Տրիումֆ (լատին․՝ triumphus), հաղթահանդես, հաղթատոն, Հին Հռոմում կարևոր հաղթանակ տարած զորավարի մուտքը Հռոմ։ Հաղթական երթի (Մարսյան դաշտից մինչև Կապիտոլիումի Յուպիտերի տաճարը) առջևից գնում էին ծերակուտականները և պաշտոնյաները, այնուհետև՝ դափնեպսակով և Յուպիտերի հատկանիշներով զարդարված զորավարը՝ չորս սպիտակ ձի լծած կառքով, շրջապատված երաժիշտներով ու երգիչներով, ապա՝ զորքը։ Վերջում տանում էին ավարը և անվանի գերիներին։ Այդ արարողության համար կառուցվել է հաղթակամար։ Տրիումֆ կատարվում էր ծերակույտի թույլտվությամբ և զորավարին տրվելիք բարձրագույն պարգևն էր։ Կայսրության ժամանակաշրջանում տրիումֆի արժանացել են միայն կայսրերը և նրանց մերձավոր ազգականները։ Փոխաբերական իմաստով՝ փայլուն հաջողություն, նշանավոր հաղթանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիումֆ» հոդվածին։