Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տայգա (այլ կիրառումներ)

Տայգա բառը յակուտերեն է և նշանակում է անտառ։ Սակայն ոչ բոլոր անտառներն են տայգա։ Գիտնականները տայգա են անվանում բարեխառն գոտու փշատերև անտառները։ Գիտնականները տարբերում են մութ փշատերև տայգա, լուսավոր փշատերև տայգա և սոճու անտառներ։ Տայգան փշատերեւ անտառների ենթազոնան է։ Տարածվում է գոտու հյուսիսում զբաղեցնելով ընդարձակ տարածք՝ Սկանդինավյան թերակղզուց մինչև Խաղաղ օվկիանոս։ Հյուսիսային Ամերիկայում տայգան ընդգրկում է Կանադայի կենտրոնական շրջանները՝ Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս։

Տայգայի տարածման շրջանները

Տարածման շրջաններ խմբագրել

 
Տայգան Հյուսիսային Ամերիկայում

Փշատերև անտառների բնական գոտին տարածվում է բարեխառն կլիմայական գոտու հյուսիսում։ Փշատերև անտառներն աճում են Եվրասիայում (Սկանդինավյան թերակղզում, Ռուսական և Արևմտասիբիրական հարթությունների հյուսիսում, Միջին Սիբիրում, հեռավոր արևելքում), Հյուսիսային Ամերիկայում (Կանադական սարահարթում, Ալյասկայի հարավում), Հարավային կիսագնդում (Հարավային Ամերիկայի ծայր հարավում, Թասմանիա և Նոր Զելանդիա կղզիների հարավում)։

Կլիմա խմբագրել

Կլիման արևմուտքից արևելք դառնում է ցամաքային։ Ձմռանը ցուրտ է, ձնածածկույթը՝ կայուն։ Հունվարի միջին ջերմաստիճանը արևմուտքում -5 °C է, իսկ ցամաքի կենտրոնում՝ մինչև -40 °C։ Ամռանը տաք է, տեղումների քանակը 700 - 400 մմ. (արևմուտքից արևելք)։

Ամբողջ անտառային գոտում տեղումների քանակը գերազանցում է գոլորշունակությանը։

Հողեր խմբագրել

 
Տայգան Ռուսաստանում (Վերխոյանսկ) ձմռանը

Հողը հումուսով հարուստ չէ, քանի որ համեմատաբար առատ տեղումները և հողի բարձր խոնավությունը ողողում են սննդարար նյութերը։ Առաջանում են պոդզոլային հողեր (մոխրավուն)։

Գոտում շատ են ճահիճները։

Բուսական աշխարհ խմբագրել

Տայգայում աճում են փշատերև, ջերմության նկատմամբ ոչ պահանջկոտ ծառեր (եղևնի, եղևենի, սոճի, խեժափիճի, մայրի և այլն)։ Հանդիպում են նաև մանրատերև ծառեր (կեչի, լաստենի, կաղամախի)։

Տայգան մարդուն տալիս է սիբիրյան սոճու «կաղիններ», արժեքավոր դեղաբույսեր՝ մարալարմատ, փշարմավ (չիչխան), կյանքի արմատ՝ ժենշեն։ Տայգայի ճահիճներից հավաքում են լոռամիրգ։ Տայգայում շատ են նաև հատապտուղներն ու սնկերը։ Այստեղ աճում են հապալասենի, թթուհատի, մոշենի, մռամոշի, ազնվամորի, լոռամրգի։

Կենդանական աշխարհ խմբագրել

 
Գորշ արջ

Տայգայում ապրում են թանկարժեք մորթի ունեցող կենդանիներ (սկյուռներ, սպիտակ նապաստակ, աղվեսներ, սպիտակ կզաքիս, սիբիրական տայգայում՝ սամույր)։

Խուլ թավուտներում ապրում են գորշ արջեր, լուսաններ, շատակերիկներ, անտառների եզրին՝ գայլեր։ Հյուսիսային տայգայում ապրում են հյուսիսային եղջերուներ։

Կան բազմապիսի թռչուններ (խլահավեր, կաքավներ, ցախաքլորներ, մայրահավեր, փայտփորիկներ և այլն)։

Օգտակար հանածոներ խմբագրել

Տայգայի գոտու ընդերքը հարուստ է ալմաստով ու ոսկով, նավթով ու գազով, արժեքավոր միներալներով ու հանքաքարերով։ Սակայն տայգան, հատկապես նրա արևելյան շրջանները, դեռևս լրիվ ուսումնասիրված չէ, քանի որ նրա ճահճուտներով ու անանցանելի անտառներով անցնելն այնքան էլ հեշտ գործ չէ։

Յուրացում խմբագրել

Տայգայում, բացի որսորդությունից և ձկնորսությունից, բնակիչները զբաղվում են նաև անտառահատմամբ և գետերով անտառանյութի տեղափոխմամբ։ Անտառներում, առանձնապես եվրոպական տայգայում, կան մշակման հողատարածություններ։ Ողողվող մարգագետիններում, գետերի երկարությամբ, բնակիչները զբաղվում են անասնապահությամբ։