյակ առաջ, 1848 թվականին, Ալեքսանդր Դյուման հրատարապում է իր հայտնի «Քամելիազարդ տիկինը» վեպը, որտեղ Օլիմպիա անունը կրում է վեպի գլխավոր հակահերոսն ու վեպի գլխավոր հերսուհու կոլեգան։ Ավելին, այս անունն օգտագործվում էր որպես հասարակ անուն. այսպես էին կոչում թեթևաբարո տիկնանց։ Նկարչի ժամանակակիցների համար այդ անունը խորհրդանշում էր ոչ թե հեռավոր Օլիմպոս լեռը, այլ անբարոյական կնոջ։ Դա հաստատում է նաև կտավի նշանների լեզուն.

  • Տիցիանի «Ուրբինյան Վեներա» կտավի վրա հետևի ֆոնի կանայք զբաղված էին օժիտի պատրաստմամբ, ինչը Վեներայի ոտքերի մոտ քնած շնիկի հետ պետք է խորհրդանշեր ընտանեկան հարմարավետություն և հավատարմություն։ Իսկ Մանեի կտավում սևամորթ սպասուհին ծաղիկներ է բերել երկրպագուից. ծաղիկներն ավանդաբար համարվում են նվերի, զոհողության խորհրդանիշ։ Օլիմպիայի մազերի խոլոձը աֆրոդիզիակ է։
  • Մարգարտե զարդարանքներ կրել է սիրո աստվածուհի Վեներան, Օլիմպիայի պարանոցի զարդը նման է փաթեթավորված նվերի թելի։
  • Պոչը բարձրացրած կատուն դասականորեն համարվում է կախարդի խորհրդանիշ, վատ կանխատեսման նշան։
  • Բացի այդ, բուրժուաները հատկապես վրդովված էին այն փաստից, որ մերկ կինն ըստ ընդունված սովորույթի, հայացքը չի խոնարհել։ Օլիմպիայի հայացքը խուսափող չէ, նա ուղիղ նայում է հանդիսատեսի աչքերին։ Անբարոյական կնոջ ուղիղ աչքերի մեջ սովորաբար նայում է նրա հաճախորդը, և այդ դերում, Մանեի շնորհիվ հայտնվում է յուրաքանչյուրը, ով նայում է «Օլիմպիա»-յին։
 
Էդուարդ Մանե. Զախարի Աստրյուկի դիմանկարը
 
Էդուարդ Մանե. Էմիլ Զոլայի դիմանկարը` պատկերված «Օլիմպիայի» էսքիզի ֆոնին

Կտավն «Օլիմպիա» անվանելու մտքի հեղինակն անհայտ է։ 1864 թվականին, կտանվ ստեղծելուց մեկ տարի անց, հայտնվել է Զախարի Աստրյուկի «Կղզու դուստրը» բանաստեղծությունը` նվիրված Օլիմպիային։ Այդ պոեմը տպագրված է Փարիզյան սալոնի 1865 թվականի կատալոգի մեջ։ Զախարի Աստրյուկը գրել է այդ բանաստեղծությունը` ներշնչվելով իր ընկերոջ կտավով։ Սակայն հետաքրքրական է, որ 1866 թվականին Մանեի վրձնով նկարված դիմանկարում Զախարի Աստրյուկը պատկերված է ոչ թե «Օլիմպիա»-յի, այլ` Տիցիանի «Ուրբինյան Վեներա»-յի ֆոնին։

Սկանդալ խմբագրել

Փարիզյան սալոն խմբագրել

Մանեն իր աշխատանքները Փարիզյան սալոնում ներկայանցելու փորձ է արել 1859 թվականին։ Սակայն նրա «Աբսենթի սիրահարը» չի ցուցադրվել սալոնում։ 1861 թվականին Փարիզյան սալոնում ներկայացվել են Մանեի երկու` «Իսպանացի կիթառահար» և «Ծնողների դիմանկարը» կտավները։ 1863 թվականին Մանեի աշխատանքները նորից չեն անցել Փարիզի սալոնի ժյուրիի ընտրությունը և ցուցադրվել են Մերժվածների սալոնում, որտեղ արդեն «Նախաճաշ խոտի վրա» կտավը հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում։ Հավանաբար Մանեն որոշել էր ներկայացնել «Օլիմպիա»-ն Փարիզյան սալոնում 1864 թվականին, սակայն քանի որ այնտեղ պատկերված էր նույն մերկ Վիկտորինա Մյորանը, Մանեն որոշել է խուսափել նոր սկանդալից և «Օլիմպիա»-յի փոխարեն առաջարկել է «Ցլերի մենամարտ» և «Մահացած Քրիստոսը հրեշտակների հետ» կտավները, սակայն դրանք ևս չեն ընդունվել։ Միայն 1865 թվականին «Օլիմպիա»-ն ներկայացվել է Փարիզյան սալոնում «Քրիստոսի ծաղր»-ի փոխարեն։

 
Էդուարդ Մանե. Քրիստոսի ծաղրը

Նոր ձեռագիր խմբագրել

Մանեի «Օլիմպիա»-յի պատճառով տեղի է ունեցել 19-րդ դարի արվեստի ոլորտի ամենամեծ սկանդալներից մեկը։ Սկանդալային էր թե՛ նկարի սյուժեն, թե՛ նկարչի գեղանկարչական ոճը։ Ճապոնական արվեստով չափազանց շատ տարված Մանեն հրաժարվել է լույսի ու մթի նրբերանգների մանրամասն մշակումից, ինչին այդքան ձգտում էին այլ նկարիչներ։ Այդ պատճառով ժամանակակիցները չեն կարողացել տեսնել մերկ մարմնի ծավալն ու համադրությունը կոպիտ ու հարթ են համարել։ Գյուստավ Կուրբեն համեմատել է Օլիմպիան թղթախաղի քարտի վրա պատկերված կնոջ հետ, ով նոր է դուրս եկել լոգարանից։ Մանեին մեղադրել են անբարոյականության ու վուլգարության համար։ Անտոնին Պրուստն ավելի ուշ հիշում էր, որ նկարը պահպանվել է միայն ցուցահանդես կազմակերպիչների կողմից կիրառված անվտանգության միջոցների շնորհիվ։

  Ոչ ոք դեռ ստիպված չի եղել տեսնել ավելի ցինիկ մի բան, քան այդ «Օլիմպիա»-ն է,-գրել է ժամանակակից քննադատը։ Սա էգ գորիլա է, որը պատրաստված է կաուչուկից ու պատկերված է մահճակալի վրա, միանգամայն մերկ։ Անկեղծ ասած, երեխայի սպասող երիտասարդ կանանց, ինչպես նաև` աղջիկներին ես խորհուրդ կտայի խուսափել նման տպավորություններից։  

Կատաղած ամբոխը փորձել է հարձակվել կտավի վրա։ Կազմակերպիչները կտավի մոտ երկու հսկիչ են կանգնեցրել, սակայն դա էլ բավարար չի եղել։ Սպառնացող ամբոխը չի զգուշացել նաև զինվորական պահակախմբից։ Մի քանի անգամ զինվորները ստիպված են եղել զենքերը հանել։ Կտավը հարյուրավոր մարդկանց է հավաքել ցուցասրահում, ովքեր եկել են միայն կտավը քննադատելու ու դրա վրա թքելու համար։ Արդյունքում կտավը տեղափոխվել է սալոնի ամենահեռավոր սրահն ու դրվել է այնպիսի բարձրության վրա, որ այն գրեթե չէր երևում։

Նկարիչ Դեգան ասել է.

  Օլիմպիայի շնորհիվ ձեռք բերած Մանեի հայտնությունն ու քաջությունը կարելի է համեմատել միայն Գարիբալդիի հայտնիության ու քաջության հետ։  

Ազդեցություն խմբագրել

«Օլիմպիա»-յի մոտիվներով առաջին կտավն ստեղծած նկարիչը Պոլ Սեզանն էր։ Իր «Ժամանակակից Օլիմպիա»-յում նա մի քիչ առաջ է անցել` անբարոյական կնոջ ու սպասուհու հետ պատկերելով նաև հաճախորդին։ Պոլ Գոգենը նկարել է «Օլիմպիա»-յի կրկնօրինակը 1891 թվականին, «Օլիմպիա»-ն ներշնչել է նաև Էդգար Դեգային ու Անրի Ֆանտեն-Լատուրին։ Պաբլո Պիկասոն իր` «Օլիմպիա»-յի պարոդիայում հագնված սպասուհուն փոխարինել է երկու մերկ տղամարդկանցով։

 
Պոլ Սեզան. Ժամանակակից Օլիմպիա

Ամբողջ 20-րդ դարում Օլիմպիայի մոտիվը շատ էր հանդիպում ամենատարբեր նկարիչների աշխատանքներում։ Լարի Ռիվերսը 1970 թվականին պատկերել է սևամորթ Օլիմպիային և աշխատանքն անվանել է «Ես սիրում եմ Օլիմպիային սև դեմքով» ("I like Olympia in Black Face"): Ամերիկացի նկարիչ Սյուարդ Ջոնսոնն ստեղծել է "Confrontational Vulnerability" անունով քանդակ` Օլիմպիայի մոտիվներով։ 2004 թվականին Օլիմպիայի դիրքում Ջորջ Բուշ կրտսերին պատկերող ծաղրանկարը հանվել է վաշինգտոնյան քաղաքային թանգարանի ցուցադրությունից[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. Phylis A. Floyd The Puzzle of Olympia // Nineteenth-Century Art Worldwide. — 2004.
  5. «Обнаженного Джорджа Буша удалили из музея Вашингтона». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել