Քրիստոֆեր Ռոբին Միլն (անգլ.՝ Christopher Robin Milne, օգոստոսի 21, 1920(1920-08-21)[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 20, 1996(1996-04-20)[1], Totnes, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հուշագիր, անգլիացի գրող Ալան Ալեքսանդր Միլնի որդին, որ դարձել է Վինի Թուխի մասին պատմությունների ժողովածուի նախատիպը։

Քրիստոֆեր Ռոբին Միլն
անգլ.՝ Christopher Robin Milne
Քրիստոֆերը խաղալիք արջուկ Էդվարդի հետ, որը դարձել է Վինի Թուխի նախատիպը (1928 թվական)
Ծնվել էօգոստոսի 21, 1920(1920-08-21)[1]
ԾննդավայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էապրիլի 20, 1996(1996-04-20)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրTotnes, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունՍտոու և Թրինիթի քոլեջ
ԶավակներClare Milne?
 Christopher Robin Milne Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Քրիստոֆեր Ռոբինը ծնվել է Չելսի Մելլորդ-սթրիթում՝ գրող Ալան Միլնի և նրա կին Դորոթիի ընտանիքում, առավոտյան ժամը 8-ին։ Ծնողները կարծում էին, որ աղջիկ է ծնվելու, և նախօրոք մտածել էին Ռոզմարի անունը։ «Մենք իսկապես շատ էինք ցանկանում, որ լինի Ռոզմարի, բայց հույս ունեմ, որ այս ջենտլմենի հետ մենք ուղղակի երջանիկ կլինենք»,– Բիդի Ուորենին ասել է Ալանը որդու ծննդից մի քանի օր անց։ Երբ պարզ է դարձել, որ տղա է ծնվել, Ալանն ու Դորոթին որոշել են նրան անվանել Բիլլի, բայց հետո մտափոխվել են, քանի որ այդ անունը, ըստ իրենց, հնչում էր ոչ պաշտոնական։ Արդյունքում նրանք որոշել են երեխային տալ երկու անուն՝ ծնողներից յուրաքանչյուրը մեկ անուն։ Չնայած տղայի անունը պաշտոնապես Քրիստոֆեր Ռոբին էր, ծնողները նրան հաճախ Բիլլի էին անվանում։ Երբ տղան սկսել է խոսել, նա չէր կարողանում ճիշտ անվանել իր ազգանունը՝ Միլն, դրա փոխարեն արտասանել է Մուն, այդ պատճառով էլ ծնողները նրան հաճախ անվանել են «Բիլլի Մուն»։ Մեծանալով՝ տղան հաճախ ներկայացել է որպես Քրիստոֆեր։ Քրիստոֆերի ծննդից 5 տարի անց Միլները տեղափոխվել են Հատերֆիլդի Կոտչֆորդ-Ֆարմ քաղաքամերձ տուն։ Վաղ մանկության տարիներին Քրիստոֆերի մազերը շագանակագույն էին, այդ պատճառով էլ Դիսնեյի էկրանավորումների մեջ նրա անվանակիցը միշտ թխահեր է։ Մեծանալուն զուգընթաց Քրիստոֆերի մազերը բացացել են, ինչպես Ալանինը։

Իր առաջին ծննդյան օրը Քրիստոֆերը հորից նվեր է ստացել «Ֆառնել» (անգլ.՝ Alpha Bear) լոնդոնյան ընկերության Թեդդի արջուկին, որին անվանել է Էդվարդ։ Այդ խաղալիք արջուկը եղել է ոչ միայն տղայի մշտական ուղեկիցը, այլ նաև իրական Վինի արջի հետ, որին Միլները տեսել էին Լոնդոնի կենդանաբանական այգում, դարձել է Վինի Թուխի մասին գրքի գլխավոր հերոսի ստեղծման ոգեշնչման աղբյուր։ Խաղալիք արջուկի հասակը մոտ 2 ֆուտ էր, ուներ բաց գույն, նրա աչքերը հաճախ էին դուրս գալիս։

Ալանի և Դորոթիի ամուսնությունն այդքան էլ երջանիկ չէր, իսկ նրանց սերը միակողմանի էր (Դորոթին, ըստ էության, երբեք չէր թաքցնում, որ Ալանի հետ ամուսնացել է մաքուր հաշվարկով)։ Քրիստոֆերին ողջ մանկության ընթացքում խնամել է նրա դայակը՝ Օլիվիա Ռենդ Բրոկուելլին (Միլնի «Թագավորական պալատ» բանաստեղծության մեջ նրա անունն Էլիս է)[3]։ Չնայած Ալանը որդու ծննդյան պահին կորցրել էր հետաքրքրությունն ուղղափառ քրիստոնեության նկատմամբ և Քրիստոֆերին այդպես էլ չի մկրտել, բայց Օլիվիային թույլատրել է որդուն կրոնական դաստիարակություն տալ։ Ծնողների հետ շփումը սահմանափակվել է նախաճաշի, թեյի ժամանակ ու երեկոյան՝ քնելուց առաջ, կարճատև պահերով․ Ալանն իր ամբողջ ժամանակն անցկացնում էր իր առանձնասենյակում գրելով, իսկ Դորոթին ընդհանրապես չէր հետաքրքրվում որդով՝ գերադասելով աշխարհիկ կյանքը։ Մեծանալով՝ Քրիստոֆերը փորձել է ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, բայց քանի որ Ալանն ու Դորոթին իրենց ազատ ժամանակը տարբեր ձևով էին անցկացնում, Քրիստոֆերը ձգտում էր այդ ժամանակը հերթով անցկացնել նրանց հետ։ Բարրի Գանը «Ալան Միլն։ Վինի Թուխը և այլ անախորժությունները» կենսագրական հոդվածում գրել է, որ ծնողներն ու նրանց ամուսնությունը Քրիստոֆերի համար մինչև կյանքի վերջ մնացել են հանելուկ։

Հոր հետ շփումը խթանել է Քրիստոֆերի հետաքրքրությունը մաթեմատիկայի և կրիկետի, ինչպես նաև պացիֆիզմի նկատմամբ։ Չնայած Քրիստոֆերը բավականին խելացի էր իր տարիքի համեմատ, հետագայում խիստ քննադատաբար է խոսել իր մտավոր ունակությունների մասին․ նա կարող էր հեշտությամբ լուծել մաթեմատիկական բարդ խնդիրներ, բայց ձախողվում էր պարզերը լուծել փորձելիս։ Նրա բնական ամաչկոտությունն ի վերջո հանգեցրել է նրան, որ կրիկետի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում մարել է, իսկ մաթեմատիկայի նկատմամբ սերը կորել, երբ նա ընդունվել է Քեմբրիջ։ Քրիստոֆերն իր բազմաթիվ նամակների մեջ նշել է, որ Ալանը չի կարողացել երեխաների հետ լեզու գտնել, և որ ինքը մանկության տարիներին հոր հետ մտերիմ չի եղել։ Սակայն 1931 թվականին Դորոթին 3 տարով մեկնել է ԱՄՆ՝ ամերիկացի սիրեկանի մոտ, ինչը, վերջապես, Քրիստոֆերին ու Ալանին հնարավորություն է տվել մտերմանալ, և հետագայում Քրիստոֆերն իր կյանքի այդ ժամանակահատվածը հիշել է կարոտով։ Մոր հետ շփումների արդյունքում նրա մոտ բացահայտվել են ձեռքի աշխատանքի կարողություններ։ Տղան ուներ գործիքների հավաքածու, որոնցով զբաղվում էր իր սիրելի (7 տարեկանում) զբաղմունքով․ քանդում և հավաքում էր մանկասենյակի դռների փականները։ 10 տարեկանում նա մեծ ժամացույցից հանել էր ճոճանակն ու ձևափոխել իր խաղալիք փողավոր ատրճանակը, որը կարողանում էր կրակել «իսկական» փամփուշտներով։

Քրիստոֆերի մանկության մտերիմ ընկերը Աննա Դարլինգտոնն էր, որը տղայից 8 ամսով մեծ էր։ Աննան Քրիստոֆերի հետ դարձել է «Այժմ մենք վեց տարեկան ենք» (անգլ.՝ Now We Are Six) ժողովածուի մի քանի բանաստեղծությունների հերոսները։ Ինչպես Քրիստոֆերը, որն ուներ Էդվարդ արջուկը, Աննան նույնպես ուներ սիրելի խաղալիք՝ Ջամբո կապիկը։ Անհայտ է մնացել, թե Ալանը մտադիր էր արդյոք Ջամբոյին դարձնել Վինի Թուխի մասին գրքի կերպարներից։

Այն պահին, երբ Ալանը Վինի Թուխի մասին գրքերի շնորհիվ ստացել է զանգվածային ժողովրդականություն և ճանաչում, Էդվարդ արջուկն այլևս Քրիստոֆերի սիրելի խաղալիքը չէր, բայց վերջինս ստիպված էր այն պահել իր սենյակում և նրա հետ ներկայանալ լրագրողներին։

Դպրոցական տարիներ խմբագրել

Մանկության տարիներին Քրիստոֆերը սիրում էր հորն օգնել գրքերի ստեղծման գործում։ Նա դարձել է Ալանի «Երբ մենք բոլորովին փոքր էինք» (անգլ.՝ When We Were Very Young) և «Այժմ մենք վեց տարեկան ենք» ժողովածուների բանաստեղծությունների մի քանի հերոսների նախատիպը։ Մի անգամ Քրիստոֆերն իր ծնողների համար կազմակերպել էր ոչ մեծ խաղ, որի ժամանակ իր հերոսների ու ընկերների հետ ներկայացրել է մի քանի պատմություններ։ Մինչև դպրոց գնալը նրան, իր իսկ խոսքերով, «լիովին դուր էր գալիս լինել Քրիստոֆեր Ռոբինը և լինել հայտնի», սակայն Գիբսի անկախ դպրոցում, որտեղ Քրիստոֆերն ընդունվել էր 1929 թվականին, դասընկերներն սկսել են նրան ծաղրել, որոնք բարկացնում էին գրքերից և հատկապես «Vespers» բանաստեղծությունից մեջբերումներով, որտեղ կար այսպիսի տող․ «Hush! Hush! Whisper who dares! Christopher Robin is saying his prayers» (ռուս.՝ Լո՛ւռ։ Լո՛ւռ։ Ո՜վ համարձակվեց քչփչալ։ Քրիստոֆեր Ռոբինն է աղոթում։)։ Հավանական է, որ այստեղ դաժան կատակի դեր է կատարել Օլիվիայի կրոնական դաստիարակությունը։ Արդյունքում Քրիստոֆերը տարիքի հետ աստիճանաբար սկսել է ատել այն փառքը, որը ձեռք էր բերել հոր ստեղծագործությունների շնորհիվ։

9 տարեկանում Քրիստոֆերը տեղափոխվել է տղաների մեկ այլ անկախ՝ Սթոուի դպրոց (Բաքինգեմշիր), որտեղ սկսել է զբաղվել բռնցքամարտով, որպեսզի հակահարված տա դասընկերների սուր ծաղրանքներին։ 1939 թվականին նա արժանացել է Քեմբրիջի Տրինիտի քոլեջում անգլերեն սովորելու կրթաթոշակի։

Հետագա կյանք խմբագրել

Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Քրիստոֆերը դադարեցրել է իր պարապմունքները և փորձել միանալ անգլիական բանակին, բայց բժշկական հանձնաժողովը չի անցել։ Այդ ժամանակ հայրը, օգտագործելով իր ազդեցությունը, հասել է նրան, որ Քրիստոֆերին որպես ինժեներ գրանցել են Թագավորական ինժեներիայի զորամիավորումում։ 1942 թվականի հուլիսին Քրիստոֆերը, ստանալով սպայի կոչում, սկզբում ուղարկվել է Միջին Արևելք, ապա՝ Իտալիա։ Բայց նույնիսկ արտասահմանում ծառայելիս Քրիստոֆերն իր վրա ուշադրություն է գրավել որպես Միլնի որդի և այդ պատճառով էլ ավելի է ատել հոր ստեղծագործությունը, քանի որ այն համարում էր իր մանկության շահագործում։ Քրիստոֆերին Իտալիան շատ է դուր եկել, նրան նույնիսկ հաջողվել է տեսնել Վեզուվի վերջին ժայթքումը։ Այստեղ նա հանդիպել է պատանեկան իր առաջին սիրուն՝ իտալա-ավստրիացի Գեդդային, որն աշխարհազորայինների խմբից էր։ Աղջիկը սովորել էր Վենետիկի համալսարանում, որտեղ ուսումնասիրել էր անգլերեն և այն, փաստորեն, յուրացրել Քրիստոֆերի շնորհիվ, որն էլ իր հերթին բարելավել էր իր իտալերենը։ Իտալական կամպանիայի ընթացքում Քրիստոֆերը գլխից վիրավորվել է կոտորակառումբով կամրջի ռմբակոծության ժամանակ (կամուրջն ինքն էր կառուցել)։ Եվ չնայած դա լուրջ ազդեցություն չի ունեցել նրա առողջության վրա, բայց 50 տարի անց նրա ուղեղում հայտնաբերվել են մետաղյա փոքր բեկորներ։ Վնասվածքից հետո Քրիստոֆերը ազատ է արձակվել զինվորական ծառայությունից և վերադարձել Քեմբրիջ, սակայն մինչ այդ հասցրել է սեր խոստովանել Գեդդային և խոստացել վերադառնալ նրա մոտ։ Վերադառնալուց վեց ամիս անց նրա սիրավեպն աստիճանաբար վերացել է։ Գեդդայի վերջին նամակը, որով աղջիկը նրան շնորհավորել է նշանադրության առթիվ, ստացել է 1948 թվականին։ Ուսման ավարտին Քրիստոֆերն ստացել է անգլերենի երրորդ աստիճանի բակալավրի դիպլոմ։

Ապրիլի 7-ին Քրիստոֆերը նշանադրվել է իր բարեկամուհի Լեսլի Սելինկուրտի հետ, իսկ նույն թվականի հուլիսի 24-ին նրանք ամուսնացել են։ Քրիստոֆերի ծնողները հավանություն չեն տվել այդ ամուսնությանը, Դորոթին լարված հարաբերություններ ուներ իր եղբայր Օբրիի՝ Լեսլիի հոր հետ, նա ցանկանում էր, որ որդին ամուսնանա մանկության ընկերուհու՝ Աննա Դարլինգտոնի հետ, իսկ Ալանը նորապսակների արյունակցական կապի պատճառով անհանգստանում էր ապագա թոռների համար։ Քրիստոֆերը ցանկանում էր հոր նման գրող դառնալ, բայց հետպատերազմական ժամանակաշրջանը շատ դժվար էր գրողների համար, իսկ միայն բակալավրի երրորդ աստիճան ունենալով նա չէր կարող օգտվել ավանդական միջոցներից։ Բացի այդ, Քրիստոֆերը գիտակցում էր, որ որպես գրող իրեն միշտ պետք է համեմատեն հոր հետ։ Ի լրումն դրա՝ Լեսլիին «Վինի Թուխը» նույնպես դուր չէր եկել, այդ պատճառով էլ Քրիստոֆերի սերը համանուն կերպարի նկատմամբ վերջնականապես գոլորշիացել է։ 1951 թվականին Քրիստոֆերը կնոջ հետ տեղափոխվել է Դարթմուտ, որտեղ բացել են «Հարբուր» գրախանութը։ Դորոթին որդու որոշումը տարօրինակ է համարել, քանի որ Քրիստոֆերին այդքան էլ չէր դուր գալիս գրքեր վաճառելը և նաև Վինի Թուխի երկրպագուների հետ հանդիպելը։ Այնուամենայնիվ Քրիստոֆերը և Լեսլին երկար տարիներ խանութը կառավարել են առանց որևէ օգնության (օրնակ՝ Վինի Թուխի մասին գրքերի վաճառքից ստացված հոնորարների)[4]։ Քրիստոֆերն իր կյանքի այդ ժամանակահատվածում վերջնականապես ազատվել է բնածին ամաչկոտությունից։

Երբ հայրը լրջորեն հիվանդացել է, Քրիստոֆերը ժամանակ առ ժամանակ մեկնել է ծնողների մոտ՝ Կոտչֆորդ-Ֆարմ, բայց հոր մահից հետո մոր հետ չի տեսնվել 15 տարի՝ մինչև նրա մահը, նույնիսկ մահվան մահճում մայրը հրաժարվել է տեսնել որդուն։ Բարրի Գանն իր հոդվածում գրել է, որ Դորոթիի՝ իր որդուն չտեսնելու ցանկությունը պայմանավորված էր նրանով, որ հոր թաղման ժամանակ Քրիստոֆերն ինչ-որ այնպիսի բան է շշնջացել նրա ականջին, որ վերջինս նույն պահին ապտակել է նրան։ Ալանի հուղարկավորությունից հետո Քրիստոֆերն այլևս չի վերադարձել Կոտչֆորդ-Ֆարմ, իսկ Դորոթին շուտով, վաճառելով ամուսնու իրերը, վաճառել է նաև տունն ու տեղափոխվել Լոնդոն։

Հոր մահից մի քանի ամիս անց՝ 1956 թվականին, ծնվել է Քրիստոֆերի դուստրը՝ Քլեր Միլնը, որի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։ 52-ամյա Քրիստոֆերը, խանութի կառավարման ղեկը հանձնելով Լեսլիին, սկսել է գրել ինքնակենսագրությունը, որի առաջին մասը «The Enchanted Places» (հայերեն՝ Կախարդված վայր) վերնագրով հրատարակվել է 1974 թվականին։ Այնտեղ նա պատմել է այն խնդիրների մասին, որոնց մանկության տարիներին բախվել է Վինի Թուխի պատճառով։ Երկրորդ մասը վերնագրել է «The Path Through The Trees» (հայերեն՝ Ճանապարհ ծառի միջով) և շոշափել նույն թեմաները։ Երրորդ մասում, որ կոչվում էր «The Hollow On The Hill» (հայերեն՝ Դատարկություն բլրի վրա), պատմել է կյանքի մասին ունեցած փիլիսոփայական իր հայացքների մասին։ Քրիստոֆերի հարազատ խաղալիքները, որոնք գրքերի հերոսների համար որպես նախատիպ են ծառայել, նվիրաբերվել են Նյու Յորքի հանրային գրադարանին, ինչն առաջացրել է երկրպագուների մեծ մասի դժգոհությունը։ Սակայն Քրիստոֆերը բացատրել է, որ «դրանք վաղուց իրեն չեն հետաքրքրում». նա բավականին բացասաբար է վերաբերվում Վինի Թուխի առևտրայնացմանը։

Մահ և ժառանգություն խմբագրել

Քրիստոֆեր Ռոբին Միլնի մոտ մկանաթուլություն ախտորոշելուց հետո նա ապրել է ևս մի քանի տարի և մահացել 1996 թվականի ապրիլի 20-ին։ Նրա մահից հետո «The Observer» թերթը գրել է, որ Քրիստոֆերը «համոզված աթեիստ էր»։

Քրիստոֆերի այրու՝ Լեսլի Միլնի նախաձեռնությամբ[5][6] 2002 թվականին հիմնադրվել է բարեգործական «Քլեր Միլնի հիմնադրամը»[7]՝ նպատակ ունենալով Դևոնում և Կոռնուոլում օգնել հիվանդ այնպիսի երեխաների, ինչպիսին էր նրանց դուստր Քլերը[8]։ Հիմնադրամին է անցնում Վինի Թուխի կերպարն օգտագործելու համար (որի իրավունքն ունի Քլեր Միլնը) տրվող հոնորարների զգալի մասը։ Քլերը մահացել է 2012 թվականին՝ 56 տարեկան հասակում, սրտի պաթոլոգիայի բնական պատճառներից։

«Հարբուր» խանութը, որը բացման պահից Դարթմուտի միակ անկախ խանութն էր, 2011 թվականի սեպտեմբերի 11-ին փակվել է նրա ներկայիս սեփականատերեր Ռոլանդի և Քերոլայն Աբրամի կողմից, քանի որ չի կարողացել մրցակցել ինտերնետ-խանութների ու տեղի սուպերմարկետների հետ, նաև այն պատճառով, որ շենք ներկայիս սեփականատերերը ավելացրել էին վարձավճարը։ Սակայն նույն թվականի դեկտեմբերին երկրպագուները գնել են խանութի ողջ կահույքն ու դառնալով նրա նոր սեփականատերերը՝ խանութը բացել նոր շենքում։

Կերպարի նախատիպ խմբագրել

Իր ինքնակենսագրական գրքերում Ք. Միլնը խոստովանել է «Վինի Թուխի» և նրա գլխավոր հերոսի հանրաճանաչության նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքը. «Կար երկու բան, որ մթագնում էին իմ կյանքը և որոնցից ես պետք է ազատվեի. իմ հոր փառքն ու «Քրիստոֆեր Ռոբինը»…»[9]: «Քրիստոֆեր Միլնին ողջ կյանքի ընթացքում հետապնդել է հոր ստեղծածը, և և նրան Քրիստոֆեր Ռոբինի փոխարեն ընդունում էին հիմնականում այն պատճառով, որ հասարակությունը չափազանց շատ էր ուզում հավատալ, որ «կախարդված վայրը» գոյություն ունի»[10]։ Բազմաթիվ կարծիքներ են արտահայտվել կերպարի և նրա նախատիպի փոխադարձ կապի վերաբերյալ. այսպես, համաձայն տեսություններից մեկի՝ Քրիստոֆերը միաժամանակ նախատիպ է եղել Քրիստոֆեր Ռոբինի և Դնչիկի համար, վերջինս արտացոլում էր նրա իսկական էությունը. նևրոտիկ երեխա, որին դաստիարակել էին որպես աղջիկ[11]։

Որոշ ժամանակակիցներին այն, թե ինչպես է Միլնը բանաստեղծություններում և գրքերում նկարագրել որդուն, թվացել է կեղծ ու սպեկուլյատիվ։ Այսպես, Պ. Գ. Վուդհաուսը, որ Միլնին շատ լավ գիտեր, «Քնարական գրոհ» (անգլ.՝ Rodney Has a Relapse) պատմվածքում ծաղրել է Քրիստոֆեր Ռոբինի մասին բանաստեղծությունները[12]։

Մատենագրություն խմբագրել

  • The Enchanted Places. New York: E. P. Dutton & Co., Inc., 1974
  • The Path Through the Trees. New York: E. P. Dutton & Co., Inc., 1979.
  • The Hollow on the Hill. London: Methuen London Ltd., 1982.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Bibliothèque nationale de France Record #129688878 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. Հետագայում Ք․ Ռ․ Միլնն իր դայակի գերեզմանի վրա տեղադրել է տապանաքար։ Nick Brown: Walks in 1066 Country. Trailguides Limited. ISBN 1905444397, 9781905444397(անգլ.)
  4. InfoBritain: A. A. Milne Biography And Visits Արխիվացված 2016-10-13 Wayback Machine(անգլ.)
  5. Chris Hastings: Pooh family to spend Disney’s £30m on charity. The Telegraph, 11.03.2001(անգլ.)
  6. Martin Bentham, Charles Laurence: Pooh Bear wins millions for the disabled The Telegraph, 10.11.2002(անգլ.)
  7. The Clare Milne Trust — supporting disability projects in Devon and Cornwall with grants(անգլ.)
  8. BBC: Clare Milne Boat. 26.06.2009(անգլ.)
  9. The Page at Pooh Corner: Christopher Milne Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
  10. MacGavran J.H. Literature and the child: romantic continuations, postmodern contestations. University of Iowa Press, 1999. P. 203.
  11. Postmodern Pooh / Ed. F. Crews. Northwestern University Press, 2006.
  12. John Simpson: Why A.A. had it in for P.G. The Daily Telegraph, 31.08.1996(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Who Was Christopher Robin Milne?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  • «Christopher Robin revealed» (անգլերեն). BBC News. Tuesday, 27 November, 2001, 11:33 GMT. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  • Ann Thwaite (Tuesday, 23 April 1996). «Obituary: Christopher Milne» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  • Лариса Миллер (Декабрь 1996). ««Зеркало для героя»» (ռուսերեն). «Литературная газета», 19.03.1997. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Ռոբին Միլն» հոդվածին։