Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարազ (այլ կիրառումներ)

«Տարազ», գրական-գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ (այնուհետև` ամսագիր)։ Լույս է տեսել 1890-1919 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարյան։

Տարազ
Տեսակհանդես և թերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1890
Լուծարվել է1919
 Taraz (magazine) Վիքիպահեստում

Մինչև 1900 թվականը եղել է «Աղբյուր»-ի պատկերազարդ հավելվածը։ Հիմնականում ունեցել է ազատական (լիբերալ) դիրքորոշում։ ժամանակի հասարակական-քաղաքական իրադարձությունները լուսաբանելիս առավել մեծ տեղ է հատկացրել հայկական հարցին, որի լուծումը, պրոռուսական դիրքերից, կապել է Ռուսաստանի օգնության հետ, սուր քննադատության ենթարկել համիդյան վարչակարգի հայաջինջ գործելակերպը, ծաղրել այսպես կոչված «սահմանադրությունը»։

Հանդեսն արձագանքել է ժամանակի գրեթե ողջ գրական անցուդարձին։ Այստեղ տպագրվել են Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Շուշանիկ Կուրղինյանի, Շիրվանզադեի, Աթաբեկ Խնկոյանի, Վահրամ Փափազյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Հակոբ Պարոնյանի և այլոց ստեղծագործությունները, թարգմանաբար ներկայացվել ռուս, վրաց և արեմտաեվրոպական գրականությունը (Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Նիկոլայ Նեկրասով, Իվան Տուրգենև, էգնատե Նինոշվիլի, Իլյա Ճավճավաձե, Ա․ Ղազբեգի, Շեքսպիր, Շիլլեր, Բայրոն, էմիլ Զոլա, Մոպասան և ուրիշներ)։

Նշանակալի է «Տարազ»-ի դերը երաժշտության, թատրոնի, կերպարվեստի հարցերի լուսաբանման ասպարեզներում, որոնց նվիրված հոդվածները ավել են ժամանակի մշակութային կյանքի (հատկապես թիֆլիսահայ) ամբողջական պատկերը, նպաստել գեղագիտական առաջավոր մտքի հանրայնացմանը։ Լուրջ արժեք են ներկայացնում նաև մանկավարժությանը, դպրոցին և ընտանեկան դաստիարակությանը նվիրված նյութերը, որոնցով հանդես են եկել Հովհաննես Տեր-Միրաքյանը, Ս․ Բեկնազարյանը, Ստեփան Լիսիցյանը, Ղազարոս Աղայանը։ Տպագրել է գրախոսականներ, մամուլի տեսություններ, ծանոթացրել հայ խմբագիրների և հրապարակախոսների գործունեությանը[1][2]։

Ունեցել է «Գեղափնջիկ», «Իլյուստրասիոն», «Փարիզի մոդաներ», «Առողջապահություն» և այլ հավելվածներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՏԱՐԱԶ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԳԵՂԱՓՆՋԻԿ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 606