Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրինգ (այլ կիրառումներ)

Սրինգ, երկայնական-ֆլեյտային տիպի նվագարանների ընդհանուր անվանումը, հոմանիշ է հունական սիրինգսին (σύριγξ)։ Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ երկուսն էլ պիտի որ փոխառություն լինեն «փռյուգականից»։

Սրինգ
Որակավորումopen flutes with internal duct with fingerholes? և Slavic musical instrument?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.222.12

Հին Հունաստանում սիրինգս անվանել են ոչ միայն հովվական միափող նվագարանը, այլև բազմափող «Պանի ֆլեյտան» («Իլիական», X, 13)։ Հայերենում «սրինգ» բառը լայնորեն գործածված է դեռևս Աստվածաշնչի թարգմանություններում։ Կոմիտասն այդ անվանումը մասնավորեցրել է ժողովրդական բլուլ գործիքին։ Առաջին գրավոր վկայությունները հանդիպում են 5-րդ դարի պատմիչների աշխատություններում։ Կոմիտասի կարծիքով սրինգը հայ ժողովրդի ազգային նվագարան է, ինքն էլ փայլուն տիրապետել է այդ նվագարանին։ 20-րդ դարում մոռացության վտանգից խուսափելու համար՝ Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում բացվեցին սրինգի դասարաններ։

Սրինգը սնամեջ փող է՝ երկու կողմից բաց։ Պատրաստվում է ոսկրից, եղեգից, փայտից, մետաղից, տարբեր պլաստիկ խողովակներից։ Ժամանակակից սրինգն ունի ութ ձայնանցք երեսի մասում և մեկը՝ հակառակ կողմից։ Նվագում են թեք դիրքով (ըստ կատարողի հարմարության՝ աջակողմյան և ձախակողմյան)։ Առավելապես մենակատարային նվագարան է, թեև կարող է օգտագործվել նաև անսամբլներում։ Սրինգով կատարվում են հովվական մեղեդիներ, երգեր և պարեղանակներ։ Լեգատո, ճոխ զարդանախշեր, մասնատված, մանրացված զարդահնչյուններ, հնչյունային սահուն և թռիչքային ելևէջներ՝ այս բոլորը չափազանց բնորոշ են սրնգաբլուլային երաժշտությունը։

Շվի և սրինգ նվագարանները գյուղական-հովվական միջավայրից տարածվեցին դեպի քաղաքի միջավայր՝ երաժշտական դպրոցից մինչև կոնսերվատորիա։

Մեծ վարպետ, վաստակավոր արտիստ Իլյա Մինասյանը պատրաստեց սաներ, ովքեր շարունակեցին այս նվագարանների կատարելագործման կատարողական վարպետության լավագույն ավանդույթները։ Նրան փոխարինելու եկան նոր սերունդ՝ Նորայր Ժամհարյան, Արարատ Պետրոսյան, Սիրակ Թորոսյան, Մնացական Չալիկյան, Լիլիթ Սիմոնյան, Արթուր Գրիգորյան, Լևոն Թևանյան, Կարեն Մանուկյան, Մարգարիտ Ոսկանյան, Աստղիկ Հակոբյան, Հասմիկ Մուրադյան, Սաթենիկ Պողոսյան և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ ժողովրդական նվագարաններ. Երևան: «Կոմիտաս». 2008. ISBN 978-99941-853-2-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։