Վանք

վանականների ապրելու և աշխատանքի համար նախատեսված շենքերի համալիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)

Վանք, կրոնական հաստատություն՝ մենաստան, հոգևոր և մշակութային կենտրոն, ճարտարապետական կառույցների համալիր։ Վանքերի ճարտարապետությունը արտահայտել է դրանց դերը հասարակական կյանքում, տարբեր կրոններում, երկրներում ու ժողովուրդների մոտ ունեցել է որոշակի յուրահատկություններ։ Հայաստանի վանական համալիրներում բացի պաշտամունքային շենքերից կառուցվել են գավիթներ, սեղանատներ, գրատներ, բնակելի շենքեր, դամբարաններ, զանգակատներ, տնտեսական և արտաքին բազմազան կառույցներ։ Վանքերը հայկական միջնադարյան մշակույթի մեջ առանձնակի նշանակություն են ունեցել հատկապես IX–XIY դարերում, երբ այստեղ զարգանում ու մշակվում էր մանրանկարչությունը, քանդակագործությունը և ճարտարապետական միտքը։ Վանական համակառույցներ Հայաստանում կազմավորվել են ավանդական սրբավայրերի տեղում (Սևան, Գեղարդ), վաղ միջնադարյան հուշարձանների շուրջը (Հովհանավանք, Հառիճ), ինչպես և միանգամայն նոր վայրերում (Սաղմոսավանք, Նոր Գետիկ և այլն)։ Հայկական վանական համալիրներին բնորոշ է կառույցների ազատ կամ գծային դասավորությունը, նրանց ներդաշնակ կապը ինչպես շրջակա բնության, այնպես էլ միմյանց հետ, ընդ որում մեծ հմտությամբ նկատի են առնվել կառույցների տիպերը, հորինվածքային առանձնահատկությունները, քարի գույնը։ Համալիրները սովորաբար տեղադրվել են դժվարամատչելի տեղերում կամ պաշտպանված են եղել ոչ հեռու տեղավորված հզոր ամրոցներով։ Սակայն նրանցից շատերը ունեցել են իրենց բավական ուժեղ պարսպապատերը (բնորոշ էր հատկապես XVII–XVIII դարերի վանքերին)։ Վանական համալիրների ճարտարապետական կերպարի կազմավորման հարցում խիստ էական նշանակություն են ունեցել պաշտամունքային կառույցներից իրենց հորինվածքով տարբեր աշխարհիկ շենքերի (սեղանատներ, աղբյուրներ), դամբարանների (գավիթներ, հատկապես, երկհարկ դամբարան–եկեղեցիներ) և զանգակատների ծավալային ձևերը։ Այս տիպի կառույցներում է, որ ճարտարապետները, կաշկանդված չլինելով կրոնական, դոգմատիկ պահանջներով, կարողացել են ցուցադրել իրենց տաղանդի ամբողջ ուժը (Սանահինի, Հաղպատի, Գանձասարի, Հոռոմոսի գավիթները, Նորավանքի Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցին, Հաղարծնի սեղանատունը և այլն)։

Տաթևի վանքը

Տես նաև խմբագրել

  Ընթերցե՛ք «վանք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։