Վերնեյի ճակատամարտ (ֆր.՝ bataille de Verneuil, անգլ.՝ Battle of Verneuil), ճակատամարտ, տեղի է ունեցել 1424 թվականի օգոստոսի 17-ին Նորմանդիայի Վերնեյ ամրոցի մոտ՝ անգլիական և ֆրանս-շոտլանդական միացյալ բանակների միջև, որտեղ անգլիացիները վստահ հաղթանակ են տարել։ Ճակատամարտը Հարյուրամյա պատերազմի առավել կատաղի և արյունալի բախումներից մեկն է։

Վերնեյի ճակատամարտ
ԹվականՕգոստոսի 17, 1424 թվական
Մասն էՀարյուրամյա պատերազմ
ՎայրՎերնեյ սյուր Ավր (Ֆրանսիա)
ԱրդյունքԱնգլիացիների վճռական հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիա Ֆրանսիա
Շոտլանդիա
Հրամանատարներ
Ջոն Բեդֆորդ
Կոմս Սոլսբերի
Կոմս դ՛Օմա†
Կոմս Բյուկեն†
Կոմս Դուգլաս†
Կողմերի ուժեր
9000—9800 զինվոր12—18 000 զինվոր
Ռազմական կորուստներ
1600 զինվոր6000 սպանված
200 գերի

Նախապատմություն խմբագրել

1420-ականների սկիզբը Ֆրանսիայի պատմության լավագույն շրջանը չէր։ Երկիրը դժվարությամբ էր վերականգնում ուժերը 1415 թվականին Ազենկուրի աղետալի պարտությունից հետո, որի արդյունքում անգլիացիները գրավել էին հյուսիսային նահանգների մեծ մասը։  Իրավիճակը սրում էր նաև Բուրգինիոնների և Արմանյակների միջև չդադարող պատերազմը։ 1422 թվականին Հենրի V թագավորը, Ֆրանսիայի գահի ռեգենտը, Մոյում մահացավ։ Նրա կրտսեր որդին անմիջապես թագադրվեց որպես Անգլիայի եւ Ֆրանսիայի թագավոր, սակայն Արմանյակները հավատարիմ մնացին Շառլ թագավորի որդուն, որին ընդունում էին Ֆրանսիայի հարավում, ինչի հետևանքով էլ պատերազմը շարունակվում էր։ Այս բարդ պայմաններում Ֆրանսիան, որն աջակցության խիստ կարիք ուներ, օգնության խնդրանքով դիմում է իր վաղեմի դաշնակից շոտլանդացիներին։

Շոտլանդական առաջին խոշոր քանակակազմը (6000 զինվոր)՝ Բյուքենի կոմս Ջոն Ստյուարտի հրամանատարությամբ, ոտք դրեց Ֆրանսիա 1419 թվականին և շուտով դարձավ ֆրանսիական բանակի կարևոր և անբաժանելի մասը՝ հիանալի դրսևորելով իրեն Բոժեի ճակատամարտում։ Առաջին լուրջ պարտությունը 1423 թվականին Կռավանում զգալիորեն խարխլեց շոտլանդացիների մարտական ոգին, որոնք պատերազմում բազմաթիվ հայրենակիցներ էին կորցրել, սակայն նրանք շարունակում էին իրենցից լուրջ ուժ ներկայացնել։

1424 թվականի սկզբին Բյուքենը կրկին ժամանեց Ֆրանսիա՝ իր հետ բերելով մոտ 6500 զինվոր։ Այս զորքի հետ Ֆրանսիա էր ժամանել նաև Շոտլանդիայի ամենաազդեցիկ մեծատոհմիկներից մեկը՝ լորդ Արչիբալդ Դուգլասը։ 1424 թվականի ապրիլի 24-ին 2500 զրահավորներից և 4000 նետաձիգներից կազմված շոտլանդական բանակը մտավ Բուրժ՝ դոֆին Շառլի նստավայրը։ Օգոստոսին նոր բանակը հանդես եկավ Լա Մանշի մոտակայքում գտնվող Իվր ամրոցի պաշտպաններին օգնելով. ամրոցը պաշարել էին դուքս Բեդֆորդի անգլիական զորքերը։ Դուգլասը, որը միայն վերջերս է դարձել Տուրենի դուքսը, և Բյուքենը օգոստոսի 4-ին դուրս եկան Տուրից՝ Ալանսոնի դուքսի, ինչպես նաև Նարբոնի վիկոնտի և կոմս դ' Օմալի ջոկատներին միանալու համար։ Սակայն Իվրը կապիտուլացվեց մինչև ֆրանս-շոտլանդական միացյալ զորքերի ժամանումը։

հրամանատարները հետագա գործողությունների վերաբերյալ տարակարծություն ունեին։ Շոտլանդացիները և ֆրանսիական բանակի որոշ կրտսեր հրամանատարներ պնդում էին, որ անհապաղ պետք էր մարտնչել։ Ի հակակշիռ նրանց՝ Նարբոնի վիկոնտը և ֆրանսիական բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները, չմոռանալով Ազենկուրի դասերը, դժկամությամբ էին վերաբերվում հայրենակիցների և դաշնակիցների վճռական կոչերին։ Ի վերջո, հրամանատարները փոխզիջման գնացին. որոշվեց հարձակվել Նորմանդիայի՝ անգլիական սահմանային ամրոցների վրա, իսկ առաջին հարվածը պետք է իր վրա վերցներ տարածաշրջանի արևմտյան մասում գտնվող բերդը՝ Վերնեյը։ Շուտով Վերնեյը խաբեությամբ գրավվեց ֆրանսիացիների կողմից։ Օգոստոսի 15-ին Բեդֆորդը տագնապալի լուրեր ստացավ Վերնեյի գրավման մասին և անմիջապես արշավանք ձեռնարկեց։ Երկու օր անց Բեդֆորդը զորքերի հետ արդեն մոտեցել էր քաղաքին։ Վճռական շոտլանդացիները, մոռանալով Հալիդոն-Հիլլի տխուր փորձը, համոզեցին իրենց դաշնակիցներին ընդունել ճակատամարտը։

Ճակատամարտի նախերգանք։ Զորադասավորում խմբագրել

Բանակը Վեռնեյից առաջ շարժվեց հյուսիս՝ դեպի անտառ տանող ճանապարհի հատման վայրում գտնվող բաց տեղանքում մարտական հերթականությամբ դասավորվելով օգոստոսի 17-ի առավոտյան։ Ճանապարհի ձախ կողմում տեղակայվեցին ֆրանսիական հետևակ զինվորները և Նարբոնի վիկոնտի աղեղնավորները, որոնց աջակցում էր հեծելազորի ջոկատը։ Դուգլասն ու Բյուքենը, հետևակ զինվորների գլուխ անցած, աջ թևում էին, որն ուժեղացվել էր լոմբարդային հեծյալների ջոկատով։ Թևերում հեծելազորի նպատակը անգլիական ֆլանգների ջախջախումն էր և հակառակորդի թիկունքը ճեղքելը։ Առաջնաթև չի եղել։ Ընդհանուր ղեկավարությունն իր վրա վերցրեց կոմս դ' Օմալը, սակայն փաստացի միմյանցից անջատ ու վատ կազմակերպված բանակում մարտական գործողությունների ընդհանուր ղեկավարումն անհնար էր։ Ֆրանսիացիների ու շոտլանդացիների մեծ մասը մարտնչում էր ոտքի վրա։

Անցնելով անտառով՝ անգլիացիները մոտեցան հակառակորդին, ինչպես նաև զորադասավորվեցին։ Բեդֆորդը զորքերը տեղակայեց անգլիացիների համար սովորական ձևով. կենտրոնում հետևակի զինվորներն էին, թևերում՝ նետաձիգները։ Ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիական բանակում, Բեդֆորդի զինվորների ճնշող մեծամասնությունը կռվում էր ոտքի վրա։ Նետաձիգները իրենց դիրքերն ամրապնդեցին հողում խրված փայտե ցցերի շարքով։ Զինվորների հետևում դասավորվեցին ձիավոր պաժերը, ծառաները և բոլոր նրանք, ովքեր չէի կարողանում զենք կրել։ Բեդֆորդը սայլաշարքը պահպանող 2000 հրաձիգերի ուժեղ պահեստազոր առանձնացրեց։ Բանակը բաժանվեց երկու մեծ ջոկատի։ Ինքը՝ Բեդֆորդը, հրամանատարում էր այն թևը, որը դիմակայելու էի միացյալ բանակի ֆրանսիական թևին։ Կոմս Սոլսբերի Թոմաս Մոնթեգյուն գլխավորում էր շոտլանդացիներին հանդիպակաց թևը։

Ճակատամարտ խմբագրել

Մարտի սկզբից երկու բանակներ շարժվեցին միմյանց ընդառաջ։ Անգլիացի նետաձիգերը, հակառակորդի մոտեցմանը զուգահեռ, սկսեցին ցցեր խփել գետնին, սակայն չոր հողը խիստ խոչընդոտում էր դրան, ինչից անմիջապես օգտվեցին լոմբարդային եւ ֆրանսիական հեծյալները։ Նետվելով նետաձիգերի վրա՝ հեծելազորը մասնատեց նրանց շարքերը, սակայն անգլիացիների թիկունք դուրս գալու փոխարեն նրանք ճեղքեցին հակառակորդի գումակը։ Անգլիացիների աջ թևը, այնուամենայնիվ, անպաշտպան դարձավ, ինչը մեծ վտանգ ստեղծեց։ Այդ ժամանակ Բեդֆորդի զինվորները, որոնք չէին կորցրել իրենց հավասարակշռությունը, կատաղի գրոհով, ճակատային հարվածով հետ շպրտեցին Նարբոնի վիկոնտի ֆրանսիական զորքերը։ Արյունալի գոտեմարտը տևեց մոտ 45 րոպե։ Վիկոնտի ֆրանսիական ջոկատի մնացորդները խուճապահար փախան դեպի Վերնեյ, որտեղ շատ մարտիկներ, նրանց թվում՝ կոմս դ' Օմալը, խեղդվեցին խրամում։

Հետապնդումը դադարեցնելով՝ Բեդֆորդը վերադարձավ ռազմի դաշտ, որտեղ շոտլանդացիները հաստատուն էին պահում պաշտպանությունը։ Այդ ժամանակ լոմբարդյան հեծյալները, շրջանցելով կոմս Սոլսբերիի զորքերը, հարձակվեցին անգլիական գումակի վրա՝ վախենալով, որ՝ չլինի թե ֆրանսիական հեծյալներին բաժին ընկնի ողջ ռազմավարը։ Չնայած իր սկզբնական հաջողությանը, հեծելազորը բախվեց անգլիական պահեստազորի հրաձիգների ուժեղ դիմադրությանը։ Գումակի վրա հարձակումը էական արդյունք չունեցավ, թեև լոմբարդացիները կոտորել էին սպասավորակազմի մի մասը և որոշ քանակությամբ ռազմավար էին զավթել։ Շուտով ֆրանսիական, ապա նաև լոմբարդյան հեծյալները հետ շպրտվեցին անգլիական պահեստազորի զինվորների կողմից։

Զգալով հաղթանակի համը՝ պահեստազորի աղեղնավորները սեփական նախաձեռնությամբ մտան մարտի դաշտ և կռվի բռնվեցին շոտլանդացիների հետ՝ նետվելով շոտլանդական աջ թևի անպաշտպան մնացած զորաշարվածքի վրա։ Շուտով շոտլանդացիներին թիկունքից սկսեցին հարվածել Բեդֆորդի՝ վրա հասած զորքերը, որոնք շրջապատեցին ու ավարտին հասցրեցին հակառակորդի ջախջախումը։ Փայլուն հաղթանակը թանկ նստեց անգլիացիների վրա, որոնք 1600 զինվոր կորցրեցին։ Դաշնակիցները մոտ 6000 սպանված ունեին (ըստ Էնգերրան Դե Մոնստրեի՝ 4000-5000), որոնց մեծ մասը շոտլանդացիներ էին։ Մոտ 200 մարդ գերի ընկավ։

Հետևանքներ խմբագրել

Շոտլանդացիները այս ճակատամարտում ծանրագույն կորուստներ ունեցան։ Կոմս Դուգլասը և կոմս Բյուքենը սպանվեցին։ Բացի դա, զոհվեցին ֆրանսիական գրեթե բոլոր զորահրամանատարները՝ կոմս դ' Օմալը, Նարբոնի վիկոնտը և ուրիշներ։ Պարտությունը խորացրեց Ֆրանսիայի՝ առանց այն էլ բարդ իրավիճակը և նպաստեց անգլիացիների՝ ֆրանսիական հողում էլ ավելի առաջխաղացմանը։

Գրականություն խմբագրել

Սկզբնաղբյուրներ
Հետազոտություններ
  • Burne, A. H., The Agincourt War. A Military History of the Latter Part of the Hundred Years War from 1369 to 1453, 1956.
  • Casavetti, E., The Lion and the Lilies, 1977.
  • Donaldson, G., The Auld Alliance, 1985.
  • Forbes-Leith, W., The Scots Men-at-Arms and Life Guards in France, 1882.
  • Griffiths, R. A., The Reign of Henry VI, 1981.
  • Seward, D. The Hundred Years War, 1978.
  • Simpson, M. A, «The Campaign of Verneuil», in the English Historical Review, vol. 49, 1934.
  • Stuart, M. W., The Scot who was a Frenchman, 1940.

Արտաքին հղումներ խմբագրել