Ստալինյան մրցանակ (ռուս.՝ Сталинская премия), 1940-1954 թվականներին գիտության և տեխնիկայի, ռազմական գիտելիքների, գրականության և արվեստի բնագավառներում ունեցած ձեռքբերումների համար, ինչպես նաև արտադրական աշխատանքի մեթոդների արմատական կատարելագործմանն ուղղված ներդրումների համար ԽՍՀՄ քաղաքացիներին խրախուսելու նպատակով տրվող մրցանակ։ 1954 թվականից հետո չի շնորհվել, իսկ 1966 թվականին հավասարեցվել է նորաստեղծ ԽՍՀՄ Պետական մրցանակին։

Ստալինյան մրցանակ
Տեսակմրցանակ, շքանշան և պարգև
Կազմված էՍտալինյան 1-ին աստիճանի մրցանակ, 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրվել է1941
Անվանված էԻոսիֆ Ստալին

Մրցանակի սահմանում խմբագրել

Ստալինյան մրցանակները կամ Ստալինի անվան մրցանակները սահմանվել են ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի երկու որոշումներով.

1) «Ստալինի անվան մրցանակի և թոշակի (կրթաթոշակ, կենսաթոշակ) սահմանման մասին»։ Ընդունվել է 1939 թվականի դեկտեմբերի 20-ին` Իոսիֆ Ստալինի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այն սահմանում էր 16 անուն մրցանակ, յուրաքանչյուրը 100 հազար ռուբլի գումարի չափով և շնորհվում էր ամեն տարի` գիտության և արվեստի գործիչներին, մեծագույն աշխատանքի համար` հետևյալ բնագավառներում.

Նույն որոշմամբ սահմանվել էր նաև 10` առաջին (100 հազար ռուբլի), 20` երկրորդ (50 հազար ռուբլի) և 30` երրորդ (25 հազար ռուբլի) աստիճանների Ստալինյան մրցանակներ, որոնք պետք է շնորհվեին յուրաքանչյուր տարի, համապատասխանաբար` լավագույն հայտնագործության և ռազմական գիտելիքների ոլորտում մեծագույն ձեռքբերումների համար[1]։

2) «Գրականության ասպարեզում Ստալինի անվան մրցանակի սահմանման մասին»։ Ընդունվել է 1940 թվականի փետրվարի 1-ին։ Այն սահմանում էր չորս մրցանակ, յուրաքանչյուրը 100 հազար ռուբլու չափով, որը պետք է շնորհվեր գրականության մեծագույն ստեղծագործության համար։ Դրա հետ միասին շեշտվում էր, որ չորս մրցանակները շնորհվում էին յուրաքանչյուր ժանրի համար մեկ մրցանակ` պոեզիա, արձակ, դրամատուրգիա և գրական քննադատություն[2]։

Մրցանակների քանակը և գումարի չափը բազմիցս փոփոխվել է։ Որպես հավելում, 1949 թվականին սահմանվել է նաև «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային Ստալինյան մրցանակը։ Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Ստալինը անձամբ հետևում էր թեկնածուների ընտրությանը և հաճախ միանձնյա որոշում այն շնորհելու հարցը։

Մրցանակի պատմություն խմբագրել

Ստալինյան մրցանակի գումարները վերցվում էին Ստալինի աշխատանքների հրատարակության հոնորարներից, որոնք տպագրվում էին նաև արտասահմանում[3]։ Շատ հնարավոր էր, որ գումարներ էին տրամադրվում նաև նրա աշխատավարձից, քանի որ նա զբաղեցնում էր երկու բարձրագույն պաշտոն (ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ), որոնցից յուրաքանչյուրի համար նա ամսական ստանում էր 10 հազար ռուբլի։

1942-1943 թվականներին գրեթե բոլոր մրցանակակիրները, մրցանակից ստացված իրենց գումարները փոխանցել են Պաշտպանության հիմնադրամին[4]։ Այդ իսկ պատճառով 1944-1945 թվականներին Ստալինյան մրցանակ չի շնորհվել, քանի որ գումարները ծախսվում էին ռազմաճակատին նյութական օգնություն տրամադրելու համար։ Հաճախ մրցանակների գումարը ծախսվում էր բարեգործական նպատակների վրա[5]։ Մրցանակը տրվում էր ոչ թե ողջ վաստակի համար, այլ կոնկրետ աշխատանքի և որևէ ձեռքբերման համար։ Քանի որ այն սահմանվել էր որպես նյութական խթան, ապա շնորհվում էր հիմնականում միջին տարիքի կամ երիտասարդ գործիչների։ Սովորաբար մրցանակի հետ տրվում էր նաև շքանշան։ Մրցանակակիրները օգտվում էին կոնկրետ արտոնություններից` անվճար երթևեկություն, ԲՈւՀ-երում երեխաների անվճար ուսուցում և այլն։

Ամենաշատ Ստալինյան մրցանակ ստացել է ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինը (յոթ մրցանակ)։ Վեց անգամ մրցանակի արժանացել են կինոռեժիսորներ Իվան Պիրևը և Յուլի Ռայզմանը, կինովավերագրող Իլյա Կոպալինը, դերասան և ռեժիսոր Նիկոլայ Օխլոպկովը, գրող Կոնստանտին Սիմոնովը, կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը, դերասան Նիկոլայ Բոգոլյուբովը, ավիակոնստրուկտորներ Ալեքսանդր Յակովլևը, Արտեմ Միկոյանը և Միխայիլ Գուրևիչը։

Ստալինի մահից հետո, 1954 թվականից Ստալինյան մրցանակ այլևս չի շնորհվել։ Ստալինի անձի պաշտամունքը արմատախիլ անելու շրջանակներում, 1956 թվականին սահմանվեց Լենինյան մրցանակը, իսկ 1966 թվականին սահմանվել է ԽՍՀՄ Պետական մրցանակը, որը հավասարեցվել էր Ստալինյան մրցանակին։ Ստալինյան մրցանակի փաստաթղթերը, վկայականները և կրծքանշանները փոխարինվում էին Պետական մրցանակի փաստաթղթերով և նշաններով։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ստալինի անվան մրցանակակիրներից մի քանիսը հետագայում ենթարկվել են բռնաճնշումների, օրինակ` պետական գործիչ Նիկոլայ Վոզնեսենսկին, գեներալ-լեյտենանտ Պավել Մեշիկը, դերասան Վենիամին Զուսկինը։ Ստալինյան մրցանակը ետ է վերցվել գիտնական Սերգո Բերիայից, քաղաքական գործիչ Լավրենտի Բերիայից, ակադեմիկոս Անդրեյ Սախարովից և մի շարք այլ մրցանակակիրներից։

Հայազգի Ստալինյան մրցանակակիրներ խմբագրել

Ստորև ներկայացվում են այն հայազգիները, ովքեր արժանացել են Ստալինյան մրցանակի.

Մրցանակակիրը Մասնագիտությունը Տարեթիվը
Աբրահամ Ալիխանով  ֆիզիկոս 1941, 1948, 1953
Արտեմ Ալիխանյան  ֆիզիկոս 1941, 1948
Լևոն Օրբելի  ֆիզիոլոգ 1941
Արտավազդ Ավագյան  կենսաբան 1941, 1951
Արտեմ Միկոյան  ավիակոնստրուկտոր 1941, 1947, 1948, 1949, 1952, 1953
Արամ Խաչատրյան  կոմպոզիտոր 1941, 1943, 1946, 1950
Մարտիրոս Սարյան  նկարիչ 1941
Սերգեյ Մերկուրով  քանդակագործ 1941, 1951
Վաղարշ Վաղարշյան  դերասան 1941, 1952
Թամարա Խանում  երգչուհի և պարուհի 1941
Համո Բեկնազարյան  կինոռեժիսոր 1941
Հրաչյա Ներսիսյան  դերասան 1941
Ավետ Ավետիսյան  դերասան 1941
Ալեքսանդր Թամանյան  ճարտարապետ 1942, հետմահու
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո  ռեժիսոր 1942, 1943
Ալեքսանդր Մելիք-Փաշաև  դիրիժոր 1942, 1943
Իվան Կնունյանց  քիմիկոս 1943, 1948, 1950
Ռուբեն Սիմոնով  ռեժիսոր 1943, 1947, 1950
Մովսես Գրիգորյան  փիլիսոփա 1944
Վիկտոր Համբարձումյան  աստղագետ 1946, 1950
Ստեփան Մալխասյանց  ակադեմիկոս 1946
Վաղինակ Շահումյան  անասնաբույծ 1946
Կոմիտասի անվան պետական լարային քառյակ  - 1946
Սերգեյ Ասլամազյան  թավջութակահար 1946
Ավետ Գաբրիելյան  ջութակահար 1946
Միքայել Տերյան  ալտահար 1946
Նիկիտա Բալաբանյան  ալտահար 1946
Հայկանուշ Դանիելյան  երգչուհի 1946
Վանո Մուրադելի  կոմպոզիտոր 1946, 1951
Դմիտրի Նալբանդյան  նկարիչ 1946, 1951
Արմեն Գուլակյան  դերասան և ռեժիսոր 1946, 1950
Միքայել Թավրիզյան  դիրիժոր 1946, 1951
Շարա Տալյան  երգիչ 1946
Ագրիպինա Վահանովա  բալետի պարուհի 1946
Ավետիք Իսահակյան  բանաստեղծ 1946
Խաչատուր Կոշտոյանց  ֆիզիոլոգ 1947
Գրիգոր Շահումյան  մեքենաշինարար 1948
Ալեքսանդր Հարությունյան  կոմպոզիտոր 1949
Անդրանիկ Իոսիֆյան  ֆիզիկոս 1949
Սերգեյ Բալասանյան  կոմպոզիտոր 1949
Աշոտ Վահրամյան  քիմիկոս 1950
Արշա Օվանեսովա  կինովավերագրող 1950
Էդուարդ Էզով  օպերատոր և ռեժիսոր 1950
Թաթուլ Ալթունյան  խմբավար 1950
Դավիթ Մալյան  դերասան 1950, 1952
Գուրգեն Գաբրիելյան  դերասան 1950
Հովհաննես Ավագյան  դերասան 1950
Գարուշ Խաժակյան  դերասան 1950
Ֆրունզե Դովլաթյան  դերասան և կինոռեժիսոր 1950
Մետաքսյա Սիմոնյան  դերասանուհի 1950
Հովհաննես Իսակով  ծովակալ 1951
Շավարշ Աղաբաբյան  գյուղատնտես 1951
Մարկ Գրիգորյան  ճարտարապետ 1951
Մարիետա Շահինյան  գրող 1951
Գևորգ Էմին  բանաստեղծ 1951
Առնո Բաբաջանյան  կոմպոզիտոր 1951
Զարուհի Դոլուխանյան  երգչուհի 1951
Սուրեն Քոչարյան  ասմունքող 1951
Աշոտ Պետրոսյանց  կոմպոզիտոր 1951
Ռաֆայել Իսրայելյան  ճարտարապետ 1951
Հարո Ստեփանյան  կոմպոզիտոր 1951
Վարդան Աճեմյան  ռեժիսոր 1951
Աշոտ Միրզոյան  նկարիչ 1951
Տաթևիկ Սազանդարյան  երգչուհի 1951
Գոհար Գասպարյան  երգչուհի 1951
Ավագ Պետրոսյան  երգիչ 1951
Վահրամ Գրիգորյան  երգիչ 1951
Սերգեյ Մերգելյան  մաթեմատիկոս 1952
Ռուբեն Միրիմանով  մեխանիկ 1952
Նորայր Սիսակյան  կենսաքիմիկոս 1952
Դավիթ Աթաբեկով  գինեկոլոգ 1952
Միխայիլ Կարապետյանց  քիմիկոս 1952
Սիլվա Կապուտիկյան  բանաստեղծուհի 1952
Լևոն Արիստակեսով  կինովավերագրող 1952
Աշոտ Սաթյան  կոմպոզիտոր 1952
Գուրգեն Ջանիբեկյան  դերասան 1952
Գևորգ Աշուղյան  դերասան 1952
Օլգա Գուլազյան  դերասանուհի 1952
Անատոլիա Եղյան  դերասանուհի 1952

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление СНК СССР об учреждении премии и стипендии имени Сталина. // Правда. 1939. № 351 (21 декабря).
  2. Постановление СНК СССР об учреждении премий имени Сталина по литературе. // Правда. 1940. № 32 (2 февраля).
  3. В. С. Бушин Культурки не хватает // Завтра, № 3(320), 2000]
  4. «…академики А. Е. Арбузов, С. С. Наметкин и А. Е. Порай-Кошиц внесли 200 тыс. рублей на приобретение вооружения для Красной Армии из Государственной премии, которой были удостоены в 1943 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  5. «В. Ф. Войно-Ясенецкий передал 130 тыс. рублей из полученной им в 1946 премии первой степени «на помощь сиротам, жертвам фашистских извергов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.