Սևծովյան տնտեսական համագործակցություն

Սևծովյան տնտեսական համագործակցություն[1] (ՍԾՏՀ), տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունություն, տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։

Սևծովյան տնտեսական համագործակցություն
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
Հիմնադրվածհունիսի 4, 1992
Գլխադասային գրասենյակՍտամբուլ, Թուրքիա
Կայքbsec-organization.org(անգլ.)
ՍԾՏՀ անդամ երկրները

Կազմակերպության մասին խմբագրել

1992 թ. հունիսի 25-ին Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների՝ Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները Ստամբուլում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ ստորագրեցին «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ համատեղ հռչակագիր։ 2004 թ-ից կազմակերպության անդամ է հանդիսանում նաև Սերբիան։ Կազմակերպությունը ստեղծվել է որպես բազմակողմանի քաղաքական և տնտեսական համագործակցության յուրահատուկ և խոստումնալից մոդել։ Այն նպատակ ունի նպաստել անդամ երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում հաստատել խաղաղություն, կայունություն և բարգավաճում և նպաստել անդամ ենկրների՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու գործում։ ՍԾՏՀ-ն զբաղեցնում է շուրջ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ընդգրկելով Սևծովյան տարածաշրջանի, Բալկանների և Կովկասի երկրները՝ շուրջ 350 միլիոն բնակչությամբ։ Անդամ երկրների միջև առևտուրը տարեկան գերազանցում է 300 միլիարդ դոլարը։ Պարսից ծոցի տարածաշրջանից հետո Սևծովյան տարածաշրջանը երկրորդն է բնական գազի և նավթի պաշարներով։ Այն հարուստ է նաև տարբեր հանքային ռեսուրսներով և մետաղներով։ Տարածաշրջանը Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային և էներգետիկ տարանցիկ միջանցքներից է[2]։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Եգիպտոսը, Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, ԱՄՆ-ը։ Եվրամիությունը մի շարք միջազգային այլ կազմակերպությունների հետ մեկտեղ վայելում է նույն կարգավիճակը։ 1998 թ. հունիսի 5-ին Յալթայի գագաթաժողովում անդամ երկրների ղեկավարների կողմից ընդունվել է ՍԾՏՀ Կանոնադրությունը (Խարտիա)։

Անդամ երկրները խմբագրել

ՍԾՏՀ կառուցվածքը խմբագրել

ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հանդիսանում է կազմակերպության շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը։ Խորհրդի հերթական հանդիպումները գումարվում են տարեկան երկու անգամ՝ մայիսին/հունիսին և նոյեմբերին/դեկտեմբերին, անհրաժեշտության դեպքում գումարվում են նաև հատուկ կամ ոչ-պաշտոնական հանդիպումներ։ Խորհրդի հանդիպումները գումարվում են ՍԾՏՀ անդամ-երկրներում այբբենական կարգով և կարգավորվում են ՍԾՏՀ Նախագահության կողմից։ Նախագահությունն իրեն հերթին կարգավորվում է նույն սկզբունքով։ Նախագահության ժամկետը տևում է վեց ամիս՝ սկսած յուրաքանչյուր տարվա հունվարի և հուլիսի 1-ից։ Համաձայն ՍԾՏՀ Կանոնադրության, ՍԾՏՀ անդամ-երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեն հաշվետու է Արտգործնախարարների խորհրդին և գործում է վերջինիս անունից։ Կոմիտեն օժտված է համապատասխան լիազորություններով, քննարկում և վեանաոմ է կազմակերպության կառույցների գործունեությունը։ ՍԾՏՀ անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի կողմից 1994 թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ, Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը։ 2001 թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը իր ողջ անձնակազմով։ Ներկայացուցչությունը գլխավորում է Միքայել Վարդանյանը։ Կազմակերպությունը Հայաստանում ներկայացված չէ[3]։ ՍԾՏՀ հարակից կազմակերպությունները՝ Խորհրդարանական վեհաժողովը, Գործարար խորհուրդը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկը և Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը հանդիսանում են որպես առանձին կազնակերպություններ՝ սեփական նստավայրով և բյուջեով, գործունեության առանձին ծրագրերով։ Այս կազմակերպությունները գործում են համաձայն իրենց սեփական կանոնադրությունների, որոնց դրույթները ներդաշնակեցված են ՍԾՏՀ Կանոնադրության հետ։

ՍԾՏՀ առաջնայնությունները խմբագրել

ՍԾՏՀ առաջնայնությունները նախանշված են կազմակերպության Կանոնադրությունում ձևակերպված համագործակցության ոլորտներում՝ առևտուր և տնտեսական զարգացում, բանկային գործ և ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղատնտեսական արդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, բնապահպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիաներ, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային և սահմանային այլ մարմինների միջև համագործակցություն, պայքար կազմակերպված հանցավորության, թմրանյութերի, զենքերի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներկրման, ահաբեկչության և անօրինական արտագաղթի դեմ, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում, փոքր և միջին ձեռնարկատիրություն, կրթություն, ինստիտուցիոնալ վերազինում և կառավարում։ Կազմակերպության առաջնային հայեցակարգային ծրագրերի շարքում են ՍԾՏՀ արդյունավետության բարձրացումն ու նոր տնտեսական օրակարգի մշակումը։

ՍԾՏՀ շրջանակներում կնքված պայմանագրեր խմբագրել

ՍԾՏՀ անդամ երկրները մինչև այժմ ունեն կնքված համաձայնագրեր և պայմանագրեր հետևյալ հարցերի շուրջ՝

  • տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին
  • կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի բնագավառում ՍԾՏՀ անդամ-երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր
  • բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացման մասին փոխըմբռնման հուշագիր
  • Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման և ՍԾՏՀ տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր
  • ՍԾՏՀ չորս անդամ-երկրների՝ Ալբանիայի, Հայաստանի, Մոլդովայի և Թուրքիայի կողմից ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների քաղաքացի հանդիսացող բեռնատար մեքենաների վարորդների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների քաղաքացի հանդիսացող գործարարների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին համաձայնագրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.bsec-organization.org/
  2. http://www.bsec-organization.org/Information/Pages/bsec.aspx
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.