Վարպետաց վարպետի աջը (վրաց.՝ დიდოსტატის მარჯვენა), Կոնստանտինե Գամսախուրդիայի պատմավեպը։ Ստեղծագործության սյուժեի հիմքում ընկած է Սվետիցխովելի վանքի շինարարության պատմությունը։ Վեպի գլխավոր գործող անձինք են Գեորգի I-ն ու ճարտարապետ-շինարար Արսակիձեն։ Վեպի հիման վրա 1969 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։

Վարպետաց վարպետի աջը
վրաց.՝ დიდოსტატის მარჯვენა
ՀեղինակԿոնստանտին Գամսախուրդիա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուվրացերեն
ԵրկիրՎրաստան
Հրատարակման տարեթիվ1939

Կերպարներ խմբագրել

  • Գեորգի — Վրաստանի արքա
  • Մարիամ — թագուհի
  • Կոնստանտին Արսակիձե — ճարտարապետ
  • Մելքիսեդեկ — Վրաստանի կաթողիկոս
  • Զվիադ — սպասալար
  • Ֆարսման Պերս — թագավորի խորհրդական
  • Տալակվա Կոլոնկելիձե — ապստամբած ավատատեր
  • Շորենա— Տալակվա Կոլոնկելիձեի դուստրը

Վեպի ստեղծման պատմություն խմբագրել

Վեպի վրա գրողն սկսել է աշխատել 1938 թվականին։ Ապագա վեպի վերաբերյալ առաջին անգամ հիշատակվում է «Վարձիայի գաղտնիքը» կինոսցենարում 1932 թվականին։ Վեպը տպագրվել է «Մթանոբի» ամսագրում, ապա հեղինակի նովելների հետ հրատարակվել է «Տվալտա» ժողովածուում։ 1939 թվականի մարտի 31-ին, երբ լույս տեսավ վեպը, ծնվել է գրողի որդին՝ Զվիադ Գամսախուրդիան, ում կոչել են վեպի հերոսներից մեկի՝ Զվիադ սպասալարի պատվին։

Կոնստանտին Գամսախուրդիան մտադրվել էր գրել պատմական վեպերի շարք «Քարթլիի կյանքը» վերնագրով, որում «Վարպետաց վարպետի աջը» վեպից բացի ներառվելու էին «Դավիթ Շինարար» և «Թամար թագուհի» վեպերը, սակայն գրողը չհասցրեց ավարտել ծրագրածը։

Արձագանքներ խմբագրել

Իոսիֆ Ստալինը մի գիշերվա մեջ կարդացել է վեպն ու, արթնացնելով Բերիային, ասել. «Գամսախուրդիան հիանալի գրող է, ինչու՞ ես չգիտեի»։

Վեպը ճանաչվել է խորհրդային պատմավեպի լավագույն նվաճումներից մեկը։ Վեպի մասին դրական կարծիք է արտահայտել նաև գրաքննադատ Բեսո Ժգենտին։

Եղել են նաև բացասական կարծիքներ։ «Դրոշ» (ռուս.՝ «Знамя») ամսագրի 1945 թվականի № 9 համարում տպագրվել է Վ. Շկլովսկու նամակը «Վարպետաց վարպետի աջը» և «Դավիթ Աղմաշենեբելի» վեպերի մասին, որում նա գրողին մեղադրում էր, թե նա իր վեպերում չի արտացոլել Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ինչին Կոնստանտին Գամսախուրդիան պատասխանել է, որ այն ժամանակ ոչ մի վկայություն չի եղել երկրների միջև առկա հարաբերությունների մասին։

Սանդրո Շանշիաշվիլին կասկածի տակ է առնում փխովելցիների ապստամբության հարցը։ Կոնստանտին Գամսախուրդիան պատասխանել է. «Լեռնականները միշտ ընդդիմացել են թագավորական իշխանությանը, որ փորձում էր կենտրոնացնել երկրի իշխանությունը»՝ հիշեցնելով փխովելցիների ապստամբությունը Թամար թագուհու օրոք։

Առավել հաճախ հնչող քննադատությունը վերաբերում է Սվետիցխովելիի աջ պատին պատկերված աջ ձեռքի հիշատակությանը, որը, ըստ լեգենդի, պատկանում է Արսակիձեին։ Գամսախուրդիան պատասխանում է. «Այո, դա այդպես է, բայց վեպի հիմքում ընկած գաղափարը լեգենդում չի հիշատակվում։ Ես ցանկություն ունեի ասել ճշմարտությունը բռնակալ Գեորգի I թագավորի երկրում ապրող ճարտարապետի ճակատագրի մասին։ Եթե ես հետևեի լեգենդին, ապա կստացվեր Արսակաձեի ու Գեորգի I-ի գովերգումը»։

Թարգմանություններ խմբագրել

Վեպը թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով։ Ստեղծագործությունը ռուսերեն թարգմանել է Ֆաթման Տվալտվաձեն։ Դեռ հեղինակի կենդանության օրոք վեպը ռուսերենով հրատարակվել է 11 անգամ՝ ավելի քան 700 հազար ընդհանուր տպաքանակով։

1957 թվականին վեպը ռուսերենից թարգմանվել է ֆրանսերեն և հրատարակվել։ 1959 թվականին վեպն անգլերեն է թարգմանվել հնդիկ Շուքրիա և Շուբխամայ Գրոշեմ ամուսինների կողմից։

Վեպը թարգմանվել է նաև գերմաներեն (1969 թվական), հայերեն (1960 թվական), հինդի, ուրդու, չինարեն, օսերեն, ռումիներեն (1962 թվական) լեզուներով։

Գրականություն խմբագրել

  • Сосо Сигуа, Мартвили и Аламдари, т.1, 2003 г.
  • Бесарион Жгенти, Десница великого мастера, Литературная Грузия, 1939 г., № 22.
  • Сандро Шаншиашвили, Замечания к «Деснице великого мастера», Мнатоби, № 6, 1944 г., стр 112—130.
  • Французский художник наш гость, газета «Комунисти», 25 августа 1964 г.