Փղոսկր, փղերի ժանիքներից ստացվող թանկարժեք նյութ, որից պատրաստում են կենցաղային շքեղ առարկաներ, զարդեր։ Հեշտությամբ է մշակման ենթարկվում և հղկվում։

Սուրբ Մարիամին և մանուկ Հիսուսին պատկերող փղոսկրե քանդակ

Օգտագործման սահմանափակում խմբագրել

Երկար ժամանակ փղոսկր հիմնականում արտահանել են Աֆրիկայից (Կոտ դ'Իվուար), Հնդկաստանից, Չինաստանից։

Փղերի քանակի արագ կրճատումից ելնելով՝ շատ երկրներում փղոսկրի արտահանման և առևտրի ամբողջական կամ մասնակի արգելք է սահմանվել։ Փղերի գլխաքանակը հատկապես կրճատվել է որսագողերի կողմից մինչև 1980-ական թվականները։ 1989 թվականին ՄԱԿ-ը փղոսկրի առևտրի 9-ամյա արգելք է սահմանել, որի հետևանքով փղերի քանակը աճել է, սակայն նորից անկում է ունեցել, երբ արգելքը հանվել է փղերի մեծ գլխաքանակ ունեցող աղքատ երկրներում։ Աֆրիկյան շատ երկրներ, այդ թվում՝ Զիմբաբվեն, Զամբիան, Նամիբիան և Բոտսվանան, պնդում են, որ փղոսկրի առևտուրը անհրաժեշտ է ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ իբր շրջակայքին շատ վնասներ հասցնող փղերի մեծ թիվը կրճատելու տեսանկյունից։

2002 թվականին ՄԱԿ-ը մասամբ չեղարկել է փղոսկրի առևտրի արգելքը՝ թույլ տալով, որ մի քանի երկիր սահմանափակ քանակությամբ փղոսկր արտահանի։

 
Աֆրիկայի բնիկները փղոսկրերով, Դար-էս-Սալամ, 1900

Կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդի (IFAW) ճնշմամբ՝ 2007 թվականին ԻբԷյ-ը իր կայքում արգելել է փղոսկրից պատրաստված ապրանքների վաճառքը։ Որոշումն ընդունվել է աֆրիկյան փղերի զանգվածային սպանությունից հետո, որոնցից ամենամեծ աղմուկ բարձրացրածը 2006 թվականին Չադում՝ Զակոումայում, կազմակերպված ոչնչացումն էր (սպանվել էր ավելի քան 100 փիղ)։ 2008 թվականի ապրիլին ԻբԷյ-ը ընդլայնում է պաշտպանիչ միջոցառումները, այդ թվում ներպետական մակարդակով։ Վեց տարի անց ՄԱԿ-ի՝ վայրի բնության մեռնող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիան Չինաստանին և Ճապոնիային թույլ է տալիս աֆրիկյան պետություններից աճուրդով փղոսկր գնել. գնվում է 44տ փղոսկր Բոտսվանայից, 9տ՝ Նամիբիայից, 51տ՝ ՀԱՀ-ից, 4տ՝ Զիմբաբվեից[1][2]։

Քենիան այսպիսի միանգամյա վաճառքի գլխավոր քննադատն էր. երկրում փղերի գլխաքանակը կտրուկ անկում էր ապրել մինչ 1989 թվականի արգելքը։ Քենիան հայտարարեց, որ փղոսկրի վաճառքի օրինականացումը Աֆրիկայի ցանկացած վայրում կհանգեցնի փղերի գլխաքանակի նվազմանը ողջ Աֆրիկայում։ 2010 թվականին Դոհայի զարգացմանը նվիրված հատուկ խորհրդաժողովում Քենիան և նրան պաշտպանող 22 երկրներ որոշեցին մտցնել փղոսկրի առևտրի 20-ամյա արգելք[3]։

Վերջերս, կապված փղերի քանակի աճի հետ, նկատվում է փղոսկրի վաճառքի կայուն աճ։ Կազմակերպությունները, որոնք զբաղվում են փղերի պաշտպանությամբ, գտնում են, որ փղերի աճը պայմանավորված է որսագողության դեպքերի նվազման և փղոսկրի առևտրի արգելքների հետ։ Սակայն երկրներից շատերում, որտեղ կան փղեր, շարունակվում է դրանց քանակի անկումը. Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի փղերը գրեթե ամբողջապես ոչնչացվել են որսագողերի կողմից։

Վայրի փղերի ապօրինի որսը շարունակվում է նաև Ասիայում։ Փղերը գրեթե ոչնչացել են Չինաստանում, Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում, Ինդոնեզիայում։ Մյանմայում գրանցվել են նույնիսկ ընտանի փղերի առևանգման դեպքեր՝ փղոսկր ստանալու նպատակով։

Փղոսկրի հատկություններ խմբագրել

 
Որսորդական աղեղ փղոսկրից

Փղոսկրի ամենալավ տեսակները թարմ վիճակում կիսաթափանցիկ են, կարծր, ժամանակի ընթացքում ավելի ուշ են դեղնում։ Պակաս թափանցիկ, ավելի մուգ, ճաքեր ունեցող փղոսկրը ավելի քիչ է գնահատվում։

Փղի ժանիքները ունենում են 2.5մ երկարություն և 90կգ քաշ, չնայած հանդիպում են նաև 10կգ քաշ ունեցողներ։ Փղոսկրը, ինչպես ոսկորի այլտեսակներ, պարունակում է կալցիումի ֆոսֆատ, բայց ավելի քիչ քանակությամբ (56-59%)։

Թթուներում փղոսկրը փափկում է և դառնում կիսաթափանցիկ։ Այդ վիճակում այն կարելի է ճկել, ձևավորել։ Այնուհետև, տաք ջրում լվանալով, այն վերստանում է նախկին կարծրությունը, սակայն փոքր-ինչ փոխում է տեսքը։

Դեղնած փղոսկրը սպիտակեցնելու համար այն տերպենների յուղով լցված ապակյա անոթով մի քանի օր թողնում են լույսի տակ։

Սովորաբար ժանիքները ոլորված են շրջանաձև. երբեմն հանդիպում են երկակի թեքության ժանիքներ, ինչպես ցլի պոզերն են։ Փղոսկրը հիմքից մինչև երկարության կեսը խողովակաձև է, սրածայր մասում ոսկորի պատերը հաստանում են։ Կտրվածքը էլիպսաձև է, կառուցվածքը փայտ է հիշեցնում։

Կտրելու պահին փղի ժանիքը կրճատվում է, ինչպես ծառափայտը. էական փոփոխություններ են կատարվում նաև հյուսվածքներում։ Արժեքավոր է այն փղոսկրը, որի չորացումը դանդաղ է կատարվում, այլապես մշակելիս կարող են ճաքեր առաջանալ։ Փղոսկրը սղոցում են շատ նուրբ սղոցով` խոշոր, բայց անջատ ատամներով։ Սղոցելու ընթացքում թրջում են ջրով ճաքերից խուսափելու համար։ Քանի որ նյութը թանկարժեք է, աշխատում են օգտագործել նույնիսկ մշակման ընթացքում առաջացած մանր ավելցուկները։ Կտրող գործիքներով փորձում են ավելի շուտ քերծել, քան կտրել դրանք։ Փղոսկրը հղկում են խնամքով; Այն հեշտությամբ ներկվում է տարբեր տեսակի ներկերով։

Կիրառություն խմբագրել

 
11-րդ դարի փղոսկր, Լուվր

Փղոսկրը գեղազարդման նպատակով կիրառվում է արվեստի իրեր պատրաստելիս։ Նախկինում պատրաստել են ծխամորճեր, գրքերի կազմեր։ Կան վկայություններ, որ հին հույները փղոսկրից արձաններ են պատրաստել, սակայն չկա պահպանված և ոչ մի նմուշ. հնարավոր է, որ դրանք պատրաստվել են փայտից և վերջում միայն ծածկվել փղոսկրով[4]։

Փղոսկրից պատրաստել են խաղաքարեր, զառեր։ Այժմ պատրաստում են մաջոնգ խաղի խաղաքարեր, բիլիարդի գնդակներ, դաշնամուրի ստեղններ։

Համանման նյութերի կիրառում խմբագրել

 
Մամոնտի ժանիքի կտրվածք

Ներկայումս, երբ զարգանում է պլաստմասսայի արտադրությունը, փղոսկրից իրերը գնահատվում են բացառապես հազվադեպ լինելու համար։

Փղոսկրի առևտրի արգելքի հետ մեծացավ բրածո մամոնտի ոսկորի դերը։ Այն արտահանելու հիմնական շրջանը ռուսական տունդրան է` Լենայի ափերը։ 2009 թվականին Ռուսաստանից արտահանված մամոնտոսկրը կազմել է մոտ 60տ՝ կիլոգրամը 500 դոլար միջին արժեքով։ Արտահանման հիմնական ուղղությունը Հոնկոնգն է[5]։

Ծովացուլի ժանիքները փղոսկրի համեմատ փոքր են և դեղին, բայց իրենց հատկություններով նման են փղոսկրին։ Գետաձիու ժանիքներն ու ատամները պատված են շատ ամուր էմալով (փղոսկրը այդպիսի հատկություն չունի), այնպես որ լրացուցիչ մշակման ենթարկելու հարկ է առաջանում, մինչդեռ կառուցվածքով նման է փղոսկրին, միայն թե ավելի կարծր է ու սպիտակ՝ կապույտի երանգներով։ Փղոսկրին ավելի համապատասխան են գետաձիու ատամները[6][7]։

Կաշալոտների ատամները նույնպես դեղին և կարծր ոսկորից են և հարմար են փոքր իրեր պատրաստելու համար։ Փղերի և խոշոր այլ կենդանիների ատամները համաչափ կազմություն չունեն և հազվադեպ են մշակման ենթարկվոմ։

Ներկայումս մեծանում է ամուր տեսակի ընկույզների կեղևի՝ որպես փղոսկրին փոխարինող նյութի դերը։ Այն անվանում են բուսական փղոսկր։ Դրա ծառատեսակները աճում են Էկվադորի, Պերուի, Կոլումբիայի խոնավ անտառներում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Round the horn». The Economist.
  2. «Conservationists cry foul of Southern Africa ivory auction» Afrol News, accessed 22 January 2009
  3. Gathura, Gatonye (2010 թ․ մարտի 23). «Our elephants are safe, for now». Daily Nation. էջեր 1, 2. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  4. Quatremière de Quincy, «Le Jupiter Olympien», Пар., 1815
  5. BBC:"Is the trade in mammoth ivory good or bad for the elephant?"
  6. «Древнеегипетский словарь — Слоновая кость». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  7. [1](չաշխատող հղում)
  8. «Could plant ivory save elephants?». CNN. 2005 թ․ ապրիլի 26. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել