Տեղեր

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տեղեր (այլ կիրառումներ)։

Տեղեր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։

Գյուղ
Տեղեր
Տեղերի վանական համալիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Հիմնադրված է1831 թ.
Այլ անվանումներԴգիր, Դըղըր, Դըղր,Դըղրի, Դիղիր, Դղեր,Դղըր, Դղըրի, Դղիր,Տեխեր
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն57[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378437
Փոստային դասիչ02106029
Տեղեր (Հայաստան)##
Տեղեր (Հայաստան)
Տեղեր (Արագածոտնի մարզ)##
Տեղեր (Արագածոտնի մարզ)

Անվանում խմբագրել

Հայտնի է նաև Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դիղիր, Դղեր, Դղըր, Դղըրի, Դղիր, Տեխեր անուններով[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Տեղեր գյուղը գտնվում է Արագած լեռան հարավային բարձրադիր լանջին՝ Տեղեր գետի աջ ափին, ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից հեռու է 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Տեղեր գյուղից հյուսիս, Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր է պահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով, բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր-Դղր։ Գյուղի տարածքում առկա են Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները, որի հարավարևմտյան պատի քարերից մեկի վրա հայերեն արձանագրությունը թվագրված է 7-րդ դար։ Հետևաբար, մինչ 7-րդ դարը արդեն Տեղերը հայկական գյուղ է եղել։ Ամբերդը նվաճվել է թուրք սելջուկների, ազատագրվել Զաքարյանների, հետո կրկին նվաճվել մոնղոլների, թուրքերի կողմից, ինչի հետևանքով Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև քրդերով։ Այդ մասին են վկայում գյուղի արևմտյան մասում քրդական գերեզմանոցը, գյուղի հարավարևմտյան մասում գոմերի և տեղանքների քրդերեն անվանումները (Բկո գեղ)։ Գյուղը հայերով վերաբնակեցվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո 1830-1831 թթ. Արևմտյան Հայաստանից գաղթածներով։20-րդ դարի սկզբին գյուղում բնակվում էր 42 հայ ընտանիք։ 1962 թ. Խորհրդային բռնատիրության կամայական որոշմամբ տեղերցիները տեղահանվել են և բնակեցվել Պռոշյան ավանում։ 1989 թ. Տեղեր գյուղը կրկին վերաբնակեցվել է։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Տեղերի վանք խմբագրել

Գյուղի կենտրոնական բարձրադիր վայրում է գտնվում Տեղերի վանքը։ Կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, իսկ ճարտարապետը եղել է Աղբայրիկ վարդպետը։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից և պաշտպանական աշտարակավոր պարսպից։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1213 թվականին մուգ մոխրագույն բազալտից։ Գավթի շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին։ Վանական համալիրը շրջապատված է բարձր աշտարակավոր պարիսպներով։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։ Վանքի տարածքում պահպանվել են խաչքարերի բեկորներ, որոնք ավելի հին են, քան եկեղեցին[5]։

Բնակչություն խմբագրել

Տեղերի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 1831 1873 1897 1922 1926 1931 1939 1959 2001 2011
Բնակիչ 35 364 459 506 408 367 655 554 90 57[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և երկրագործությամբ։

Գրականություն խմբագրել

Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001 թ.։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություններ Արագածոտնի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․03․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. Տեղերի վանական համալիրի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում, (արխիվացված 25․03․2023 թվականին)։
  5. Սամվել, Կարապետյան (2013, 10, էջ 1-31). «Տեղերի Վանքը». Վարձք.
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.