Սուրբ Նշան վանք (Սեբաստիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան վանք (այլ կիրառումներ)

Սուրբ Նշան վանք (նաև՝ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան վանք), հայկական միջնադարյան եկեղեցական համալիր։ Ըստ Արիստակես Լաստիվերցու՝ վանքը 11-րդ դարում կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը։ Սուրբ Նշան վանքում է պահվել Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ-Հովհաննեսի գահը, Վարագա Սուրբ Խաչը և այլ արժեքավոր իրեր։ 19-րդ դարի 2-րդ կեսին վանքում գործել է հոգևոր դպրոց։

Սուրբ Նշան վանք (Սեբաստիա)
վանական համալիր


ՏեղադրությունՍեբաստիա, Արևմտյան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճականհայտ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ11-րդ դար
Ավերում1915 թ․
Սուրբ Նշան վանք (Սեբաստիա) (Թուրքիա)##
Սուրբ Նշան վանք (Սեբաստիա) (Թուրքիա)
Սուրբ Նշան վանք (Սեբաստիա) (Մեծ Հայք)##
Սուրբ Նշան վանք (Սեբաստիա) (Մեծ Հայք)
39°34′19″ հս․ լ. 36°53′33″ ավ. ե.HGЯO

Վանական համալիրի կառույցները խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչ մեծ, գրեթե քառակուսի հատակագծով, քառախորան գմբեթավոր շինություն է։ Խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշեր կան, որոնց արևելքից մուտք է բացվում դեպի կիսաշրջանաձև, փոքր աբսիդներով զույգ ավանդատները։ Գմբեթը բարձրանում է խորանների անկյունների կիսասյուների միջև ձգվող կամարների վրա։ Եկեղեցին 19-րդ դարի սկզբին նորոգվել է, որի ընթացքում աղավաղվել են նրա որոշ հատվածներ (արևմտյան խորանը կիսաշրջանից փոխվել է սեղանաձևի, ավելացվել են կիսասյուներ)։ Մաքուր տաշված կրաքարից շարված, առանց խորշերի արտաքին պատերն ունեն բազմաստիճան որմնախարիսխ և զարդարված են դեկորատիվ կամարաշարով։ Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան-Հռիփսիմե տիպի հուշարձանների զուգահեռներից է։

Սուրբ Նշան եկեղեցի խմբագրել

Սուրբ Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթերով։ Բեմի խորանի երկու կողմի ուղղանկյուն, կիսաշրջանաձև աբսիդներով ավանդատները երկհարկանի են։ Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսապատված է Արևմտյան Հայաստանի Կուտինա բնակավայրի հախճապակե սալիկներով։ Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր։ 11-րդ դարում եկեղեցին օծել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշակերտ, վանահայր Եղիշե եպիսկոպոսը։

Սուրբ Կարապետ եկեղեցի խմբագրել

Վանական համալիրի երրորդ՝ Սուրբ Կարապետ գմբեթավոր եկեղեցին, ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ որպես մատուռ։ Այն հիմնովին վերակառուցվել է 1857 թ․-ին։

Վանական համալիրի ճակատագիրը խմբագրել

1915 թվականին Սուրբ Նշան վանքը եղել է միջնադարյան հայկական ձեռագրերի հիմնական շտեմարանը Սեբաստիայում, այնտեղ գրանցված է եղել առնվազն 283 ձեռագիր։ Գրադարանը Հայոց ցեղասպանության ժամանակ չի ավերվել, և ձեռագրերի մեծ մասը պահպանվել է։ 1918 թվականին նրանցից մոտ 100-ը փոխանցվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքություն։ Մյուսներն այժմ գտնվում են Երևանի Մատենադարանում կամ հանրային և մասնավոր հավաքածուներում[1]։

1939 թվականին ճանապարհորդ Հ. Է. Քինգը այցելել է Սուրբ Նշան։ Նա պարզել է, որ վանքն օգտագործվում է որպես ռազմական պահեստ, իսկ իրեն թույլ չեն տվել ներս մտնել։ Նա գրել է, որ վանքի պարիսպը դեռևս անձեռնմխելի է, և գլխավոր եկեղեցին գմբեթով «կարծես գերազանց պահպանված վիճակում է»[1]։

Վանքն այժմ ամբողջությամբ ավերված է, և տեղանքը զբաղեցնում է մեծ ռազմաբազա։ Ոչնչացման ամսաթիվն անորոշ է։ «Արմինիըն Ռիփորթրի» 1978 թվականի մարտի 30-ի կարճ հոդվածում ասվում է, որ Ստամբուլ են հասել լուրեր այն մասին, որ Սիվասի Սուրբ Նշան եկեղեցին քանդվում է, և որ Պոլսո հայոց պատրիարքությունը պետք է բողոք ներկայացնի։ Որոշ գրքեր[2] ասում են, որ վանքի վերջին մնացորդները քանդվել են 1980-ական թվականներին։ Ինչ-որ մուսուլմանական սրբավայր դեռևս գոյություն ունի ռազմաբազայում, որը կարելի է այցելել շաբաթվա միայն մեկ օր մի քանի ժամով[1]։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Armenian Architecture - VirtualANI - Sivas (Sebastia) Surb Nishan monastery & Surb Anapat». virtualani.org. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  2. Hovhanissian in Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia states unequivocally that "in 1980 the military authorities of the Republic of Turkey razed the Monastery of Surb Nishan – The Holy Cross". He gives as a source for this information pages 38-39 of Patmagirk-hushamatian Sebastikoy ev gavari hayutian (History of the Armenians of Sebastia and neighbouring villages), New York, 1983. In the same volume S. Peter Cowie describes Surb Nishan as "currently in a reasonable state of preservation but is not accessible" – he has probably mistaken the Surp Anapat church with the monastery.

Աղբյուրներ խմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան 2002, էջ 898-900։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 258