Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալկիրիա (այլ կիրառումներ)

Վալկիրիա (գերմ.՝ Die Walküre), WWV 86B, գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ, «Նիբելունգի մատանին» չորս օպերայից (տետրալոգիա) բաղկացած շարքի երկրորդ ստեղծագործությունը, հաջորդում է «Հռենոսի ոսկին», նախորդում է «Զիգֆրիդ» օպերաներին։ Գերմաներեն լիբրետոն ևս կոմպոզիտորինն է։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1870 թվականի հունիսի 26-ին Մյունխենի ազգային թատրոնում։

Վալկիրիա
գերմ.՝ Die Walküre[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրԵրաժշտական դրամա
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Սյուժեի աղբյուրՍկանդինավյան դիցաբանություն
Գործողությունների քանակ3 արար[1]
ԿերպարներԲրունհիլդա, Ֆրիկա, Գերհիլդա, Գրիմգերդա, Հելմվիգա, Հունդինգ, Օրթլինդա, Ռոսվեյսա, Շվերթլեյթա, Զիգլինդե, Զիգմունդ, Զիգրունա, Waltraute? և Վոտան
Առաջնախաղի տարեթիվհունիսի 26, 1870[1]
Առաջնախաղի վայրՄյունխեն
Կատալոգի համար86B
ՆախորդՀռենոսի ոսկին
ՀաջորդԶիգֆրիդ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Die Walküre Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «Նիբելունգի մատանին» շարքը, գրվել է հենց Վագների կողմից 1849-1852 թվականներին Ցյուրիխում։ Երաժշտությունն ստեղծվել է 1852-1856 թվականներին նույն վայրում։ Օպերայի սյուժեն հիմնված է սկանդինավյան դիցաբանության վրա՝ գրի առնված Վելսունգյան ասքում և Երաժշտական Էդդայում[2][3]։

Չնայած օպերան 2-րդն է «Նիբելունգի մատանին» շարքում սյուժետային գծով, սակայն մտահղացման հաջորդականության մեջ եղել է 3-րդը։ Վագներն աշխատել է հակառակ հերթականությամբ՝ Զիգֆրիդի մահվան մասին օպերայի պլանավորումից հետո, նա մտածել է, որ անհրաժեշտ է մեկ այլ օպերա Զիգֆրիդի մանկության մասին, այնուհետև որոշում է օպերայի վերածել Զիգֆրիդի ծնվելու պատմությունը, որում Բրունհիլդան փորձում է փրկել նրա ծնողներին։ Ի վերջո, Վագները առավել կարևորում է գրել օպերա-նախերգանք Հռենոսի ոսկու գողության և մատանու ստեղծման մասին։

Վագները փոխկապակցում է այս վերջին 2 մտածված օպերաների գաղափարները, որոնք են «Վալկիրիա» (սկզբնական վերնագրումը՝ «Զիգմունդ և Զիգլինդե. Վալկիրիաների պատիժը», գերմ.՝ Siegmund und Sieglinde: der Walküre Bestrafung) և այն, որը հետագայում դարձավ «Հռենոսի ոսկին»։

Վագները մտադիր էր թղթին հանձնել իր գաղափարները մինչև 1851 թվականի օգոստոս՝ ներկայացնելու «Eine Mittheilung an meine Freunde» (Շփում իմ ընկերների հետ) նախագծին, բայց չի անում «Զիգմունդ և Զիգլինդեի» սյուժեի և ոչ մի նախապատկեր մինչև նոյեմբեր։ Տեքստի վերջնական տարբերակը պատրաստ է լինում 1852 թվականի դեկտեմբերի 15-ին։

Բեմադրում խմբագրել

Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1870 թվականի հունիսի 26-ին Մյունխենում Ֆրանց Վյուլների ղեկավարությամբ. Վագները դժգոհ էր դրանից, քանի որ համոզված էր, որ քառերգությունը պետք է բեմադրվի ամբողջական, չմասնատված, սակայն ստօպված էր տեղի տալ Բավարիայի Լյուդովիկոս 2-րդ թագավորի պահանջին։ Կոմպոզիտորի գաղափարն իրականացվեց միայն 1876 թվականին առաջին Բայրոյթյան փառատոնի ժամանակ. «Վալկիրիան» ներկայացվեց օգոստոսի 14-ին, դիրիժորում էր Հանս Ռիխտերը։ Օպերայի ամերիկյան առաջնախաղը տեղի է ունեցել Նյու Յորքի Երաժշտական ակադեմիայում 1877 թվականի ապրիլի 2-ին[4]։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Օպերան բաղկացած է 3 գործողություններից։ Դեպքերը, սյուժեն դիցաբանական են, տեղի են ունենում Հռենոսի ափին։

Սկանդինավյան դիցաբանության մեջ վալկիրիաները առասպելական կին-էակներ են, խումբ, ովքեր որոշում են, թե որ ռազմիկները զոհվեն կռվում և ովքեր ապրեն։ «Վալկիրիա» օպերայի ամենահայտնի հատվածը «Վալկիրիաների թռիչքն» է։

Գործող կերպարներ խմբագրել

 
Բրունհիլդան ժայռի վրա. 1899 թվական նկարազարդում
  • Զիգմունդ (տենոր)
  • Հունդինգ (բաս)
  • Վոտան (բաս-բարիտոն) - գերագույն աստված
  • Զիգլինդե (սոպրանո) - Հուդինգի կինը
  • Բրունհիլդա (սոպրանո) - վալկիրիա
  • Ֆրիկա (մեցցո-սոպրանո) - Վոտանի տիկինը
  • Վալկիրիաներ (սոպրանո և մեցցո-սոպրանո) - Վոտանի ու Էրդայի ռազմաշունչ դուստրերը
    Հելմվիգա
    Օրթլինդա
    Գերհիլդա
    Վալտրաուտա
    Զիգրունա
    Ռոսվեյսա
    Գրիմգերդա
    Շվերթլեյթա (կոնտրալտո)

Համառոտ բովանդակություն խմբագրել

Առաջին գործողություն խմբագրել

 
Քրոջն իրեն կին առնելով՝ Զիգմունդը հանում է Նոտունգի սուրը

Հունդինգի խրճիթում. Անտառային տնակը, որտեղ ապրում են ամուսիններ Հուդինգն ու Զիգլինդեն, փոթորկից ու հետապնդողներից փրկվելով՝ ներս է վազում մի պատանի։ Նա զարմանքով դիտում է տնակի կենտրոնում աճած վիթխարի հացենուն, որը հուսալի ամրություն է հաղորդում ամբողջ շինությանը։ Պատանուն՝ Զիգմունդին, ով թեպետ չի ասում իր անունը, հյուրընկալորեն դիմավորում է տանտիրուհին՝ Զիգլինդեն։ Երիտասարդներն առաջին հայացքից սիրահարվում են իրար։ Կինը պատանուն ըմպելիք է առաջարկում ու համոզում նրան, որ փոթորկալից, զարհուրելի այդ գիշերին ապաստանի իրենց տնակում։

Հայտնվում է տանտերը՝ ահարկու և վայրագ ռազմիկ Հունդինգը։ Տանտիրոջ պարտականությունն ստիպում է նրան՝ հյուրընկալել անծանոթին։ Սակայն Հունդինգն անմիջապես նկատում է իր կնոջ և հյուրի արտաքին նմանությունն ու ցանկանում պարզել, թե ով է իր հյուրը։ Զիգմունդը, չասելով իր անունը, շարադրում է Հունդինգին իր պատմությունը. ժամանակին, երբ ինքը հոր հետ որսորդության էր գնացել, նրանց տունը հարձակման էր ենթարկվել ու հրկիզվել, մայրն սպանվել էր, իսկ երկվորյակ քույրը՝ անհայտ կորել։ Այդ դժբախտությունից հետո հայր ու որդի թափառում էին անտառներում, և հորը գայլ էին անվանում, իսկ իրեն՝ վոլֆինգ՝ գայլի ձագ։ Ապա՝ հայրն էլ կորավ... Իսկ հիմա իրեն անողոք հետապնդում են։ Պատճառն այն է, որ ինքը հանդիպել է մի աղջկա, ում որոշել էին բռնի ամուսնացնել։ Պատանին փորձել է զենքի ուժով պաշտպանել աղջկան, բայց սուրը կոտրվել է, ինչն ստիպել է իրեն փախուստի դիմել։ Իսկ ազգականներն սպանել են աղջկան ու ձեռնամուխ եղել պատանու հետապնդմանը («Friedmund darf ich nicht heißen», «Չես կարող ինձ անվանել խաղաղ»)։ Եվ Հունդինգը համոզվում է, որ եկվորն իր թշնամին է, քանի որ ինքն էլ է սպանված աղջկա ազգականը, և որ նա ծնվել է Վոթանի և Վելզեի տոհմից մահկանացու կնոջ ամուսնությունից։ Զիգլինդեն՝ նրա երկվորյակ-քույրը, առևանգվելով հարձակման ժամանակ, ստիպված էր դառնալ Հունդինգի կինը։ Հաջորդ օրը, որոշում է Հունդինգը, Զիգմունդը պետք է կռվեր իր դեմ։

Վրա է հասնում գիշերը, և ամուսինները ննջարան են գնում։ Սակայն Զիգլինդեն հասցնում է թաքուն հայացքով մատնանշել պատանուն հացենու բունը։ Շուտով կինը, իր ամուսնուն քնաբեր դեղի միջոցով անզգայացնելով, վերադառնում է հյուրի մոտ ու նրան հորդորում է փախուստի դիմել, այլապես լուսաբացին Հունդինգը նրան մենամարտի կհրավիրի և, անշուշտ, կսպանի։ Պատանին հիշում է, որ ժամանակին հայրն իրեն ասել է, թե մի սուր կընծայի, որն իր տիրոջն անպարտելի է դարձնում։ Այդ պահին դրսում փայլատակում է կայծակը, և Զիգմունդը պարզ տեսնում է հացենու բնի մեջ մինչև կոթը խրված մի սուր։ Զիգլինդեն պատմում է, որ երբ իր կամքին հակառակ՝ ստիպված էր չսիրած մարդու հետ ամուսնանալ, իրեն ծպտված այցելել էր միաչքանի անծանոթ (որ Վոթանն էր), ով իր սուրը մինչև կոթը հացենու բունն էր խրել ու հայտարարել, որ սուրը բաժին կհասնի միայն նրան, ով կկարողանա բնի միջից այն դուրս քաշել։ Եվ մինչև այժմ ոչ մեկին, այդ թվում և իր ամուսնուն, դա չի հաջողվել։ Զիգմունդը հասկանում է, որ խորհրդավոր այցելուն իր հայրն էր, այսինքն՝ ինքն ու Զիգլինդեն քույր ու եղբայր են։ Հուժկու ձգումով պատանին հացենու բնից դուրս է քաշում հրաշալի սուրը, որն անվանում է Նոտունգ, ու Զիգլինդեի հետ փախչում իր թշնամու տնից՝ հայտարարելով, որ քրոջը կնության է վերցնում (զուգերգ «Schläfst du, Gast?», «Քնա՞ծ ես դու, հյուր», «Winterstürme wichen dem Wonnemond», «Չար քամիները խաղաղվեցին գարնան ճառագայթներից»)։

Երկրորդ գործողություն խմբագրել

 
Վոտանը և Բրյունհիլդան քննարկում են Զիգմունդի հետագան

Վայրի և ամայի տեղանք լեռներում. Մինչդեռ իրականում Զիգմունդի և Զիգլինդեի հայրը գերագույն աստված Վոթանն է, իսկ մայրը՝ իմաստուն դիցուհի Էրդան, ով նաև ռազմաշունչ վալկիրիաների մայրն է։ Գերագույն աստվածը բարձրությունից տեսնում է սիրահարներին և որոշում փրկել որդուն. դրա համար կանչում է իր սիրելի դստերը՝ խիզախ վալկիրիա Բրունհիլդային՝ հրամայելով ամեն գնով պաշտպանել ազնվազարմ պատանուն։ Դրան խիստ առարկում է դիցուհի Ֆրիգգը՝ Վոթանի կինը, ով պնդում է, որ եղբոր և քրոջ միջև սիրային կապը արատավորում է ընտանեկան օջախ հասկացությունը, ուստիև Բրունհիլդան ոչ միայն չպետք է հոր հրամանը կատարի, այլ ընդհակառակը՝ պետք է հենց Հունդինգին օգնի։ Վոթանը պաշտպանում էր որդուն՝ որպես նիբելունգների հավանական հաղթողի՝ անկախ աստվածների սահմանված օրենքներից։ Բայց Ֆրիգգը նկատել է տալիս, որ Զիգմունդը իշխանության տակ է այդ իսկ օրենքներով։ Նշանակում է՝ նա պետք է մահանա, իսկ նրա սուրը՝ կոտրվի։ Վոթանը հասկանում է, որ չի կարող խախտել օրենքները (ամուսնության սրբություն, անթույլատրելի արյունապղծություն) և զիջում է ու փոխում իր հրամանը՝ դուստրը պետք է պաշտպան կանգնի Զիգլինդեի իսկական ամուսնուն։ Դստերն իր զիջման իրական դրդապատճառները բացատրելով՝ գերագույն աստվածը պատմում է նիբելունգի մատանու, վերջինիս նզովքի ու աստվածներին խաբեությամբ բաժին հասած Վալհալլա պալատի մասին։ Դեռ չի ծնվել հերոսը, ով ազատ կլինի Ֆաֆների հետ կնքած պայմանագրից և ունակ է գրավել նրանից մատանին։ Այժմ Վոթանն ստիպված է մահվան դատապարտել իր որդուն՝ այն միակ դյուցազնին, ով կարող էր աստվածներին անխուսափելի կործանումից փրկել։ Սակայն Զիգմունդը չի կարող խուսափել պատժից և վայ Բրունհիլդային, եթե նա չհարվածի պատանուն իր սրով (զուգերգ «Laß ich’s verlauten», «Մտքերում բացվող»)։

Կիրճի խորքում երևում են Զիգմունդը և Զիգլինդեն։ Հայտնվում է Բրունհիլդան ու հայտնում Զիգմունդին, որ իրենց հոր՝ գերագույն աստված Վոթանի կամքով պատանին զոհվելու է Հունդինգի հետ գալիք մենամարտում, բայց հետո հարություն է առնելու և ապրելու աստվածների հետ, Վալհալլա պալատում։ Սակայն Զիգմունդը հրաժարվում է հավիտենական կյանքից, քանի որ դրա գինն իր սիրելի կնոջից բաժանվելը պիտի լինի։ Նրա կիրքն ու հուսահատությունը՝ պատրաստ անգամ սպանելու իրեն և Զիգլինդեին, շարժում են վալկիրիայի խիղճը, ով վճռում է հոր կամքին հակառակվել և, այնուամենայնիվ, պաշտպանել Զիգմունդին («Siegmund! Sieh auf mich!»; «Զիգմո՛ւնդ, մոտ է ժա՛մը»)։

«Վալկիրիա», ԱՄՆ, Մարին երգչախումբ

Վրա է հասնում Հունդինգն ու մենամարտի բռնվում Զիգմունդի հետ։ Այս ընթացքում Բրունհիլդան ծածկում է Զիգմունդին իր վահանով. վալկիրիայի օգնությամբ պատանին սրախողխող է անում իր ահեղ թշնամուն։ Սակայն հանկարծ հայտնվում է ինքը՝ Վոթանը, ով տեսել էր դստեր անհնազանդությունը։ Հոր ցասումից ահաբեկված՝ Բրունհիլդան ստիպված նահանջում է։ Վոթանը հարվածով երկու կես է անում Զիգմունդի սուրը, և մահամերձ Հունդինգն իր վերջին հարվածով խոցում է անզեն պատանուն։ Բրունհիլդան, ձիով փախցնելով Զիգլինդեին, վերցնում է նաև սրի մասերը։

Երրորդ գործողություն խմբագրել

 
Վալկիրիա Բրյունհիլդան

Վալկիրիաները փոթորկի միջով առաջ են գնում՝ Վոթանի զայրույթին հլու-հնազանդ։ Լսվում է նրանց ռազմաշունչ մարտակոչը, սակայն նրանք չեն համարձակվում պաշտպանել իրենց մեղավոր քրոջը։ Իսկ Զիգլինդեն հղի է իր սիրեցյալ տղամարդուց։ Հոր կամքն անտեսելով՝ Բրունհիլդան կնոջն է հանձնում Զիգմունդի սրի երկու կեսն ու հայտնում, որ մինչև նրա որդու՝ Զիգֆրիդի ծնունդը պետք է թաքնվի, ապա մեծացնի ու դաստիարակի նրան ու վստահ լինի, որ հենց նա է հետագայում իր հերոս հոր հրաշալի սրին տիրանալու։ Զիգֆրիդը կդառնա հզորագույն հերոս և կկարողանա վերականգնել կախարդական սուրը։ Վալկիրիաներն օգնում են Զիգլինդեին թաքնվել. նա պատսպարվում է թավախիտ անտառում, որտեղ Ֆաֆներ հսկան՝ վերածված վիթխարի վիշապ-օձի, պահպանում է ժամանակին իրեն բաժին հասած Հռենոսի ոսկին։

Հայտնվում է ահեղ, մռայլ Վոթանն ու հայտարարում իր վճիռը. հանդուգն Բրունհիլդան այլևս չի լինի վալկիրիա, այլ երկար ու խորը կախարդական քուն է մտնելու՝ մինչև իրեն արթնացնի պատանի այն դյուցազունը, ում վիճակված է չքնաղ վալկիրիայի ամուսինը դառնալ։ Իր դստեր վերջին խնդրանքին անսալով՝ Վոթանը, կրակի աստված Լոգեի օգնությամբ, Բրունհիլդային շրջապատում է հրե օղակ-պատնեշով, որը կկարողանար հաղթահարել միայն այն հերոսը, որ կլինի վալկիրիայի ազատարարն ու արժանի ամուսինը։

Ժայթքում է կրակն ու մոլեգին բոցավառվում՝ անհաղթահարելի հրեղեն լեզուներով շրջապատելով բարձրաբերձ ժայռը, որի գագաթին ննջում է Բրունհիլդան՝ կախարդված քնով։ Վոթանը տխուր հեռանում է («Leb wohl, du kühnes, herzliches Kind!»; «Մնաս բարով, իմ փարոս, իմ հպարտություն»)։

Վալկիրիաների թռիչքը. Ամերիկյան սիմֆոնիկ նվագախումբ

Երաժշտություն խմբագրել

«Վալկիրիա»-ն քնարական-դրամատիկական զարգացումներով օպերա է։ Նրանում միահյուսված են մի քանի դրամատիկական ճակատագրեր՝ սիրահար Զիգմունդի և Զիգլինդեի՝ հակադրվելով հասարակության մեջ գործող օրենքներին, հայր աստված Վոթանի հրաժարվելը իր զավակներից, ապա Բրունհիլդայի կողմից հոր կամքին հակառակվելը՝ հանուն նրանից հալածվող հերոսների։ Գործողությունների զարգացումը լի է անսպասելի շրջադարձերով ու խիստ պայքարով։ Իսկ դրանց ընթացքում հերոսների ներաշխարհները բացահայտվում են ավելի լայնորեն, քան քառագրության մյուս մասերում, և օգտագործված են ավելի նուրբ ու ոգեցունց մեղեդիներ։ Առաջին արարն աչքի է ընկնում հիանալի ամբողջականությամբ և նվիրված է Զիգմունդի ու Զիգլինդեի բազմակողմանի բնութագրմամբ։ Նվագախմբային կատարումը ներկայացնում է մոլեգնող ամպրոպի տեսարան. անդադար տեղացող անձրևի շրշյունի մեջ կարելի է զգալ հալածվողի տագնապ ու շփոթմունք։ Այդ բնապատկերի միջից դուրս են գալիս Զիգմունդի և Զիգլինդեի քնարական երաժշտության թեմաները։ Առաջին տեսարանը հերոսների երկխոսությունն է՝ կառուցված կարճ ասերգային խոսքերով։ Այդ մեղեդային թեմաները սրտառուչ հնչողություն ունեն նվագախմբի հետ՝ բացահայտելով սիրահարների գաղտնի մտքերն ու աննկարագրելի զգացմունքները։ Նրանց հակադիր է Հունդինգի բնութագիրը, որ արտահայտվում է նվագախմբային սուր, կտրուկ և կցկտուր ռիթմերով։ Կոշտ և վշտալից է Զիգմունդի երկար պատմությունը. «Խաղաղարար կոչվելու համարձակություն չունեմ, ուրախ լինելու կարողություն չունեմ»։ Հերոսի զգացմունքներն առատորեն հորդում են նրա մենախոսության մեջ. դրա առաջին մասը («Սրի մասին հայրս պատմել է ինձ») ունի հերոսական նկարագիր։ Նվագախմբի կատարման մեջ մեկ անգամ չէ, որ հնչում է թրի կարճ և ավյունով լեցուն արտահայտությունը, ասես այն շողշողում է լույսի տակ։ Իսկ մենախոսության երկրորդ մասը («Գիշերը պատել է աչքերս խավարով») երգեցիկ է և նուրբ քնարական։ Առաջին գործողությունն ամփոփվում է Զիգմունդի և Զիգլինդեի սիրո մեծ տեսարանով։ Այստեղ հատկապես առանձնանում է «Գարնանային երգը» («Ձմռան մռայլությունն այժմ հաղթահարված է գարունով»), որը ժողովրդական երգի շնչով գեղեցիկ մեղեդի է։

Երկրորդ արարը լի է դրամատիկական իրադարձություններով։ Նրա առաջին կեսը նվիրված է Վոթանի դրամայի պատկերմանը, իսկ երկրորդն առնչվում է Զիգմունդի խճճված ճակատագրին։ Վալկիրիա Բրունհիլդայի ռազմաշունչ երգին փոխարինում է Ֆրիգգի քնարական արիոզոն, որով նա հանդիմանում է Վոթանին՝ դավաճանության համար («Քեզ համար ինչ են ամուսնության սրբությունն ու երդումը»)։ Իսկ արարի կենտրոնական մասն է Վոթանի հսկայական մենախոսությունը՝ նրա փիլիսոփայական խոհերը աշխարհի և աստվածների ճակատագրերի մասին, կառուցված միմյանց հաջորդող հակասական դրվագներով։ Զիգլինդեի կերպարն այստեղ հայտնվում է փախուստի տեսարանում՝ տագնապով լեցուն, շփոթված, ջղային, հուսահատ կանչերով։ Օպերայի լավագույն դրվագներից մեկն է Զիգմունդի և մահվան գուժկան Բրունհիլդայի երկխոսությունը, որը կառուցված է հոգեցունց և թախծոտ մեղեդիներով։ Արարը փակվում է մենամարտի կարճ տեսարանով։

Երրորդ արարի կենտրոնում Վոթանի և Բրունհիլդայի կերպարներն են։ Այն սկսվում է «Վալկիրիաների թռիչքը» գունեղ սիմֆոնիկ տեսարանով։ Բրունհիլդայի և վալկիրիաների մեծ տեսարանը քնարական դրվագ է, որտեղ հնչում է Զիգֆրիդի ծննդյան մասին մարգարեությունը։ Նրանում հնչում են երաժշտական թեմաներ, որոնք քառագրության հաջորդ մասերում դառնում են դրանց երաժշտության համար բնութագրական։ Դրանք են «Հերոսական փառք ու պատիվ ես կրում քո արգանդում, ով կին» հերոսական ու հպարտ թեման և «Դու հրաշք ես գործել» կրքոտ, լավատեսությամբ տոգորված և հրճվալից մեղեդին։ Դրամատիկական է Բրունհիլդայի պատժի տեսարանը՝ համեմված վալկիրիաների հուզիչ օկտետով։ Նրանում զարգացման երեք ալիք է բարձրանում՝ առանձնանալով Վոթանի երեք արիոզոյով, որոնցից առավել սրտառուչը վերջինն է («Քեզ չեմ ուղարկի ռազմիկների մոտ ճակատամարտի»)։ Տպավորիչ է Բրունհիլդայի արդարանալու տեսարանը («Արդյոք այնքան ամոթալի՞ էր իմ արարքը, որ ինձ համար այդքան խայտառակ պատիժ սահմանեցիր»)՝ խորունկ դրամատիզմով հագեցած մեղեդիով։ Վոթանի լավագույն մարդկային գծերն ի հայտ են գալիս օպերայի ավարտին («Հրաժեշտը Բրունհիլդային և կրակի թովչանքը»), որը հարուստ է առատորեն հորդող և բացառիկ գեղեցկությամբ աչքի ընկնող մեղեդիներով։ Խիստ հուզումնալից է հնչում դրանցից առաջինում («Եթե ես պետք է քեզ հավետ հրաժեշտ տամ, սիրելիս»)։ Զսպված վշտով լի է կենտրոնական դրվագը («Ներեցեք, աչքեր իմ»)։ Իսկ հրի թովչանքը ներկայացնող ավարտի տեսարանում կարևոր դեր ունի պարային բոցաշունչ, ճկուն և արտասովոր երաժշտական թեման՝ միահյուսված օրորոցային երգի մեղմ ու թախծալից թեմայի հետ։

Աստղագիտության մեջ խմբագրել

Ռիխարդ Վագների օպերայի հերոսուհու՝ Զիգլինդեի անունն է կրում Զիգելինդե (552) աստերոիդը՝ հայտնաբերված 1904 թվականին։
Ի պատիվ հենց օպերայի է անվանակոչված Վալկիրե (877) աստերոիդը՝ հայտնաբերված 1917 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Roberta Frank (2005). "Wagner's Ring, North-by-Northwest", University of Toronto Quarterly, vol. 74, pp. 671–676.
  3. Stanley R. Hauer (1991). "Wagner and the Völospá", 19th-Century Music, vol. 15, pp. 52–63.
  4. The Victor Book of the Opera, 10th edition, 1936
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալկիրիա» հոդվածին։