Վահան Թովմասի Տոտոմյանց (Թոթոմյանց) (1875-1964, 1875[1][2] կամ հունվարի 21, 1875(1875-01-21), Աստրախան, Ռուսական կայսրություն - 1964[1][2] կամ մայիսի 9, 1964(1964-05-09), Փարիզ), հայ տնտեսագետ, փիլիսոփա, պատմաբան, սոցիոլոգ, կոոպերատիվ շարժման տեսաբան։

Վահան Տոտոմյանց
Դիմանկար
Ծնվել է1875[1][2] կամ հունվարի 21, 1875(1875-01-21)
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել է1964[1][2] կամ մայիսի 9, 1964(1964-05-09)
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

Վահան Տոտոմյանցը սովորել է Բեռնի, Ժնևի, Ցյուրիխի, Բելգիայի համալսարաններում։ 1912 թվականից եղել է Մոսկվայի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1915 թվականին գրված «Աշխատանքի հաշտեցումը կապիտալի հետ» հետազոտության համար, Կիևի համալսարանը նրան շնորհել է քաղաքագիտության և վիճակագրության դոկտորի աստիճան։ 1919 թվականից վտարանդի գիտնական է։ 1908 թվականին լույս է տեսել Տոտոմյանցի «Գյուղատնտեսական կոոպերացիա» աշխատությունը, որն ունեցել է չորս հրատարակություն, այդ թվում բուլղարերենով։ Այն 1914 թվականին հրատարակվել է Սոֆիայում։ 1919 թվականին Իտալիայում՝ իտալերենով հրատարակվում են Տոտոմյանցի «Կոոպերացիան Ռուսաստանում», «Տնտեսական Հայաստան» աշխատությունները։ 1922 թվականին Բեռլինում, օգտագործելով իր կապերը եվրոպական գիտական և քաղաքական շրջանակներում, նա ռուս վտարանդի Նիկոլայ Բերդյաևի հետ Պրահայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում հիմնել է Հոգևոր և փիլիսոփայության ազատ ակադեմիան։

1923 թվականին Փարիզում հրատարակվել է Տոտոմյանցի «Համաշխարհային կոոպերացիա», իսկ 1927 թվականին Բեռլինում`շուրջ 1000 էջանոց «Միջազգային կոոպերացիայի հանրագիտարան» աշխատությունները։ 1935 թվականին Բուլղարիայի կոոպերատիվ բանկերի կառավարիչների նախաձեռնությամբ և նրա 60-ամյակի կապակցությամբ, տեղի է ունեցել աննախադեպ ֆորում՝ հայկական սփյուռքում գործող կոոպերատիվ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների համագումար։ 1936, 1942 և 1951 թվականներին Սոֆիայում՝ բուլղարերենով, 1936-1937 թվականներին Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում` հայերենով, 1950 թվականին Փարիզում` ֆրանսերենով, լույս է տեսնում Տոտոմյանցի «Հայերի դերը համաշխարհային մշակույթի մեջ» աշխատությունը, որտեղ հեղինակը փաստական տվյալներով ցուց է տալիս համաշխարհային քաղաքակրթության`մշակույթի ու տնտեսության մեջ հայ ժողովրդի իրական ներդրումը։

Նրա ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավել կոոպերացիային առնչվող հարցերը։ Տոտոմյանցը գտնում էր, որ կոոպերացիայի միջոցով կարելի է թուլացնել դասակարգային պայքարն ու բանվորների շահագործումը։ Վ․ Ի․ Լենինը քննադատում էր Տոտոմյանցի կոոպերացիայի տեսությունն այն պատճառով, որ «Նրա մեջ չկա ո՛չ զարգացող կապիտալիզմ, ո՛չ դասակարգային պայքար»[3]։ Տոտոմյանցը ենթադրում էր, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կոոպերատիվ շարժումն ուժեղացել է բանկերի ու արդյունաբերության ազգայնացման շնորհիվ։

Տոտոմյանցի գրքերը թարգմանվել են աշխարհի 10-ից ավելի լեզուներով, սակայն հայերեն ունենք միայն մեկ գործ։

Լինելով պրակտիկ գիտնական, իր աշխատանքները շարադրելով տարբեր լեզուներով, Տոտոմյանցը մշտապես մտահոգված է եղել հայ ազգի խնդիրներով։ Նա ծանոթ էր ժամանակի շատ հայ մեծերի հետ. Նիկողայոս Ադոնց, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Նիկոլ Աղբալյան և ուրիշներ։ Նա գործելով ոչ հայկական միջավայրում, աշխատակցում էր հայկական ամսագրերին. «Մուրճ», «Հայրենիք» և այլն, գրելով բազմաթիվ հոդվածներ՝ հայրենիքին և հայ ժողովրդին հուզող հարցերի մասին։ Դեռևս 1901 թվականին Բեռլինում, գերմաներենով լույս է տեսել Տոտոմյանցի «Տաճկաստանը հասարակական և տնտեսական տեսակետից» գիրքը, որի երկրորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է հայերին և հայկական խնդրին։

Կոոպերացիայի հանրաճանաչ սկզբունքով են ստեղծվել Իսրայելի կիբուցները (կոմունաները)։ Իր գիտական գործունեության ավելի քան 50 տարիների ընթացքում, Ռուսաստանում, Եվրոպայում աշխատելու ժամանակաշրջանում, պրոֆեսոր Տոտոմյանցը կոոպերացիայի հիմնախնդիրների վերաբերյալ գրել է բազմաթիվ արժեքավոր աշխատություններ։ 1953 թվականից մինչև մահը աշխատել է Փարիզի ռուսական գիտական ինստիտուտում։

Վահան Տոտոմյանցի մահացել է 1964 թվականի մայիսի 13-ին։ Թաղված է Փարիզի «Կորնեյ ան Պաղի» գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Վլադիմիր, Լենին. Երկերի լիակատար ժողովածու, հատոր 6. Երևան. էջ 487.

Գրականություն խմբագրել

Վահան Տոտոմյանցի գրքերից

Կոոպերացիա.- Սոֆիա,1933.- 144 էջ

Սպառողական կոոպերացիայի տեսությունը, պատմությունը և պրակտիկան.-Մոսկվա,1913/ռուսերեն/

ռուսերեն

Тотомианц -Роберт Оуен.-М.,1918

Тотомианц-Мощь кооперации.- 1918/изд 5 раз/

Тотомианц- потребительскуе обшества в Бельгии.- м.,1905

Նրա մասին

Մ. Մամիկոնյան. Վահան Տոտոմյանցի տնտեսագիտական հայացքները.- Ե., 2001.-180 էջ

Հայկական սովետական հանրագիտարան.- Ե.,1986, հտ. 12.- էջ 61-62

Հովսեփյան Արմեն- Կոոպերացիայի ռահվիրան.-Ե.:Արարատ,1992.-114 էջ

Բ. Հովակիմյան – Ծածկանունների բառարան

Овсепян Армен -Жизнь и деятельность Ваана Тотомянца //Պատմա-բանասիրական հանդես, 2012.-№ 2 . pp. 75–95

Проф. Пузина И. Ко дню 83-летия проф. В.Ф. Тотомианца) //Русская мысль. - Париж, 1958, 1 февр., № 1168

Некролог. Авт. некр. Тигран Амирян.//Русская мысль. - Париж, 1964, 16 мая, № 2152; 27 июня, № 2170.

«Российское зарубежье во Франции, 1919-2000» .-М., 2008-2009.- Т. 3. - С. 374

российское научное зарубежие/ биб. справочник.- м., 2011,716с. с. 592-593

՜՜՜՜

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։