Վարչական իրավունք. իրավունքի ճյուղ, իրավական նորմերի համակցություն, որը կարգավորվում է գործադիր իշխանության ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունները։ Վարչական իրավունքը որպես գիտություն իրավաբանական գիտության բաղկացուցիչ մաս է և բնորոշվում է որպես գործադիր-կարգադրիչ ոլորտին վերաբերող, վարչաիրավական հայացքների, գաղափարների, օրենքների մասին դիրքորոշումների, համակարգի գործունեության արդյունքների, վարչական օրենսդրության սկզբունքների, պատմության, հետագա զարգացման կանխատեսումների մասին պատկերացումների համակարգ։

Վարչական իրավունքի հասկացությունը խմբագրել

Վարչական իրավունքն իրավունքի նորմերի ամբողջություն է։ Վարչական իրավունքով կարգավորվում են հասարակական այն հարաբերությունները, որոնք ծագում, զարգանում ու դադարում են գործադիր իշխանության ոլորտում[1]։ Վարչական իրավունքը կարգավորում է այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնց առաջացումն անմիջականորեն կապված է պետական կառավարչական գործունեության հետ։ Վարչական իրավունքում սուբյեկտներից մեկը պարտադիր գործադիր իշխանության մարմին է կամ պաշտոնատար անձ, որն օժտված է այնպիսի լիազորություններով, որոնցով օժտված չէ մյուս կողմը։ Վարչական իրավունքը սերտորեն առնչվում է նաև իրավունքի այլ ճյուղերի հետ։ Կառավարչական բնույթ երբեմն ունենում են նաև իրավունքի այլ, օրինակ` աշխատանքային, ֆինանսական իրավունքի, ճյուղերով կարգավորվող հասարակական հարաբերությունները։

Վարչաիրավական հարաբերությունների դասակարգումը խմբագրել

Վարչաիրավական հարաբերությունները կարող են դասակարգվել մի շարք չափանիշներից ելնելով.

  1. Իրավական բնույթից ելնելով` վարչաիրավական հարաբերությունները լինում են նյութական և վարույթային։ Նյութական վարչաիրավական նորմերն արտահայտում են գործադիր իշխանության իրականացման իրավական ռեժիմը, մինչդեռ վարույթային նորմերն արտահայտում են վարչական ոլորտի իրականացման ընթացակարգը։
  2. Կախված սուբյեկտների իրավունքների ու պարտականություններից` վարչաիրավական հարաբերությունները դասակարգվում են հետևյալ խմբերի.
  • Իրավահարաբերություններ, որոնց մի սուբյեկտը իշխանություն ունի մյուս սուբյեկտի նկատմամբ. այսպես կոչված, ուղղահայաց հարաբերությունները։ Այս հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ ծագում են մի սուբյեկտի կամահայտնությամբ` պետական մարմնի կամ պաշտոնատար անձի լիազորությունների իրականացման ոլորտում։ Այս վարչաիրավական հարաբերությունները կարող են ծագել մյուս սուբյեկտի կամքից անկախ կամ նույնիսկ այդ կամքիօն հակառակ։ Իրավաբանական տեսակետից կողմերը հավասար չեն։ Վարչական իրավունքում առավել շատ են այսպիսի հարաբերությունները։
  • Իրավահարաբերություններ, որոնց սուբյեկտները հավասար են կամ հորիզոնական հարաբերություններ։ Այսպիսի հարաբերություններն առաջանում են միմյանց հետ ենթակայական հարաբերության մեջ չգտնվող պետական մարմինների, ինչպես նաև պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների միջև։ Այսպիսի հարաբերությունները վարչական իրավունքում այնքան էլ տարածված չեն։
  1. Վարչաիրավական հարաբերությունների ծագման հիմք համարվող իրավաբանական փաստերից կախված` տարբերվում են իրավաչափ և ոչ իրավաչափ հիմքերով ծագող վարչաիրավական հարաբերություններ։

Վարչական իրավունքի մեթոդը խմբագրել

Իրավունքի կարգավորման մեթոդ ասելով հասկանում ենք միջոցների, հնարքների, եղանակների ամբողջություն, որոնք օգտագործվում են տվյալ ոլորտի հասարակական հարաբերությունների կարգավորման համար։

  1. Կարգադրության մեթոդ. այս մեթոդը սուբյեկտների համար սահմանում է պարտականություն` գործելու վարչաիրավական նորմի շրջանակներում։
  2. Արգելքի մեթոդ. արգելում է որոշակի արարքների կատարումը` իրավական պատասխանատվության միջոցների սպառնալիքով։
  3. Թույլտվություն. հնարավորություն է տալիս սուբյեկտին ընտրելու վարքագծի մի քանի հնարավոր տարբերակներից մեկը։ Որպես կանոն, այս մեթոդը կիրառվում է պաշտոնատար անձանց գործունեությունը կարգավորելիս։ Սա թույլտվության կոշտ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս, օրինակ, վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ կիրառել պատասխանատվության երկընտրելի միջոցներից մեկը։ Այս մեթոդն է գործում նաև, այպես կոչված, հայեցողական լիազորությունների դեպքում։ Այս մեթոդը նշանակություն ունի նաև քաղաքացիների սուբյեկտիվ իրավունքների իրականացման հարցում։ Քաղաքացին ինքն է որոշում` բողոքարկե՞լ, թե՞ ոչ պաշտոնատար անձի այն գործողույթունները, որոնցով խախտվել են իր իրավունքները։ Սա արդեն թույլտվության «փափուկ» եղանակն է։

Վարչական իրավունքի գործառույթները խմբագրել

  1. Իրավակիրառիչ գործառույթ. այս գործառույթը դրսևորվում է նրանում, որ վարչական իրավունքը գործադիր իշխանության իրականացման իրավական արտահայտությունն է։
  2. Իրավաստեղծ գործառույթ. արտահայտում է գործադիր իշխանության մարմինների իրավունքը` ընդունելու վարչաիրավական նորմեր բովանդակող ակտեր։
  3. Կարգավորիչ գործառույթ. դրսևորվում է վարչաիրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտների գործունեության ներդաշնակությունն ապահովելու մեջ։
  4. Իրավապահպանիչ գործառույթ. կոչված է երաշխավորելու և պահպանելու վարչաիրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը։

Վարչական իրավունքի աղբյուրները խմբագրել

Վարչական իրավունքի աղբյուրները վարչաիրավական նորմերի արտաքին դրսևորման ձևերն են։ Պրակտիկայում իրավունքի աղբյուր ասելով հասկանում ենք ժողովրդի կամ իշխանության համապատասխան մարմնի կողմից իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած նորմատիվ իրավական ակտերը։ Վարչաիրավական նորմեր պարունակող իրավական ակտերի ամբողջությունն էլ հենց վարչական իրավունքի աղբյուրներն են։ Դրանց շրջանակում առանձնանում են.

Վարչական իրավունքը արտասահմանյան երկրներում խմբագրել

Անգլիա խմբագրել

Թեև Ա.Վ. Դյսին իր «Սահմանադրական իրավունք» (1885) աշխատության մեջ չէր կամենում ընդունել վարչական որոշումները կարգավորող յուրահատուկ և առանձին իրավական կանոնների գաղափարը, Անգլիայի իրավունքի մեջ վարչական իրավունքը սկսեց հատկապես զարգանալ 1960-ական թվականներին։ 1982 թվականին լորդ Դիպլոկը Անգլիայի վարչական իրավունքի զարգացումը բնութագրել է որպես «Անգլիայի դատարանների մեծագույն նվաճումը՝ դատական համակարգում իմ աշխատելու ամբողջ ընթացքում»։ Դատարաններն առաջին հերթին մշակեցին ընդհանուր սկզբունքներ՝ ապահովելու, որ հանրային իշխանության բոլոր մարմինները գործեն օրենքով իրենց շնորհված իրավասության սահմաններում։ Դրանցից էին որոշումների կայացման հիմնավորվածության և բնական արդարության սկզբունքները՝ արդար ընթացակարգ ապահովելու համար։ Հայեցողությունը չպետք է չարաշահվի, իսկ որոշումները պետք է համապատասխանեն օրենքին, առանց դրանով սահմանված իրավասության սահմանազանցման։ Ըստ Գերագույն դատարանի 1981 թվականի որոշման 31-րդ հոդվածի և Գերագույն դատարանի 53-րդ որոշման՝ հայցվորը կարող է պահանջել դատական հսկողություն։ Այս ընթացակարգը թույլ է տալիս հայց ներկայացնել այնպիսի միջոցներ կիրառելու համար, ինչպիսիք են դատական հրամանը կամ վնասի հատուցումը՝ կախված գործի բնույթից։ Անգլիայի օրենքով նախատեսված միջոցներից են դատական հրանագը (mandamus), արգելքը (certiorari), ինչպես նաև մասնավոր իրավունքով նախատեսված միջոցները՝ հայտարարությունը, արգելող կամ թույլատրող դատական կարգադրագիրը և վնասների հատուցումը։ Դատական հսկողության հայց ներկայացնելու թույլտվությունը պետք է նախապես ստանալ դատավորից՝ ներկայացնելով գրավոր վկայություն երդմամբ։ Թույլտվությունը ստանալուց հետո գործը կարող է լսվել կողմերի ներկայությամբ։ Բողոքի առարկան պետք է հանրային իրավունքի հարց լինի. դատարանները յուրաքանչյուր գործի համար սահմանում են այս եզրի ճշգրիտ իմաստը՝ «Օ'ռեյկին ընդդեմ Մակմանի» գործի վերաբերյալ։ Ժամանակի ընթացքում դատական վերանայման հայցերի թիվն անշեղորեն աճել է՝ հասնելով տարեկան մոտ 2500-ի։ Վերանայման առարկա են դառնում ներգաղթի վեճերը, տնավորման, տեղական կառավարման և ծրագրման հարցերը։ Անգլիայի վարչական իրավունքի համակարգը զարգացել է դատական առանձին գործերի՝ նախադեպերի հիման վրա՝ ի հակադրություն թե՝ ԱՄՆ-ի և թե՝ Ֆրանսիայի վարչական իրավունքի, որտեղ այն զարգացել է գրավոր սահմանադրության հիման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Thoma R. Rechtsstaatsidee und Verwaltungssrechtswissenschaft//Jahrbuch des offentlicheri Rechts der Gegenwart. Bd. IV. Tubingen, 1910. S.196 .
  2. Романов М. Л. Решения Конституционного Суда России в системе источников административного права // Административное право и процесс. 2006. № 2. С. 25

Գրականություն խմբագրել

Իրավական ակտեր խմբագրել

Գիտական գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարչական իրավունք» հոդվածին։