Վեներայի գիշերային տոնը

Վեներայի գիշերային տոնը (Pervigilium Veneris) - լատիներեն պոեմ, որի հեղինակը և շարադրման ճիշտ ժամանակը հայտնի չէ։ Համարվում է 2-3 դարի ստեղծագործություն[1]։

«Վեներայի գիշերային տոնը» 93 տողից բաղկացած քնարական մի պոեմ է, որի մեջ դժբախտ սիրահարն արտահայտում է իր զեղումները Վեներայի տոնակատարության նախօրեին։ Սա հռոմեական գրականության մեջ առաջին դեպքն է, երբ բնությունը, գարունը, սոխակը դառնում են քնարերգության առարկա, գովերգության թեմա։ Քնարական հերոսը միայնակ է, իր մենության մեջ դիտում է բնությունը, բացված գարունը.

Նա երգում է, իսկ մենք լուռ ենք։ Իսկ երբ կգա իմ գարունը։ Երբ ես ծիծեռնակի կնմանվեմ և կդադարեմ լռել։ Լռությունից ես կորցրեցի իմ մուսային և նա ինձ անուշադրության է մատնել... թող վաղը սիրի նա, ով երբեք չի սիրել, և ով սիրել է, թող վաղը սիրի։ Գարունն է ծնել ողջ աշխարհը, գարնանն է տեղի ունենում փետրավորների ամուսնությունը, գարնանն է բողբոջում առաջին ընձյուղը. բեղմնավորման ու ծննդի գաղտնիքը թափանցում է անտառներն ու դաշտերը, գարնան երկիրը բեղմնավորող անձրևը թափվում է նրա գիրկը։ Վեներայի կամքով կուսական վարդերը բացում են իրենց բաժակիկները երկնային ցողի շիթերի համար, որոնք պսպղում են նրանց վրա դողդոջուն արցունքների նման... Իր կենարար շնչով Վեներան լցնում է և կյանք պարգևում երկնքին, երկրին ու ծովին... Սիրո հաճոյքը բեղմնավորում է գյուղական դաշտերը, գյուղը համակվում է Վեներայի զորությամբ, իսկ ըստ ավանդության գյուղում է ծնվել և Ամուրը, և երբ երկիրը ծնում է նրան, Վեներան ինքն է առնում իր գիրկը նրան և ինքն է աճեցնում նրան ծաղիկների քնքուշ համբույրներով
- Հատված պոեմից՝ վերածած արձակի

Աղբյուրներ խմբագրել

  1. Ա. Առաքելյան (1975). Հռոմեական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 522.