Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր։ Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում[1][2]։ 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում[3]։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը[4][5]։

Զարդարված տոնածառ

Պատմություն խմբագրել

Նախապատմական ժամանակաշրջան խմբագրել

Ըստ Վ. Տոպորովի՝ դեռ պալեոլիթի ժամանակաշրջանից գոյություն ունի աշխարհը ծառի տեսքով պատկերելու արքետիպը[6]։ Այստեղից էլ ծագում է ծառերի պաշտամունքը, որ տարածված է տարբեր մշակույթներում։ Կախված աշխարհագրական ու կլիմայական պայմաններից և տեղական ավանդույթներից՝ պաշտամունքի առարկա են դարձել տարբեր ծառեր՝ կաղնի, սոճի, նոճի, հացենի, նվենի և այլն։ Հունաստանում գլխավոր սուրբ ծառը համարվել է նոճին, Հռոմում՝ թզենին, ինչպես նաև հոնին, որ աճում էր Պալատին բլրի լանջին[7]։

 

Հնագույն պաշտամունքների մնացորդները այսօր էլ պահպանվում են տարբեր վայրերում։ Եվրոպայում այսօր էլ լայն տարածում ունի մայիսի մեկը «մայիսյան ծառով» նշելու հնագույն ավանդույթը։ Վրացիները դեկտեմբերի 31-ին օջախը գցելու համար նախապատրաստում են բոխի փայտ ու պատրաստում են չիչիլակի (պնդուկենու ուղիղ ճյուղ, որը մի ծայրից սկսած հաջորդաբար տաշում են բարակ շերտեր, որոնք թողնում են մյուս ծայրից կառչած)։ Սվանեթում Ամանորին տանը սովորաբար տեղադրվում էր կեչի։ Լեռնական_հրեաների սովորույթների համաձայն՝ երիտասարդները գարնան առաջին օրվան նախորդող գիշերը գնում էին անտառ՝ փնտրելու «շամ ագաջին» («ծառ-մոմեր»), որոնք կտրում էին, դրանցով խարույկ վառում, որի վրայով թռչում էին ու շուրջը երգում[8]։

Եվրոպական մի շարք ժողովուրդների մոտ ընդունված էր Սուրբ ծնունդից առաջ՝ Ճրագալույցի երեկոյան, օջախը գցել մեծ գերան կամ կոճղ, որ քիչ-քիչ վառվում էր տոնի տասներկու օրերի ընթացքում։ Համարվում էր, որ այդպիսի գերանի մի կտորը, որ պահպանվում էր հետագա տարվա ընթացքում, տունը պաշտպանում էր կրակից ու կայծակից և հաջողություն էր բերում տուն։ Հարավային սլավոնացիների մոտ այդպիսի գերանը կոչվում էր բադնյակ (ռուս.՝ бадняк), սկանդինավյան ժողովուրդների մոտ՝ juldlock, ֆրանսիացիների մոտ՝ la bûche de Noël (սուրբծննդյան կոճղ)[8]։

Կելտերի մոտ ձմեռային արևադարձի հետ կապված էր մղամուճ ծառը։ Կելտերի միջոցով մղամուճի խորհրդանիշը անցել է անգլո-սաքսերի մշակույթ[9]։

Սլավորական ժողովուրդների ավանդույթներում նշանակալի տեղ էին զբաղեցնում կաղնին, կեչին, ուռենին։ Եղևնին սլավոնների ազգային ծառաբանության մեջ համարվում է թաղման ու հիշատակի արարողությունների հետ կապված ծառ, ինչպես նաև որպես ծիսական ծառ օգտագործվում է սուրբծննդյան, ամանորյա, ինչպես նաև կրոնական այլ տոների ժամանակ և հարսանիքներում[10]։

Աստվածաշնչում և վաղ քրիստոնեության ժամանակաշրջանում խմբագրել

Նոր կտակարանում չկա որևէ ծառի՝ որպես Սուրբ ծննդի խորհրդանիշի մասին հիշատակություն։ Սակայն նկարագրված է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որտեղ ժողովուրդը նրան դիմավորում է փյունիկյան արմավենու ճյուղերը ձեռքներին (Հովհ. 12:12): Արմավենին հնում համարվել է հաղթանակի խորհրդանիշ, իսկ քրիստոնեության ընդունումից հետո խորհրդանշում է հաղթանակն ընդդեմ մահվան։ Այն տարածաշրջաններում, որտեղ ցրտի պատճառով արմավենի չի աճում, դրան փոխարինում է ուռենին (օրինակ՝ Հայաստոնում, Ռուսաստանում)[11][12]։ Այսօր էլ տաք երկրներում, օրինակ՝ Հավայան կղզիներում, արմավենին օգտագործվում է որպես սուրբծննդյան ծառ։ Իսկ Ֆլորիդայում աճում է արմավենու մի տեսակ՝ Veitchia merrillii, որ կոչվում է նաև անգլ.՝ Christmas Palm tree (Սուրբծննդյան արմավենի)։ Ծառն այդպես է կոչվում իր պտուղների պատճառով, որ դեկտեմբերին դառնում են վառ կարմիր[13]։

Գերմանիայում պահպանվել է մի լեգենդ, որ կապված է սուրբ Բոնիֆիցիուսի անվան հետ։ Գերմանացի հեթանոսներին իրենց աստվածների անզորությունը ցույց տալու համար սուրբ Բոնիֆիցիուսը կտրում է Օդինի սրբազան կաղնին, որի կոճղի ճեղքից աճում է եղևնի՝ որպես ապացույց նրա կանխագուշակության, թե «քրիստոնեության եղևնին կաճի հեթանոսության հատված կաղնու արմատների վրա»։ Կաղնու հատման մասին իսկապես հիշատակվում է սրբի վարքում, իսկ եղևնու աճելու պատմությունը սոսկ բանավոր լեգենդ է, որն արտացոլում է հեթանոսական ավանդույթները քրիստոնեությանը հարմարեցնելու ջանքերը[14]։

Միջնադար և նոր ժամանակներ խմբագրել

 
Երեխաներն ու Սանտա Կլաուսը «Կլաուսի ծառի» (գերմ.՝ Klausbaum) մոտ («50 պատկերազարդ առակներ երեխաների համար» գրքից)

Սուրբծննդյան ժամանակակից ծիսակարգը ձևավորվել է Գերմանիայում միջնադարի ավարտին և նոր ժամանակների սկզբին Յոլի հնագույն ավանդույթի նոր՝ քրիստոնեական վերաիմաստավորման արդյունքում։ Ըստ Ե. Դուշեչկինայի՝ գերմանական ժողովուրդների մոտ գոյություն ուներ Նոր տարուն անտառ գնալու սովորություն. այնտեղ նրանք նախապես ընտրված եղևնին զարդարում էին մոմերով ու գույնզգույն լաթերով, այնուհետև այդ ծառի շուրջը կամ դրանից ոչ հեռու կատարում էին հատուկ ծես։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին կտրել ծառն ու տանել տուն, որտեղ այն տեղադրվում էր սեղանի վրա։ Ծառի վրա ամրացվում էին վառվող մոմեր, նրանից կախում էին խնձորներ և քաղցրավենիք։ Գերմանական ժողովրդի մկրտությունից հետո այս ծիսակարգը հետզհետե սկսել է ձեռք բերել քրիստոնեական բնույթ, և տանը դրված զարդարված եղևնինիերը դարձան Ճրագալույցի (Սուրբ ծննդյան նախորդ օրը, դեկտեմբերի 24) բաղկացուցիչ մաս։

Ըստ Ռ. Բաուերեյսի՝ գերմանական սուրբծննդյան եղևնին ծագում է դրախտային ծառից. դեկտեմբերի 24-ին արևմտյան եվրոպացիների կողմից նշվում էր Ադամի ու Եվայի հիշատակի օրը։

Սուրբ ծննդյան եղևնին գերմանացիները կոչում էին «Սուրբ ծննդյան ծառ» (գերմ.՝ Weihnachtsbaum), «Քրիստոսի ծառ» (Christbaum), «Կլաուսի ծառ» (Klausbaum): Որոշ տարածաշրջաններում (Վերին Բավարիա, Պֆալց, բավարական Շվաբիա, Վյուրտեմբերգ, Հաբուրգ) այդ ծառը կոչվում էր Paradies «դրախտ», Paradiesgarten «դրախտային այգի», Christbaumgartle և այլն[15]։ Եղևնին մրգերով ու ծաղիկներով զարդարելու սովորույթը կապվում է Սուրբ ծնունդի գիշերը ծառերի ծաղկման ու պտղաբերման հավատալիքների հետ[16]։

Դեռևս շարունակվում են վեճերն այն մասին, թե որտեղ և երբ է հանդիպում սուրբծննդյան եղևնու մասին առաջին գրավոր հիշատակությունը։ Կան համառոտ հիշատակություններ նմանատիպ արարողության վերաբերյալ, որ կատարվել է 1510 թվականի նախօրեին Ռիգայում։ Մանրամասներ չեն պահպանվել, սակայն նկարագրված է, որ տոնակատարությունից հետո ծառն այրվել է։ Հաճախ որպես Սուրբ ծննդյան առաջին եղևնի հիշատակվում է այն ծառը, որ Մարտին Լյութերը Սուրբ ծնունդին տեղադրել էր իր տանը[1][17][18]։ Լյութերը չի նշել այդ իրադարձության կոնկրետ տարեթիվը, բայց այն նույնպես վերաբերում է 16-րդ դարին[19]։

 
Տոնածառ, մոտ 1927 թվական

Քանի որ Եվրոպայում առաջին Սուրբ ծննդյան եղևնու հարցն ունի զբոսաշրջային (ինչպես նաև ֆինանսական) նշանակություն, 2011 թվականի Ամանորից առաջ Ռիգայի և Տալլինի միջև սկզիբ առավ դիվանագիտական կոնֆլիկտ այն հարցի վերաբերյալ, թե որտեղ է տեղադրվել առաջին տոնածառը[20]։ Էստոնացի հետազոտողները ներկայացրին ապացույցներ, որ Տալլինում տոնածառ տեղադրվել է 400 տարի ավելի վաղ քան, Ռիգայում, այսինքն՝ Տալլինի առաջին հիշատակությունից (1154 թվական) էլ առաջ։ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովն իրադրությունը բնութագրեց որպես «տոնածառային պատերազմ», որ լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքի ու երկրի կոմերցիոն շահերի համար, և խոստացավ գտնել ագրեսորին արժանի պատասխան[21]։

Մինչհեղափոխական Ռուսաստանում խմբագրել

Ռուսաստանում Ամանորը հունվարի 1-ին նշելու ավանդույթը սկիզբ է առել Պետրոս I-ի օրոք։ Պատմաբանների հավաստմամբ՝ 1700 թվականի հունվարի 1-ին տրվել է ցարական հրամանն առ այն, որ շենքերի արտաքին պատերը զարդարվեն փշատերև ծառերի ճյուղերով, սակայն տանը եղևնի տեղադրելու ավանդույթը հաստատվել է ավելի ուշ՝ մեկուկես դար անց[22]։ 1699 թվականին, երբ Ռուսաստանում Ամանորն առաջին անգամ տոնվում է հունվարի 1-ին, մայրաքաղաք Մոսկվան զարդարվում է փշատերև ծառերի ճյուղերով. պատվիրված էր քաղաքի գլխավոր փողոցներում յուրաքանչյուր տան առաջ տեղադրել փոքր եղևնի, սոճի կամ այլ փշատերև ծառ կան գոնե մի փոքր ճյուղ[16]։

Եղևնին՝ որպես սուրբծննդյան խորհրդանիշ, առաջին անգամ տեղադրվել է ХIХ դարի սկզբում Սանկտ Պետերբուրգում բնակվող գերմանացիների ընտանիքներում. ճրագալույցի օրը տան մի անկյունում տեղադրվում էր փոքր եղևնի, և որոշակի ժամի ընտանիքի հայրը դրա վրայից վերցնում էր ծածկոցը։

1817 թվականի դեկտեմբերի 24-ին իշխանուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան Մոսկվայում (իսկ հաջորդ տարի՝ Սանկտ Պետերբուրգում) կազմակերպել է տոնածառի միջոցառում։ 1828 թվականի Սուրբ ծնունդին Ալեքսանդրա Ֆյոդորովան, ով արդեն կայսրուհի էր, ապարանքի մեծ ճաշասրահում կազմակերպել է տոնածառի առաջին մանկական միջոցառումը իր երեխաների ու զարմիկների համար[16]։ Սրահում նախապես տեղադրվել էին սպիտակ սփռոցներով ծածկված սեղաններ, որոնցից յուրաքանչյուրի վրա դրված էր եղևնի ու նվերներ, որոնց նվիրատուն հայտնի էր. նվերները հորինված արարածներին վերագրելու ավանդույթն սկիզբ է առել ХХ դարի սկզբին:։ Այդ ժամանակ եղևնիները դեռ չէին զարդարվում, Ճրագալույցին ու Սուրբ ծննդին վառում էին դրա վրայի մոմերը, որից հետո տոնածառը տալիս էին սպասավորներին։

19-րդ դարի կեսերին Սանկտ Պետերբուրգի բնակիչներն սկսեցին իրենց տանը տեղադրել եղևնիներ, որոնք վաճառվում էին արդեն 1850-ական թվականներից։ Կարճ ժամանակի ընթացքում պետերբուրգցիները թողեցին փոքր եղևնիներ տեղադրելու գերմանական սովորույթն, ու սկսվեց մրցակցությունը, թե ում տոնածառն է ավելի բարձր ու շքեղ։ Եղևնիների վրա կախում էին մրգեր, ծաղիկներ, կոնֆետներ, իսկ առավել հարուստներն իրենց տոնածառերը զարդարում էին թանկարժեք քարերով ու ժապավեններով։

Ռուսաստանում հասարակական վայրում տեղադրված առաջին տոնածառը եղել է 1852 թվականին Եկատերինհոֆի զբոսայգում (Սանկտ Պետերբուրգ) տեղադրված հսկայական եղևնին, որ մի կողմից հենված էր պատին, իսկ մյուս կողմից զարդարված էր գունավոր թղթերով։ Հետագայում հասարակական տարբեր վայրերում (արքունական ժողովի շենքում, ակումբներում, թատրոններում և այլն) տոնածառեր սկսեցին տեղադրել ամեն տարի, ինչպես նաև տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածում գտավ նաև երկրի ծայրամասերում[16]։ Տոնածառը հետզհետե դարձավ մարդկանց կարգավիճակի արտացոլում. հարուստ ընտանիքներում ընդունված էր ինչքան տոնածառը զարդարել որքան հնարավոր է շքեղ, նախընտրելի էր չգործածել անցյալ տարվա զարդարանքները, ինչպես նաև տալ թանկարժեք նվերներ[16]։ Այդ ժամանակաշրջանի Ռուսաստանում եղևնին զարդարելու համար օգտագործում էին մրգեր, մանդարին, չորացրած պտուղներ (ծիրան, թուզ, սալոր), մեղրաբլիթներ։ Ծառին ամրացվում էին վառվող մոմեր։ Սուրբծննդյան ծառի ավանդույթը պահպանվում էր նրանով, որ տոնածառը զարդարվում էր բեթղեհեմյան աստղի խորհրդանիշով ու տարբեր փայլուն խաղալիքներով։

Համապետական սուգի տարիներին (օրինակ՝ 1855 և 1881 թվականներին սուգ էր հայտարարվել ցարի մահվան պատճառով) հատուկ հրաման էր տրվում Ամանորն անցկացնել համեմատաբար համեստ պայմաններում։

19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում տոնածառերն սկսեցին զարդարել ստվարաթղթե խաղալիքներով, իսկ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին վաճառքում հայտնվեցին ապակե հատուկ խաղալիքներ։ Եղևնին զարդարում էին բամբակով, որ խորհրդանշում էր ձյունը, և ոսկեգույն ու արծաթագույն ուլունքներով, որ խորհրդանշում էին անձրևը։ Սենյակում, որտեղ տեղադրված էր տոնածառը, շատ ծաղիկներ էին դնում։ Ծաղիկներով զարդարում էին նաև տոնածառը։

Խորհրդային տարիներին խմբագրել

Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո տոնածառի տեղադրումն ու Սուրբ ծնունդը պաշտոնապես չարգելվեցին, սակայն տոնածառեր սկսեցի համեմատաբար քիչ տեղադրել սոցիալական պայմանների պատճառով։ 1918 թվականի Ամանորի նախօրեին Մաքսիմ Գորկին ու Ալեքսանդր Բենուան Պետրոգրադի «Парус» հրատարակչությունում լույս ընծայեցին երեխաների համար նախատեսված «Ёлка» (հայերեն՝ «Տոնածառ») գիրքը, որ նկարազարդված էր ռուս ամենահայտնի նկարիչների կողմից։ Գրքում ներառված էին Մաքսիմ Գորկու, Կոռնեյ Չուկովսկու, Վլադիսլավ Խոդասևիչի, Ալեքսեյ Տոլստոյի, Վալերի Բրյուսովի, Սաշա Չյորնիի և այլոց ստեղծագործությունները։ Գրքի շապիկին պատկերված էր զարդարված տոնածառ, իսկ նրա շուրջը՝ Ձմեռ պապն ու անտառային գազաններ։ Ծառի գագաթին փայլում է ութաթև Բեթղեհեմյան աստղը[23]։

1918 թվականի հունվարի 24-ին ԽՍՀՄ-ում սկսեց գործել Գրիգորյան տոմարը, այսինքն՝ ընթացիկ տարում հունվարի 31-ին հաջորդելու էր փետրվարի 14-ը։ Այդ տարվանից սկսած՝ Նոր տարին տոնվում է ավելի վաղ, քան Սուրբ ծնունդը։ Հաջորդ տարիներին փորձ արվեց կրոնական արարողություններոը մոռացության տալու համար դեկտեմբերի 25-ին կազմակերպել կուսակցական միջոցառումներ ու ժողովներ[23], սակայն դրանք արդյունավետ չեղան։ 1929 թվականի ապրիլին տեղի ունեցած XVI կուսակցական կոնֆերանսում դեկտեմբերի 25-ը հայտարարվեց աշխատանքային օր, և դրա հետ միաժամանակ արգելվեց սուրբծննդյան տոնածառը՝ որպես «պապական սովորույթ»։ 1929 թվականի Ամանորից առաջ արգելվեցին տոնական բոլոր միջոցառումները, իսկ դեկտեմբերին ու հունվարին հատուկ կամավորները շրջում էին փողոցներում ու ստուգում տները, որպեսզի ոչ ոք տանը տոնածառ չտեղադրի։

Ամանորյա տոնածառի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց 1935 թվականին։ Նիկիտա Խրուշչովն իր հուշերում գրում է, թե ինչպես է Պավել Պոստիշևը, Կիևից գնալով Մոսկվա, հանդիպումներից մեկի ժամանակ դիմել Իոսիֆ Ստալինին.

Մենք դուրս եկանք, նստեցիք Ստալինի մեքենան։ Բոլորս տեղավորվեցինք մեկում։ Գնում էինք ու զրուցում։ .... Պոստիշևն այդ ժամանակ հարց բարձրացրեց. «Ընկե՛ր Ստալին, այ լավ ավանդույթ կլիներ և ժողովրդին դուր կգար, իսկ երեխեներին հատկապես ուրախություն կպատճառեր սուրբծննդյան տոնածառը։ Մենք հիմա դա քննադատում ենք։ Իսկ չվերադարձնե՞լ երեխաներին տոնածառը»։ Ստալինը հավանության արժանացրեց այդ միտքը. «Ձեզ վրա վերցրեք նախաձեռնությունը, մամուլում հանդես եկեք տոնածառը երեխաներին վերադարձնելու առաջարկով, իսկ մենք կաջակցենք»։ Այդպես էլ եղավ[24]։

 
Տոնածառի խաղալիք «Տիեզերագնաց»

Հոդվածի հեղինակը կոմերիտական ու պիոներական ղեկավարներին կոչ էր անում շուտափույթ կազմակերպել ամանորյա տոնածառի միջոցառում երեխաների համար։ Այդ առաջարկը իրականացվեց անմիջապես։ Ողջ երկրում կազմակերպվեցին տոնական միջոցառումներ, խանութներում սկսեցին վաճառել տոնածառի խաղալիքների մեծ տեսականի։ Այսպիսով՝ կուսակցական ղեկավարի առաջարկը (որը հրաման չէր) ընդունվեց և երկրի մասշտաբով իրականացվեց չորս օրվա ընթացքում՝ ներառյալ հոդվածի տպագրության օրը[25]։ Նման օպերատիվությունն այդպես էլ անկրկնելի մնաց ԽՍՀՄ պատմության մեջ։

Տոնածառի միջոցառումը կազմակերպվում էր երեխաների զվարճանքի համար և կապ չուներ Սուրբ ծննդյան տոնի հետ։ Առաջին տոնածառերն առաջարկում էին զարդարել քաղբյուրոյի անդամների պատկերներով զարդարված խաղալիքներով։ 1937 թվականին ԽՍՀՄ-ում բացվեց տոնածառի խաղալիքների առաջին մասնագիտացված գործարանը։ Այդ ժամանակից սկիզբ առավ տոնածառի խաղալիքների արտադրությունը. խաղալիքները պատրաստվում էին բամբակից, ստվարաթղթից, մետաղից, ապակուց։ 1930-ական թվականներին տոնածառի խաղալիքները դեռևս չէի հերիքում բոլորի համար, այդ պատճառով էլ տոնածառերը զարդարվում էին նաև ինքնաշեն խաղալիքներով, որոնք պատրաստվում էին գունավոր թղթերից և էժան մետաղներից։ Եղևնու ճյուղերը ծածկվում էին ձյունը խորհրդանշող բամբակով։ Սուրբ ծննդյան յոթաթև երկնագույն աստղը[26] փոխարինվեց կարմիր հնգաթև աստղով։ Տոնածառի խաղալիքներն ունեին տարբեր իրերի ու գազանների ձև, բամբակից և ապակուց պատրաստված տիկնիկներ էին և այլն։

1935 թվականի դեկտեմբերի 28-ին «Правда» թերթում տպագրվեց փոքր հոդված՝ ստորագրված ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու Պավել Պոստիշևի կողմից։ Այն սկսվում էր այսպես.

Մինչհեղափոխական ժամանակներում բուրժուազիան ու բուրժուազիայի չինովնիկները Նոր տարուն միշտ իրենց երեխաների համար կազմակերպում էր ամանորյա տոնածառի միջոցառում։ Բանվորների երեխաները պատուհանից նախանձով նայում էին բազմագույն լույսերով փայլող տոնածառին ու նրա շուրջն ուրախացող հարուստների երեխաներին։
Ինչու՞ են մեր դպրոցները, մանկատները, մանկապարտեզները, մանկական ակումբները, պիոներների պալատները նման հաճույքից զրկում խորհրդային երկրի աշխատավորների երեխաներին:

Նախքան Հայրենական մեծ պատերազմը տոնածառերը զարդարվում էին պիոներական ու քաղաքական ձևավորում ունեցող խաղալիքներով՝ փողհարներ, հրթիռներ, դիրիժաբլներ, մուրճեր ու մանգաղներ և այլն։ Պատերազմի ժամանակ սկսեցին պատրաստվել տանկերի, զինվորների, սանիտար շների, ատրճանակաների, նռնակների ու գնդացիրների ներկայացնող խաղալիքներ։ 1950-ական թվականներին տոնածառի խաղալիքների շարքում հայտնվեցին նաև հեքիաթային կերպարներ՝ ձնեմարդեր, ձյունանուշիկներ, կարմիր գլխարկներ, փաթիլներ, ծաղրածուներ, աստղագուշակներ և այլ։ Տոնածառերը զարդարվում էին նաև էլեկտրական լամպերի շղթաներով, իսկ տոնածառի տակ դրվում էին Ձմեռ պապին ու Ձյունանուշին պատկերող գիպսե կամ ստվարաթղթե խաղալիքներ։

Ժամանակակից աշխարհում խմբագրել

 
Վատիկանի տոնածառը, 2007 թվական

Մայրաքաղաքներում «երկրի գլխավոր տոնածառը» տեղադրվում է կենտրոնական հրապարակներում։ Հայաստանում այդպիսի տոնածառը տեղադրվում է Երևանի Հանրապետության հրապարակում, Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում և այլն։ Տոնածառեր են տեղադրվում նաև երկրի մյուս քաղաքներում և այլ բնակավայրերում։ Երկրի գլխավոր տոնածառը տեղադրվում, զարդարվում ու նրա լույսերը վառվում են հանդիսավոր արարողությամբ, որին սովորաբար մասնակցում են հայտնի անձինք և պաշտոնյաներ։

Մեծ Բրիտանիայում 1946 թվականից 20 մետր բարձրություն ունեցող տոնածառ է տեղադրվում Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։ Ամեն տարի այդ եղևնին ուղարկում է Նորվեգիայի թագավորական ընտանիքը՝ ի նշան երախտագիտության այն բանի համար, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական զորքերն օգնել են Նորվեգիան ազատագրել գերմանական շրջափակումից։ Այդ տոնածառի շուրջը նախատոնական օրերին հավաքվում են հազարավոր անգլիացիներ, ովքեր երգում են սուրբծննդյան հիմներ։ Թրաֆալգարյան հրապարակի տոնածառն ավանդաբար զարդարվում է լամպերի շղթաներով, որոնք կախվում են ուղղահայաց[27]։

Հռոմում տոնածառը տեղադրվում է Սուրբ Պետրոսի հրապարակում։ Համաձայն ավանդույթի՝ ամեն տարի Վատիկանին եղևնի է նվեր ուղարկում եվրոպական մի երկիր։ Այդ ավանդույթը սահմանել է Հովհաննես Պողոս II պապը 1982 թվականին։ Սուրբծննդյան տոների ավարտին կաթոլիկ եկեղեցու գլխավոր տոնածառի փայտանյութը օգտագործվում է իրեր պատրաստելու համար, որոնց վաճառքից ստացված գումարը օգտագործվում է աղքատներին օգնելու նպատակով[28]։

Նյու Յորքում 1931 թվականից սկսած տոնածառն ավանդաբար տեղադրվում է Ռոքֆելլեր կենտրոնի դիմաց։ 2011 թվականի Ամանորի նախօրեին եղևնին զարդարող շղթաները կազմված էին 30 հազար լամպերից, իսկ գագաթին տեղադրված էր 2,7 մետր տրամագիծ ունեցող բյուրեղապակե աստղ, որ պատված էր Սվարովսկու բյուրեղներով[29]։

Ամենայուրօրինակը Ռիո դե Ժանեյրոյի՝ Լագոա լճի վրա լողացող տոնածառն է։ Նրա բարձրությունը կազմում է 85 մետր, իսկ մետաղական կառուցվածքը կշռում է 530 տոննա։ Տոնածառը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ լողացող տոնածառն աշխարհում։ Տոնածառի մեջ մոնտաժված է մեխանիկական զանգ, որ կատարում է սուրբծննդյան մեղեդիներին։ Տոնածառը զարդարվում է 3 միլիոն լամպերից կազմված շղթայով, ու ղեկավարվում է համակարգչով։ Ազատ օրերին տոնածառից հրավառություն է արձակվում[30]։

Աշխարհի ամենամեծ սուրբծննդյան տոնածառը տեղադրվել է 2009 թվականին Մեխիկոյում։ Նրա բարձրությունը կազմել է 110,35 մետր (40 հարկանի շենքի բարձրություն), տրամագիծը՝ 35 մետր, իսկ մետաղական կառուցվածքի ու զարդարանքի կշիռը՝ 330 տոննա։ Տոնածառը տեղադրվել է Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայում[31]։

Ամենաթանկարժեք տոնածառը տեղադրվել է Աբու Դաբիում 2010 թվականին։ Այն զարդարված էր ոսկե ու արծաթե գնդերով, ինչպես նաև թանկարժեք քարերից պատրաստված զարդերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11,5 միլիոն դոլար[32]։

 
Տոնածառ Տալլինի Ռատուշայի հրապարակում, 2009 թվական

2011 թվականին վերսկսվեց «տոնածառային պատերազմը»[21] Ռիգայի ու Տալլինի միջև։ Լատվիական կողմի ներկայացրած պատմական փաստարկներին ի պատասխան Տալլինի իշխանությունները որոշեցին քաղաքում կանգնեցնել անգերազանցելի բարձրություն ունեցող տոնածառ։ Սակայն Ռատուշայի հրապարակում կանգնեցված տոնածառը, որի բարձրությունը կազմում էր 24 մետր, երկու անգամ (նոյեմբերի 25 և 27) տապալվեց քամու պատճառով։ Երկրորդ անգամ այն ընկավ 80 շղթաների (9,6 հազար լամպ) և լապտերների 15 լրակազմի հետ միասին, ինչի հետևանքով զգալիորեն վնասվեցին և՛ տոնածառը, և՛ նրա զարդարանքները։ Ի վերջո ստիպված եղան ծառը կարճացնել 4 մետրով[33]։ Տալլինի իշխանությունների պահանջով ոստիկանությունը հետաքննություն սկսեց հնարավոր դիվերսիայի կասկածանքով[34]։

2012 թվականի դեկտեմբերին սուրբծննդյան տոնածառ տեղադրվեց Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին։ Մամուլում այդ փաստը մեկնաբանվեց որպես հակակոմունիստական քարոզչություն ու հոգեբանական պատերազմի փորձ[35]։

Եղևնու զարդարումը խմբագրել

Եղևնու խաղալիքների պատմությունն արտացոլում է տվյալ երկրի պատմությունը։ Սուրբծննդյան տոնածառերը զարդարվել են քաղցրավենիքներով, ապակե գնդերով, իսկ գագաթին դրվել է Բեթղեհեմյան աստղը խորհրդանշող յոթաթև աստղ։ Խորհրդային Միությունում տոնածառերը զարդարվել են թղթե ինքնաթիռներով ու կարմիր զինվորներով, իսկ գագաթին դրվել է կարմիր աստղ, պատերազմի տարիներին՝ թղթե փաթիլներով ու լամպերով, 1960-ական թվականներին՝ տիեզերագնացների և «տասներկուսին հինգ պակաս» ցույց տվող ժամացույցներ պատկերող խաղալիքներով, այնուհետև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից ներկրված խաղալիքներով, որոնք գնելու համար մարդիկ երկար ժամանակ հերթ էին կանգնում, իսկ 1980-ական թվականներին՝ ապակե խաղալիքներով[36]։

Տոնածառն ու շրջակա միջավայրի պահպանութունը խմբագրել

 
Եղևնիների շուկա Սիեթլում, ԱՄՆ

Փշատերև ծառերի մեծ պահանջարկը, որ լինում է Ամանորից առաջ, դառնում է ապօրինի ծառահատման ու տոներից հետո թափոնների օգտագործման հետ կապված խնդիրների պատճառ։ Տարբեր պետություններ տոներից առաջ փորձում են հնարավորինս վերահսկել ծառահատումն ու խստացնել անտառների պահպանությունը[37][38]։

  • Ամանորից առաջ կազմակերպվում են հատուկ պահակախմբեր, որոնք ստուգում են քաղաք ներկրվող եղևնիները ու դրանց հատման թույլտվության առկայությունը։
  • Կազմակերպվում են հատուկ տնկարաններ, որտեղ եղևնիներ են աճեցնում Ամանորին կամ Սուրբ ծնունդին վաճառելու համար։
  • Խրախուսվում է «կենդանի» եղևնիների ու սոճիների վաճառքը. ծառերը վաճառվում են հատուկ թաղարներում, իսկ տոներից հետո դրանք կրկին վերադարձվում են տնկարաններ։

Երբեմն խրախուսվում է նաև արհեստական տոնածառերի արտադրությունը։ Դրանք ավելի թանկ արժեն, քան բնական եղևնիները, բայց փոխարենը դրանք կարելի է օգտագործել բազմիցս։ Սակայն արհեստական եղևնիների արտադրությունը նույնպես աղտոտում է շրջակա միջավայրը, ինչը տեղի չի ունենում հատուկ տնակարաններում վաճառքի համար նախատեսված եղևնիներ աճեցնելու դեպքում[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «History of Christmas Trees». History. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Christmas trees were hung in St. George's Church, Sélestat since 1521:Selestat.fr - Office de la Culture de Sélestat - The history of the Christmas tree since 1521 Արխիվացված 2013-12-18 Wayback Machine
  3. Ingeborg Weber-Kellermann (1978). Das Weihnachtsfest. Eine Kultur- und Sozialgeschichte der Weihnachtszeit [Christmas: A cultural and social history of Christmastide] (German). Bucher. էջ 22. ISBN 3-7658-0273-5. «Man kann als sicher annehmen daß die Luzienbräuche gemeinsam mit dem Weinachtsbaum in Laufe des 19. Jahrhunderts aus Deutschland über die gesellschaftliche Oberschicht der Herrenhöfe nach Schweden gekommen sind. (անգլ.՝ One can assume with certainty that traditions of lighting, together with the Christmas tree, crossed from the upper classes to the manor houses, from Germany to Sweden in the 19th century.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Mandryk, DeeAnn (2005 թ․ հոկտեմբերի 25). Canadian Christmas Traditions. James Lorimer & Company. էջ 67. ISBN 9781554390984. «The eight-pointed star became a popular manufactured Christmas ornament around the 1840s and many people place a star on the top of their Christmas tree to represent the Star of Bethlehem.»
  5. Jones, David Albert (2011 թ․ հոկտեմբերի 27). Angels. Oxford University Press. էջ 24. ISBN 9780191614910. «The same ambiguity is seen in that most familiar of angels, the angel on top of the Christmas tree. This decoration, popularized in the nineteenth century, recalls the place of the angels in the Christmas story (Luke 2.9–18).»
  6. Топоров В. Н. Мировое дерево. Универсальные знаковые комплексы. — М.: Рукописные памятники Древней Руси, 2010. — Т. 1. — С. 52. — ISBN 9785955104348
  7. Душечкина Е. В. Рождественская ёлка // Русская ёлка. История, мифология, литература. - СПб.: Норинт, 2002. - ISBN 5771101265. С. 14
  8. 8,0 8,1 Душечкина Е. В. Рождественская ёлка // Русская ёлка. История, мифология, литература. — СПб.: Норинт, 2002. — ISBN 5771101265 С. 16
  9. Душечкина 2002 - С. 17
  10. Агапкина, Ель, 1999, էջ 183
  11. «Православные праздники в 2011-2012 годах». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «Вход Господень в Иерусалим. Вербное воскресение». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. «Christmas Palm Tree – Veitchia merrillii». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. Lozza L. «The Christmas Tree: Legends, Traditions, History» (ռուսերեն). L'Osservatore Romano. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. Bauerreiss, Romuald. Arbor vitae: der 'Lebensbaum' und seine Verwendung in Liturgie, Kunst und Brauchtum des Abendlandes. München: Neuer Filser-Verlag, 1938. S. 100-107. Страхов А. Б. Ночь перед Рождеством: народное христианство и рождественская обрядность на Западе и у славян. Cambridge-Mass., 2003. С. 172.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Душечкина Е. В. Три века русской ёлки (начало) // Наука и жизнь : журнал. — 2007. — № 12.
  17. Helen Haidle (2002). Christmas Legends to Remember'. էջ 119. ISBN 978-1-56292-534-5.
  18. Debbie Trafton O'Neal, David LaRochelle (2001). Before and After Christmas. Augsburg Fortress. էջ 22. ISBN 978-0-8066-4156-0.(չաշխատող հղում)
  19. «The chronological history of the Christmas tree» (անգլերեն). The Christmas Archives. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. «Мэр Таллина: первая елка появилась у нас!». Telegraf.lv. 2010 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. 21,0 21,1 «Похитители Рождества». Уральский государственный университет. 2010 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  22. Пирютко Ю. М. Ёлки. / Питерский лексикон. СПб: Издательство «Дмитрий Буланин», 2008. С. 91-95.
  23. 23,0 23,1 Душечкина 2008
  24. Никита Хрущёв. Время. Люди. Власть. Воспоминания. Часть I.
  25. Душечкина 2003
  26. Ռուսաստանում XVIII-XIX դարերում ընդունված ուղղափառ կանոնիկ ավանդույթի համաձայն՝ Սուրբ ծնունդի աստղերի ճառագայթների թիվը յոթն էր (սեպտիգրամա)։
  27. «Рождественская ёлка у Рокфеллер-центра». ИА Медиус. 2011 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  28. «На площади св. Петра установлена рождественская ёлка». Благовест-Инфо. 2009 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  29. «Рождественская ёлка устанавливается в Рокфеллер-центре в Нью-Йорке». The Epoch Times. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  30. Աշխարհում ամենաբարձր լողացող տոնածառը շաբաթ օրն իր լույսերն Է վառել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում
  31. «Самая высокая в мире ёлка зажглась в Мехико». ИТАР-ТАСС. 2009 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  32. Анастасия Берсенева. (2010 թ․ դեկտեմբերի 17). «Ёлка – чистый изумруд». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  33. «Она упала». Лента.Ру. 2011 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  34. «А нет ли тут диверсии?». Ves.lv. 2011 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  35. Южная Корея зажгла пропагандистскую рождественскую ель у границ с КНДР
  36. Лузина Л. «История СССР в игрушках...» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  37. «„Живую" новогоднюю елку можно купить за 130 руб». 2003 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  38. «Кабмин начал всекураинскую акцию „Новогодняя Ёлка"». 2011 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  39. «Покупая искусственную елку, человек стимулирует химическое производство». 2009 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Адоньева С. Б. История современной новогодней традиции // Мифология и повседневность : сборник. — СПб.: ИРЛИ РАН, 1999. — В. 2. — С. 372.
  • Дуб / Т. А. Агапкина // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / Под общей ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. - М. : Международные отношения, 1999. - Т. 2: Д (Давать) - К (Крошки). - С. 141–146. - ISBN 5-7133-0982-7.
  • Ель / Т. А. Агапкина // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / Под общей ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. - М. : Международные отношения, 1999. - Т. 2: Д (Давать) - К (Крошки). - С. 183–186. - ISBN 5-7133-0982-7.
  • Береза / Виноградова Л. Н., Усачева В. В. // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / Под общей ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. - М. : Международные отношения, 1995. - Т. 1: А (Август) - Г (Гусь). - С. 156–160. - ISBN 5-7133-0704-2.
  • Душечкина Е. В. Рождественская ёлка // Русская ёлка. История, мифология, литература. — СПб.: Норинт, 2002. — ISBN 5771101265
  • Душечкина Е. В. Легенда о человеке, подарившем ёлку советским детям // Отечественные записки : журнал. — 2003. — № 1.

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «տոնածառ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։