Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն

Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն, պետական ակադեմիական, Վրացական ԽՍՀ առաջատար դրամատիկական թատրոններից։

Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն
Տեսակթատրոն և մշակութային արժեք
Երկիր Վրաստան[1]
Գտնվելու վայրըԹբիլիսի
Հիմնադրման ամսաթիվ1928
Անվանված էԿոնստանտին Մարջանիշվիլի
Կայքmarjanishvili.net/geo/project.php?sub1
 Marjanishvili Theatre Վիքիպահեստում
Վրաստանի Մարջանիշվիլու անվան պետական ակադեմիական թատրոն
Կ․ Մարջանիշվիլի

Պատմություն խմբագրել

Բացվել է 1928 թվականին՝ Քութայիսում` Կոնստանտին Մարջանիշվիլու նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։ 1930 թվականին թատրոնը փոխադրվել է Թիֆլիս, 1933 թվականին կոչվել` Կ․ Մարջանիշվիլու անունով։ 1966 թվականին թատրոնը դարձել է ակադեմիական։ Թատրոնի հիմնադիր կազմում են եղել Կ․ Մարջանիշվիլու աշակերտներ՝ Վ. Անջափարիձեն, Թ. Ճավճավաձեն, Ու. Չխեիձեն, Շ. Ղամբաշիձեն, Դ. Անթաձեն, Ե. Դոնաուրին, Ա. Ժորժոլիանին, Ս. Զաքարիաձեն, ինչպես և ավագ սերնդի դերասաններ՝ Ա. Իմեդաշվիլին, Ա. Կվանտալիանին, Ցու. Զարդալիշվիլին, Զ. Գոմելաուրին, Ա. Մուրուսիձեն, Վ. Չխիկվաձեն և ուրիշներ։ Հետագայում խումբը լրացվել է նոր ուժերով՝ Ե. Չերքեզիշվիլի, Տ. Աբաշիձե, Ն. Գոցիրիձե, Վ. Գոձիաշվիլի, Ս. Թաղայիշվիլի, Գ. Շավգուլիձե և ուրիշներ։ Օգտագործելով նախահեղափոխական վրացական և ռուսական թատրոնների առաջավոր դեմոկրատական ավանդույթները` Մարջանիշվիլին շարունակել է արդիականությանը համահնչուն հերոսառոմանտիկական արվեստի որոնումները, աշխատել վրացական բեմում արմատավորել սովետական բազմազգ թատրոնի նվաճումները։

 
Թատրոնի շենքը այսօր (Գ. Սոսանիձե)

Բեմադրել է` Տոլլերի «Հոպլյա, մենք ապրում ենք», Շոուի «Սուրբ կույսը», Դադիանու «Ուղիղ սրտին» (երեքն էլ՝ 1928), Կակաբաձեի «Ղվարղվարե Թութաբերի», Կալաձեի «Դա ինչպես եղավ», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» (բոլորը՝ 1929) և այլ պիեսներ։ Թատրոնում բեմադրվել են վրացի սովետական հեղինակների ստեղծագործությունները, ուր շոշափվել են արդիականության, Հայրենական մեծ պատերազմի, կոմունիստական շինարարության թեմաներ՝ Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը» (1938), Մդիվանու «Պարտիզաններ» (1942), Մոսաշվիլու «Նրա աստղը» (1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), Զափարիձեի «Զինվորի այրին» (1964), Գամսախուրդիայի «Լուսնի առևանգումը» (1968) և այլն։ Թատրոնը միաժամանակ իր խաղացանկում արժանի տեղ է հատկացրել ռուսական, արևմտաեվրոպական և ԽՍՀՄ ժողովուրդների դասական և ժամանակակից հեղինակների երկերին։ Թատրոնի լավագույն բեմադրություններից են նաև՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Սամանիշվիլու խորթ մայրը» (երկուսն էլ՝ 1937), Հյուգոյի «Ռուի Բլազ» (1941), Ա. Օստրովսկու «Անօժիտը» (1944), Գոգոլի «Ռևիզորը» (1951), Գորկու «Հատակում», Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Շեքսպիրի «Ռիչարդ III» (երեքն էլ՝ 1957), Դումբաձեի «Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը» (1960), Եվրիպիդեսի «Մեդեա» (1962), ազգային դասական դրամատուրգիայից՝ «Գուրիա Նինոշվիլի» (1934), Ցագարելու «Այժմ այլ են ժամանակները» (1936), «Մարդ է արդյո՞ք» (1946, 1954, 1970) և այլն։ Տարբեր տարիներ թատրոնի գլխավոր ռեժիսորներ են եղել Դ. Անթաձեն, Վ. Անջափարիձեն, Դ․ Ալեքսիձեն, Դ. Լորթքիփանիձեն։

1966 թվականին և 1980 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, ներկայացրել խաղացանկի լավագույն երկերը։ 1967 թվականին բեմադրվել է Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսը, ռեժիսոր՝ Վ․ Գոձիաշվիլի (խաղացել է նաև գլխավոր դերը), նկարչական ձևավորումը՝ ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռ. Նալբանդյան, երաժշտական ձևավորումը՝ ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ն. Մկրտչյան. Պաղտասարի դերում հանդես են եկել նաե ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Ա. Կվանտալիանին, ՎԽՍՀ վաստակավոր արտիստ Դ․ Օքրոսցվարիձեն։ Թատրոնի կազմում են (1981)՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ՝ Վ. Անջափարիձեն, Օ. Մեղվինեթուխուցեսին, ՎԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Ս. ճիաուրելին, ՎԽՍՀ ժողովրդական արտիստներ Մ. Զափարիձեն, Յա․ Տրեպոլսկին, Ա. Օմիաձեն, Դ. Օքրոսցվարիձեն, ՎԽՍՀ վաստակավոր արտիստներ՝ Ե. Ղիփշիձեն, Տ. Սաղվարելիձեն, Դ․ Ճիճինաձեն, Կ․ Լափերաձեն և ուրիշներ։

Թատրոնի գլխավոր ռեժիսորն է Թ. Չխեիձեն։

Պարգևներ խմբագրել

1958 թվականին թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 505