Վուշե գործվածք, վուշե մանվածքից և թելից գործվածք։ Հենքաթելերի կամ միջնաթելերի հետ բամբակե կամ այլ թելեր ու մանվածքներ օգտագործելու դեպքում գործվածքն անվանում են կիսավուշե։ Վուշե գործվածքներն աչքի են ընկնում բարձր հիգիենիկ հատկություններով, ունեն հարթ մակերևույթ, նուրբ փայլ, մեծ ամրություն և դիմացկունություն։ 1 մ2 Վուշե գործվածքի զանգվածը տատանվում է 100-ից (բատիստ) մինչև 1000 (բրեզենտ) գրամ և ավելի սահմաններում։ Թերություններն են․ կոշտությունը, ճմրթվելու և կծկվելու հատկությունները։ Ըստ նշանակման և կառուցվածքի տարբերում են սեղանի նախշավոր (սփռոցներ, անձեռոցիկներ), սրբիչի նախշավոր և խավավոր քաթաններ և հարթ սրբիչներ, կոստյումի-շրջազգեստի գործվածքներ (ռոգոժա, տրիկո և այլն), սավանի բարակ (սպիտակեղենի), տեռասային կտավներ, խտակտավներ, կոպիտ (տեխ․), լանջափեշի ձևավորման, բրեզենտե պարուսին, փաթթոցման և տոպրակի գործվածքներ, ինչպես նաև հրշեջ թևքեր և այլն։ Վուշե գործվածք սկսել են մշակել մոտ 9000 տարի առաջ Հնդկաստանի լեռնային մարզերում։ Հայկական լեռնաշխարհում վուշե գործվածքները տարածված են եղել դեռևս մ․ թ․ ա․ V—IV հազարամյակներում։ Թեղուտ բնակավայրի պեղումների ընթացքում հայտնաբերվել են բուսական թելերից գործված տարբեր տեսակի գործվածքներ։ Ուրարտական Թեյշեբաինի ամրոցից գտնված ածխացած գործվածքները պատրաստված են բրդից կամ բուսական թելերից (վուշ, կանեփ)։ Ուրարտական թագավորությունում օգտագործվել են վուշե շապիկներ։ Այդ մասին վկայում է խալդի աստծու տաճարի կողոպտման ավարի ցուցակը։

գործվածքներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 534