Քարվաճառի ազատագրում

Արցախյան ազատամարտի ռազմագործողություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարվաճառ (այլ կիրառումներ)

Քարվաճառի ազատագրում, Արցախյան ազատամարտի շրջանակներում Արցախի պաշտպանության բանակի իրականացրած ռազմագործողություն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի, որն իրականացվել է 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2[1][2][3]։

Արցախյան ազատամարտ

Քարվաճառի ազատագրում
Թվական 1993 մարտի 27- ապրիլի 2
Վայր Արցախյան հակամարտության գոտի
(ըստ ադրբեջանական կողմի՝ Քելբաջարի շրջան,
ըստ հայկական կողմի՝ հայկական պատմական տարածք)
,
Արդյունք Հայկական կողմի հաղթանակ
(ադրբեջանական ռազմական հենակետերի ոչնչացում, շրջանի տարածքի անցումը հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո)
Հակառակորդներ
Արցախ Արցախի Հանրապետություն[1]
Հայաստան Հայաստան[1]
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն[1]
Հրամանատարներ
Հայաստան Գուրգեն Դալիբալթայան (արևմտյան ուղղություն)[1],
Հայաստան Հրաչ Անդրեսյան (արևմտյան ուղղություն)[1],
Արցախ Մոնթե Մելքոնյան (Մարտակերտի ուղղություն)[1],
Հայաստան Յուրի Խաչատուրով (Բերձորի ուղղություն)[1],
Ադրբեջան Սուրաթ Հուսեյնով,
Ադրբեջան Շամիլ Ասքյարով,
Ադրբեջան Խան,

Այս ռազմագործողությունը համարվում է Արցախյան ազատամարտի բեկումնային և վճոռորոշ ճակատամարտերից մեկը[1][3][4]։

Քարվաճառի ազատագրման գործողության արդյունքում Արցախի Հանրապետության կենտրոնական մասը (նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը), որը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության ներքո, ցամաքային երկրորդ կապն ապահովվեց Հայաստանի Հանրապետության հետ, մասնավորապես Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հետ[5]։

Պատմական ակնարկ խմբագրել

Տարածքի պատկանելության խնդիր խմբագրել

Ներկայիս Քարվաճառի շրջանի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում Քարվաճառի շրջանի տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում։ Մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում՝ Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում, Քարվաճառը եղել Արցախ նահանգի Վայկունիք գավառի տարածք։ Շրջանը եղել է քրիստոնեության տարածման առաջին կենտրոններից մեկը և պատահական չէ, որ այդտեղ է գտնվում Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ 1-ին դարում քարոզչական գործունեություն իրականացրած Դադիի գերեզմանը, որի վրա կառուցվել է Դադիվանքը։ 5-ից 7-րդ դարերում եղել է Պարսկաստանից կախում ունեցող Հայկական մարզպանության կազմում[6][7][8]։

9-րդ դարի սկզբներից գավառին տիրող հայ իշխանական և թագավորական Առանշահիկներ տոհմը սկսել է հզորանալ։ Առանշահիկների ներկայացուցիչները ակտիվ կերպով մասնակցել են հակաարաբական պայքարին՝ միաժամանակ նորոգելով ու կառուցելով իրենց տիրույթներում գտնվող պաշտպանական ամրություններ, բերդեր[8]։ Մինչև Հայաստանում մոնղոլների տիրապետության շրջանը Վայկունիք-Ծարի իշխանության ներկայացուցիչները խնամիական կապերով բարեկամացած էին Զաքարյան զորապետերի հետ և վայելում էին վերջիններիս հովանավորությունը։ Մասնավորապես՝ Զաքարե և Իվանե իշխանների քույրը՝ Դոփը, ամուսնացել էր Առանշահիկների տոհմի տեղական իշխան Հասանի հետ[8][9]։ 12-ից 13-րդ դարերում Ծարի կամ ինչպես երբեմն ասում են՝ Վերին Խաչենի իշխանության սահմանները (Խաչենի իշխանական տուն) զգալի ընդարձակվել էին, ինչը, ըստ պնդումների, պայմանավորված էր Իվանե Զաքարյանից որպես օժիտ իշխանուհի Դոփի ստացած կալվածներով։ Այդպիսով, Ծարի կամ Վերին Խաչենի տիրույթները հյուսիս-արևմուտքում ձգվում էին Սևանա լճի հարավային ափի ողջ երկարությամբ՝ ներկայիս Գեղարքունիքի մարզի Սոդքից մինչև Շողվագա (Ձորագյուղ) բնակավայրերի հատվածը, իսկ արևելքում՝ հասնում մինչև ներկայիս Մարտակերտի շրջանի Ականաբերդ բնակավայրը, հյուսիսում՝ Հանդաբերդի հատվածը, հարավում՝ Բերձոր, Հին Շեն, Եղցահող բնակավայրերի հատվածը։ Այդ մասին է վկայում Խաչակապ գյուղի Թարգմանչաց վանքում 1312 թվականին գրված ավետարանի հիշատակարանում։ Այս սահմանների մեջ Առանշահիկների ենթաճյուղ Դոփյան իշխանությունը մնաց մինչև 14-րդ դարի սկզբները։ Դոփյանների իշխանական տունը մեծ կորուստներ կրեց Լենկթեմուրի արշավանքի ժամանակ՝ 1387 թվականին։ Շրջանի բնակչության շրջանում տեղի ունեցան կոտորածներ։ Զոհվեցին նաև իշխան Հասանն ու կինը՝ Խոնձան, նրանց որդիներ Գրիգորը, Սարգսը, Ջհանշեյը, Շանշեն, Շրվանն ու Աղբուղան։ Այնուամենայնիվ, Դոփյանների իշխանությանը հաջողվեց անկախությունը կամ կիսանկախությունը պահպանել մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում Արևելյան Հայաստանի որոշ գավառներ արդեն ներթափանցել էր թյուրքական տարրը, որը սակայն չէր կարողացել մտնել Ծարի գավառի սահմաններից ներս։ Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով այլ գավառներից տեղահան արված հայ բնակչությունը պատսպարվում էր Ծար գավառում, քանի որ այն դարձել էր լավ պաշտպանված շրջան[8][10][11][12][13][14][15][16]։

16-րդ դարի վերջերից ամբողջ Արևելյան Հայաստանը, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, որը կոչվում էր Ծար գավառ, գտնվում էր Սեֆյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ 1603 թվականին Դոփյան Հասանի որդի Ջհանշեի սերունդները պարսից շահ Աբբաս I Սեֆիից ստացել են գավառի վրա օրինական մելիքության վավերացումը։ Չնայած 17-րդ դարի վերջին Ծարի մելիքությունը լուծարվեց և բաժանվեց հարևան Սոթքի և Ջրաբերդի մելիքությունների մեջ, այնուամենայնիվ այն կարողացավ պահպանել իր գոյությունը մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում գավառի համար շինարարության և նորոգույան ժամանակաշրջան էր. մելիքների նախաձեռնությամբ ստեղծվեցին նորոգվեցին գավառի մի շարք բնակավայրերի եկեղեցիներ, կառուցվեցին նորերը, բազմաթիվ հասարակական նշանակության կառույցներ՝ կամուրջներ, աղբյուրներ և այլն[8][15][16][17][18]։

Արդեն 18-րդ դարի սկզբներին ավելի հաճախակի էին դառնում թյուրքական ցեղերի հարձակումներն ու ներխուժումները Քարվաճառի շրջանի տարածք։ Այդ դժվարություններին ավելանում էր նաև պարսկական իշխանությունների սահմանած բարձր հարկերը։ Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ էին դրել Ծար գավառի մելիքներին և ազգաբնակչությանը[8]։ 1720-ական թվականների սկզբներին Ծարի գավառը դեռևս ուներ միատար հայ բնակչություն, սակայն նրանց համար ստեղծվել էր օրհասական դրություն։ Կովկասյան լեռնականները, մասնավորապես՝ լեզգիները սկսել էին կազմակերպել իրար հաջորդող թալանչիական արշավանքներ, իսկ շրջանի հարուստ արոտավայրերը ամառային ամիսներին սկսել էին զբաղեցնել Կուր և Արաքս գետերի ափամերձ տափաստաններ վաղուց տեղափոխված թուրք և քուրդ քոչվորական խաշնարած տարբեր ցեղեր[8][19]։

Արցախի մյուս մելիքությունների օրինակով Ծարի հայերը նույնպես սկսեցին նախապատրաստվել ազատագրական պայքարի։ Նրանք նույնպես ստեղծել էին հատուկ զորակայաններ, որոնք նաև կոչվում էին սղնախներ։ Սակայն, 1720-ական թվականների վերջերից գավառի բազմաթիվ գյուղեր աստիճանաբար սկսեցին դատարկվել հայ բնակչությունից։ Գավառը հայ ազգաբնակչությունից զրկվելու գործընթացը հատկապես մասսակայան չափերի հասավ 1724 թվականից հետո, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսական կայսրության Պետրոս I կայսրը, հակառակ արցախահայությանը տված խոստումների, Պարսկաստանից նվաճած մերձկասպյան խանություններում իր ազդեցությունն ավելացնելու նպատակով պայմանագիր կնքեց Օսմանյան կայսրության հետ՝ վերջինիս թույլատրելով մինչև Շամախի ընկած տարածքներում վարել սեփական քաղաքականությունը։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո թուրքական բանակները սկսեցին հարձակումներ հատկապես Արցախի տարածքի հայության նկատմամբ, ովքեր պայքարի էին դուրս եկել հանուն անկախության[8][20][21]։ 1720-ական թվականներից հետո հայ բնակչությունը սկսեց ստիպողաբար գաղթել՝ չնայած մինչև 1725-ական գավառի տարածքում դեռևս մնացել էին հայաբնակ գյուղեր, իսկ որոշ վանքեր ու եկեղեցիներ գործում էին։ Այնուհետև որոշ ժամանակահատվածով Քարվաճառի շրջանի տարածքը անցնում է խանի ենթակայության ներքո։ 1751-1810 թվականներին շրջանի տարածք են տեղափոխում Իրանի քրդերի երեք քոչվոր ցեղի՝ չեմիշկեզեկների, խանուսլուների և բազուկիների, ինչպես նաև Մուղանի դաշտավայրում թափառող թյուրքական չևանշիրների ցեղի ներկայացուցիչների և բնակեցնում շրջանում դեռևս մնացած հայերի կողքին։ Թյուրք և քուրդ բնակչության վերաբնակեցման գործընթացը խրախուսվում էր հայ իշխանների պառակտության հետևանքով Շուշիում հաստատված Փանահ Ալի-խանը և նրան հաջորդող Իբրահիմ Հալիլ-խանը։ Թյուրք և քուրդ քոչվոր ցեղերի ներթափանցումը շրջանի տարածք երբեմն ուղեկցվում էր քրդերի ու լեզգիների բախումներով։ Այդպիսի ընդհարումներից է 1760-ական թվականներին տեղի ունեցածը, որին ականատես է եղել հայ ազատագրական գործիչ Հովսեփ Էմինը։ Սևանա լճի մոտ լեզգիները հանդիպում են քյոլանի անունով քուրդ թափառական ցեղին, որ գաղթում էր դեպի ներկայիս Քարբվաճառի շրջանի տարածքի կողմ։ Արյունահեղ կռվում հաղթում են լեզգիները և գերի վերցնում 814 քուրդ, առգրավում 8000 ոչխար, 2000 տավար և 600 մատակ ձի։ Ստացված ավարը 12.000 թումանի արժեք էր ներկայացնում»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ընթացքում շրջանի տարածքը հարկադրաբար լքել են շուրջ 10․000 հայ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն 1760-ական թվականներին շրջանի տարածքը գրեթե ամբողջությամբ հայաթափ էր եղել։ Բացառություն էին կազմում միայն Խութավան գյուղն ու նախկին եպիսկոպոսանիստ ու թեմական կենտրոն Դադիվանքը, որտեղ կային հոծ հայ բնակչություն[8]։ Ըստ ուսումնասիրողների՝ այնուամենայնիվ, մուսուլման եկվոր բնակչության գալու ժամանակ բնակավայրերում դեռևս մնացել էր հայ բնակչություն, որոնցից էլ եկվորները իմացել են բնակավայրերի անուններն ու հարմարեցրել իրենց լեզվական հնարավորություններին՝ աղավաղելով ու իմաստային կամ բառացի թարգմանության ենթարկելով։ Այդպիսի ձևափոխված տեղանուններից է «Ծարը», որը ձևափոխվել է և դարձել «Զառ», «Սևաջուրը»՝ «Ղարասու», «Ցրտնոտը»՝ «Սոյուղբուլաղ», «Երիցուշենը»` «Քեշիշքյանդ», «Խնձորեկը»՝ «Ալմալու» և այլն[8][22]։ Ըստ ճանապարհորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի վկայության՝ Ծարի բնիկ հայ ազգաբնակչությունը, չկարողանալով դիմադրել մեծաքանակ եկվոր մուսուլմաններին, ստիպված է եղել գաղթել տարբեր վայրեր։ Շրջանի հայերի մի մասը գաղթել է Ռուսական կայսրության Մոզդոկի և Ղզլարի շրջաններ։ Հայ բնակչության մի մասը հաստատվել է Տփխիս (ներկայիս Թբիլիսի) և հարակից գյուղեր։ Հայտնի է, որ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվել էին Տփղիսում, Յանշաղի հայերը՝ Տփղիսից ոչ հեռու Տաբախմելիք (ներկայիս Տաբախմելա) գյուղում, Խութավանի հայերի մի մասը՝ Շուլավերում (ներկայիս Մառնեուլի շրջանի Շահումյան քաղաք)և այլ վայրերումԱյնուամենայնիվ, Քարվաճառի շրջանի տարածքում 1800 թվականի դրությամբ հայ բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության շուրջ 50%-ը[8][23][24][25][26][27][28][29][30]։

1813 թվականին շրջանի տարածքը վերջնականապես միացվեց Ռուսաստանի կայսրությանը։ 1869 թվականին այն ներառվեց նորաստեղծ Ջիվանշիրի գավառի (ուեզդի) մեջ, որն էլ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի մաս էր կազմում։ Ռուսաստանին միացվելուց հետո կառավարության պահանջով քոչվոր բնակչության որոշ խմբեր սկսեցին աստիճանաբար հաստատվել հայկական լքված գյուղատեղիներ դարձած մի քանի բնակավայրերում։ Այնուամենայնիվ, մինչև 1850-ական թվականները շրջանի տարածքում մուսուլման բնակչությունը խիստ սակավաթիվ էր։ Հայտնի է, որ 1861 թվականին շրջանի ամբողջ տարածքում ապրում էին շուրջ 100 տուն «ալիանլուեցի բարբարոս քոլանիներ», որոնք կազմում էին 14 փոքրիկ գյուղ։ Այս տեղեկատվությունը ուսումնասիրողները թերահավատությամբ են վերաբերվում։ Առավել վստահելի է այն տեղեկությունը, որ 1865 թվականին շրջանի տարածքում գոյություն ունեին ընդամենը 9 նորաստեղծ գյուղ՝ 102 տուն բնակչությամբ։ Որոշ ժամանակ անց, Արցախի հոգևորականությունը Բաղդասար մետրոպոլիտի գլխավորությամբ հին կալվածագրերով վավերացված Դադիվանքին պատկանած երբեմնի կալվածները օրենքի ուժով քոչվոր բնակչությունից ետ վերադարձնելու ուղղությամբ ակտիվ գործընթաց սկսեց։ Մի քանի տարվա ակտիվ աշխատանքի արդյունքում Դադիվանքին վերադարձվեցին վանքապատկան տարածքներից 140000 դեսյատին (1526 կմ2) հողատարածք։ Վերադարձված տարածքը կազմում էր ներկայիս Քարվաճառի շրջանի գրեթե կեսը և Մարտակերտի շրջանի արևմտյան որոշ տարածքներ։ Մինչև Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատումը՝ Դադիվանքը հանդիսանում էր այդ կալվածքների սեփականատերը, որից ստացված եկամուտներով գոյատևում էր։ Հայ բնակչության նկատմամբ հարձակումների և ճնշումների պատճառով 1900 թվականին հայ բնակչության թվաքանակը նվազել էր հասնելով մինչև 30%-ի[8][26][31][32][33][34][35]։

1918 թվականին Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի կողմից հռչակված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակումից և 1920 թվականին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո Դադիվանքը զրկվեց իր բոլոր կալվածներից և ամայացավ, իսկ շրջանը միացվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի կենտրոնական հատվածում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ վարչական միավորը, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին, իսկ հուլիսի 16-ին՝ ներկայիս Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածի (պատմական Ծար գավառի) և Քաշաթաղի շրջանի տարածքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ստեղծեցին Կարմիր Քուրդիստան վարչական միավորը, որի բնակչությունը մեծամասամբ քրդեր էին։ Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ մեջ չընդգրկելը։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան, որի կենտրոնը եղել է Լաչին (Բերձոր) բնակավայրը։ Այնուհետև Ծար (Վերին Խաչեն) գավառի տարածքում Խորհրդային Ադրբեջանի կողմից ստեղծվեց Քյալբաջար անունով շրջան։ 1937 թվականին շրջանի տարածքում մնացած սակավաթիվ հայերին և արդեն այդ ժամանակ մեծամասնություն կազմող քրդերի մեծ մասին Իոսիֆ Ստալինի հրամանով աքսորում են Միջին Ասիա։ Աքսորված հայերի ու քրդերի տներում բնակություն են հաստատվում ադրբեջանցիներ։ Նորաստեղծ շրջանի անունը առաջացել է հնում գոյություն ունեցած հայկական Քարվաճառ գյուղի ձևափոխված անունից, իսկ գյուղը դարձավ շրջանի վարչական կենտրոն։ 1960-ական թվականներից սկսած ադրբեջանական իշխանությունները հսկայական ներդրումներ կատարեցին շրջանում և ավելացրեցին ադրբեջանական բնակչության թվաքանակը։ Այդ աշխատանքներն ահռելի չափերի հասան հատկապես 1980-1992 թվականների ընթացքում[8][26][31][32][33][36][37][38]։

Արցախյան ազատամարտ խմբագրել

1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, որի ընթացքում սկսվեցին ազգամիջյան բախումներ։ Տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում՝ Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլն, տեղի ունեցան հայ ազգաբնակչության ջարդեր (տես՝ Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Գանձակի ջարդեր) և տեղահանություն։ Միևնույն ժամանակ Խորհրդային Հայաստանից հեռացան հայաստանաբնակ ադրբեջանցիները։ Արդեն 1990-1991 թվականներին առավել ընդգրկուն և կատաղի դարձան հայերի և ադրբեջանցիների միջև զինված բախումներն ու ընդհարումները (տես՝ Երասխի ինքնապաշտպանություն և այլն), որոնք 1991 թվականից վերաճեցին լայնամասշտաբ պատերազմի Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքում և հարակից հայաբնակ ու ադրբեջանաբնակ շրջաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ներկայիս Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ու դրանց հարակից ադրբեջանական շրջանների՝ Ղազախի, Աղստևի, Թովուզի, Գետաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլիի, Զանգելանի, ինչպես նաև Ադրբեջանի կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանային հատվածներում[5]։

Ռազմական գործողություն խմբագրել

Նախապատրաստական գործողություններ խմբագրել

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր։ Քարվաճառից էր հրետանակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր Շահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռներին։ Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվեց երեք ուղղություններով միաժամանակյա հարձակմամբ։ Վարդենիսի ուղղությամբ կրակակետերի հրետանային հետախուզությունն իրականացվեց հունվարին. պատրաստվեցին քսանից ավելի խոշոր կրակակետերի ու հենակետերի վերաբերյալ բոլոր տվյալները։ Իսկ մարտին սկսվեց հրետանու՝ հիմնականում ԲՄ-21, Դ-20, Դ-30 և ինքնագնաց հրետանային կայանքների կրակադիրքերի զբաղեցումն ու նախապատրաստումը երեք՝ Զոդի, Ազիզլուի ու Զարքենդի ուղղություններով։ Նախապատրաստական գործողություններն այս ուղղություններով ղեկավարում էին այսօր գնդապետներ Ալբերտ Մկրտչյանը, Վոլոդյա Մխիթարյանը եւ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իսկ ողջ հրետանու գործողությունը համակարգում էր հրետանու վարչության շտաբի պետ գնդապետ Լևոն Միքայելյանը։ Նախապատրաստական աշխատանքներ իրականացվել էին նաև Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այս կողմից ևս հարձակում էր պլանավորվում։ Նախօրեին պաշտպանության բանակի շտաբը տեղափոխվեց Դրմբոն։ Հրետանու մի մասն ուղարկվեց Քարվաճառի ճակատ, իսկ մյուս մասը մնաց պաշտպանելու Մարտակերտի թիկունքն ու հատկապես՝ դեպի Դրմբոն եւ Կուսապատ ձգվող ճանապարհը, որպեսզի թշնամին չկարողանար անցնել Քարվաճառը գրոհող ինքնապաշտպանության ուժերի թիկունք[39]։

Քարվաճառի ազատագրում խմբագրել

1993 թվականի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատում։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քարվաճառում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին։ Դա ստիպել է Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությանը առժամանակ հետաձգել «Պուշկենյալ» բարձունքի գրոհը և հոգալ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին։ Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծվել է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձրել ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում խորանալու բոլոր փորձերը։ Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել նախկին ԼՂԻՄ-ի սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը` ՊԲ զինուժը մարտի 29-ին մտել է Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրել է Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկը։ Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը։ Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ։ Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ։ Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր։ Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Մարտակերտի, Մարտունի, Շուշիի պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քարվաճառի ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը` ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Քարվաճառի ազատագրում» հոդված Հայ զինվոր պարբերականում (#17 (882) 4.05.2011 – 11.05.2011), (արխիվացված 21․02․2022թ․)։
  2. «Քարվաճառի և Օմարի ազատագրումը» հոդված Հայ զինվոր պարբերականում (#13 (1235) 4.04.2018 - 10.04.2018), (արխիվացված 21․02․2022թ․)։
  3. 3,0 3,1 «Քարվաճառի ազատագրումը եղավ Արցախյան գոյամարտի բեկումնային հաղթանակներից մեկը» հոդված times.am լրատվական կայքում, (արխիվացված 21․02․2022թ․)։
  4. «Քելբաջարի գրավման վճռի հիմքը», արխիվացված՝ 21․03․2016 թվական, բնօրինակը՝ «Հայություն», 1993թ. ապրիլ, թիվ 5 (23), Ցվետանա Պասկալևա։
  5. 5,0 5,1 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, Հայկական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհուրդ, Երևան, 2004 թվական։
  6. Անանիա Շիրակացի, Մատենագրություն, Երևան, 1979 թվական։
  7. Միխայիլ Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871 թվական։
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
  9. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1928, էջ 19-20։
  10. Կարապետ եպիսկոպոս, Նիւթեր հայ մելիքութեան մասին, պրակ Բ, Դօփեանք եւ Մէլիք Շահնազարեանք, Էջմիածին, 1914, էջ 34։
  11. «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Երեւան, 1950, էջ 84։
  12. Գրիգոր Խլաթեցի, Յիշատակարան աղէտից, Վաղարշապատ, 1897, էջ 6։
  13. «Նիւթեր հայ մեւիքութեան», Բ, էջ 84։
  14. «Մանր ժամանակագրություններ», հատոր Բ, Երեւան 1956, էջ 275։
  15. 15,0 15,1 «ժէ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Ա. Երեւան, 1974, էջ 218։
  16. 16,0 16,1 «Հայ մտավորականները եւ Շահ-Աբբասի չգործած հանցանքը» հոդված, «Հայք» օրաթերթ, 1995, 13 հունիս, N 105, էջ 7։
  17. Ա. Յովհաննիսեան, Գեղամայ եւ Ծարայ մելիքների տոհմը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք Ա եւ Բ, 1921-1922, էջ 105-113։
  18. Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությանը X-XVI դարերում, Երեւան, 1975։
  19. Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի յօրինեալ ի Տ. Եսայի Աղուանից կաթողիկոսէ Հասան Ջալալեանց, Յերուսաղէմ, 1868, էջ 37-38։
  20. «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, Երեւան, 1972, էջ 151։
  21. Աշոտ Յովհաննիսեան, Պետրոս դի Սարգիս Գիլանենց, Վաղարշապատ, 1916, էջ 16։
  22. «Արդյո՞ք իսպառ հայաթափ էր Ծար գավառը խաշնարած ցեղերի ներթափանցման պահին» հոդված, «Ար» շաբաթաթերթ, 1995, N 9, էջ 5։
  23. Մեսրոպ մագիստրոս արքեպիս. Տէր-Մովսիսեան, Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները եւ վանական շինութիւնները..., Երուսաղեմ, 1938, էջ 84։
  24. «Армянский Кизляр в «Кавказском календаре» (1845–1860 гг.)» հոդված regnum.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  25. «Возникновение армянской общины в г. Кизляр в 18 - 19 вв.» հոդված armeniansite.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  26. 26,0 26,1 26,2 «Краткая история армянского Карвачара» հոդված ИА Реалист միջազգային տեղեկատվական գործակալության կայքում հրապարակված 10․06․2021թ․-ին, (արխիվացված 12․12․2021թ․(ռուս.)
  27. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 57, ցուցակ 1, գործ 4. թերթ 1։
  28. Լեո, Հայոց պատմության, հատոր 3, գիրք երկրորդ, Երեւան, 1973, էջ 303։
  29. «The Life and Adventures of Joseph Emin, London, 1792, Էջ 372։(անգլ.)
  30. «Դիվան Հայոց Պատմաթեան», Գ, Թիֆլիզ, 1894, էջ 494։
  31. 31,0 31,1 Ա Մելքոնյանի «Քելբաջարի եւ Լաչինի պատմությունից» հոդվածը, «Հայրենիքի ձայն», N 12, 1993, էջ 6։
  32. 32,0 32,1 Հ. Սիմոնյանի հետ հարցազրույցը «Նպատակ», N 1,1995, էջ 1։
  33. 33,0 33,1 «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան» (ադրբեջաներեն), հատոր 5, Բաքու, 1981, էջ 334։
  34. «Նոր-Դար» օրաթերթ, 1885, N 104, էջ 4։
  35. «Արարատ» ամսագիր, 1910, ապրիլ, էջ 58։
  36. «Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.()։
  37. Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան, (արխիվացված 14․01․2022թ․):
  38. Ս. Կարապետյան, Ինչպէ՞ս էին իւրացնամ հայկական հողերը (Քարվաճառ քաղաքի օրինակով), «Ազատամարտ», 1994, N 40, էջ 13։
  39. Քարվաճառի ազատագրումը