Ստեփան Ոսկանյան

հայ հրապարակախոս, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Ոսկանյան (1825, Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1901, Իզմիր, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ։

Ստեփան Ոսկանյան
արմտ. հայ.՝ Ստեփան Ոսկանեան
Դիմանկար
Ծնվել է1825
ԾննդավայրԻզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1901
Մահվան վայրԻզմիր, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՄեսրոպյան վարժարան, Փարիզի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Սենտ Բարբի քոլեջ
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս, գրող, խմբագիր և ուսուցիչ
ԱշխատավայրԱրևելք, Արևմուտք և Մեսրոպյան վարժարան
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր և տնօրեն
ԱնդամությունՄասոնականություն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարանը։ 1846 թվականին մեկնել է Փարիզ, հաճախել Սորբոնի համալսարանը, ունկնդրել է փիլիսոփա Օ․ Կոնտին, պատմաբաններ Ժ․ Սիմոնին, Ժ․ Միշլեին, շփվել Ժ․ Բերանժեի և ուրիշների հետ, մասնակցել է ֆրանսիական դեմոկրատ ուսանողության շարժմանը։ 1848 թվականի փետրվարին կռվել է Փարիզի բարիկադների վրա, մասնակցել թագավորական պալատի գրավմանը, իսկ 1849 թվականի հունիսին՝ ուսանողների հակապապական-հակակառավարական ցույցին։ Հեղափոխական գործունեության համար Ոսկանյանը երկու ամիս բանտարկվել է, որից հետո հարկադրված հեռացել է Ֆրանսիայից։

1852-1854 թվականներին Ոսկանյանը Կոստանդնուպոլսում և Զմյուռնիայում շփվել է առաջադեմ գործիչների հետ, տպագրել (ծածկանունով) «Ներքին համոզումն» (1853) և «Հռոմէական պարգեւ» (1854) պամֆլետները՝ դատապարտելով հետադեմ կղերականությանն ու պապականությանը։ Մի խումբ համախոհների հետ Փարիզում 1855-1856 թվականներին հրատարակել է «Արևելք» հանդեսը[1]։ 1859 թվականին և 1864-1865 թվականներին Ոսկանյանը խմբագրել է «Արևմուտք» կիսամսյա հանդեսը[2]։ Փարիզում ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ, «Հյուսիսափայլ»-ից արտատպել է նրա պամֆլետը՝ ուղղված Գ․ Այվազովսկու և Հ․ Խալիպյանի դեմ, պաշտպանել նալբանդյանական պայքարը, արժանացել մեծ դեմոկրատի ջերմ համակրանքին ու դրվատանքին։ Ոսկանյանը հայ ժողովրդին կոչ է արել միավորվել, հաղթահարել ազգային ու կրոնական պառակտվածությունը, թոթափել թուրքական լուծը, ի մի գումարվել մայր հայրենիքում։ Նրա համոզմունքով՝ հայ ժողովրդի համար «Հյուսիսէն կը փայլի լոյսը»։

1860 թվականին Ոսկանյանը մեկնել է Իտալիա, Թուրինում աշխատակցել է «Լ’ Իտալի» («L’ltalie») ֆրանսերեն թերթը։ 1865 թվականից հաստատվել է Զմյուռնիայում, Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարաններում աշխատել որպես տեսուչ և ֆրանսերենի ուսուցիչ, հիմնել է Ուսումնասեր ընկերությունը (1865-18661867-1901 թվականներին Զմյուռնիայում հրատարակել է «Լա ռեֆորմ» («La Réforme») ֆրանսերեն թերթը, որտեղ լուսաբանել է նաև գաղթավայրի կյանքը։ «Օգյուստ Կոնտը Զմյուռնիայում և աթեիզմը» (1878), «Պարոն Լիթրեն և աթեիզմը» (1879) ֆրանսերեն գրքույկներում ազգապահպանության մտահոգությամբ քննադատել է Գ․ Կոստանդյանի որոշ հայացքներ և ֆրանսիացի փիլիսոփա է․ Լիթրեին, որը ջատագովում էր պոզիտիվիզմի տարածումը Արևելքում։ 1880-ական թվականին Ոսկանյանն աշխատակցել է «Արշալույս Արարատյան», «Մետեորա» և այլ պարբերականների։

Մեծ է Ոսկանյանի դերն ու ազդեցությունը հայ հասարակական մտքի վերելքի, մամուլի, ազգային զարթոնքի ու լուսավորության, հայ հրապարակախոսության ասպարեզում։ Ըստ Ոսկանյանի, «վէրք մը թէ բարոյական եւ թէ նիւթական պէտք է որ յայտնուի, որ բուժ գտնէ»։ «Այլ է ազգութիւն եւ այլ է կրօնք» (նույն տեղում)։ Նա գտնում էր, որ վճռական քայլի դիմելուց առաջ ժողովուրդը պետք է լավ նախապատրաստվի, թոթափի հետամնացությունը, լուսավորվի․ «․․․Քաջութիւնը միայն չբաւէր ազգի մը կեանքը ապահովցնելու համար։ Բազուկին քով միտք պէտք է, որ դատէ, կշռէ․․․»։ Ուստի և, ելնելով արևմտահայության վիճակից, կոչ էր անում «լռին գործ տեսնել», իզուր զենքի չդիմել, քանի դեռ չի ստեղծվել «կռթնելու կէտ մը», հետևել իտալացիների և հույների օրինակին։ Ոսկանյանը փառաբանել է զեյթունցիների սխրագործությունը։ Ոսկանյանը հորդորել է զարգացնելու երգարվեստը, թատրոնը և դրամատուրգիան, երգիծական ժանրը, հրապարակախոսությունը, մատաղ սերնդի, մասնավորապես, աղջիկների դաստիարակության և կրթության գործը, դատապարտել է օտարամոլությունը, ազգային սնապարծությունն ու կեղծ հայրենասիրությունը։ Նրա «Ազգային պակասութիւն», «Հայ դիւցազնուհի մը», «Խաչատուր Աբովեան», «Յաւելուած», «Քսանչորս ստութիւնք», «Լեռնականք», «Հայրենիք եւ հայրենասիրութիւն» և այլ գործեր 1850-1860-ական թվականների հայ գեղարվեստական արձակի և հրապարակախոսության արժեքավոր նմուշներ են։ ժամանակի հետադեմ գործիչներն ու մամուլը հարձակումներ են գործել նրա դեմ, խափանել նրա պարբերականների հրատարակությունը, դիմել մատնությունների։

Ոսկանյանը եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հղկված, պատկերավոր լեզվով։ Առաջիններից մեկն է անդրադարձել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին և ըստ արժանվույն գնահատել այն։ Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր, թարգմանել է է․ Սյուի, ժ․ Լաֆոնթենի, Ֆ․ Լամնեի, Ա․ Դյումա-որդու, Պ․ Լաշամբոդիի, ժ․ Ֆլորիանի, Ֆ․ Շատոբրիանի, Ջ․ Լոկի, ժ․ Բերանժեի, Ա․ Պրեվոյի երկերից։ Ոսկանյանը հանդես է եկել նաե Հարմա, Հրանտ, Վահե, Օ․ Օ․, Օրպել և այլ ծածկանուններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԵՒԵԼՔ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԵՒՄՈՒՏՔ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 626