Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վալյա Սամվելյան (օգոստոսի 12, 1937(1937-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 1990(1990-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժողովրդական երգչուհի, մի շարք կատարումների հեղինակ։

Վալյա Սամվելյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1937 օգոստոսի 12
Երևան
Երկիր Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 3, 1990(1990-12-03) (տարիքը 53)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի և Ժողովրդական երգիչ
Գործիքներվոկալ

ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր և երաժիշտ Արա Գևորգյանի մայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1937 թվականի օգոստոսի 12-ին Երևանում։ Հայրը՝ Վարդան Սամվելյանը, եկեղեցական խորհրդի նախագահ էր, մայրը՝ Վերգինե Բադալյանը, երգում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբում։ Դեռ մանկուց ապագա երգչուհին լսում էր Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Վաղարշակ Սահակյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Շողիկ Մկրտչյանի, ապա՝ Օֆելյա Համբարձումյանի և Հովհաննես Բադալյանի կատարմամբ հայկական ժողովրդական ու գուսանական երգերը և ցանկանում էր դառնալ ժողովրդական երգչուհի։ Ծնողներն իրենց հերթին դստեր մեջ սերմանում էին սեր դեպի հայ երգարվեստը։ Նրանց տանը պահպանվում էր վանեցի հայրիկի՝ իր հորից ժառանգություն ստացած երգարանը, որտեղից էլ նա ընտրում է իր առաջին կատարումները։

Աշխատել է «Հայէլեկտրո», այնուհետև սարքաշինական գործարանում՝ շարունակելով երգել ինքնագործ անսամբլում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ «Ժողգործիք» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և թառահար Կարլեն Գևորգյանին։

Եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Անսամբլի կազմում հանդես է եկել 38 տարի՝ մինչև կյանքի վերջին օրերը։ 1957 թվականին արժանացել է միջազգային փառատոնի ոսկե մեդալի։ Ունի չորս ոսկե մեդալ և դիպլոմներ։ Թողարկվել է ձայնասկավառակներ Մոսկվայի «Մելոդիա» ընկերությունում և ԱՄՆ-ում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում։

Վախճանվել է 1990 թվականին դեկտեմբերի 3-ին դժբախտ պատահարից։

Վալյա Սամվելյանի հուշատախտակը Երևանի Բագրատունյաց փողոցում

Գործունեություն խմբագրել

Երգի ասպարեզում առաջին քայլերը Վալյա Սամվելյանը կատարել է դպրոցական երգչախմբում։ Ցավոք, ինչ-ինչ պատճառներով նրան չի հաջողվում ստանալ երաժշտական կրթություն։ Ավտոդողերի գործարանում աշխատելու և զուգահեռ երգի-պարի անսամբլում ստեղծագործելու տարիներին նա շրջագայում և ելույթներ է ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, նաև Ուկրաինայում, Բելառուսում, բալթյան երկրներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում։ 1957 թ. նա մասնակցում է Հայաստանի երիտասարդական փառատոնին և զբաղեցնում երգի ասպարեզում առաջին տեղը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով։ Դրան հաջորդում են ևս երեք ոսկե մեդալ։ Սակայն Վալյա Սամվելյանը չի բավարարվում այս ձեռքբերումներով և փորձում է նվաճել նոր բարձունքներ երգարվեստի ասպարեզում։ Վալյա Սամվելյանն իբրև երգչուհի վերջնականապես կայացավ պետական ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում։ Այնտեղ էին երգում Հայաստանի նշանավոր երգիչներ Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Նորայր Մնացականյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Մանիկ Գրիգորյանը։ Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի,Արամ Սաթունցի,Խաչատուր Ներսիսյանի, Գուսաններ Աշոտի, Շահենի,Հավասու և ուրիշների ստեղծագործությունները։ Նրա առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները։ Երգչուհու մահից հետո որդու՝ Արա Գևորգյանի ջանքերով թողարկվել են նրա երկու երաժշտական ալբոմները՝ «Թողեցիր ինձ մենակ» և «Անուշիկ իմ քույրիկ»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՍԼԱՆՅԱՆ, Թագուհի. «Նրա ամենամեծ գնահատականը տվեց ժողովուրդը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել