Ստեփանոս Ե Սալմաստեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս (1545-1567)։ Հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացուն։ Ծն. թ. անհտ., Սալմաստ, մահացել է 1567 թ.-ին Վաղարշապատում։

Ստեփանոս Ե Սալմաստեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՍալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան
Մահացել է1567
Մահվան վայրՎաղարշապատ
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Կենսագրություն խմբագրել

XVI դ. սկզբներին թուրք-իրանական պատերազմների ժամանակ օսմանցիների կողմից գերեվարվել է նաև Ստեփանոս Սալմաստեցու ընտանիքը, որը բնակություն է հաստատել Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է այնտեղ, հմտացել լեզուների (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, լատիներեն ևն), իմաստասիրական առարկաների ուսումնասիրության և աստվածաբանության մեջ։ Կ. Պոլսում և Լեհաստանի գաղթավայրերում զբաղեցրել է հոգևոր բարձր պաշտոններ։ 1540 թ.-ին Գրիգոր ԺԱ Բյուզանդացու կողմից հրավիրվել է Սբ. Էջմիածին և նշանակվել Մաղարդի (Երնջակ) Սբ. Ստեփանոս վանքի վանահայր։ Այստեղ ծավալել է մանկավարժական բուռն գործունեություն, ուսուցանել է բազմաթիվ աշակերտների։ 1541 թ.-ին Գրիգոր ԺԱ Բյուզանդացին նրան նշանակել է աթոռակից կաթողիկոս։ Ստեփանոս Ե Սալմաստեցին Մայր Աթոռում կատարել է շինարարական և վերանորոգչական լայն աշխատանքներ, վերաբացել է Սբ. Էջմիածնի դպրոցը։

1545 թ.-ին Ստեփանոս Սալմաստեցին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Մայր Աթոռի տնտեսական ծանր վիճակը թեթևացնելու միտումով 1547 թ.-ին Միքայել եպիսկոպոս Սեբաստացուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացի) նշանակել է աթոռակից կաթողիկոս, ավելի ուշ՝ նաև Գրիգոր եպիսկոպոս Վաղարշապատցուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր ԺԲ) և Բարսեղ եպիսկոպոս Վաղարշապատցուն։ Նման իրողությունը խիստ թուլացրել է կաթողիկոսարանի կենտրոնամետ քաղաքականությունը։

Հայաստանի ազատագրության հարցը խմբագրել

Ստեփանոս Ե Սալմաստեցու ջանքերով Հայաստանի ազատագրության հարցը դարձել է միջազգային քննարկման առարկա։ Կապեր է հաստատել հակաօսմանյան լիգա ստեղծելու միտումով գումարված Տրիտենդյան եկեղեցական ժողովի (1545) հետ։ 1547 թ.-ին Էջմիածնում հրավիրել է արևելահայ մելիքների և բարձրաստիճան հոգևորականների («Տէրանց Հայոց») գաղտնի խորհրդաժողով։ Նույն թվականին աթոռակից Միքայել եպիսկոպոս Սեբաստացուն փոխանցելով կաթողիկոսարանի գործերը՝ գլխավորել է մելիքների հանձնարարական նամակներով Արևմտյան Եվրոպա մեկնող պատվիրակությունը։

1548 թ.-ին ժամանել է Վենետիկ, ուր բանակցություններ է վարել հանրապետության դոժի հետ։ Պահպանված փաստաթղթերից ակներև է դառնում, որ Հայոց հովվապետն իր քաղաքական ակնկալությունները կապել է Վենետիկի հետ։ Այնուհետև մեկնել է Հռոմ, հանդիպումներ ու բանակցություններ վարել Պողոս Գ և Հուլիոս Գ պապերի հետ։ Սակայն Վատիկանում հայ-հռոմեական բանակցությունները հիմնականում կրել են դավանաբանական բնույթ։ Քաղաքական երկխոսության փոխարեն Հռոմն առաջադրել է զույգ եկեղեցիների միության հնարավորության հարցը։ Բանակցությունների ընթացքից հիասթափված Հայոց կաթողիկոսը մեկնել է Վիեննա, ապա՝ Վարշավա, խորհրդակցել «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Կառլոս V-ի և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ II Օգոստոսի հետ։ Ավարտելով դիվանագիտական բանակցությունները Արևմուտքում՝ Ստեփանոս Ե Սալմաստեցին 1551 թ.-ին Լեհաստանի, Արևմտյան Ուկրաինայի և Ղրիմի հայկական գաղթավայրերն այցելելուց հետո 1552 թ.-ին վերադարձել է Հայաստան։

Մատենագրական գործունեություն 

Ստեփանոս 5

Սալմաստեցին զբաղվել է նաև մատենագրությամբ, մեկնել է Հովհաննեսի Ավետարանը, գրել է Քրիստոսի և ավետարանիչների վարքը, հեղինակել տաղեր («Եղուկ եւ վայ ինձ» և այլն)։

1552 թ.-ին Լվովում Ստեփանոս Ե Սալմաստեցու վախճանվելու և այնտեղ կաթոլիկ ծեսով թաղվելու մասին կարծիքը ժխտվում է հիշատակարանների վկայություններով։ Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ։

Կաթողիկոսական գահին Ստեփանոս Ե Սալմաստեցուն հաջորդել է Միքայել Ա Սեբաստացին։

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել


Նախորդող՝
Գրիգոր ԺԱ Բյուզանդացի
Կաթողիկոս
1545–1567
Հաջորդող՝
Միքայել Ա Սեբաստացի