Սուրիկատ (լատին․՝ Suricata suricatta, անգլ.՝ meerkat կամ suricate), մանգուստների ընտանիքին (լատին․՝ Herpestidae) պատկանող փոքր չափերի գիշատիչ։ Սուրիկատը (S. suricatta) համանուն ցեղի (Suricata) միակ ներկայացուցիչն է[1]։ Սուրիկատներն ապրում են Բոթսվանայի Կալահարի անապատի բոլոր մասերում, Նամիբիայի և հարավարևմտյան Անգոլայի Նամիբ անապատի մեծ մասում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Սուրիկատների խումբը կոչվում է «հրոսակ» (անգլ.՝ «mob», «gang» կամ «clan»)։ Այն կարող է ներառել մոտ 20, իսկ որոշ գերընտանիքներ՝ 50 կամ ավելի անդամ։ Յուրաքանչյուր խումբ կազմված է 2-3 ընտանիքներից։ Խմբում իշխում են հասուն էգերը (մայրիշխանություն)։ Խմբերի միջև կռիվներ են լինում. հաղթող խումբը տիրում է պարտվողների բներին և տարածքներին, ոչնչացնում են պարտվողների ձագերին։ Փակի տակ սուրիկատներն ապրում են 12―14 տարի, իսկ բնության մեջ մոտ երկու անգամ ավելի կարճ։

Սուրիկատ
Սուրիկատ
Ցվալու Կալահարի արգելոց, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Մանգուստներ (Herpestidae)
Ցեղ Սուրիկատներ (Suricata)
Desmarest, 1804
Տեսակ Սուրիկատ (S. suricatta)
Լատիներեն անվանում
Suricata suricatta
Schreber, 1776
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Սուրիկատների բնակվելու շրջան


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Անվանում խմբագրել

Անգլերենում «meerkat»-ը փոխառություն է աֆրիկաանս լեզվից ([ˈmeə̯rkɐt])։ Անվանումն ունի հոլանդական ծագում, բայց թյուրըմբռման հետևանքով։ Հոլանդերեն meerkat֊ը «guenon»֊ն է, որը կապիկների Cercopithecus ցեղից է։ Հոլանդերենից այն բառացի թարգմանվում է «լճի կատու», բայց սուրիկատը կատվազգիների ընտանիքից չէ բնավ՝ չնայած որ նա պատկանում է կատվանմաների ենթակարգին, և ո՛չ սուրիկատները, ո՛չ guenon֊ները չունեն հակում դեպի լճերը։ Բառը հավանաբար մուտք է գործել հոլանդերեն սանսկրիտից՝ markaţa मर्कट = «կապիկ», ենթադրաբար Աֆրիկայում Հոլանդական արևելահնդկաստանյան ընկերության նավի հնդիկ նավաստիների միջոցով։ Հոլանդական արևելահնդկաստանյան ընկերության առևտրականները հավանաբար գիտեին այս կապիկներին, բայց հոլոնդացի նորաբնակները կցել են անվանումը սխալ կենդանու Բարեհուսո հրվանդանում։ Սուրիկատը հոլանդերենով կոչվում է stokstaartje = «փոքրիկ ցցված պոչ»։

Կենսաբանություն խմբագրել

 
Գանգը և ատամնաշարը, համաձայն Paul Gervais֊ի պատկերման Histoire naturelle des mammifères աշխատությունում

Սուրիկատը փոքրամարմին ցերեկային մանգուստների ընտանիքից մոտ 731 grams (1.612 lb) արուների և 720 grams (1.59 lb) էգերի համար կշռող կենդանի է։ Նրա երկար սլացիկ կորպուսը և վերջույթները տալիս են նրան մարմնի 25 centimetres (9.8 in)֊ից մինչև 35 centimetres (14 in) բարձրություն և ավելացված պոչի երկարությունն է 17 centimetres (6.7 in)֊ից մինչև 25 centimetres (9.8 in): Նրա պոչն այնքան թավ չէ, որքան մյուս մանգուստի տեսակներինը, բայց այն բավականին երկար ու բարակ է և գնալով բարակում է դեպի սև կամ կարմրավուն ծայրը։ Կանգնած ժամանակ սուրիկատն օգտագործում է իր պոչը հավասարակշռությունը պահելու համար, ինչպես նաև ազդանշաններ հաղորդելու համար։ Նրա դեմքը բարակում է հասնելով քթին, որը շագանակագույն է։ Աչքերի շուրջը միշտ սև է լինում, և նրանք ունեն փոքր կիսալուսնաձև ականջներ, որոնք կարող են փակվել փորոլու ժամանակ դրանց մեջ հող լցվելուց խուսափելու նպատակով։ Կատուների պես սուրիկատների աչքերն դեմքի դիմային մասում են և ունեն բինոկուլյար տեսողություն՝ տալով ավելի լայն տեսադաշտ և հեռավորության/խորության զգացողություն։

Սուրիկատի ամեն մի մատի վրա կա ետ չքաշվող, ամուր, 2 centimetres (0.79 in) երկարության, կոր ճանկ, որն օգտագործվում է բուն և որսի հետևից փորելու համար։ Ճանկերը նույնպես օժանդակում են հետևի մկանոտ որտքերով ծառերը մագլցելուց։ Սուրիկատներն ունեն չորս մատ ամեն մի ոտքի վրա և երկար սլացիկ վերջույթներ։ Մորթին սովորաբար լինում է դեղնա֊դարչնագույն թեթևակի մոխրագույն երանգներով, թուխ դարչնագույն կամ շագանակագույն արծաթագույն նրբերանգով։ Իրենց մեջքին ունեն կարճ իրար զուգահեռ զոլեր՝ տարածվելով պոչի հիմքից մինչև ուսերը։ Ամեն մի սուրիկատի զոլերով առաջացած նախշերը յուրահատուկ են միմիայն իրեն։ Փորի մասում չկան նախշեր, բացառությամբ պորտի մասում գտնվող հետքից, որ ծածկված է միայն նոսր մազերով և տակից սև մաշկը տեսանելի է լինում։ Սուրիկատն օգտագործում է այս մասը ջերմություն կլանելու համար իր հետևի ոտքերի վրա կանգնելով, սովորաբար վաղ առավոտյան՝ սառն անապատային գիշերներից հետո։

Դիետիկ և հայթայթող վարքագիծ խմբագրել

 
Սուրիկատը որսի ժամանակ, պատկեր Ալֆրեդ Բրեմի Life of Animals աշխատությունից
 
Փորում է միջատներ որսալու համար, Ցվալու Կալահարի արգելոց, Հարավաֆրիկյան Հանրապետություն
 
Նամիբիայում սուրիկատն ուտում է գորտ

Սուրիկատը հիմնականում միջատակեր է, բայց նաև ուտում է այլ կենդանիներ՝ մողեսներ, օձեր, կարիճներ, սարդեր, բույսեր, ձվեր, փոքր կաթնասուններ, զույգոտիկներ, հազարոտիկներ ու շատ ավելի հազվադեպ փոքր թռչուններ, և սնկեր՝ անապատային Kalaharituber pfeilii գետնասունկը[2]։ Ի տարբերություն մարդկանց, սուրիկատներն ունեն ուժեղ իմունիտետ որոշ տեսակի թույնների դեմ, ներառյալ Կալահարի անապատի կարիճի չափազանց ուժեղ թույնի դեմ[3]։ Նրանք չունենալով պահուստային սնունդ ավելցուկ ճարպի տեսքով պարտավորված են ամեն օր սնունդ հայթայթել։

Սուրիկատները սնունդ են հայթայթում մեկ ժամապահ ունեցող խմբով, որտեղ այդ ժամապահը հսկում է այլ գիշատիչներից պաշտպանվելու համար, իսկ մյուսները սնունդ են փնտրում։ Ժամապահը իր պարտականությունը կատարում է մոտ մեկ ժամ։ Մեկ սուրիկատն ունակ է փորելու իր իսկ քաշի չափով ավազ մեկ վայրկյանում[4]։ Սուրիկատի ձագը սնունդ հայթայթելուն չի մասնակցում մինչև մեկ ամսականը լրանա և այդպիսով սովորում է խմբի ավագ անդամին հետևելով, ով ծառայում է ձագի համար որպես ուսուցիչ[5]։ Կանգնած պահակ սուրիկատը հանում է բարակ ձայներ, երբ ամենը լավ է։ Եթե սուրիկատը վտանգավոր ինչ որ բան է նշմարում, սկսում է հաչել և սուլել։

Գիշատիչ կենդանիներ խմբագրել

Սուրիկատներին հիմնականում որսում են Աֆրիկյան արծիվները և շնագայլերը։ Սուրիկատներն երբեմն սատկում են օձի խայթոցից նրանց հետ առերեսման ժամանակ, բայց օձը հետո չի ուտում սուրիկատին։

Վերարտադրություն խմբագրել

Սուրիկատները սեռահասունանում են մոտավորապես մեկ տարեկան հասակում և կարող են մեկ ծնունդով տալ մեկից մինչև հինգ ձագ, սակայն հաճախ բերած ձագերի թիվը լինում է երեքը։ Վայրի սուրիկատները տարեկան կարող են մինչև չորս ծնունդաբերում ունենան։ Սուրիկատները iteroparous են և կարող են բազմանալ տարվա ցանկացած ժամանակահատվածում, բայց հիմնականում ծնունդները լինում են տաք սեզոններին։ Երեք շաբաթական ձագուկներն արդեն կարող են լքել բունը։ Երբ ձագերը պատրաստ են լինում բնից դուրս գալուն, սուրիկատների ամբողջ հրոսակը կկանգնի բնի մոտ որպեսզի դիտի։ Մեծերից որոշները հնարավոր է փորձեն աչքի ընկնեն, որպեսզի ձագերի փոխարեն իրենք լինեն ուշադրության կենտրոնում։

Չի ցուցաբերվում նախամերձեցում։ Հղիությունը տևում է մոտավորապես 11 շաբաթ և ձագերը ծնվում են գետնի տակ՝ բնում ու խնամքի կարիք են ունենում։ Ձագերի ականջները բացվում են 15 օրականում, իսկ աչքերը՝ 10―14 օրականում։ Նրանք կրծքից կտրվում են շուրջ 49―63֊րդ օրում։ Նրանք գետնի տակից դուրս չեն գալիս առնվազն մինչև 21 օրական դառնալը և մնում են դայակների հետ բնում։ Մոտ մեկ շաբաթ անց էլ նրանք միանում են չափահասներից կազմված հայթայթողների խմբին։

Սովորաբար ալֆա զույգին է վերապահված զուգվելը և այն սպանում է ցանկացած ձագին, որն իրենից չէ, որպեսզի իր հետնորդներն ունենան գոյատևելու ամենամեծ շանսերը։ Դոմինանտ զույգն անգամ կարող է վտարել կամ վռնդել անցանկալի ձագերի մայրերին։

Սուրիկատների նոր խմբերը՝ հրոսակները, հաճախ կազմվում են վռնդված էգերից, որոնք միավորվում են թափառական արուների հետ։

Եթե ալֆա խմբի անդամներն արյունակցական կապ են ունենում իրար հետ (այսպես պատահում է այն ժամանակ, երբ ալֆա էգը սատկում է և փոխարինվում է իր դուստրով), նրանք չեն զույգվում իրար հետ և բազմացումը կատարվում է խմբի էգերի կողմից աստանդական զույգմամբ այլ խմբերի թափառող արուների հետ․ այս պարագայում էգերը հակված են սպանելու և ուտելու մյուս էգերից ծնված ձագերին։

Վարքագիծ խմբագրել

Սուրիկատները փոքր գետնախորշերում բնակվող կենդանիներ են, որոնց ստորգետնյա բունը թունելների ցանց է մի քանի մուտքերով, սակայն նրանք ցերեկները լքում են իրենց բները։ Նրանք չափազանց շփվող են և ապրում են 20–30 անդամանոց խմբերում։ Միևնույն խմբի անդամներն իրար հետ խաղում են իրենց սոցիալական կապերն ամրապնդելու նպատակով։ Հաճախ ալֆա զույգը հոտով նշում է ստորադասներին որպես իրենց իշխանության արտահայտչամիջոց, և սրան հաջորդում է ստորադաների կողմից ալֆաներին շոյելը և երեսները լիզելը։ Այս վարքագիծը սովորաբար հանդիպում է նաև խմբի անդամների վերամիավորման ժամանակ՝ կարճ ժամանակով բաժանվելուց հետո։ Մի խմբի սուրիկատները հիմնականում քույրեր և եղբայրներ են կամ ալֆա զույգի հետնորդները։

Ձայնարկումներ խմբագրել

Սուրիկատների ձայնարկումները կարող են կրել որոշակի նշանակություն՝ հատուկ կանչի միջոցով հայտարարելով վտանգի և հրատապ իրավիճակի մասին։ Ի հավելումն տագնապի կանչերին, սուրիկատներն ունեն նաև խուճապի, հավաքի և տեղաշարժվելու կանչեր։ Ելնելով հանգամանքից նրանք կարող են ճռվողել, ճվալ, գռմռալ կամ հաչալ[6]։ Սուրիկատներն արձակում են տարբեր նախազգուշացողական կանչեր կախված նրանից օդային թե ցամաքային գիշատիչ են նկատում։ Դրանից բացի ձայնարկումների ակուստիկ հատկանիշները փոխվում են մոտեցող գիշատիչի վտանգավորության հրատապությունից կախված։ Այդ իսկ պատճառով վեց տարբեր նշանակությամբ նախազգուշացողական կանչեր են տարբերակվել․ օդային գիշատիչ՝ ցարծր, միջին ու բարձր հրատապության, և ցամաքային գիշատիչ՝ ցածր, միջին ու բարձր հրատապության։ Սուրիկատները տարբեր կերպ են արձագանքում ցամաքային և օդային գիշատիչի մասին նախազգուշացողական կանչը լսելուց։ Օրինակ՝ լսելով բարձր հրատապության ցամաքային գիշատիչի մասին կանչը, սուրիկատներն ամենայն հավանականությամբ կձգտեն պատսպարվել և աչքի անցկացնել տարածքը։ Իսկ մյուս դեպքում՝ լսելով բարձր հրատապության օդային գիշատիչի մասին ազդանշանը, սուրիկատները կկռանան և կկծկվեն։ Այս հանգամանքում շատ առիթներով նրանք նույնպես նայում են դեպի երկինք[7]։

Սուրիկատների խմբեր խմբագրել

Սուրիկատների ընտանիքը Շտուտգարտի «Վիլհեմա» կենդանաբանական այգում

Սուրիկատների խումբը հնարավոր է վերանա մեկ այլ գիշատիչի հարձակման, ալֆա զույգի սնելու ձախողման, երաշտի ժամանակ սովի կամ համաճարակների պատճառով։

Սուրիկատների նոր խմբերը ձևավորվում են վտարված էգերի և թափառող արուների հանդիպումով և միավորումով, որոնք զույգվելու ձգտում ունեն։ Մեկ ծնունդով սուրիկատն ունենում է 2―5 ձագ։

Խմբի չափերը լինում են տարբեր։ Չափազանց մեծ խմբերը, հնարավոր է, մեծ տարածության վրա ցրվեն, որպեսզի բավարար քանակությամբ սնունդ հայթայթեն։ Արդյունքում, երբ հանկարծակի անհրաժեշտություն լինի ապաստանի, խմբի անդամները հնարավոր է ընտրեն տարբեր գետնախորշեր՝ առաջ բերելով խմբի բաժանումը երկու մասի։

Ենթատեսակներ խմբագրել

 
Մուլտհերոս Տիմոնը նույնպես սուրիկատ է:

Գոյություն ունեն սուրիկատի երեք ենթատեսակներ․[1]

  • Suricata suricatta siricata
  • Suricata suricatta iona
  • Suricata suricatta majoriae

Ընտելացում խմբագրել

Սուրիկատներից ստացվում են շատ վատ տնային կենդանիներ։ Նրանք կարող են լինել շատ ագրեսիվ, հատկապես հյուրերի նկատմամբ և անգամ կծեն նրանց։ Նրանք հոտառությամբ կտարբերակեն իրենց տիրոջը և տունը (իրենց «տարածքը»)[8][9]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • Տիմոնը «Առյուծ արքան» մուլտֆիլմերի շարքից սուրիկատ է։
  • 2012 թվականի «Պիի կյանքը» ֆիլմում լողացող կղզին բնակեցված է տասը հազարավոր սուրիկատներով։
  • Բիլլին Animals United ֆիլմից սուրիկատ է։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • David Macdonald (Photography by Nigel Dennis)։ Meerkats. London: New Holland Publishers, 1999. (Անգլերենով)
  • «Meerkat pups go to eating school». BBC News. 2006 թ․ հուլիսի 13. (Անգլերենով)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wilson, D. E.; Reeder, D. M., eds. (2005). "Suricata" [Mammal Species of the World (3rd ed.)] (անգլերեն). Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-8221-0. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite book}}: |author= has generic name (օգնություն); External link in |trans-title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Trappe JM, Claridge AW, Arora D, Smit WA. (2008). «Desert truffles of the Kalahari: ecology, ethnomycology and taxonomy». Economic Botany. 62 (3): 521–529. doi:10.1007/s12231-008-9027-6.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. David Attenborough, 2000. Meerkats United
  4. «LadyWildLife». LadyWildLife. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  5. By Deborah • December 7, 2007 (2007 թ․ դեկտեմբերի 7). «Mighty Masked Meerkat Mobs». Lifeinthefastlane.ca. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Manser, Marta; Fletcher, Lindsay (2004). «Vocalize to localize: A test on functionally referential alarm calls». Interaction Studies. 5 (3): 327–344. doi:10.1075/is.5.3.02man. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  7. Manser, Marta B.; Bell, Matthew B.; Fletcher, Lindsay B. (2001 թ․ դեկտեմբերի 7). «The information that receivers extract from alarm calls in suricates». Proceedings B. The Royal Society. 268 (1484). doi:10.1098/rspb.2001.1772.
  8. «Meerkat adverts lead to surge in unwanted pets». BBC. 2010 թ․ հունիսի 2.
  9. «Meerkat info». meerkats.net. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրիկատ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրիկատ» հոդվածին։