Վագոն, (ֆր.՝ wagon, անգլ.՝ waggon - սայլակ), երկաթուղային տրանսպորտի միջոց, որը նախատեսված է ռելսային գծերով ուղևորների և բեռների փոխադրման համար։ Ըստ նշանակման՝ տարբերում են մարդատար և բեռնատար, մայրուղային ու արդյունաբերական տրանսպորտի, ինչպես նաև լայն ու նեղ երկաթուղային աղուրի համար նախատեսված վագոններ։ ժամանակակից վագոնները լինում են ոչ ինքնագնաց և ինքնագնաց (տրամվայի, մետրոպոլիտենի, երկաթուղու առանձին վագոններ, որոնք ունեն մոտորային տեղակայանքներ և կառավարման խցիկներ)։ Մարդատար վագոնները լինում են ուղևորների, փոստի, ուղեբեռի փոխադրման համար, ինչպես նաև հատուկ նշանակման մարդատար վագոն (լաբորատորիաներ, ակումբներ և այլն)։ ժամանակակից մարդատար կուպեավոր վագոններն ունեն 24-32 տեղ, կոշտ կուպեավորները՝ 38 ննջատեղ։ Բեռնատար վագոնները լինում էին հետևյալ հիմնական տեսակների, ծածկած կիսավագոններ, բաց վագոններ, ցիստեռններ, իզոթերմիկ և հատուկ նշանակման վագոններ (վագոն-փոխադրիչներ՝ ծանր ու մեծածավալ բեռների փոխադրման, մեքենաների, անասունների, ցեմենտի փոխադրման, ինչպես նաև երկաթուղու կարիքների համար ծառայող վագոններ, վագոն-արհեստանոցներ, վերականգնիչ և հրշեջ գնացքների վագոններ և այլն)։

Բոլոր տիպերի վագոնները բաղկացած են հետևյալ հիմնական հանգույցներից, ընթացային մասից, թափքից, հարվածաքարշիչ սարքերից և արգելակներից։ Ընթացային մասերն ապահովում են վագոնի ընթացքը ռելսերով և երթևեկության անվտանգությունը պահանջվող արագության դեպքում, սահուն ընթացքր և շարժման նվազագույն դիմադրությունը, ինչպես նաև հիմք են ծառայում թափքի համար։ Թափքը բաղկացած է շրջանակից, որին ամրացվում են հարվածաքարշիչ սարքերը և արգելակման սարքավորման մի մասը։ Արգելակները ծառայում են շարժման արագությունը ավտոմատ կարգավորելու և վագոնը կամ գնացքը կանգնեցնելու համար։ Իզոթերմիկ վագոնները նախատեսված են շուտ փչացող բեռների (միս, ձուկ, միրգ և այլն) փոխադրման համար։ Դրանք լինում են համապիտանի և մասնագիտացված (կենդանի ձուկ, կաթ, հանքային ջուր, գինի փոխադրելու համար)։ Վագոնի նախատիպը՝ լեռնահանքային ձեռնարկություններում փայտե ռելսերով շարժվող սայլակը, որը շարժման մեջ էր դրվում ձեռքով, ապա՝ ձիաքարշով, առաջին անգամ կիրառվել է Անգլիայում 18-րդ դարի երկրորդ կեսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 224