Ստամնոս (հին հունարեն՝ στάμνος), ամֆորայի նմանվող կավե կլորավուն անոթ, որ պատրաստվել է Հին Հունաստանում մ. թ. ա. 6-րդ դարի վերջից մինչև 5-րդ դարի վերջը, իսկ Էտրուրիայում՝ մինչև 4-րդ դար։

Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվող ստամնոս՝ հազվադեպ սևաֆիգուր նկարազարդումով։ Պատկերված են Ոդիսևսը և սիրենները:
Պոլիգնոթի կողմից մ. թ. ա. մոտավորապես 430-420 թթ. նկարազարդված ստամնոս (Աթենքի ազգային հնագիտական թանգարան)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ունեցել է լայն բացվածքով բերան, ցածրիկ բուկ, բերանին հավասարվող երկու հորիզոնական կանթ, կարճ տոտիկ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են կափարիչ կրող ստամնոսներ, ինչը վկայում է, որ դրանք, ինչպես և ամֆորաները, օգտագործվել են գինի, ձեթ և այլ հեղուկներ պահելու նպատակով։ Մատենագրության մեջ առկա հիշատակումները և որոշ հին պատկերազարդումներ վկայում են, որ ստամնոսները, կրետերների պես, գործածվել են նաև խնջույքներում գինի մատռվակելու համար։ Մատենագրական հիշատակումներից կարելի է եզրակացնել նաև, որ ստամնոս եզրույթը գործածվել է ավել լայն իմաստով ևս՝ նշանակելով մեծ անոթ ընդհանրապես։

Ստամնոսները՝ որպես խեցեղենի յուրահատուկ տեսակ, առաջին անգամ ի հայտ են եկել արխայիկ դարաշրջանում, Լակոնիայում և Էտրուրիայում։ Աթենքում դրանք հայտնվել են մ. թ. ա. մոտավորապես 530 թվականին և պատրաստվել են բացառապես Էտրուրիա վաճառքի արտահանելու նպատակով։

Պատկերազարդումներում ստամնոսները, որպես կանոն, հանդիպում են կարմրաֆիգուր խեցեղենի վրա, հատկապես՝ Դիոնիսոս աստծու պատվին կանանց կազմակերպած տոնակատարությունների տեսարաններում։ Այդ պատճառով էլ դրանք անվանվել են նաև լենեյական սկիհներ։ Հնագիտական և արվեստագիտական առումներով թանկարժեք նմուշ է համարվում Օլտոսի նկարազարդած ստամնոսը, որ ներկայումս պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Ենթադրվում է, որ ստամնոսները պաշտամունքային արարողությունների ժամանակ չեն օգտագործվել, նկատի առնելով այն հանգամանքը, որ դրանք ատտիկական ծագում չունեն։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ingeborg Scheibler: Stamnos. Der Neue Pauly (DNP). Band 11, Metzler, Stuttgart 2001, ISBN 3-476-01481-9, Sp. 916 f.
  • B. B. Shefton: Der Stamnos, Wolfgang Kimmig: Das Kleinaspergle. Studien zu einem Fürstengrabhügel der frühen Latènezeit bei Stuttgart, Stuttgart 1988, S. 104 – 152.
  • Martin Robertson, The Art of Vase-Painting in Classical Athens, Cambridge, Cambridge University Press, 1992, p. 33, ISBN 0521338816.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամնոս» հոդվածին։