Վուկ Ստեֆանովիչ Կարաջիչ (սերբ.՝ Вук Стефановић Караџић/Vuk Stefanović Karadžić; (հոկտեմբերի 26 (նոյեմբերի 6), 1787[1][2], Տրշիչ, Օսմանյան կայսրություն[2][1][3] - հունվարի 26, 1864(1864-01-26)[1][2][4] կամ փետրվարի 7, 1864(1864-02-07)[3], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][5][3]), սերբ լուսավորիչ, բանասեր, պատմաբան, բանահավաք, ազգագրագետ։

Վուկ Կարաջիչ
Вук Караџић / Vuk Karadžić
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 6), 1787[1][2]
Տրշիչ, Օսմանյան կայսրություն[2][1][3]
Մահացել էհունվարի 26, 1864(1864-01-26)[1][2][4] (76 տարեկան) կամ փետրվարի 7, 1864(1864-02-07)[3] (76 տարեկան)
Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][5][3]
ԳերեզմանՍուրբ Միխաիլի տաճար
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Սերբիայի իշխանություն
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, թարգմանիչ, գրող, աստվածաշնչի թարգմանիչ, դիվանագետ, ժողովրդական հեքիաթների բանահավաք, մարդաբան, բանասեր, ազգագրագետ և բանահավաք
Հաստատություն(ներ)Բելգրադի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն, բանագիտություն և ազգագրություն
Պաշտոն(ներ)Mayor of Belgrade?
ԱնդամակցությունՍերբական գրականության ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Կրակովի գիտական ​​ընկերություն[3]
Ալմա մատերGymnasium of Karlovci?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և սերբերեն[6][7]
Ազդվել էՍավա Մրկալ
Ամուսին(ներ)Անա Կարաջիչ[8]
Երեխա(ներ)Մինա Կարաջիչ և Դիմիտրիե Կարաջիչ
 Vuk Karadžić Վիքիպահեստում

Սերբական մշակույթի և ազգային վերածննդի գործիչ։ Առաջին սերբական ապստամբության (1804—1813) մասնակից։ Գրական սերբերենի հիմնադիրը։ Կազմել է սերբերենի առաջին գիտական քերականությունը և բառարանը։ Բարեփոխել է գրական սերբերենը՝ հիմքում դնելով իր հարազատ հերցեգովինյան բարբառը, կարգաբերել է սերբական այբուբենը /եկեղեցասլավոնական այբուբենից հանել է նոր ժամանակներում ավելորդ դարձած տասներկու տառ, ավելացրել վեց նոր տառ, որոնց կարիքը զգացվում էր/, նոր ուղղագրության հիմքում դրել,,ինչպես արտասանվում է, այդպես էլ գրվում է,, սկզբունքը։ Եղել է սերբ և խորվաթ ժողովուրդների լեզուների միասնության վերաբերյալ Վիեննայում կնքված համաձայնության նախաձեռնողն ու ակտիվ կազմակերպիչը։

Առաջինն է հավաքել ու հրատարակել սերբական ժողովրդական երգեր ու հեքիաթներ, լույս ընծայել պատմաազգագրական արժեքավոր աշխատություններ։

Կենսագրություն խմբագրել

Վուկ Կարաջիչը ծնվել է 1787 թվականի նոյեմբերի 7-ին Լոզնիցայի մերձակայքում գտնվող Տրշիչ գյուղում։ Հայրը՝ Ստեֆանը, և մայրը՝ Եգդան, նրան Վուկ («Գայլ») են անվանակոչել, որպեսզի նորածին մանկանը պաշտպանեն չար ոգիներից (բանն այն է, որ նրանց ընտանիքում նորածին երեխաների մահացության մակարդակը չափազանց բարձր էր)։ Վուկի բախտը բերել է նաև այն տեսակետից, որ շրջակայքում միակ գրագետ մարդը՝ Եվտա Սավիչ Չոտրիչը, իր ազգականն էր։ Հենց նա էլ տղային գրել-կարդալ է սովորեցրել։ Այնուհետև նա իր ուսումը շարունակել է Լոզնիցայի Տրոնոշա վանքում։ Այստեղ վայելչագրություն է սովորել՝ գրչի փոխարեն գործածելով եղեգ և թանաքի փոխարեն՝ վառոդի լուծույթ։ Իսկ եթե բախտը բերում էր, և որպես թուղթ գործածելու համար փամփուշտների փաթեթավորման նպատակով օգտագործվող ստվարաթուղթ էր ձեռքն ընկնում, նա իրեն երջանիկ էր համարում։ Հայրը արգելեց տղային ուսումը շարունակել Ավստրիայում, քանի որ կանոնավոր կրթությունը իրենց կողմերում այն ժամանակներում ընդունված ու հարգի չէր։ Տեսնելով, որ վանքում Վուկին ուսում տալու փոխարեն ստիպում են նախիրն արածեցնել, Ստեֆանը տղային տուն բերեց։

1804 թվականին բռնկվեց սերբերի առաջին ապստամբությունը թուրքական լծից ազատագրվելու համար, և պատանի Վուկը ևս մասնակցեց ազատագրական պայքարին։ 1806 թվականին մի կարճ ժամանակ ուսանեց Սրեմսկի Կառլովիցի գիմնազիայում, մի քանի ամիս լատիներեն ու գերմաներեն սովորեց Պետրինիայում, այնուհետև մեկնեց Բելգրադ, որտեղ հույս ուներ սովորել ճանաչված գիտնական, մանկավարժ Դոսիտեյ Օբրադովիչի մոտ, բայց դա նրան չհաջողվեց։ Կարաջիչը մեկնեց Յադար, դարձավ Յակով Նենադովիչի գրագիրը, իսկ 1808 թվականին, երբ բացվեց Բելգրադի բարձրագույն դպրոցը, դարձավ դրա առաջին ուսանողներից մեկը։ Շատ չանցած՝ նա, ցավոք, հիվանդացավ և հարկադրված էր թողնել ուսումն ու բուժման նպատակով մեկնել Նովի Սադ, ապա՝ Պեշտ: Ոտքն այդպես էլ չհաջողվեց ապաքինել, և նա մինչև կյանքի վերջը մնաց կաղ։

1810 թվականին Կարաջիչը վերադարձավ հայրենիք, և քանի որ զինվորական շարային ծառայության պիտանի չէր, հրամանատարներ Չուրչիջի և Հայդուկ-Վելիկոյի մոտ ծառայեց որպես քարտուղար։ 1813 թվականին թուրքերը ճնշեցին սերբերի ապստամբությունը, Վուկը մեկնեց Վիեննա, որտեղ որոշ ժամանակ անց հանդիպեց ու ծանոթացավ սլովեն ճանաչված լեզվաբան, սլավոնագիտության փորձառու, բանիմաց մասնագետ Երնեյ Կոպիտարի հետ։ Վերջինիս ազդեցությունը կարևոր դեր խաղաց և օգնեց Կարաջիչին սերբական նոր գրական լեզվի և նոր ուղղագրության արմատավորման, հաստատման համար նրա մղած պայքարում։

1814 և 1815 թվականներին Կարաջիչը լույս ընծայեց իր հավաքած ու գրի առած սերբական ժողովրդական երգերի առաջին և երկրորդ հատորները (հատորների թիվը տարեցտարի աճեց և ի վերջո հասավ իննի)։ Այդ հրաշալի երգերը, հրատարակվելով՝ իրենց վրա հրավիրեցին Եվրոպայի ու Ամերիկայի շատ ու շատ անվանի մտավորականների ուշադրությունը։ Գյոթեն դրանց բնորոշեց իբրև «հոյակապ և Սողոմոնի «Երգ երգոցի» հետ համեմատվելու արժանի»։ 1824 թվականին Կարաջիչն իր հրատարակած ժողովրդական երգերի ժողովածուի մի օրինակն ուղարկեց Յակոբ Գրիմին, որը, ծանոթանալով գրքին, շատ բարձր գնահատեց հատկապես «Սկադարի շինությունը» երգը, թարգմանեց գերմաներեն, և այն դարձավ շատ ու շատ սերունդների սիրած երգերից մեկը։ Այդ երգի մասին Գրիմը գրեց, որ «դա բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների ամենահուզիչ երգերից մեկն է», իսկ Կարաջիչի կազմած ժողովածուում ամփոփված երգերն ընդհանրապես բնութագրեց որպես հոմերական պոեզիայի ազնվագույն ծաղկանմուշների։ Ֆրանսիական գրականության ռոմանտիկական դպրոցի հիմնադիրներից Շառլ Նոդիեն, Պրոսպեր Մերիմեն, Լամարտինը, Ժերար դը Ներվալը դրանցից բավականին մեծ քանակությամբ թարգմանեցին ֆրանսերեն, Ալեքսանդր Պուշկինը որոշ երկեր թարգմանեց ռուսերեն, ֆինն ազգային բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգը՝ ֆիններեն, Սամուել Ռոզնեյը՝ չեխերեն, Կազիմեժ Բրոձինսկին՝ լեհերեն, Վալտեր Սքոթը, Օուեն Մերեդիթը, Ջոն Բոուրինգը՝ անգլերեն... Եղան նաև բազում այլ թարգմանություններ։

1814 թվականին Կարաջիչը հրատարակեց նաև ժամանակակից գրական սերբերենի առաջին քերականությունը, 1819 թվականին Վիեննայում՝ սերբական առաջին բառարանը։ 1819 թվականի փետրվարից մինչև մայիս, Աստվածաշնչյան ընկերակցության հրավերով, եղավ Ռուսաստանում, որտեղ լուսավորության նախարար իշխան Գոլիցինը նրան 5000 ռուբլի տվեց «Նոր կտակարանը» թարգմանելու համար, իր հերթին կոմս Ռումյանցևը մի խոշոր գումար նշանակեց, որպեսզի Կարաջիչը հնարավորություն ունենա շրջելու սլավոնական երկրներում և հավաքելու աշխարհագրական, ազգագրական, լեզվաբանական բնույթի նյութեր, ինչպես նաև տեղեկություններ պատմական հուշարձանների ու հին գրքերի մասին։ Ընդ որում՝ այս վերջին առաջադրանքի մասին ոչ ոք չպիտի իմանար, Կարաջիչը պետք է ճամփորդեր incognito, որպեսզի իր կյանքը վտանգի չենթարկեր. չէ, ինչպես նշում է այս ամենի մասին իր հուշերի գրքում հիշատակած ցարական բարձրաստիճան պաշտոնյա Ի. Ն. Պոբոյկոն,,,турки подозрительны и губительны для ученых народ":

Այս ամենի հետ մեկտեղ Կարաջիչը շարունակում էր բանահյուսական նյութեր հավաքել, գրի առնել ու հրատարակել։ Ընդ որում՝ բանահավաքչական աշխատանքներում ներգրավել էր նաև այլ նվիրյալների՝ ռիզենցի գրականագետ Վուկ Վրչևիչին, որը դարձավ նրա հավատարիմ ու անձնվեր գործընկերը, Բոկա Կոտորսկայի քահանա Վուկ Պոպովիչին, Միլան Դ. Միլիչևիչին...

Կարաջիչի երկերի մեծ մասի հրատարակությունը իշխան Միլոշ Օբրենովիչի իշխանության տարիներին արգելված էր Սերբիայում և Ավստրիայում։ Իշխանը վախենում էր, որ ժողովածուներում տեղ գտած բազմաթիվ ստեղծագործություններ կարող են ժողովրդի մեջ հայրենասիրության պոռթկում առաջացնել, ազատության, անկախության ձգտումներ արթնացնել՝ վտանգելով իր հավատարմությունը օսմանյան կայսրության նկատմամբ, որի հետ վերջերս էր դժվարին հաշտություն կնքել։ Այդ նույն ժամանակ աշխարհի այլ վայրերում և հատկապես Ռուսաստանում Կարաջիչի աշխատանքը բարձր գնահատականի էր արժանանում։ Ռուսական ցարը մինչև իսկ թոշակ էր նշանակել նրան։

Վուկ Կարաջիչը վախճանվել է 1864 թվականի փետրվարի 7-ին, Վիեննայում։ 1897 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Բելգրադ և մեծ պատիվներով վերահուղարկավորվել Սուբ Միքայել վանքի առջև՝ Դոսիտեյ Օբրադովիչի շիրմի կողքին։ Այս գործում կարևոր դեր են խաղացել նաև Վուկի զավակները՝ դուստրը՝ գրող, նկարչուհի Մինա Կարաջիչը, և որդին՝ զինվորական սպա Դիմիտրիյե Կարաջիչը։

Վաստակի գնահատումը և հիշատակը խմբագրել

Գրականագետ Յովան Դերետիչը, ի մի բերելով Վուկ Կարաջիչի հիսուն տարվա անխոնջ աշխատանքի արդյունքները, եզրակացնում է, որ նա «արել է այնքան հսկայական գործ, որքան գիտությունների մի ամբողջ ակադեմիա կաներ»։

Կարաջիչն իր կենդանության օրոք բարձր պատիվների է արժանացել եվրոպական մի շարք երկրներում, ընտրվել բազմաթիվ բարձրագույն ուսումնական ու գիտական հաստատությունների պատվավոր անդամ, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Գյոթինգենի, Զագրեբի, Բելգրադի ակադեմիաների ու համալսարանների, Փարիզի ու Կրակովի գիտաուսումնական տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների։ Նրան պատվավոր դոկտորի կոչում և պետական պարգևներ՝ շքանշաններ ու մեդալներ են շնորհել Ռուսաստանի և Ավստրոհունգարիայի միապետները, Պրուսիայի, Չեռնոգորիայի թագավորները, Ռուսաստանի գիտությունների ակադեմիան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1987 թվականը հռչակել էր Վուկ Կարաջիչի տարի։ Կարաջիչին շնորհվել է նաև Զագրեբի պատվավոր քաղաքացու կոչում։ 1964 թվականին՝ Կարաջիչի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ուսանողական շինարարական ջոկատները «Տրշիչ-64» երիտասարդական ակցիայի շրջանակներում կառուցեցին մի ամֆիթատրոն՝ հարմարավետ բեմով։ 1987 թվականին Կարաջիչի ծննդավայրը՝ Տրշիչ գյուղը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ստացավ, կառուցվեց Կարաջիչի տնից Տրոնոշա վանք տանող բարեկարգ ճանապարհ։ Մեծ մտավորականի ու հայրենասերի տունը 1979 թվականին հռչակվել է բացառիկ կարևորության մշակութային հուշարձան և պահպանվում է Սերբիայի Հանրապետության կառավարության կողնից։ Տրշիչը դարձել է Սերբիայում գյուղական զբոսաշրջության կարևորագույն և մեծ ժողովրդականություն վայելող երթուղիներից մեկը։ Կարաջիչի կյանքի ուշագրավ դրվագների վրա հիմնված ամենաբազմազան նյութեր են հաճախակի հաղորդվում Սերբիայի հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Սերբական շատ ու շատ դպրոցներում կարելի է տեսնել նրա դիմանկարը՝ ամենապատվավոր տեղում։ Հիմնական և միջնակարգ դպրոցները բացարձակ գերազանց ավարտած աշակերտներին շնորհվում է «Վուկ Կարաջիչի դիպլոմ»,և նրանք համարվում են լավագույն սովորողների էլիտար խմբի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

5.Побойко И. Н.,,Мои воспоминания. Мои записки" М.,,Новое литературное обозрение", 2013г., стр. 328

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 309