Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Տրդատ Ա
Մեծ Հայքի Արքա
Տրդատի արձանը Վերսալում
Իշխանություն5288
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝88
Երկիր Մեծ Հայք
ՀաջորդողՍանատրուկ
ՏոհմԱրշակունիներ
քրմապետ և գերիշխան
ՀայրՎոնոն Բ Պարթև

Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64) խմբագրել

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Հայաստանում գահին բազմել էր Հռադամիզդը, ով առանց երկմտելու սպանել էր իր հորեղբոր՝ Միհրդատի ամբողջ ընտանիքը։ Հայ ժողովուրդը չէր ցանկիանում ունենալ Հռադամիզդի նման թագավոր։ Իսկ Վաղարշ Ա-ի գահալակումը նոր հույսեր էր ներշնչում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք՝ ունենալով հայ ավագանու աջակցությունը։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով սկզբում մեկնում է Հռոմ, ապա հռոմեական զորքերի օգնությամբ վերստին բազմում հայոց գահին։ Հայերի կազմակերպած դավադրության արդյունքում Հռադամիզդը փախչում է Վիրք՝ հոր մոտ և սպանվում վերջինիս կողմից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր[1]։

 
Ներոն

Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որը որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով Կորբուլոնի հետ հեռանում է Հռոմ։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է և մեկնում Հռոմ, ապա իր խնդրանքով՝ Ասորիք։

Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հատկանշական է այն, որ Պետոսը նամակ է հղում Ներոնին՝ հայտնելով, որ ամեն ինչ իբրև թե կարգին է։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով[1]։

Հռոմը խայտառակությունից փրկելու համար՝ Ներոնը Հայաստան է ուղարկում Կորբուլոնին, և Հռանդեայում կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի Տրդատը պետք է իր թագը գնար և ստանար Ներոնից։ Դրա համար Տրդատը իր գլխից թագը հանում և դնում է Ներոնի արձանի առջև՝ հետագայում այն Ներոնից ստանալու համար։ Ներոնի հաշվին նա մեկնում է Հռոմ, ճանապարհին առաջին կանգառը լինում է Նեապոլը։ Այստեղ Ներոնի հետ հանդիպելիս Տրդատը հանդգնում է իր մոտ սուր պահել, ինչը բացահայտ անարգանք էր Ներոնի նկատմամբ[2]։

Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

Տրդատի գահակալությունը խմբագրել

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեումից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին [3]: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը

  Հելիոս (արև) Տիրիդատես թագավոր Մեծ Հայքի, թագվորելով իբրև դեսպոտ կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում իր թագավորության
- Տրդատ Ա
 
 
Գառնու հեթանոսական տաճար

Գառնու ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Գառնու սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։

Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։

Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։

Տրդատին հաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում[4]։

Արշակունիների հարստություն խմբագրել

 
Արշակունիների դրոշ

Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։

Անունը Իշխել է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ 272 - 287 Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
թափուր 368 - 370
Պապ թագավոր 370 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշես Գ 423 - 428 Վռամշապուհի որդի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայ-պարթևական մերձեցումը։ Տրդատ Արշակունին (52/66-76) հայոց թագավոր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Հայոց Պատմություն, 10-րդ դասարանի դասագիրք.
  3. «Շինարարական արվեստը, ճարտարապետությունը, կերպարվեստը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Սանատրուկ թագավոր։ Քրիստոնեության տարածման սկիզբը Հայաստանում։ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Գ․ Տ․ Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986:
  • Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976
  • Աստարյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912:
  • Մանանդյան Հ․, Երկ․, հ.1, Ե․, 1977:
Նախորդող
Հռադամիզդ, վրաց արքայազն, դրածո 51 - 52
Մեծ Հայքի արքա
Տրդատ Ա

52 - 88
Հաջորդող
Սանատրուկ Արշակունի 88 - 110
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 93