Ստորին ծնոտ (mandibula), գանգի շարժուն ոսկրն է։ Այն պայտաձև է, որը պայմանավորված է մի կողմից նրա ֆունկցիայով, մյուս կողմից նրա զարգացումով ընդերային առաջին աղեղից, որի ձևը պահպանվում է որոշակի չափով։

նորածնի ստորին ծնոտ (լատ. mandibulla)

Կառուցվածք խմբագրել

 
30 տարեկան տղամարդու ստորին ծնոտ (լատ. mandibulla)

Ծամիչ ապարատի կառուցվածքի պասիվ և ակտիվ մասերին համապատասխան, ստորին ծնոտը բաժանվում է հորիզոնական և ուղղաձիգ մասերի։ Հորիզոնական մասը կամ մարմինը (corpus mandibulae), իր վրա կրում է ատամները, իսկ ուղղաձիգ մասը կամ ճյուղերը (rami mandibulae) ծառայում են ստործնոտայաին հոդը կազմելու և ծամիչ մկանների կպչելու համար։

Այդ երկու մասերը՝ հորիզոնականը և ուղղահայացը, համամիտվում են որոշ անկյան տակ, որի արտաքին մակերեսին կպչելով, ծամիչ մկանը (musculus masseter) առաջացնում է համանուն թմբկությունը՝ tuberositas masseterica։ Ուստի ծամիչ ապարատի գործունեություն ազդում է այդ անկյան չափերի վրա։ Նորածինների ստորին ծնոտի այդ անկյունը մոտավորապես 150 աստիճան է, չափահասներինը իջնում է մինչև 130-110, իսկ ծերունիներինը կապված ատամների կորստի և ծամելու ակտի թուլացման հետ, նորից մեծանում է։

Մարմնի կառուցվածքը խմբագրել

Մարմնի վերին ատամները կրող մասը ատամնաբնային մասն է (pars alveolaris), որի վերին եզրը կոչվում է ատամնաբնային աղեղ կամ շուրթ (arcus alveolaris)։ Ինչպես վերին ծնոտի վրա, այնպես էլ այստեղ, ատամները դասավորվում են ատամնաբների մեջ։ Դրանք բաժանված են իրարից միջատամնաբնային խտրոցներով։ Մարմնի կլորացած ստորին եզրը հաստացած է և կազմում է ստորին ծնոտի հիմքը։ Ծերության հասակում, երբ ատամները թափվում են, ատամնաբնային մասը ենթարկվում է ատրոֆիայի և ամբողջ մարմինը դառնում է բարակ ու ցածր։ Մարմնի միջին գծով ռիմֆիզի կատարը դառնում է եռանկյունաձև կզակային թմբկություն, որի առկայությունը բոլոր կաթնասուններից բնորոշ է միայն մարդուն։ Միայն ժամանակակից մարդն ունի իսկական կզակ։ Այս բարձունքի երկու կողմերում գտնվում են կզակային թմբիկներ (tubercula mentalia)։ Մարմնի կողմնային մակերեսին I և II փոքր աղորիքների արանքից իջնող գծի վրա գտնվում է կղակային անցքը (foramen mentale), որը ստործնոտային խողովակի (canalis mandibulae) ելքն է։ Այս խողովակի միջով անցնում են նյարդեր և անոթներ։ Կզակային թմբիկից հետ սկսվում և հետ ու վեր է ուղղվում Թեք գիծը (linea obliqua)։

Ստորին ծնոտի ներքին երեսին, սիմֆիզի շրջանում, աչքի են ընկնում երկու կզակային փշեր (spinae mentales), որոնք կզակա-լեզվակային մկանի ջլային միացման տեղերն են։

Անտրոպոմորֆ կապիկների այս մկանը կպչում է ոչ թե ջլով, այլ մսայլին մասով, որի Հետևանքով փշի փոխարեն առաջանում է փոս։ Բրածո ծնոտների շարքում անցման այդ բոլոր ձևերն էլ կան, սկսած կապիկների բնորոշ կզակային փոսից և կզակային թմբկության բացակայությունից մինչև կզակային փշի զարգացումը և կզակային թմբկության առաջացումը։ Այսպիսով, կզակալեզվային մկանի կպման ձևի փոփոխությունը մսայինից ջլայինի առաջ է բերել կզակային փուշը և դրան համապատասխան նաև կզակը։ Հաշվի առնելով, որ լեզվի մկանների ջլային կպման եղանակը նպաստել է հոդաբաժան խոսքի զարգացմանը, կզակի շրջանում ստորին ծնոտի ռելիեֆի վերափոխությունը նույնպես պետք է, որ կապված լինի խոսելու հետ և հանդիսանում է զուտ մարդկային հատկանիշ Կզակային փշի երկու կողմերում, ծնոտի ստորին եզրին ավելի մոտ, նկատելի են երկփորանի մկանի կպման տեղերի փոսիկները(fossae digastricae), դրանից հետ սկսվում է ծնոտա-կորճային գիծը (linea mylohyoida), որն ուղղվում է հետ ու վեր դեպի ծնոտի թևը։ Նրան ամրանում է համանուն մկանը։

Ճյուղեր խմբագրել

 
80 տարեկան տղամարդու ստորին ծնոտ (լատ. mandibulla)

Ծնոտի ճյուղերը՝ ramus mandibulae, սկսվում են ծնոտի յուրաքանչյուր կողմի հետին մասից և ուղղվում են դեպի վեր։ Ճյուղի միջային երեսին նկատելի է ստործնոտային անցքը (foramen mandibulae), որը տանում է դեպի ստործնոտային խողովակը (canalis mandibulae)։ Այդ անցքի միջային շուրթը ցայտում է լեզվակի նման և կոչվում է lingula mandibulae, որին էլ ամրանում է սեպա-ծնոտային կապանը։ Մարդու լեզվակը ավելի ուժեղ է զարգացած, քան կապիկներինը։ Լեզվակից հետ սկսվում և դեպի ցած ու առաջ է ուղղվում ծնոտա-կորճային ակոսը(sulcus mylohyoideus)՝ նյարդերի և անոթների համար։ Ակոսից հետ ու վար գտնվում է թևակերպային անհարթությունը(tuberositas pterygoidea), որտեղ կպչում է թևակերպային կպչուն մկանը։ Դեպի վեր ստորին ծնոտի ճյուղը վերջանում է երկու ելուններով. Առաջայինը՝ պսակաձև (processus coronoideus), որ առաջացել է ուժեղ քունքամկանի ձգման պատճառով, իսկ հետինը հոդային (processus condylaris)։ Երկու ելունները բաժանված են իրարից ծնոտային կտրուճով՝ incisura mandibulae։

Հոդային ելունն ունի գլխիկ (caput mandibulae) և վզիկ (collum mandibulae)։ Վզիկի վրա առջևից գտնվում է թևակերպային փոսը (fossa pterygoidea)՝կողմնային թևակերպային մկանի կպման համար։ Հոդային ելունի գլխիկը դուրս է ընգած միջային ուղղությամբ, բայց նրա առանցքի միջային ծայրը թեքված է դեպի այնպես, որ եթե շարունակենք երկու գլխիկների երկայնական առանցքները, նրանք 140-150 աստիճանի անկյան տակ կհատվեն ծոծրակային մեծ անցքի առաջային եզրին։

 
ստորին ծնոտ (լատ. mandibulla)

Ստորին ծնոտի նկարագրությունը հանրագումարի բերելով, անհրաժեշտ է նշել, որ նրա ձևը և կառուցվածքը բնորոշում են ժամանակակից մարդուն։ Աշխատանքի պրոցեսում, որով պայմանավորված է կապկի փոխարկվելը մարդու, բռնելու ֆունկցիան ծնոտներից անցել է ձեռքերին, որոնք դարձել են աշխատանքի օրգաններ։ Դրա հետ մեկտեղ մարդու կողմից արհեստականորեն պատրաստված սննդի օգտագործումը հեշտացրել է ծամիչ ապարատի աշխատանքը։ Այս բոլորը հանգեցրել են ատամների գործունեության թեթևացմանը և ստորին ծնոտի ռեդուկցիային։ Միաժամանակ մարդու մոտ սկսել է զարգանալ հոդաբաժան խոսքը, որը կապված է ստորին ծնոտին կպչող լեզվի մկանների ուժգին և նուրբ գործունեության հետ։ Ուստի ստորին ծնոտի կզակային մասը, որը կապված է այդ մկանների հետ, դիմացել է հետադեմ գործոնների ազդեցություններին և նրա վրա առաջացել են կզակային փուշն ու թմբկությունը։

Աղբյուրներ խմբագրել