Տիտղոսաթերթ (լատին․՝ titulus), անվանաթերթ, գրքի առաջին էջը կամ էջերը, որտեղ տպվում են հեղինակի անուն–ազգանունը, գրքի խորագիրը, հրատարակչության անունը, վայրն ու տարեթիվը ևն։

Անհրաժեշտության դեպքում տիտիղոսաթերթը կարող է ունենալ գիրքը հրատարակության պատրաստող հաստատության անվանում (վերնախորագիր), գրքի ենթախորագիր, բովանդակության բնորոշում ( վեպ, նյութերի ժողովածու, դասագիրք, գիտա–վերլուծական տեսություն և այլն), մատենաշարի անվանում, բազմահատոր հրատարակության դեպքում՝ հատորի հերթական համար ևս։ Երբեմն Տիտղոսաթերթի հակառակ երեսին տպվում են խմբագրի ազգանունը, խմբագրական մարմնի կազմը, գրքի ծանոթագրությունը գրադարանային ինդեքսը, հեղինակային իրավունքի պաշտպանության նշանը (Copyright Արխիվացված 2013-07-24 Wayback Machine) և այլն։ Բազմահատոր և սերիական հրատարակության դեպքում տիտղոսաթերթը հաճախ լինում է 2 կից էջերի վրա։ Ձախակողմյան էջը կամ «կոնտրտիտուլ»-ը տալիս է մատենաշարի ընդհանուր խորագիրը և համապատասխան տվյալներ, իսկ աջակողմյան էջը (այսպես կոչված հիմնական տիտղոսաթերթը)՝ տվյալ հատորի խորագիրը։ Տիտղոսաթերթի ձախակողմյան էջին ( «կոնտրտիտուլ»-ին) երբեմն նույն տվյալները տպվում են մի այլ լեզվով, իսկ թարգմանական երկի հրատարակության դեպքում՝ հրատարակչական նույն տվյալները՝ բնօրինակի լեզվով։ Տիտղոսաթերթի տվյալները ժամանակի ընթացքում հարստացել են՝ ելնելով մատենագիտության գիտական պահանջներից։ Ձեռագրագիտության մեջ Տիտղոսաթերթը կոչվում է նաև սկզբնաթերթ։ Այն կարող է ունենալ զարդագիր, ճակատազարդ, կիսախորան, խորան կամ խորաններ, տերունական կամ թեմատիկ պատկերներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 14