Ստորոգում, քերականական իրողություն, որով նախադասության ենթակային դիմավոր բայի միջոցով վերագրվում է որևէ (բուն կամ առարկայական) հատկանիշ[1]։ Օրինակ՝ «Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա ծերության օրերն ու սարերն իր հոր» նախադասության մեջ զարդարել հատկանիշը դիմավոր ձևով վերագրվում է նա ենթակային։

Ստորոգումն արտահայտվում է՝

  1. դիմաթվային վերջավորությունների միջոցով, որոնք բայահիմքով կամ հարադիր բաղադրիչով արտահայտված հատկանիշը վերագրում են ենթակային։ Օրինակ՝ Միրհավի պես թռավ Սոնան։
  2. Էական բայերով, որոնք ենթակային վերագրում են առկայության կամ բացակայության հատկանիշ։ Օրինակ՝ Էլ չկան պատրանքները սիրուն։
  3. Էական բայերով՝ օժանդակ կիրառությամբ, որոնք դերբայով կամ այլ խոսքի մասով արտահայտված առարկայական կամ բուն հատկանիշը վերագրում են ենթակային։ Օրինակ՝ Լինեի չոբան սարերում հեռու։
  4. Վերացական բայերի միջոցով, որոնք հանդես են գալիս օժանդակ բայի գործառույթով։ Օրինակ՝ Կապույտ երկինքը նրան ծով էր թվում։
  5. Մի շարք բայերով՝ վերացական կամ եղանակավորող իմաստով, օրինակ՝ Ու սիրում ենք առավոտից իրիկուն Ճամփա երթալ ու հավիտյան երազել։
  6. «Անուն + միադիմի բայաձև» կաղապարով, օրինակ՝ Անհրաժեշտ էր այդ մասին տեղյակ պահել նրան։

Հայագիտության մեջ կա նաև այն կարծիքը, որ ստորոգումը կարող է արտահայտվել է նաև հնչերանգով, որով՝

  • բայական անդեմ նախադասությունների անորոշ դերբայով արտահայտված անդամին վերագրվում է դիմային հարաբերություն։
Օրինակ՝ 
-Կեցցե՜ հանրապետությունը,-պոռացին ոմանք։
-Լռե՛լ,- գոռաց սպան։
-Ա՜խ, լինել թեթև՜, հրո՜տ, հրակա՜մ...
  • Անվանական անդեմ նախադասության գերադաս անդամին վերագրվում է առկայություն կամ բացակայություն։
Օրինակ՝
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր.
Երկինքներ, որպես երազներ խոհուն...
Ե. Շարենց
  • Եղանակավորում է բառ-նախադասությամբ արտահայտված դատողական կամ զգացական իմաստը։
Օրինակ՝ 
- Անդո՛, կովը քեզ կուտի՞։
- Չէ՛, կսատկի։
- Գոմե՞շը։
- Չէ՛։
Ա. Բակունց

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 99-100։