Տրանսֆորմատորը (լատ. transformo - փոխակերպել, ձևափոխել) էներգիայի կամ օբյեկտների (հարմարանքների) որևէ էական հատկությունների փոխակերպման հարմարանք է։ Առավել տարածված են էլեկտրական տրանսֆորմատորները և հիդրոտրանսֆորմատորները։ Էլեկտրական տրանսֆորմատորը ստատիկ (շարժական մասեր չունեցող) հարմարանք է, որը ծառայում է որոշակի լարման փոփոխական հոսանքը մեկ այլ լարման փոփոխական հոսանքի փոխակերպելու համար։ Բաղկացած է ֆեռոմագնիսական միջուկից, առաջնային փաթույթներից, որոնք ինդուկտիվորեն կապված են միմյանց հետ։ Տրանսֆորմատորի աշխատանքի հիմքում ընկած է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը։ Եթե առաջնային փաթույթը միացնենք փոփոխական լարման աղբյուրին, ապա միջուկում կառաջանա փոփոխական մագնիսական հոսք։

Այժմ կիրառվում են տարբեր տեսակի տրանսֆորմատորներ. ուժային (էլեկտրաէներգիայի տեղափոխման և բաշխման համար հատուկ նպատակների համար վառարանային ուղղիչ սարքերում, զոդման տեխնիկայում), ինդուկցիոն կարգավորիչ (բաշխիչ ցանցերում լարումների կարգավորման համար), ավտոտրանսֆորմատորներ(ոչ մեծ սահմանններում լարումների կարգավորման համար), չափիչ տրանսֆորմատոր (բաշխիչ հարմարանքներում և փոփոխական հոսանքի բարձր լարման շղթաներում հոսանքի ուժի, լարման, հզորության և էներգիայի անվտանգ չափման համար), փորձարկման (լարման տակ տարբեր փորձարկումներ կատարելու համար)։ Առավել լայնորեն կիարառվում են երկփաթույթ և եռափաթույթ միաֆազ և եռաֆազ տրանսֆորմատորները։ Էլեկտրաէներգետիկայի նպատակների համար հիմնականում կիրառում են եռաֆազ յուղային տրանսֆորմատորներ՝10 կՎԱ-ից 1600 ՄՎԱ և ավելի հզորությամբ, մինչև 750 կՎ և ավելի լարումներով։

Ուժային տրանսֆորմատորների փաթույթներն ու միջուկներն ընկղմում են միներալային յուղով լցված բաքի մեջ, որի պատերը հովացվում են օդով կամ ջրով։ Յուղային հովացում չունեցող տրանսֆորմատորները կոչվում են չոր տրանսֆորմատորներ։

Տրանսֆորմատորի առաջին սխեմատիկ տեսքը ի հայտ է եկել 1831 թ. Մ. Ֆարադեյի և Դ. Հենրիի աշխատություններում։ Սակայն թե մեկը, թե մյուսը իրենց սարքում չեն նշել տրանսֆորմատորի այնպիսի հատկությունները ինչպիսիք են լարման և հոսանքի ուժի փոփոխությունները, այսինքն փոփոխական հոսանքի փոխակերպումը՝ տրանսֆորմացիան։

Էլեկտրական տրանսֆորմատորը(բաց միջուկով) առաջին անգամ օգտագործել է Պ.Ն. Յաբլոչկովը, 1876-ին՝ էլեկտրական լուսավորման շղթաներում։ Անգլիացի էլեկտրատեխնիկ Է. Հոփկինսոնը 1884-ին մշակել է փակ մագնիսական միջուկով միաֆազ տրանսֆորմատոր, որն իր կառուցվածքով նման է ժամանակակից տրանսֆորմատորին։1890-ին ռուս էլեկտրատեխնիկ Մ. Օ. Դոլիվո-Դոբրովոլսկին ստեղծել է եռաֆազ էլեկտրական տրանսֆորմատոր։ Տրանսֆորմատորի հետագա զարգացումն ընթացել է նրա կառուցվածքի կատարելագործման, հզորության և ՕԳԳ-ի մեծացման, փաթույթներ մեկուսացման լավացման ուղղությամբ։

Ուսուցողական, քանդվող-հավաքվող տրանսֆորմատոր