Վեստալուհիներ (լատին․՝ virgo vestalis), Հին Հռոմում Վեստա աստվածուհու քրմերը, ովքեր մեծ հարգանք ու ընդունելություն էին վայելում։ Նրանց առանձնահատկությունը անձեռնմխելիությունն էր (այդ պատճառով շատերը նրանց էին վստահում իրենց կտակներն ու այլ փաստաթղթեր)։ Վեստալուհիներն ազատվում էին հայրական իշխանությունից, սեփականության իրավունք ունեին և կարող էին տնօրինել իրենց սեփականությունն ըստ իրենց հայեցողության։ Վեստալուհիներին վիրավորելու ցանկացած փորձ պատժվում էր մահվամբ։ Վեստալուհու դիմացից գնում էր լիկտորը, առանձնահատուկ պայմաններում վեստալուհիներն իրավունք ունեին դուրս գալ մարտակառքով։ Եթե նրանց ճանապարհին հանդիպում էր մահապատժի դատապարտված հանցագործ, նրանք իրավունք ունեին ներում շնորհել նրան։

Վեստալուհի. Հատված Ֆրեդերիկ Լեյթոնի փորագրությունից, 1880

Վեստալուհիների պարտականությունների մեջ էր մտնում Վեստայի տաճարի սրբազան կրակի պահպանումը, տաճարի մաքրությանը հետևելը, Վեստային զոհաբերություններ մատուցելը, պալլադիումի և այլ սրբավայրերի պահպանումը։ Պլուտարքոսը, ով բավականին մանրամասն նկարագրություն է թողել Վեստային ծառայելու կանոնների մասին, ենթադրում է, որ նրանք պահպանել են նաև այլ աչքից գաղտնի որոշ սրբավայրեր ու իրականացրել են գաղտնի ծեսեր։

Վեստալուհիների ինստիտուտի ստեղծում խմբագրել

 
Վեստալուհիների տան ավերակներ Հռոմում

Վեստալուհիների ինստիտուտի ստեղծումը վերագրվում է Նումա Պոմպիլոս կայսրին։

«Նա նաև ընտրեց աղջիկների` Վեստային ծառայության համար։ Այս ծառայությունը գալիս է Ալբայից և խորթ չէ Հռոմի հիմնադրի համար։ Տաճարի գործերին ամբողջությամբ նվիրվելու համար Նուման նրանց ազատում է պատժից, և առանձնացնելով կուսությամբ ու սրբազան այլ նշաններով` նրանց համընդհանուր հարգանք ու անձեռնմխելիություն է շնորհում։ (Տիտոս Լիվիոս, I, 20)

Պլուտարքոսը, որ ներկայացրել է այս փաստը իր «Զուգահեռ վարքագրություններ» աշխատության մեջ[1], չի կարողացել որոշակի պատասխանել այն հարցին, թե ինչու են վեստալուհիների համար ընտրել հենց երիտասարդ աղջիկների և թե ինչու նրանք պետք է պահեյին իրենց «մաքրությունը» 30 տարի։ Պլուտարքոսն արդարացիորեն մատնանշում է անմար կրակը պահպանելու հռոմեական և հունական սովորության նմանությունը, այն դեպքում, երբ Հունաստանում կրակը պիտի պահպանեին ծերացած օրիորդները, իսկ այն հանգչելու դեպքում վերականգնել կարելի էր միայն հին մեթոդով` արևից նորից վառելով։ Ինքը` Պլուտարքոսը, փորձում էր կուսության անհրաժեշտությունը կապել կրակի «անպտղության» հետ։ Սակայն, այս սովորության բացատրությունը թերևս թաքնված է «ամբողջովին աստծուն նվիրվելու» առաջնային գաղափարի մեջ, ինչը հատուկ էր նաև աստվածուհի Կիբելայի քրմերին կամ ինկերի «արևային կույսերին»։ Ըստ Սերվիոս Տուլլիոսի` վեստալուհիների թիվը հասնում էր վեցի. այս թիվն անփոփոխ է մնացել։ Վեստալուհիներից պահանջվում էր պատրիկյան ծագում, ֆիզիկական թերությունների բացակայություն, նրանք պետք է լինեին 6-10 տարեկան և նրանց երկու ծնողն էլ պետք է ապրեին Իտալիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.lib.ru/POEEAST/PLUTARH/likurg.txt Плутарх «Сравнительные жизнеописания. Нума Помпилий.»