Փոխադրող ՌՆԹ (կրճատ՝ փ-ՌՆԹ, փՌՆԹ), ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) տարատեսակ։ Կազմված է 76-90 նուկլեոտիդներից[1]։ Ինֆորմացիոն ՌՆԹ-ի (ի-ՌՆԹ, մ-ՌՆԹ) և սպիտակուցների ամինաթթվային հաջորդականության միջև կապողն օղակն է։ Այն ռիբոսոմ է փոխադրում ի-ՌՆԹ-ի երեք նուկլեոտիդային հաջորդականությանը (կոդոն) համապատասխան ամինաթթու։ Այսպիսով փ-ՌՆԹ-ները տրանսլյացիայի (սպիտակուցի սինթեզ) կարևորագույն տարրերից են։

Փոխադրող ՌՆԹ-ի կառուցվածքը:

Ի-ՌՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը տեղեկություն է պարունակում տվյալ սպիտակուցի կազմի մեջ մտնող ամինաթթուների տեսակների մասին, իսկ փ-ՌՆԹն որոշում է, թե տվյալ հաջորդականությունը ո՞ր ամինաթթվին է համապատասխանում[2]։ Փոխադրող ՌՆԹ-ի այն ծայրը, որով այն փոխազդում է ի-ՌՆԹ-ի հետ, կազմված է 3 նուկլեոտիդից կազմված անտիկոդոնից կամ հակակոդոնից։ Սպիտակուցի սինթեզի ընթացքում անտիկոդոնը 3 ազոտային հիմքերով պայմանավորված կապ է առաջացնում ի-ՌՆԹ-ի հետ։ Փ-ՌՆԹ-ն իր մյուս ծայրով կովալենտային կապ է առաջացնում կոդոնին համապատասխան ամինաթթվի հետ։ Յուրաքանչյուր փ-ՌՆԹ կարող է միանալ միայն մեկ տեսակի ամինաթթվի, որի հետևանքով օրգանիզմը ունի բազմաթիվ տեսակի փ-ՌՆԹ-ներ։ Եվ քանի որ մի ամինաթթուն կարող է կոդավորվել մի քանի կոդոններով, կլինեն մի քանի փ-ՌՆԹ-ներ, որոնք կմիացնեն միևնույն ամինաթթուն։

Փ-ՌՆԹ-ի միացումը ամինաթթվին կատալիզում է ամինոացիլ փ-ՌՆԹ սինթետազը։ Տրանսլյացիայի ժամանակ փ-ՌՆԹ-ներն ու իրենց միացված ամինաթթուները փոխադրվում են ռիբոսոմներ էլոնգացիայի գործոնների միջոցով։ Եթե փ-ՌՆԹ-ի հակակոդոնը համապատասխանում է ի-ՌՆԹ-ի կոդոնին, ռիբոսոմին արդեն միացած փոխադրող ռիբոնուկլեինաթթուներից մեկը տեղափոխում է աճող պոլիպեպտիդային շղթան իր 3’ ծայրից փ-ՌՆԹ-ի 3’ ծայրին միացված ամինաթթվի վրա։ Վերջինիս միացումը շղթային կատալիզվում է ռիբոսոմի միջոցով։

Փ-ՌՆԹ-ի կազմում գտնվող նուկլեոտիդները կարող են ենթարկվել քիմիական փոփոխությունների, օրինակ՝ մեթիլացման կամ դեամինացման։ Այդ տարօրինակ կառուցվածքով նուկլեոտիդների պատճառով, փ-ՌՆԹ-ի միացման ունակությունը ամինաթթվին կարող է փոփոխվել կամ նույնիսկ խախտվել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sharp, Stephen J; Schaack, Jerome; Cooley, Lynn; Burke, Deborah J; Soll, Dieter (1985). «Structure and Transcription of Eukaryotic tRNA Genes». CRC Critical Reviews in Biochemistry. 19 (2): 107–144. doi:10.3109/10409238509082541. PMID 3905254. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին. (անգլ.)
  2. Crick F (1968). «The origin of the genetic code». J Mol Biol. 38 (3): 367–379. doi:10.1016/0022-2836(68)90392-6. PMID 4887876. (անգլ.)
  3. Stryer L, Berg JM, Tymoczko JL (2002). Biochemistry (5th ed.). San Francisco: W.H. Freeman. ISBN 0-7167-4955-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել