Ցեցիլիենհոֆ

պալատ Պոտսդամի Նոր այգու հյուսիսային մասում

Ցեցիլիենհոֆ (գերմ.՝ Cecilienhof), պալատ Պոտսդամի Նոր այգու հյուսիսային մասում` Յունգֆերնզե լճից ոչ հեռու։ Հոհենցոլերնների վերջին նստավայրն է, կառուցվել է Վիլհելմ II-ի կողմից որդու` կրոնպրինց Վիլհելմի և նրա կնոջ` Ցեցիլյա Մեկլենբուրգ-Շվերինսկայայի համար։ Շենքը ոճավորված է միջնադարյան անգլիական գյուղական առանձնատան ձևով։ Այն կառուցվել է 1914-1917 թվականներին ճարտարապետ Պաուլ Շուլցե-Նաումբուրգի նախագծով։ Կառույցը համաշխարհային հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ 1945 թվականին այստեղ անցկացվել է Պոտսդամի կոնֆերանսը։ 1990 թվականից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։

Ցեցիլիենհոֆ
գերմ.՝ Cecilienhof
Ժամանակակից կարգավիճակ`թանգարան, հյուրանոց
Երկիր`Գերմանիա Գերմանիա
Ճարտարապետական ոճ`Թյուդորյան ոճ
Ճարտարապետ`Պաուլ Շոիլցե-Նաումբուրգ
Կառուցման
ժամանակաշրջան`
1914
Քարտեզ
Քարտեզ

Պալատի շինարարություն խմբագրել

 
Ֆիլիպ դե Լասլո, «Ցեցիլյայի դիմանկարը»

1912 թվականին կայսր Վիլհելմ II-ը հրահանգում է միջոցներ հատկացնել Պոտսդամի Նոր այգում շինություն կառուցելու համար։ Այդ կարիքների համար հատկացվում է 1.498 ռայխսմարկ։ Շինարարության ավարտի վերջնաժամկետ էր նշվում 1915 թվականի հոկտեմբերի 1-ը[1]։ 1913 թվականի մայիսին կրոնպրինց Վիլհելմը հանդիսավորությամբ կառուցվող շինության հիմքում դնում է անկյունաքարը։

Պալատի կառուցումը կրոնպրինց Վիլհելմի նախընտրած անգլիական ոճով հանձնարարվում է ճարտարապետ Պաուլ Շուլցե-Նաումբուրգի վրա։ Շենքի արտաքին տեսքի կարևոր տարրերն են կազմում աղյուսաշեն արտաքին տեսքն ու մուգ կաղնեփայտից կոնստրուկցիաները։ Նախագծի առանձնահատկությունն են կազմում Թյուդորների ոճով ծխատար 55 խողովակները տանիքին, որոնք խմբավորված են ներքին հինգ բակերի շուրջ։

Կառույցի տարբեր մասեր հարում են ներքին հինգ բակերին, որի կենտրոնում տոնական շքեղ պալատն է։ Նրա մարգագետինը զարդարում է կարմիր աստղի տեսքով ծաղկաթումբը, որը ձևավորել են խորհրդային զինվորները Պոտսդամի կոնֆերանսի նախապատրաստման ժամանակ. այն այստեղ կայացել է 1945 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը։

Շինարարական աշխատանքները դադարեցվել են Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ։ Կրոնպրինցի կինը` Ցեցիլյան, ում անունն է ստացել ոչ միայն պալատը, այլև Ցեցիլիենգերտեն ավանը Բեռլինի Շյոնեբերգ շրջանում, պալատի իր նոր հարկաբաժին է մտել միայն 1917 թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերին այստեղ ծնվել է կրոնպրինցի վեցերորդ երեխան` արքայադուստր Ցեցիլյան[2]։ Պալատի շինարարական աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1917 թվականի հոկտեմբերի 1-ին։

1918 թվականին կայսեր հրաժարականից հետո Վիլհելմն ու Ցեցիլյան 1926 թվականին Ցեցիլիենհոֆը պետությունից ստանում են որպես մասնավոր սեփականություն, որտեղ էլ ապրում են մինչև իրենց վտարումն ու շենքի` ազգային սեփականության վերածումը 1945 թվականին։

Ներքին հարդարանք խմբագրել

 
Կրոնպրինց Վիլհելմն ու նրա կինը` Ցեցիլյան: Հատված բեռլինյան Գեդեհտնիսկիրխեի խճանկարից

Պալատը բաղկացած է 176 սենյակներից։ Ներկայացուցչական բնակելի տարածքը գտնվում է կենտրոնական շենքի առաջին հարկում։ Պալատի ինտերիերը, որում արտացոլվել է 20-րդ դարասկզբի կենցաղային մշակույթի բարձր մակարդակը, առանձնանում է թանկարժեք նյութերի էլեգանտ համադրությամբ։ Գրեթե բոլոր մասերի ձևավորումը հանձնարարվել է գերմանացի ճարտարապետ Պաուլ Լյուդվիգ Տրոոստին, ով ճանաչում էր ձեռք բերել որպես մարդատար ջերմանավերի ինտերիերի դիզայներ[2]։ Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում առանձին սենյակի` որպես նավախցիկի ձևավորումը, ինչն արվել էր Ցեցիլյայի ցանկությամբ։

Պոտսդամի կոնֆերանսի նախապատրաստության ժամանակ կրոնպրինցի ընտանիքի ողջ գույքը պալատից տեղափոխվել է Յունգֆերնզե լճի ափին գտնվող մոտակա ֆերմա, որտեղ այն այրվել է 1945 թվականի հուլիսին բռնկված հրդեհից։ Կոնֆերանսի կայացման համար անհրաժեշտ առարկաները փոխարինվել են նույն դարաշրջանի նմանաոճ առարկաներով։ Մոտակա ամրոցներից բերվել են կահույք և ինտերիերի առարկաներ` պատվիրակության ղեկավարության ճաշակին համապատասխան։ Անկյունային սենյակը, որտեղ իջևանել է Ստալինը, կահավորվել է մուգ կաշեպատ բազմոցով ու հոյակերտ գրասեղանով։ Հարի Թրումենի սենյակը կահավորվել է կլասիցիզմի ոճի շքեղ կահույքով, որը ժամանակավորապես բերվել էր Պոտսդամի Մարմարե պալատից, իսկ Ուինսթոն Չերչիլի սենյակը զարդարում էր նորգոթական ոճի կահույքը` բերված Բաբելսբերգ պալատից։

Հիմնական շենքում գտնվում է երկու հարկի բարձրության Մեծ սրահը` 26 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ։ Կրոնպրինցի օրոք այն եղել է բնակելի տարածք` ձևավորված հարմարավետ կահույքով։ Պատերի փայտե ձևավորումը, առաստաղի փայտե կոնստրուկցիաները և ճակատային մեծ պատուհաններն ընդգծում են պալատի անգլիական ոճը։ Մուգ կաղնեփայտից աստիճանը, որ տանում էր կրոնպրինցի հարկաբաժին, պատրաստվել է դանցիգյան բարոկկո ոճով և նվիրվել է Դանցիգ քաղաքի կողմից։

Մեծ սրահում կայացել է Պոտսդամի կոնֆերանսը։ Հատուկ դրա համար Մոսկվայի «Լյուքս» կահույքի ֆաբրիկայում պատվիրվել է կլոր սեղան` 3.05 մ տրամագծով։ Նրա շուրջն են բանակցություններ վարել պետությունների ղեկավարներն ու հակահիտլերյան կոալիցիայի կառավարությունները` ի դեմս Հարի Թրումենի (ԱՄՆ), Ուինսթոն Չերչիլի (Մեծ Բրիտանիա), Իոսիֆ Ստալինի (ԽՍՀՄ) և պատվիրակությունների պաշտոնատար այլ անձանց։ Հենց Ցեցիլիենհոֆի կոնֆերանսում գտնվելով` Թրումենը հեռախոսով հրաման է արձակել ատոմային ռումբ գցել Հիրոսիմայի վրա։

Պոտսդամի կոնֆերանսից հետո խմբագրել

Պոտսդամի կոնֆերանսից հետո պալատն ու այգին բացվել են հանրության համար։ Պալատը նախ օգտագործվել է որպես Կանանց դեմոկրատական միության ուսումնական կենտրոն (DFD): 1960 թվականին պալատի արևմտյան թևում բացվել է վալյուտային հյուրանոց, ներկայումս այնտեղ լյուքս կարգի հյուրանոց է։ Բացի թանգարանից, որ նվիրված է 1945 թվականի նշանակալից իրադարձությանը, զբոսաշրջիկներին առաջարկում են տեսնել կրոնպրինցի ու նրա կնոջ նախկին հարկաբաժինը։

Պալատը երբեմն օգտագործվում է Բրանդենբուրգի կառավարության կողմից ընդունելություններ կազմակերպելու նպատակով։ 2004 թվականի նոյեմբերին պալատ է այցելել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II[3]։ 2007 թվականի մայիսի 30-ին Ցեցիլիենհոֆում կայացել է Մեծ ութնյակի երկրների վարչապետների հանդիպումը[4]։

Ցեցիլիենհոֆը Սան Սուսի այգիների հետ գտնվում է Պրուսական պալատների ու Բեռլին-Բրանդենբուրգի այգիների ֆոնդի տնօրինման ներքո։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Müller, Heike; Berndt, Harald (2006). Schloss Cecilienhof und die Konferenz von Potsdam 1945 (German). Stiftung Preussische Schlösser und Gärten. ISBN 3-910068-16-2.
  2. 2,0 2,1 Vaupel, Bettina (September 2005). "Auf Hoher See im märkischen Sand (German)". Monumente online. Retrieved 13 May 2013.
  3. Hoh, E. (20 October 2004). "Die Queen kann kommen (German)". Potsdamer Neue Nachrichten. Retrieved 13 May 2013.
  4. "G8 Foreign Ministers Meeting (German)". Deutsche Bundesregierung. 30 May 2007. Retrieved 13 May 2013.

Արտաքին հղումներ խմբագրել