Տանձենի կովկասյան

բույսերի տեսակ
Տանձենի կովկասյան
Տանձենի կովկասյան
Տանձենի կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
Տեսակ Տանձենի կովկասյան (P. caucasica)
Միջազգային անվանում
Pyrus caucasica

Տանձենի կովկասյան (լատին․՝ Pyrus caucasica), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ խոշոր ծառեր են` 20-25 մ բարձրությամբ և 60-80 սմ բնի տրամագծով։ Սաղարթը բրգաձև է, երիտասարդ ճյուղերը մերկ են, ծածկված մոխրագույն կեղևով, փշապատ։ Տերևները կլորավուն են կամ լայն ձվաձև, երբեմն մի փոքր երկարավուն, հազվադեպ՝ շեղանկյուն, 3-4 (երբեմն՝5) սմ երկարությամբ, կլորավուն հիմքով, բթածայր կամ միանգամից սրացող, ամբողջաեզր մերկ կամ ներքևից ու եզրերից սարդոստայնանման աղվամազով ծածկված, կիսակաշվեկերպ, վերևի կողմից փայլուն,ներքևից՝ անփայլ, երկար կոթունավոր և 2-3 անգամ գերազանցում են տերևաթիթեղի երկարությանը։ Պտուղը մերկ է, կլոր կամ սեղմված, հասունները սևավուն, գագաթին պահպանվում է ծաղկի բաժակը։ Ծաղկում է ապրիլ-մայիս, պտղաբերում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղները թափվում են հոկտեմբերին։

Չափազանց ցրտադիմացկուն է, դիմանում է մինչև -40 °C սառնամանիքներին, բավականին լուսասեր է և խոնավասեր, սակայն լավ է աճում նաև չոր վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ջերմադիմացկուն է, բավականին արագ է աճում։

Հայաստանի անտառներում պատվաստված ծառերը բավականին բարձր բերք են տալիս։ Պտուղը պարունակում է մեծ քանակությամբ շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ։ Ապրում է մինչև 300 տարի։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Աշոցքում (Վերին Ախուրյան), Լափում, Նոյեմբերյանի, Շամշադինի, Գուգարքի, Թումանյանի շրջաններում։ Աաճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, կաղնեբոխային անտառներում, գետափերին[1]։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում, Սյունիքի մարզի հյուսիսային շրջաններում և Արցախում[2]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են պտուղներն ու տերևները։ Տանձենու պտուղների եփուկն օգտագործում են որպես միզամուղ միջոց երիկամների, միզապարկի և միզուղիների բորբոքումների բուժման համար։ Թարմ պտուղներից պատրաստում են մուրաբա, ջեմ, կիսել, քաղցր ըմպելիքներ և մրգային գինի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 337։
  2. 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձենի կովկասյան» հոդվածին։