Տրոլլ (շվեդ.՝ Troll՝ հմայք, կախարդանք), սկանդինավյան ժողովրդական բանահյուսության գերբնական արարած՝ գաճաճ, հսկա, վհուկ։ Համակարգչային խաղերում տրոլները լեռնային ոգիներ են, որոնք հիմնականում ասոցացվում են քարերի հետ։ Տրոլները հաճախ հիշատակվում են ֆանտաստիկ գրականության մեջ, որոշ դեպքերում օգրերի և յոտունների[1] կերպարների հետ ձուլված։

Տրոլ

անտառային տրոլներ
Երկիր` Սկանդինավիա
Բնակության վայր` քարանձավներ

Դիցաբանության մեջ խմբագրել

Տրոլների մասին առասպելները սկիզբ են առել Սկանդինավիայում։ Ըստ ավանդության` նրանք վախեցնում էին տեղաբնակներին իրենց չափերով և կախարդություններով։ Ըստ այլ աղբյուրների` տրոլները ապրում էին ամրոցներում և ստորերկրյա դղյակներում։

 
Մայր տրոլը և նրա որդիները

Բրիտանիայի հյուսիսում կա մի քանի մեծ ժայռ, որոնք ըստ ավանդույթի տրոլներ են, արևի լույսից քարացած։ Դիցաբանության մեջ տրոլները հանդես են գալիս ոչ միայն որպես հսկաներ, որոնք նման են օգրերի, այլ նաև թզուկների նման գաճաճ արարածներ, որոնք հիմնականում ապրում են քարանձավներում (այդ տրոլներին հիմնականում անվանում են անտառային տրոլներ)։ Հաճախ տրոլները միևնույն առասպելում նկարագրվում են այլ կերպ։ Բանահյուսության մեջ նրանց կերպարը հիմնականում կախված է ազգությունից։

Հաճախ տրոլները տգեղ արարածներ են, որոնք ունեն երեքից ութ մետր հասակ (կարողանում են փոխել իրենց հասակը), նկարներում նրանց բնորոշ հատկանիշը գրեթե միշտ շատ մեծ քիթն է։ Ունեն քարի բնույթ (ծնվում են ժայռից), արևի տակ քար են դառնում։ Սնվում են մսով։ Հաճախ հոշոտում են մարդկանց։ Ապրում են մենակ, հիմնականում քարանձավներում, անտառներում կամ կամուրջների տակ։

Կամուրջների տակ բնակվող տրոլները մասամբ տարբերվում են մնացած տրոլներից։ Նրանք կարող են գտնվել արևի տակ, չեն ուտում մարդկանց, հարգում են փողը, հափշտակում են կանանց (ոչ որպես սնունդ)։ Կան առասպելներ տրոլների և մարդկանց երեխաների մասին։

Նորվեգիա խմբագրել

«Տրոլ» բառը հաճախ կապում են Հյուսիսային ծովի նավթի հանքավայրերի հետ, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվում է «Տրոլ»՝ «Կախարդանք»։

 

Բայց ավելի հաճախ «տրոլ» բառի հետ կապում են լեռների և ժայռերի առաջացումը, որոնք մարդկանց կարծիքով քար դարձած տրոլներ են։ Ըստ որոշ առասպելների` տրոլները ապրում են քարանձավներում և գիշերները դուրս են գալիս որսի։

Ըստ նորվեգական ավանդույթների՝ տրոլներին կարելի է տեսնել խոր անտառում կամ բարձր լեռներում։ Տրոլները արտաքուստ նման են ժայռի կամ գլաքարի, որն ամբողջովին պատված է մամուռներով կամ ծառերով։ Նորվեգական տրոլը կարող է ունենալ մեկ, երեք, հինգ, յոթ, ինը կամ ավելի գլուխ։

Նորվեգացիների պատկերացմամբ տրոլների նախահայրերը հսկա յոտուններն են (նորվ.՝ jotun, jotner), որոնք կանգնած են աշխարհի ստեղծման հիմքում։ «Յոտուն» անվանումը հին բանահյուսության մեջ պահպանվել է որպես «յուտուլ» (նորվ.՝ jutul, jøtul):

Ըստ ավանդության` հսկաները պատերազմում էին աստվածների և մարդկանց հետ։ Նրանց մասին ասում էին, որ նրանք վայրագ են, դաժան և համառ։ Յոտունների դեմ ամենահայտնի մենամարտողը Թոր աստվածն է։ Նա տրոլներին պարտության էր մատնում իր հայտնի Մյոլնիր մուրճով` շնորհիվ իր արիության և խորամանկության։ Սակայն դիցաբանության մեջ կան հիշատակություններ կան նաև այն մասին, որ յոտունները և ասերը սիրահարվել են միմյանց։

Նորվեգիայի քրիստոնեացմամբ տրոլները նոր թշնամի են ձեռք բերում՝ Սուրբ Ուլավը։ Ուլավը առանձնահատուկ շնորհ ուներ, նա կարողանում էր ղեկավարել սարերն ու ժայռերը, ինչպես նաև կարողանում էր տրոլներին քար դարձնել։ Հետևաբար հսկաները սկսում են պայքարել նաև եկեղեցու դեմ։

 

Պատմություններ գոյություն ունեն այն մասին, որ տրոլները, մարդկային կերպարանք ընդունելով, հայտնվում են մարդկանց մեջ։ Սովորաբար մարդիկ ոչ միշտ են հասկանում` ում հետ գործ ունեն։ Սակայն խորհուրդ է տրվում կասկած առաջանալու դեպքում երբեք չսեղմել անծանոթի ձեռքը։ Տրոլները կարող են ընդունել նաև շան, սև այծի և պոչով բարեհամբյուր մարդու կեպարանք։ Կարևոր է իմանալ` ինչպես վարվել նրանց հետ։ Առաջին հերթին գաղտնի պահեք ձեր անունը։ Մի' ընդունեք նրանից հյուրասիրություններ և փախեք այնպես, որ ձեր ոտնահետքերը խաչ կազմեն։ Եթե դուք տրոլին հանդիպել եք փակ տարածքում, ապա դուրս հրավիրեք նրան, քանի որ արևի լույսից նա իսկույն կքարանա։

Տրոլները հաճախ առևանգում էին մարդկանց։ Սակայն ժողովրդական բանահյուսությունը ներկայացրել է նրանցից պաշտպանվելու մի քանի տարբերակ։ Ամենից առաջ դա իհարկե քրիստոնեական խաչն է, եկեղեցական զանգերի ձայնը և այն ամենը, ինչը կապված է քրիստոնեական հավատքի հետ։ Եթե պետք էր ազատել տրոլի գերուն, ապա հնչեցնում էին եկեղեցու զանգերը, իսկ եթե եկեղեցին սարից հեռու էր գտնվում և ձայնը չէր հասնում տրոլներին, ապա զանգերը տանում էին սարեր։

Ասում են` միշտ չէ, որ տրոլները վնասում են մարդկանց։ Պատահում էր, որ տրոլները մարդկանց էին օգնում, իսկ մարդիկ էլ նրանց։ Լինում էր, որ տրոլները լինում էին բարեհոգի և վարվում էին ինչպես հյուրասեր տանտեր։

Փայտից փորագրված տրոլների արձանիկները ժողովրդի սիրելի կերպարներից են։

  Հիմա, երբ աշխարհն այսպես փոխվել է, տրոլների համար այստեղ այլևս տեղ չկա, բայց, միևնույն է, բարձր սարերի տեսքով նրանք հսկում են` արդյոք ամեն բան կարգին է իրենց տիրույթներում։ Հնարավոր է` հոգնած մարդկային ունայնությունից` նրանք որոշեցին հեռանալ և ճանապարհ ընկնել դեպի տրոլների Սորիա-Մորիա դղյակ։

(Տրոլների աշխարհում։ Ով ով է նորվեգական բանահյուսության մեջ)

 

Շվեդիա խմբագրել

Շվեդական առասպելներում հանդիպում են նաև իգական սեռի տրոլներ։ Նրանց հասակը կազմում է 5-8 մ կամ ավելի շատ։ Շվեդական տրոլներն անպայման վնաս են պատճառում։ Տրոլների հետ կապված ավանդազրույցներից մեկն էլ վերաբերում է երեխաներին փոխարինելուն։ Ըստ այդ ավանդազրույցի՝ տրոլները գողանում էին նորածիններին և փոխարինում էին իրենց երեխաներով։

Իսլանդիա խմբագրել

Իսլանդիան գաղութացված էր վիկինգների կողմից, այդ իսկ պատճառով այստեղ ավանդազրույցները նման են։ Իսլանդական տրոլները նույնպես ներկայանում են որպես քարե արարածներ, իսկ որոշ տեղամասեր կոչվում են տրոլների անուններով։

Տրոլը կամրջի տակ խմբագրել

Կա հաճախ հանդիպող ավանդություն տրոլների մասին, որոնք բնակվում են կամուրջների տակ կամ իրենք են կառուցել այդ կամուրջները։ Նրանք հաճախ կամուրջն անցնելու համար մարդկանցից փող կամ որևէ ծառայություն էին պահանջում։ Ըստ որոշ ավանդությունների՝ տրոլների կյանքը կախված է այդ կամրջից։ Կամրջի փլուզման դեպքում տրոլը մահանում է։

Տրոլները ժամանակակից արվեստում խմբագրել

 

Գրականության մեջ խմբագրել

XIX դարում տրոլների մասին շատ են գրել նորվեգացի գրող Ասբյորնսենը և ֆինն գրող Զախարիաս Տոպելիուսը։ Նրանց ստեղծագործություններում տրոլները մոգական ուժ ունեցող հսկաներ են, որոնք սիրում են դաժան կատակներ անել մարդկանց հետ։ Այդպիսին են նրանք նաև Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսում։

Ֆիննացի գրող Տուվե Յանսոնի «Մումի–տրոլներ» գրքերի ժողովածուում (1945) հայտնվում է, ըստ երևույթին, տրոլների ամենայուրահատուկ նկարագրությունը։ Դրանք փոքրիկ խաղաղասեր արարածներ են, որոնք ապրում են խաղաղ հովվերգական կյանքով։ Արտաքինից նրանք նման են փոքրիկ մարդակերպ գետաձիերի։

Անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպում տրոլները հայտնվեցին 1937 թվականին։ Թոլքինի տրոլները մեծ, չար, բայց բարեհոգի արարածներ են, մարդակերներ, որոնք ավելի շատ նման են օրկերին, քան սկանդինավյան տրոլներին։ Այս փաստը այնքան լայն տարածում գտավ, որ գրողների մեծ մասի գիտակցության մեջ այս երկու կերպարները ձուլվեցին։ Թոլքինի տրոլները քարանում են արևի լույսից։ Տրոլները հանդես են գալիս «Մատանիների տիրակալը» երկի որոշ դրվագներում։

 
Տուվե Յանսոնը և նրա Մումի–տրոլները

Սկանդինավյան տրոլների կերպարը, հաճախ յոտունների կերպարի հետ միախառնված, շարունակում է հանդես գալ գրականության մեջ։ Նրանք կարևոր դեր են խաղում Պոլ Անդերսոնի «Կոտրված սուրը» վիպակում։

1968 թվականին Քլիֆորդ Սայմակը իր գիտա–ֆանտաստիկ «Գոբլինների արգելանոց» վեպի մեջ ներառում է տրոլների, փերիների, գոբլինների և վիշապի կերպարները։ Տրոլները` որպես վայրի, սակայն գրեթե անվնաս արարածներ, հանդիպում են Աստրիդ Լինդգրենի «Ավազակի դուստր Ռոնին» հեքիաթ-վիպակի մեջ։

Թերրի Փրաթչեթը իր Հարթ երկրի մասին գրքերում ներկայացնում է տրոլների յուրօրինակ ցեղատեսակ՝ արարածներ, որոնց մտածողությունը կախված է շրջապատող միջավայրի ջերմաստիճանից։ Նրանց հիմարությունը բացատրվում է ջերմաստիճանի բարձրացմամբ. ջերմաստիճանի նվազման դեպքում տրոլները փայլում են իրենց ինտելեկտով։

Ասպրինի ՄԻՖ կորպորացիայի մասին գրքերում կարևոր դեր է խաղում աղջիկ տրոլների տարբերվելը տղա տրոլներից։ Ի տարբերություն տղամարդկանց` կին տրոլները շատ գեղեցիկ են։

Էդիթ Պատուի «Արևելք» վեպում տրոլները գեղեցիկ, բայց չար արարածներ են։ Նրանք արտաքնապես մարդկանցից տարբերվում են միայն մաշկի չորությամբ և գունատությամբ, ինչպես նաև ճղճղան ձայնով։ Նրանք բնակվում են Գրենլանդիայի հյուսիսում և խոսում են ֆիններեն։

Տրոլները բազմիցս հիշատակվում են նաև «Հարի Փոթերի» մասին գրքերում։

Տրոլները կինոարվեստում խմբագրել

Տրոլները հանդես են գալիս ոչ միայն ֆանտաստիկ գրականության հիման վրա նկարահանված ֆիլմերում, այլ նաև բնագիր սցենարներում։ Ինչպես օրինակ 1991 թվականի «Վախեցած տխմար Էռնեստը» կինոկատակերգության մեջ չար տրոլը։

Նորվեգիայի տրոլների դժվարին կյանքը ներկայացվում է 2010 թվականի «Տրոլների որսորդները» կինոժապավենում։

Տրոլների կենցաղը և գոյությունն ավելի յուրօրինակ ներկայացվել է Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» առաջին ֆիլմ եռերգության մեջ՝ «Նրանք, ինչպես մարդիկ, խոսում են և ունեն հագուստ» (մեջբերումը «Տրոլների որսորդները» ֆիլմից է)։

«Բեովուլֆ և Գրենդել» (2005) ֆիլմում Գրենդելին և նրա ծնողներին անվանում են տրոլ։

«Մերլին» սերիալում չարագործներից մեկը ոչ գիշակեր, սակայն ագահ տրոլ է, որը նախընտրում է սնվել փտած մրգերով և գոմաղբով։

Տրոլները նաև հանդիսանում են «Տասներորդ թագավորությունը» (1999) սերիալի կերպարներ։ Տրոլների թագավոր Կատակասերը կառավարում է երրորդ թագավորությունը և Չար Թագուհու դաշնակիցն է։ Նրա երեխաները՝ Գեղեցկուհին, Ուժեղը և Դատարկաձայնը, հիմար են և հորը շատ անախորժություններ են պատճառում։ Տրոլների այս ընտանիքը շատ է սիրում ոսկի, թանկարժեք իրեր, ինչպես նաև ոտնամաններ և հավաքում են տարատեսակ մաշիկների հավաքածու։

«Գրիմ» սերիալի տրոլները դրամաշորթեր են, որոնք բոլոր կամուրջները համարում են իրենց սեփականությունը և տարբերվում են իրենց դաժանությամբ, որը ցուցաբերում են անգամ իրենց դաշնակիցների նկատմամբ։

Տրոլները մուլտֆիլմերում խմբագրել

 

«Մետալոպոկալիպսիս» մուլտիպլիկացիոն սերիալի առաջին մասի չորրորդ սերիայում գլխավոր հերոսը ֆիննական լճային տրոլ Մուստակրակիշն է։

2012 թվականի «Ձյունե թագուհին» մուլտֆիլմի կերպարներից մեկը Օրմ տրոլն էր։ Մուլտֆիլմի երկրորդ մասում (2015) Օրմ տրոլը վերադառնում և դառնում է ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը։

1994 թվականի «Տրոլը Կենտրոնական այգում» մուլտֆիլմը։

«Փերիներ. Կորած գանձը» մուլտֆիլմում Դին-Դինը կամուրջով անցնելիս հանդիպում է երկու տրոլների, որոնք վախեցնում էին անցորդներին։

Տրոլները երգարվեստում խմբագրել

Գոյություն ունի հին սկանդինավյան բալլադ «Հերր Մաննելիգ», որի մեջ կին տրոլը ապարդյուն փորձում է գայթակղել քրիստոնյա ասպետին։

 
«Տրոլ Գնյոտ Ել»

Այդ երգը ժամանակակից մշակմամբ կատարել են In Extremo, Haggard, Garmarna և շատ այլ խմբեր։

Տրոլները հանդես են գալիս նորվեգացի երգահան Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» դրամայի համար գրված երաժշտության մեջ։ «Լեռնային թագավորի քարանձավում» հայտնի պիեսը հնչում է, երբ դուրս է գալիս տրոլների թագավորը[2]։

Finntroll ֆիննական խումբը, որ երգում է շվեդերեն, իր գործունեությունը ամբողջությամբ նվիրել է տրոլներին և նրանց պայքարին «զավթիչ» մարդկանց դեմ։ Նմանօրինակ թեմա է զարգացնում նաև Trollfest խումբը, որոնք շեշտադրությունն ավելի շատ դնում են տրոլների ուրախ խնջույքների վրա։ Տրոլների մասին հումորային հեքիաթները պատմվում է «Տրոլ Գնյոտ Ել» (ռուս.՝ Тролль Гнёт Ель) խմբի երգերում։ Փոքր-ինչ այլ ուղղություն է ընտրել բելառուսական Litvintroll խումբը, որը կատարում է հին բելառուսական ավանդական երգերը, սակայն ծանր «տրոլյան» մշակմամբ։

Ամերիկյան death-metal Dethklok խումբը իր խաղացանկում ունի Awaken երգը, որի մեջ խոսվում է ֆիննական լճային տրոլ Մուստակարկիշի կենդանանալու մասին։

Տրոլները խաղերում խմբագրել

Սեղանի, հետո նաև համակարգչային խաղերում տրոլները հաստատվեցին որպես հրեշների տարատեսակ, խաղացողի հակառակորդ։ Դասական օրինակ՝ տրոլները Dungeons & Dragons (Forgotten Realms, Greyhawk) խաղերում, որոնք շատ այլ խաղերի հիմք են դարձել։ Տրոլները D&D–ում ուժեղ, հիմար և դաժան մարդակեր հրեշներ են։ Որոշ տարատեսակներում տրոլները հսկա հրեշներ են, որոնք հանդիպում են Gothic, The Elder Scrolls և այլ խաղերում։

 

Որոշ խաղերում խաղացողին հնարավորություն է տրվում խաղալ տրոլների կողմից։ Նման դեպքերում պատահում է, որ խաղացողը հայտնվում է նույն խմբում օրկերի, գոբլինների և նմանատիպ այլ արարածների հետ։ Այդպիսին են տրոլները Warcraft խաղում, որտեղ նրանք պատկանում են Օրդերի խմբին և կատարում են աղեղնավորների և տարատեսակ վհուկների դեր։ Խաղի այս տարատեսակում ներկայացվում է տրոլների յուրահատուկ կերպար։ Նրանք նիհար և բարձրահասակ են, բայց ոչ հսկա։

Heroes of Might and Magic խաղում տրոլները չեն պատկանում որևէ խմբի և պատվիրվում են կամուրջների տակ։

Rising Kingdoms խաղում գոյություն ունի տրոլների ցեղախումբ։

«Կուզյայի արկածները» խաղում գլխավոր դրական կերպարը տրոլ Կուզյան է, որը դիմագրավում է չար կախարդ Սցիլային։ Կուզյայի ընտանիքը իր կին Կուզելինան է և երեք երեխաները՝ Կուզերատը, Կուզերիտը և Կուզերուտը։

Տրոլները հանդիպում են նաև «Մատանիների տիրակալը» խաղերի շարքում, որտեղ նրանք գոբլինների դաշնակիցներն են։

Ինտերնետ տրոլներ խմբագրել

Համացանցում տրոլ են անվանում այն անձանց, որոնք հետապնդում են այլ անձանց կամ ներկայանում են նրանց փոխարեն։

Ի սկզբանե այս բառը ծագում է ոչ թե տրոլների անվանումից, այլ ձկնորսական «տրոլինգ» (անգլ.՝ trolling) տերմինից, բայց այն այնքան սերտորեն կապվեց տրոլների անվան հետ, որ համացանցային խուլիգաններին սկսեցին նույնացնել տրոլների հետ, որը նաև դարձավ տարբեր կատակների և ծաղրանկարների հիմք։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Տրոլների աշխարհում։ Ով ով է նորվեգական բանահյուսության մեջ։ Մ., 2007
  • Տրոլ // Հեքիաթային հանրագիտարան / Կազմող` Նատալյա Բուդուր. — Մ.: ОЛМА-ПРЕСС, 2005. — С. 499. — 608 с. — 5 000 экз. — ISBN 5-224-04818-4

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոլ» հոդվածին։