Տրանսլիտ (առաջացել է տրանսլիտերացիա բառից), հայերեն (կամ այլ լեզվով) տեքստի փոխանցումն օտար այբուբենի միջոցով։ Ի տարբերություն տրանսլիտերացիայի, տրանսլիտում օգտագործվում են նաև թվեր և համակարգչի ստեղնաշարի վրա հասանելի այլ նիշեր։ Այսինքն, ըստ էության, տրանսլիտը ոչ ֆորմալ տրանսլիտերացիա է։

Այսպես կոչվում է նաև հենց տեքստը, որը գրված է օտար այբուբենով։

Տառ Տրանսլիտ
(Լատ. այբուբեն)
Տրանսլիտ
(Կիրիլիցա)
Այլ նիշեր
ա a а
բ b б
գ g г
դ d д
ե ye е, йе
զ z з
է e е
ը y е @
թ t, th т
ժ zh ж
ի i и
լ l л
խ kh х
ծ tc ц &
կ k к
հ h х
ձ dz дз
ղ gh, g г
ճ tch ч
մ m м
յ y, j й, и
ն n н
շ sh ш
ո vo, o во, о
չ ch ч 4
պ p п
ջ j дж
ռ r р
ս s с
վ v в
տ t т
ր r р
ց c, ts ц
ու u у
փ p п
ք q к
և yev ев, йев &
օ o о
ֆ f ф

Սկզբունքներ խմբագրել

Տրանսլիտը հիմնականում կառուցվում է ոչ լատինական այբուբեն ունեցող լեզուների լատինական աբուբենի հետ (հայերենի դեպքում՝ նաև կիրիլիցայի հետ) հնչյունաբանական համընկնումների սկզբունքով։ Հաճախ միաժամանակ օգտագործվում են ինչպես դասական լատինական հնչյունների (յ-j, ց-c), այնպես էլ ժամանակակից անգլերենի (յ-y, ց-ts), հայերենի դեպքում նաև ռուսերենի (յ-й կամ и, ց-ц) հետ հնչյունաբանական համընկնումները։ Կիրառվում է նաև տառերի և այլ նիշերի վիզուալ նմանության սկզբունքը, օրինակ՝ ծ-&, խ-x (լատինական x (իքս) տառը օգտագործվում է նշելու համար հայերեն խ կամ ղ հնչյունները կիրիլիցայի համահնչուն х (խ) տառի հետ վիզուալ նմանության սկզբունքով)։ Հայերեն տրանսլիտում հաճախ է օգտագործվում նաև 8 թվանշանը բառերի մեջ «ութ» վանկի հետ համահնչունության սկզբունքով (օրինակ՝ հյութ – hy8)։

Փոխառված բառերը կարող են գրվել ինչպես բնօրինակի ուղղագրությամբ, այնպես էլ տրանսլիտի սկզբունքներով։

Կիրառման պատճառները խմբագրել

Տրանսլիտի առաջացման պատճառները հիմնականում տեխնիկական են։ Տրանսլիտը մեծ տարածում գտավ, երբ Համացանցի ստեղծման սկզբնական շրջանում ինչպես հայերենով, այնպես էլ կիրիլիկ կամ լատինականից տարբեր այլ այբուբեն ունեցող լեզուներով համակարգչում կամ բջջային հեռախոսներում գրելու անհնարինության կամ դժվարությունների պատճառով այդ լեզվով տեքստերը մարդիկ ստիպված էին փոխանցել լատինական այբուբենի միջոցով։

Մինչև օրս էլ դեռ գոյություն ունեն որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք նպաստում են տրանսլիտի տարածմանը։ Օրինակ՝ SMS-ի միջոցով հնարավոր է փոխանցել կրկնակի անգամ ավել նիշեր պարունակող լատինատառ հաղորդագրություն, քան հայատառ՝ Յունիկոդ կոդավորմամբ։ Բացի այդ, որոշ հեռախոսներ մինչև օրս էլ Յունիկոդ կոդավորմամբ չեն աշխատում։

Որոշ խնդիրներ է առաջացնում նաև Մայքրոսոֆթ Վինդոուզի հայերեն ստեղնաշարում տառերի լռելյայն դասավորվածությունը, որը թեև հնարավոր է փոխել, սակայն դա որոշակի գիտելիքներ է պահանջում։

Բացի տեխնիկական պատճառներից տրանսլիտի օգտագործումը որոշ դեպքերում կարող է ունենալ նաև հոգեբանական (անգամ պատերի վրա այլ լեզուներով են գրում[1]) և կրթական պատճառներ։ Կրթական պատճառները ևս տարբեր կարող են լինել։ Օրինակ՝ սփյուռքում շատերը չեն տիրապետում հայոց այբուբենին, սակայն կարողանում են շփվել հայերեն։ Նյու-Յորքցի ռեժիսոր Չախմախչյանի խոսքերով, օրինակ, իրենց դերասանները սովորում են դերերը՝ գրված հայերեն լեզվով, բայց անգլերեն տառերով[2]։ Կրթական պատճառներից է նաև հայերենի ուղղագրությանը վատ տիրապետելը. շատերը տրանսլիտ օգտագործում, քանի որ դա կոծկում է հայերեն ուղղագրության վատ իմացությունը, ինչն էլ ավելի է վատթարացնում իրենց ուղղագրական գիտելիքների մակարդակը[3]։

Պատմություն խմբագրել

Թեև տրանսլիտ եզրույթն ի հայտ եկավ համացանցի դարաշրջանում, այս երևույթն առաջացել է շատ ավելի վաղ։

Այսպես՝ տրանսլիտով էր գրված առաջին հայերեն տպագիր տեքստը։ 1475 թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրություններ» գրքի մեջ, որի մի քանի գլուխը նվիրված էր Հայաստանին, զետեղված է հայերեն լատինատառ «Հայր մեր» աղոթքը։

Լատինատառ հայերենով էր տպագրվում նաև Բուլղարիայի Վառնա քաղաքում 1884 թվականին լույս տեսած «Հույս» («Huis») հայկական պարբերականը (խմբագիր՝ Անդրանիկ Յոհանեսկու (Հովհաննիսյան) և Բ. Ատրունի)[4]։

19-րդ դարի 2-րդ կեսից սկսած լատիանտառ էին փոխանցվում նաև ոչ լատինական այբուբեն ունեցող լեզուներով միջազգային հեռագրերը։

Սակայն տրանսլիտը մեծ տարածում գտավ հատկապես 20-րդ դարի վերջին - 21-րդ դարի սկզբին՝ Համացանցի և բջջային կապի տարածմանը զուգահեռ։ Եվ թեև ժամանակի ընթացքում ստեղծվեցին լուծումներ, որոնք թույլ էին տալիս գրել այլ այբուբեններով, տրանսլիտը Հայաստանում լայնորեն կիրառվում է մինչ օրս։

Դեռ մեկ-երկու տարի առաջ որոշ խոշոր լրատվական կայքեր նույնիսկ ունեին էջերի տրանսլիտ տարբերակներ[5]։ Որոշ կայքեր ու բլոգեր մինչև օրս էլ իրենց պարունակությունն ամբողջությամբ տարածում են տրանսլիտով։

2015 թվականի տվյալներով Հայաստանում ամենատարածված որոնման համակարգի՝ «Գուգլի» միջոցով նույն բառը լատինատառ հայերենով մոտ 10 անգամ ավելի շատ է փնտրվում, քան մեսրոպատառով[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Լատինատառ հայերեն. մարտահրավեր ազգային ինքնագիտակցությանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Տրանսլիտը և հայ ժողովրդի ինքնության պահպանումը։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  3. Facebook-ում գրենք հայերեն
  4. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ (PDF). Երևան: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ. 2011. էջ 18. ISBN 978-9939-825-08-3.
  5. ՀՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ